ԶԻՆՂԵԿ ՀԱՐՈՒԹԸ

Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի բնակավայրերից է Վակունիսը, որը 20-րդ դարասկզբին հայաթափ էր եղել ու բռնակցվել նորաստեղծ Ադրբեջան կոչվող հանրապետությանը։ 1993թ գարնանն ազատագրվեց Արցախը Մայր հայրենիքից անջատող մի ամբողջ հատված՝ Հակարի գետի վերնահովիտն ամբողջությամբ։ Նույն թվականի մարտի 31-ին ազատագրվեց նաև Վակունիսը։ Ազատագրվեց Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի և իր 10 մարտիկների նահատակության գնով։ 1994 թվականի գարնանից սկսվեց Քաշաթաղի շրջանի կազմավորումը և վերահայացումը։ Վերահայացավ նաև Վակունիսը, որտեղ շուտով սկսեց գործել հանրակրթական դպրոցը, որը 2001 թվականից կոչվում էր Վուրգ Ոսկանյանի անունով։ Այս փոքր կրթօջախում սովորում ու Վուրգի, նրա քաջերի ոգով էին դաստիարակվում  վակունիսցի աշակերտները։ Դպրոցում շատ էր կարևորվում ռազմագիտություն առարկան՝ հաշվի առնելով,   որ  մեր երկիրը մշտապես վտանգի մեջ է։

2016 թվականից այստեղ ռազմագիտություն առարկան դասավանդելու եկավ ստեփանակերտցի երիտասարդ լեյտենանտ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը, որը սկսեց իր սաներին առավել մտերմացնել ռազմարվեստին։ Հաճախ էր նրանց հետ այցելում գյուղի մուտքի մոտ սրբավայր դարձած հուշարձան, որտեղ 1993թ մարտի 31-ից մնացել էր Սիսական գնդի «ՈՒՐԱԼ» զինվորական մեքենան, որը վառվել էր թշնամու տանկից արձակած արկից։ Այստեղ՝ նահատակ տղաների անուններով խաչքարի մոտ հաճախ էր արիության դաս անցկացնում։

 Եղավ Արցախյան 44-օրյա պատերազմը, և Քաշաթաղի շրջանից շատերը կամավոր ու որպես պահեստազորային մեկնեցին առաջնագիծ։ Պատերազմի մասնակից եղան նաև ժամկետային զինծառայողները։ Սեպտեմբերի 27-ին Բերձորի զինկոմիսարիատի մոտ շատերն էին հավաքվել՝ պատրաստ մեկնելու առաջնագիծ։ Պատերազմ գնաց նաև Հարութը։

 Ծնվել է 1990թ. փետրվարի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 7 տարեկանից հաճախել է ըմբշամարտի պարապմունքների։ Պատանի մարզիկների համար կարևոր են մրցումները և տուն վերադառնալ մրցանակով։ Իսկ Հարութը գրեթե բոլոր մրցումներում էր ճանաչվում հաղթող-մրցանակակիր։ Ծնողների, 2 քույրերի համար հպարտություն էր Հարութը, և նրա ամեն մի հաջողություն մարզաձևում, դպրոցում, հետագայում բանակում և համալսարանում ուսանելիս շատ էր ուրախացնում նրանց։ Դպրոցն ավարտելուց հետ՝ 2007թ,  ընդունվել է Արցախի պետական համալսարանի Նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ(հեռակա)։ 2008 թվականին զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայել է «Արա Լեռ» հրետանային զորամասում։ Ծառայության 2 տարիների ընթացքում զորամասի հրամանատարության կողմից ծնողներն ստացել են շնորհակալագրեր։ Համալսարանում ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում՝ որպես ՆԶՊ ուսուցիչ։ Ամուսնացել է Հադրութի շրջանի Տումի գյուղից Նունե Գրիգորյանի հետ, որն ավարտել է ԱրՊՀ բանասիրական բաժինը։ 2016-ի օգոստոսին միասին տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ, որտեղ կինն սկզբում աշխատում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 2019 ից՝ տնօրեն։ Այդ ժամանակ Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի և աշխատանքի բերումով լինում էի նաև Վակունիսում։ Դպրոցում հաճախ էին կազմակերպվում տարբեր միջոցառումներ՝ հիմնականում ռազմամարզական։ Հարութն էլ իր տեղն ուներ այդ միջոցառումների ժամանակ կազմակեպիչների, մասնակիցների հետ։ Երիտասարդ զինղեկն իր սաների համար ընկեր էր ու ուսուցիչ, խորհրդատու զինվորական։

Սակայն եղավ պատերազմ, և ամեն ինչ փոխվեց։ Պատերազմի առաջին օրից մինչև նոյեմբերի 9-ը Հարութը մարտադաշտում էր, եղել է դասակի հրամանատար ու իր զինվորների հետ հերոսաբար մարտնչում էր, մեծ վնաս հասցնում թշնամուն։ 2020թ նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադար, սակայն նույն օրը Մարտունու շրջանում հերոսաբար նահատակվեց Հարութը՝ հավերժ մնալով Վակունիսի դպրոցի զինղեկ ու Հայոց բանակի սպա։ Կինը՝ Նունեն, պատմում է՝ մշտապես կապի մեջ են եղել։ Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 8-ի երեկոյան։ «Շատ տխուր էր, վերջին բանը, որ ասաց՝ ոչ մի բանից չեմ վախենում, մենակ վախենում եմ ձեզ էլ չտեսնեմ․․․ ու կապն ընդհատվեց․․․», -ասաց Նունեն: 

 Հուղարկավորված է Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Մարտական ընկեր Իգոր Առուստամյանն է ասել «Հարութը  գումարտակին միացավ՝ որպես պահեստազորի սպա։ Ծանոթության հաջորդ օրը մեկնեց մարտադաշտ։ Առաջին տպավորությունս՝ տեսանելի էր  Հարութի մարդ տեսակը»։ Այդ օրը՝ նոյեմբերի 9-ին, Մարտունիում նահատակվեց նաև բերձորցի, Հայոց բանակի փոխգնդապետ Վահագն Բաբայանը։ Վահագնի եղբայրը՝ Վանիկը, դարձյալ պատերազմի վերջին օրը զոհվեց, բայց՝ Բերձոր քաղաքում, երբ թշնամին ռմբակոծում էր Քաշաթաղի շրջկենտրոնը։ 2020թ 44-օրյա պատերազմում զոհվեց նաև Հարութի սաներից 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, որը 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Միասին հաճախ էին այցելում Վուրգի և իր զինվորների նահատակության վայր, ոգեշնչվում նրանց հերոսությամբ։ Հարութի կինն ու որդին՝ Ալեքսանդրը, որը կրում է 2018-ին մահացած պապի անունը, սկզբում Վակունիսում էին, հետո տեղափոխվեցին Երևան և այժմ էլ բնակվում են այստեղ։ Հարութի մասին՝ որպես զինղեկ ու լավ հայ, գովեստով, սիրով ու ցավով են խոսում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը և ՆԶՊ գծով տեսուչ Արին-Վոլոդյա Գալստյանը։ Նշեմ՝ Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմում նահատակվել են նաև Ուռեկանի, Փակահանի դպրոցների զինղեկներ Գևորգ Հրայրի Սիմոնյանը(1990թ.), Սուրեն Աշոտի Հովհաննիսյանը(ծնվ 1974թ), Վուրգավանի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, ձյուդոիստ Աշոտ Արայի Կոստանյանը(1990թ)։ Մինչ օրս անհետ կորած են համարվում Հակարի և Հակ գյուղերի դպրոցների տնօրեններ Արսեն Անդրանիկի Հայրապետյանը(1991թ) և Յուրիկ Սոսիկի Պողոսյանը(1972թ)։ Ընդհանրապես Քաշաթաղի շրջանից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեցին 70-ից ավելի քաջորդիներ, կան անհետ կորածներ։ Առավել ցավալի է նաև՝ կրկին թշնամու տիրապետության տակ անցան Հայոց տարածքները՝ Վակունիսն ու Վուրգավանը, Ուռեկանն ու «Արա լեռ»-ը, Հակարին ու Հակը․․․։  

 Զոհրաբ Ըռքոյան