ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան տառապանքները, որ կրել էին հայ անմեղ նահատակները, մինչև երկինքը հավիտենական հանգիստ կառաքեր նրանց ի վերուստ: Ահավոր ջարդերից մազապուրծ այդ մի բուռ թշվառ մարդիկ` իրենց բոլոր մերձավորների, իրենց համար թանկ էակների մահվան ականատեսները գտնվում են այնտեղ` գաղթակայաններում, և բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, գերմանացի սպաների ու ժանդարմների աչքի առջև ենթարկվում էին անարգանքի ու նվաստացման` դատապարտվելով կործանման…»:

                                                                       Ժակ դը Մորգան

 Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով աշխարհի առաջավոր այլ նման կառույցների հետ, հաճախ է կազմակերպում բացառիկ ցուցադրություններ ու միջոցառումներ։ Այսպես՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին Միացյալ Թագավորությունից Հայաստան են բերվել պտղաբերության, մայրության հայոց աստվածուհի, ոսկեմայր Անահիտի գլխաքանդակը և ձախ ձեռքը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում (ՀՊԹ) կայացավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը, որը կշարունակվի մինչև 2025թ մարտի 21-ը։ Իսկ դեկտեմբերի 11-ին նույն թանգարանում տեղի ունեցավ «Երեկ և այսօր Ժակ դը Մորգանի հետքերով» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի բացումը։ Այս կարևոր իրադարձությունը իրողություն է դարձել ՀՊԹ և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանիեն Ժերմեն ան Լեյի ամրոց) համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) աջակցությամբ։

 Ցուցադրության բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն, ինչպես նաև Երևանում գործող տարբեր թանգարանների տնօրեններ, ներկայացուցիչներ, հնագիտության, մշակույթի, այլ բնագավառների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Կարևորեց այս միջազգային նշանակալի ձեռնարկը նաև հայ-ֆրանսիական բարեկամության, 2 երկրների մշակութային, գիտական գործիչների համագործակցության շրջանակներում։ «Առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք տեսնելու 130 տարի առաջ հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում, նրա շրջակայքում պեղված հնագիտական ժառանգությունից հինգ ուշագրավ նմուշներ», -ասաց Դ Պողոսյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայից բերված ցուցանմուշների հետ ցուցադրվելու են նաև տևական ժամանակով՝ 1990-ականներից սկսած, մեր երկրում հայ-ֆրանսիական միացյալ հնագիտական արշավախմբերի պեղումների արդյունքում հայտնաբերված և Հայաստանի տարբեր թանգարաններում պահվող 60-ից ավելի հնագիտական իրեր։ Դ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և ցուցադրության կազմակերպմանն աջակցողներին։ Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը համագործակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի, «Էրեբունի» պատմահնագիտական ամրոցթանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, ինչպես նաև տարբեր կառույցներից ներգրավված մասնագետների հետ։

Իր խոսքում ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ա Քոչարյանը ողջունեց միջազգային ցուցադրության բացումը, կարևորեց Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը համաշխարհային նման կառույցների հետ։ Հավելեց նաև՝ 2025-ին Հայաստանի պատմության թանգարանը համագործոկցելու է Լուվրի թանգարանի հետ։ Շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանին՝ տարբեր բնագավառներում համագործակցելու համար։

Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն ողջունեց համագործակցությունը Հայաստանի մայր թանգարանի հետ՝ նշելով, որ  այն 2 տարի առաջ Դավիթ Պողոսյանի հետ հանդիպման արդյունք է։ Հավաստեց՝ համագործակցությունը լինելու է շարունակական։ Տեղեկացրեց, որ իր ղեկավարած թանգարանը գործում է 19-րդ դարավերջից, և այստեղ պահվում են նաև այդ ժամանակներում հնագիտական պեղումներից հայտնաբերված ցուցանմուշներ։ 

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Խոսելով Ժակ դը Մորգանի մասին՝ ասաց, որ նա ժամանակին անդրադարձել է նաև Հայոց մեծ Եղեռնի խնդիրներին, հատկապես երբ պեղումներ է իրականացրել Դեր Զորում։ Նա կարևորեց համագործակցությունը 2 թանգարանների միջև։

 Ելույթներից հետո ներկաներն այցելեցին ցուցասրահ, որտեղ ներկայացված են նշված ցուցանմուշները՝ պղնձե զարդեր, զենքեր, կենցաղային առարկաներ, խեցեղեն և այլն։ Ցուցասրահի պատերը զարդարված են ժամանակաշրջանը հիշեցնող նկարներով։ Կա եռալեզու տեղեկություն ցուցանմուշների մասին։ Առանձին ներկայացված է Ժակ դը Մորգանի կենսագրականը։

Հնագետ և պատմաբան, մասնագիտությամբ հանքային ճարտարագետ Ժան Ժակ Մարի դը Մորգանը (ֆր.՝ Jacques Jean Marie de Morgan) ծնվել է  1857թ հունիսի 3-ին, վախճանվել 1924թ հունիսի 12-ին Մարսել քաղաքում։ Նա Հայաստան առաջին անգամ եկել է 1886թ՝ ֆրանսիացի ներդրողների կողմից Ախթալայի հանքերում որպես ինժեներ աշխատելու։  Սակայն շուտով սկսել է նա հնագիտական հետազոտություններ իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդում և Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։ Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Քա 15-րդ դարից մինչև Քա 2-1-ին դարերը։ Բացի Հայաստանի տարածքից՝ Ժակ դը Մորգանը  պեղել է Աքեմենյան Պարսկաստանի մայրաքաղաք Շոշ քաղաքը, անդրադարձել է Ուրարտուի պատմությանը։ Առավել կարևոր է, որ  Արշակ Չոպանյանի խնդրանքով գրել է նաև «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիրքը։ Այս աշխատությունում անդրադարձել է նաև Օսմանյակ կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանությանը։

Ներկաները ծանոթացան ցուցադրված նմուշներին, դրանց մասին գրված տեղեկություններին։ Ցուցասրահը գործում է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության սրահի դիմաց և բաց է լինելու մինչև 2025թ․ մարտի 11-ը։

Զոհրաբ Ըռքոյան