«ՄՈՆԹԵ-ԱՎՈ»-Ն` ՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Հայրենանվեր գործունեություն

Ճարտարցի ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Ջիվանյանը շուրջ երկու տասնամյակ առաջ հիմնադրեց «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությունը, որի գործունեության գլխավոր առանցքը կրթությունն է: Նպատակը մատաղ սերնդի կրթության որակի բարձրացման, երիտասարդներին համայնքում ամրապնդելու, նրանց կյանքը հետաքրքիր դարձնելու, ուսուցիչների գործունեության, մանկավարժի մասնագիտության արժևորման, դպրոցի հզորացման խթանումն է` քաջ գիտակցելով, որ դպրոցները երկրի պաշտպանական ամրությունների բնագծերն են, ինչպես ասել է մեծերից մեկը: Լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի ռազմական ղեկավարությամբ Մարտունին յուր ժամանակին դարձել էր Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Նրա անունով բարեգործական ընկերություն ստեղծելը ոչ միայն հպարտություն, այլև մեծ պատասխանատվություն ու պարտականություն է, նրա գործը շարունակելու առաքելություն: Գիտելիքն էլ մեծ ուժ է, որին տիրապետողը ունակ է հաղթանակներ կռել տարբեր բնագավառներում:

Արցախի կրթական ոլորտում «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության` մինչև արցախցիների բռնի տեղահանությունը իրականացրած ծրագրերի մասին պատկերացում կարելի է կազմել դրանցից մի քանիսի հպանցիկ թվարկումից. Առաջին զանգի առթիվ առաջինցիներին, Վերջին զանգի կապակցությամբ` շրջանավարտներին նվերների հանձնում, մասնագիտական տոնի կապակցությամբ ուսուցիչներին խրախուսում, այդ թվում` թոշակառու: Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրաված աշակերտներին և նրանց ուսուցիչներին` դրամական պարգևատրում, նույնը` մարզամշակութային ոլորտներում հաղթանակներ նվաճածներին: Տոների կապակցությամբ միջոցառումները նույնպես բարերար Աշոտ Ջիվանյանի ուշադրության կենտրոնում էին: Իսկ բազմաթիվ էքսկուրսիաները, ճամբարները նպատակաուղղված էին հայրենաճանաչությանը, միմյանց հետ ջերմ հարաբերությունների սերտացմանը և այլն:

Ճարտարում գործում էր չորս դպրոց: Չորրորդը, ինչպես ճարտարցիներն են ասում` Յերիշենի դպրոցը, վերագործարկվել, իսկ հարևան Քերթի դպրոցը վերակառուցվել է բարերար Ա. Ջիվանյանի միջոցներով: 2020թ. պատերազմից հետո Ճարտարում «Մոնթե-Ավո»-ի ծրագրերից մեկն էլ Երիտասարդ ուսուցիչների խորհուրդ ստեղծելն էր, որի նպատակը համայնքի դպրոցների երիտասարդ մանկավարժների ներուժը միավորելն է, նրանց կարողությունների բացահայտմանն ու իրացմանը նպաստելը, գաղափարները կյանքի կոչելուն, ծառացած խնդիրների լուծմանն աջակցելը:

«Մոնթե-Ավո»-ն հայրենակիցների կողքին է նաև բռնագաղթից հետո: Մեր ժողովրդի համար ստեղծված այս ծանր պայմաններում նման յուրաքանչյուր քայլ բարոյական մեծ խթան է բռնատեղահանվածների կյանքը ինչ-որ չափով թեթևացնելու, չկոտրվելու, ապագայի նկատմամբ հույսը չկորցնելու գործում: Գլխավոր խնդիրը հայրենակիցներին համահավաք, մեր քաղցրաբառ բարբառը, արցախյան ավանդույթները, սովորույթները կենդանի պահելն է: Ներկա պայմաններում, երբ արցախցիները ցրված են տարբեր տեղերում, դժվար է ֆիզիկապես համահավաքություն պահել: Բայց «Մոնթե-Ավո»-ն հնարավորինս դա կազմակերպում է: Ահա նրա ֆեյսբուքյան էջում արձագանքներից երկուսը:                                               

««Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության հերթական հայրենաճանաչողական էքսկուրսիան ուխտագնացություն էր դեպի Տառերի պուրակ ու Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի: Ուխտավորներն այս անգամ Ճարտարի դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներն էին, նրանց դասղեկները, ընկերության անդամներ ու ծնողներ:

Աշակերտները հանդես եկան ելույթներով եւ իրենց սրտի խոսքն ուղղեցին բոլոր ժամանակների մեծագույն հանճարին` երանելի Մաշտոցին ու մեզ մտովի տեղափոխեցին հեռվում անտեր մնացած մեր լուսավոր կրթօջախները, ուր մեզ վերապահված էր ուսուցիչ լինելու առաքելությունը:

Հավաքվել էին վեց տասնյակից ավելի արցախցիներ, որոնք իրենց հոգիներում կրում են Արցախը` լուսավոր ու թանկ, բայց աննկարագրելի ցավոտ հիշողությունների տեսքով: Օրն ունեցավ մեծ խորհուրդ ու իմաստ եւ դեռ չբաժանված` զգացինք, որ կարոտում ենք իրար»:

Կամ`

«Հանդիպման վայրը նույնն է` քաղաքամայր Երևան, Հանրապետության հրապարակ:

Այստեղ` մայրաքաղաքի սրտում, «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության շրջանակում ներառված Ճարտարի ու Քերթի դպրոցականներն ու ուսուցիչներն ունեն մի փոքր անկյուն, ուր ժամանակ առ ժամանակ հավաքվում են իրար կարոտած աշակերտներ, ուսուցիչներ և Հայաստանի մարզերից իրենց երեխաներին Երևան բերած-հասցրած ծնողներ, ու, համաձայն ծրագրի, ճամփորդում որոշված ուղղությամբ: Հերթական էքսկուրսիան կազմակերպվեց 7-8-րդ դասարանների աշակերտների ու նրանց դասղեկների հետ:

Երախտապարտ ենք, պարո՛ն Ջիվանյան, որ միշտ մեր կողքին եք ու Ղիշա սարի նման մեր թիկունքում կանգնած»:

«Մոնթե-Ավո»-ն Մայր Հայաստանում շարունակեց ամառային ճամբարի կազմակերպումը: Ավելին, այս տարի արցախցի աշակերտների հետ «Հասմիկ» ճամբարում հանգստացան նաև Արարատի մարզի Հովտաշատ համայնքի դպրոցի աշակերտներ: Այդ դպրոցի աշակերտները արցախցիների հետ մասնակցեցին նաև «Մոնթե-Ավո»-ի կազմակերպած ճանաչողական էքսկուրսիային: Ասել է թե` ծրագրերից մեկն էլ հայաստանցի-արցախցի երեխաների` իրար լավ ճանաչելու, բարեկամանալու ուղղությամբ է: Չէ՞ որ Արցախի պաշտպանության բանակում կողք կողքի ծառայում, իսկ պատերազմի ժամանակ իրար թև-թիկունք էին, միմյանց համար կյանքերը չէին խնայում, արցախցիների հետ մեկ միասնական միավորում էին Հայաստանի բոլոր վայրերից եկած հայորդիները:

Ամառային միջոցառումներից  ուշագրավ է «Մոնթե-Ավո»-ի կազմակերպած յոթօրյա էքսկուրսիան Սանկտ Պետերբուրգ, որին մասնակցեցին օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությանը Արցախից դուրս ևս իր հովանավորության տակ գտնվող դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին ապրումակցելու, գիտելիքի` որպես ամենահզոր զենքի արժևորումը օրակարգում պահելու համար: Պարո՛ն Ջիվանյան, երախտապարտ ենք Ձեզ այն առաքելության համար, որ Դուք իրականացնում եք այս մղձավանջային օրերին սրտի թելադրանքով` ոչ որպես պարտականություն, այլ վաղուց արդեն որպես ապրելակերպ»,-անկեղծ երախտագիտության այսպիսի խոսքեր շատերից կարելի է լսել:

ԳՐՔԱՐՇԱՎԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ

Ինչպես արդեն ասացինք, «Մոնթե-Ավո»-ի բոլոր ծրագրերն ուղղված են մեկ նպատակի` անկախ պայմաններից և իրավիճակից կրթել ու դաստիարակել ժամանակի մարտահրավերներին դիմակայող, բազմակողմանի զարգացած, մրցունակ սերունդ: Այդպիսին դառնալուն գլխավոր ճանապարհներից մեկն էլ ընթերցանությունն է:

Աշակերտների մեջ գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանի նախաձեռնությամբ 2020թ. ներդրվեց «Արցախը կարդում է» ծրագիրը, որին հետագայում միացավ «Մոնթե – Ավո» բարեգործական ընկերությունը` ի դեմս նրա գործադիր տնօրեն, բարերար Աշոտ Ջիվանյանի: Գրքարշավը կանգ չառավ նաև Արցախի շրջափակման ժամանակ: Իսկ բռնագաղթից հետո այն` «Արցախցին կարդում է» վերտառությամբ, շարունակվեց բացառապես «Մոնթե-Ավո»-ի կողմից և նրա ղեկավարությամբ: Ծրագրի մասին հայտարարություն տրվեց անցած ուսումնական տարվա վերջերին. պարգևատրման ֆոնդը գայթակղիչ էր. մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվում էին արժեքավոր գրքերով, լավերից լավագույնները` մեկ տարվա կտրվածքով 100 դոլար կրթաթոշակով և ճանապարհորդություն դեպի արտերկիր: Գրքարշավին կարող էին մասնակցել բոլոր արցախցի երեխաները` անկախ բնակության վայրից (ՌԴ, արտերկիր և այլն): Արցախի 10 դպրոցների (Ճարտարի հ. 1, 2, 3, Քերթի, Գիշու, Մարտունու, Հադրութի, Մաղավուզի, Ստեփանակերտի հ. 10 և ֆիզմաթ դպրոցները) ու 2 մանկապարտեզների սաների արցախաշունչ ելույթները շուրջ ութսուն օր ոգևորեցին գրքարշավի հետևորդներին: 60 գրքարշավականներ հանդես եկան 480 ելույթներով (հետաքրքրվողները դրանց, ինչպես նաև մրցանակաբաշխության արարողությանը և մրցանակակիրների մասին կարող են հանգամանալից տեղեկանալ «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության ֆեյսբուքյան էջից):

«К ЗАПАДУ ОТ РАЯ»

Հոկտեմբերի 5-ը տարվա ամենահիշարժան օրն էր «Մոնթե-Ավո»-ականների համար: Ուսուցչի մասնագիտական օրը, որ նշվում էր առանձնակի շուքով, այս անգամ նշանավորվեց առատ հունձքով: Խոսքը ոչ միայն գրքարշավի մասնակիցների մրցանակաբաշխության մասին է, այլև նոր ծնունդ առած «К ЗАПАДУ ОТ РАЯ» գրքի, որի հեղինակը ուսուցիչ է` անգլերենի ճանաչված մասնագետ Կարեն Մանասյանը: Նրա մասին դրվատանքի ջերմ խոսքեր ասվեցին` որպես լավագույն մասնագետի, որի աշակերտները միշտ հաղթում են առարկայական օլիմպիադաներում: Բռնագաղթից հետո բացահայտվեց լավագույն ուսուցչի նաև ստեղծագործական տաղանդը, ինչը աննկատ չմնաց բարերար Աշոտ Ջիվանյանի ուշադրությունից, և նա սիրով հանձն առավ գրքի տպագրությունը:

Շնորհանդեսին բոլոր ելույթ ունեցողները, արտահայտելով իրենց զգացողությունները գիրքն ընթերցելուց հետո, ինչպես նաև գրքի հեղինակը այն ցանկությունը հայտնեցին, որ հաջորդ միջոցառումները տեղի ունենան ոչ թե Դրախտից դեպի արևմուտք, ինչպես գրքի վերնագիրն է, այլ հենց դրախտում` մեր հայրենի Արցախում: Բարերար Աշոտ Ջիվանյանին հասցեագրված գրքին հեղինակի  մակագրությունը ավելի քան պերճախոս է.

«Մարդուն, որ ուրախություն է ստանում նրանից, որ ուրախություն է տալիս ուրիշին»:

Իսկ ինքը` բարերարը, ելույթ ունենալով, նախ և առաջ մեծարեց ուսուցիչներին. «Ես իմ կյանքի հաջողություններին հասել եմ շնորհիվ ձեր խրատների, ձեր ուսուցման, և անգնահատելի է ձեր դերը իմ կյանքում»: Ապա Կ. Մանասյանի գրքի կապակցությամբ ասաց. «Մենք միշտ պատրաստ ենք ոչ միայն քեզ համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր տաղանդավոր մարդիկ են, աջակցել»:

Չնայած մեծ զբաղվածությանը, բարերար Աշոտ Ջիվանյանը ժամանակ էր գտնում տարին մի քանի անգամ այցելել ծննդավայր, մասնակցել «Մոնթե-Ավո»-ի միջոցառումներին, անձամբ հանձնել խրախուսական պարգևները: «Ես անգամ չգիտեմ` բարեգործություն անելով ես իրե՞նց համար եմ անում, թե՞ ինձ համար: Երևի երկուսը միասին: Բարեգործություն անելով իմ հայրենիքում` ստանում եմ հաճույք, և բարեգործական ծրագրերն այստեղ` Արցախում` կրթական ոլորտում շարունակվելու են»,-ասել էր հերթական անգամ ծննդավայրում գտնվելու ժամանակ: Նույնն անում է բռնագաղթից հետո Մայր Հայաստանում ապաստանած հայրենակիցներին այցելելով:

«Երախտապարտ ենք, որ կանգնեցիք դժոխքի կրակների միջով անցած արցախցի դպրոցականի կողքին» մեկ տարվա մեջ բազմաթիվ անգամ պարգևելով ժպիտ, ուրախություն ու թռիչքի համար թևեր: Ձեր հայրենանվեր գործունեությունը բոլորիս մեջ անմար է պահում Մեծ վերադարձի` օրեցօր մարող, բայց ապրեցնող հույսը:

«Լուսարար»-ը իր հերթին արևշատություն է մաղթում բարերար Աշոտ Ջիվանյանին, որի հայրենասիրությունն արտահայտվում է գործով: Լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանն ասում էր. «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակեք»: Նրա գործի շարունակություն է նաև Աշոտ Ջիվանյանի գործունեությունը: Ցանկանաք, որ նրա արարքը վարակիչ լինի շատերի համար: Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ