ՆԱԽԿԻՆ ՍՊԱ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Մանկությունը

Տեղահանում եւ պատերազմ:

Ս.Դ.-ն ծնվել է 1984թ. հունվարի 20-ին Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում: 4 տարեկանում ականատես է լինում Բաքվում կազմակերպված հայերի ջարդերին եւ ստիպված լինում պապուտատի, ծնողների ու ավագ եղբոր հետ լքել Բաքուն՝ մազապուրծ փրկվելով մասսայական կոտորածից: Նոր բնակության վայր ընտրելու մի քանի տարբերակներ կային, սակայն պապիկի հորդորով նրանք նախընտրում են ապրել Արցախում, քանի որ ինչպես պապիկն էր ասում՝ իրենց հողից ոչ ոք չէր կարող նրանց վռնդել: Շուրջ չորս տասնամյակ առաջ պատկերացնել անգամ չէր լինում, թե երբեւէ Արցախը կհայաթափվի: Փոքրիկ տղա Ս.Դ.-ի համար էլ դեռ անպատկերացնելի էր, որ հետագայում զինվորական պիտի դառնար, անցներ սարսափելի պատերազմների արհավիրքներով, ծանր վիրավորվելու ցավով ու մղձավանջներով, ապրեր մտերիմներ կորցնելու անտանելի վիշտը…

1988-ին Բաքվից Արցախ տեղափոխվելուց հետո,  Ս. Դ.-ն այդպես էլ խաղաղ ու ապահով մանկություն չունեցավ: Հասունացել էր Արցախյան շարժումը, որին հաջորդեց Արցախյան առաջին պատերազմը: Հայրն առաջիններից մեկն էր, որ կամավորագրվեց Արցախի ինքնապաշտպանական ջոկատների շարքերում: Զինադադարից հետո էլ շարունակեց զինվորական ծառայությունը ՊԲ-ում ու մինչեւ թոշակի անցնելը նվիրված մնաց իր գործին՝ հասնելով մինչեւ դիվիզիոնի հրամանատարի պաշտոնի: Քսանամյա քեռին արիաբար զոհվեց Արցախյան առաջին պատերազմում ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Պատանեկությունը

 Ընթերցանությունը՝ ինքնազարգացման եւ մասնագիտության ընտրության  հիմք:

Ս.Դ.-ն հաճախել է Ստեփանակերտի Սախարովի անվան հ.8 դպրոցը: Ինչպես ինքն է ասում՝ սկզբնական շրջանում դպրոցում այդքան էլ լավ չէր սովորում: Բայց ընթերցանության հանդեպ սիրո շնորհիվ դա փոխվեց: Տասը տարեկան էր, երբ ամառային արձակուրդների ժամանակ մայրը տվեց նրան Ժոզեֆ Ռոնիի «Կրակի համար պայքարը» գրքի ռուսերեն տարբերակը: Գոյության պայքարի թեմայով հետաքրքրվող Ս.-ին դուր եկավ գիրքն ու ընթերցանությունը, ինչն էլ վճռորոշ հիմք դարձավ հետագայում ավելի լուրջ գրքեր կարդալով՝ ինքնազարգացման ուրույն փուլ անցնել, բարձրացնել առաջադիմությունը, դպրոցական կոլեկտիվում ու շրջապատում աչքի ընկնել խելացի դատողությամբ, ընկղմվել հայոց պատմության մեջ եւ ընտրել պատմաբանի մասնագիտությունը: Դեռահասության տարիքում կարդացել էր գրեթե բոլոր հայ պատմավեպերը, տպավորվել՝ «Վարդանանք», «Սամվել», «Գեւորգ Մարզպետունի», «Մխիթար Սպարապետ» վեպերի հերոսների կերպարներով: Ընտանիքում ունենալով զինվորական հոր ու նահատակված քեռու վառ օրինակներ, պատմությունից քաղելով անհրաժեշտը՝ որոշում է դառնալ զինվորական սպա՝ ոչ թե հերոսանալու համար, այլեւ ազգի համար անելու այն, ինչ խիղճն է թելադրում: Ասում է, որ չպետք է հերոսացնել մարդկանց. պարզապես անհրաժեշտ պահին  նրանք արել են այն, ինչ որ պետք է անեին:

«Կռո»

2002-2004 թթ. ծառայում է ՊԲ զինված ուժերի շարքերում՝ անցնելով պարտադիր զինվորական ծառայությունը: Ընդունվում է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության բաժինը: Ուսմանը զուգահեռ շուրջ երկու տարի ծառայում է ՓԾ-ում՝ որպես փրկարար: Փրկարարական ծառայության ընթացքում ականատես լինելով ողբերգական դեպքերի  ու դժբախտ պատահարների, էլ ավելի թրծելով փրկարարական ոգին, հասկանում է, որ մահից չպետք է վախենալ, այլեւ պետք է ուղիղ նայել մահվան աչքերին, անհրաժեշտության դեպքում՝ թեկուզ ինքնազոհողությամբ, բայց բարձր մակարդակով կատարել քո գործը: Փրկելու ձիրքը տեղափոխում է զինվորական ծառայության ոլորտ՝ 2008-ին մտնելով ծառայության ԱՀ ՊԲ-ում: Բնավորությամբ ճշտապահ, խառնվածքով՝ տաքարյուն Ս. Դ.-ն հաճախ էր վիճաբանություն ունենում վերադասների հետ, ինչի արդյունքում հաճախ էլ տեղափոխվում էր մեկ զորամասից մյուսը: Արցախյան բարբառում օգտագործվող «կռո» ածականը, որով հիմնականում բնութագրում են պինդ, չկոտրվող պոպոկը, իզուր չէ վերագրված  Ս. Դ.-ին՝ որպես մականուն: Կռոյին չեն կոտրել ո՛չ միջանձնային լարված հարաբերությունները վերադասների հետ, ո՛չ պատերազմները, ո՛չ ծանր վիրավորվելը, ո՛չ էլ ընտանեկան կյանքում ունեցած հիասթափությունն ու ամուսնալուծությունները:

Քառօրյա պատերազմ

«Ծառայության մտնելուց առաջ էլ, ընթացքում էլ գիտեի, որ ես պիտի մասնակցեմ պատերազմի, ինչ-որ ներքին կանխազգացում ունեի: Երբ սկսվեց Ապրիլյանը, ես կատարում էի այն, ինչ պետք է կատարեի: Վստահություն կար մոտս, որ հետս բան չի պատահի: Այդպես էլ եղավ: Բայց ես գիտեի, որ այդպիսով պատերազմը դեռ չի ավարտվել: Քառօրյա պատերազմը համարում եմ այսպես ասած հետախուզություն, որն քաղաքական դաշտի ազդեցությամբ իրականցվել է ստուգելու համար, թե ինչ է անում աշխարհը »:

44-օրյա պատերազմ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին պետք է մասնակցեր քրոջ՝ հորաքրոջ աղջկա հարսանիքի արարողությանը: Հայտնի պատճառով հարսանիքը չեղարկվեց:

Ավագ լեյտենանտ Ս.Դ.-ն մարտական գործողությունների ժամանակահատվածում զբաղեցրել է N զորամասի հակատանկային ստորաբաժանման հրամանատարի պաշտոնը: Սեպտեմբերի 27-ին դուրս է եկել մարտական գոտի: Վարելով ծանր մարտեր՝ հմուտ ղեկավարել է ստորաբաժանումը եւ նրա կրակը: Խիզախաբար մարտնչել է ե´ւ որպես հրաձգային, ե´ւ որպես հակատանկային ստորաբաժանման հրամանատար: Իր կողմից մշտապես հետախուզություն վարելու, իրավիճակին տիրապետելու եւ ստորաբաժանումն անընդհատ ղեկավարելու արդյունքում հակատանկային ստորաբաժանումը հայտնաբերել եւ խոցել է 15 տանկ, 8 ՀՄՄ, 1 «Կամազ», 2 «ՈւԱԶ», 1 «Փիքափ», 1 մարտական տրակտոր: Շրջափակման մեջ հայտնվելու սպառնալիքի ժամանակ իրեն չի կորցրել, խուճապի չի մատնվել եւ ղեկավարելով իրեն վստահված ստորաբաժանումը՝ դուրս բերել անվտանգ տեղամաս: Ծանր վիրավորվել է հոկտեմբերի 13-ին արկի պայթյունից:

Պատերազմի առաջին իսկ օրվանից գիտակցել եւ մշտապես եղել է անձնակազմի մոտ՝ միասին կիսելով պատերազմի արհավիրքները: Հմուտ ղեկավարել է ստորաբաժանումը եւ նրա կրակը: Ցերեկ-գիշեր առանց հանգստի հետախուզություն վարելով, ժամանակին նշանացուցում տալով եւ նշանակետերի խոցումով՝ ապահովել է մարտական խնդրի կատարման բարձր արդյունավետությունը:

«Ձեզ հետ հաճելի էր ծառայել, կպատահենք երկնքում»:

«Պատերազմի ժամանակ մեզ համար տարբեր պարագաներով համալրված «տուլիկներ» էին ուղարկվում: Առաջին փաթեթում Կարմիր «Մալբորո» կար, դրեցի գրպանում՝ ցույց տալով զորքին եւ խոստանալով, որ պատերազմը հաղթենք՝ բոլորով հաղթանակած «Մալբորո» ենք ծխելու:

 Հոկտեմբերի 13-ին հերթական պատերազմական օրն էր. թշնամին հերթական անգամ հարձակվեց մեր դիրքերի վրա:  Օգտագործում էին ինչ ունեին՝ սկսած ավիացիայից, վերջացրած՝  տարբեր անծանոթ զինատեսակներից: Ժամկետային զինծառայող սերժանտ Հ.Ղ.-ն վիրավորում է ստանում հերթական արկի պայթյունից: Նրան տեղափոխում եմ փոքր աղվեսաբուն: Նույն աղվեսաբնում արդեն պատսպարված էր շարքային Դ.Ի.-ն: Հրթիռակոծությունը շարունակվում էր, ամենուրեք թափվող արկերի պայթյունի ձայներ էին: Պատերազմի եռուզեռի մեջ վազելով մեզ են հասնում  երկու շարքայիններ եւ հայտնում, որ նախորդ արկը պայթել է իրենց առջեւ: Վայրկենապես խփում է հաջորդ արկը, այս անգամ հենց մեզ վրա…Սպիտակ լույսի պես վառ ճնշում եմ զգում ինձ վրա, ալիքից ատամս կոտրվում է: Այլեւս բան չեմ տեսնում: Ահավոր մխի, աղմուկի, վառոդի հոտի ու սաստիկ ճնշող ծանրության մեջ լսում եմ մի ձայն, որը նմանեցնում եմ Դ.Ի.-ի ձայնին: Նա ասաց, որ ինձ հետ հաճելի էր ծառայելը, կպատահենք երկնքում: Վայրկյաններ հետո գիտակցում եմ, որ եթե միմյանց լսում ենք, ուրեմն՝ ողջ ենք: Ոչ մի բան չէի տեսնում: Հասկանում էի, որ վիրավոր եմ, շարժվել չէր լինում: Կանչեցի՝ ո՞վ կա: Շարքային Ա.Զ.-ն ձայն տվեց, որ լսում է, հարցրեց՝ ի՞նչ անի: Ասացի՝ հանի´ր մեզ այստեղից: Ձեռքս ոնց որ պոկված կախված լիներ, այդպես էի զգում: Քանի որ չէի տեսնում, ասացի, որ ձեռքս կապեն, հիշում էի, որ գրպանում կպչուն ժապավեն կա, ասացի դրանով կապել: Նրա բարձրաձայն արտահայտած մտքից, թե ո՞ր մի տեղը կապի, հասկացա, որ  բազմաթիվ վիրավորումներ ունեմ, կարծեցի վերջն է…Հետոյի համար պահված ծխախոտն այդպես էլ չծխեցինք (այստեղից եզրակացություն. ոչինչ չպետք է թողնել հետոյի): Հ.-ին կանչում էի, ձայն չէր հանում, չգիտեմ, թե նրա հետ ինչ եղավ: Աղոտ եմ հիշում, թե ինչ եղավ հետո, հավանաբար մերթընդմերթ անջատվում էի: Խրամատից ինձ հանեցին: Չեմ հիշում, բայց հետո ինձ պատմել են, որ գոռում էի թողնել ինձ, Հ.-ին փնտրել ու հանել: Մի կերպ ինձ հանեցին՝ հասցնելով քիչ թե շատ ապահով տեղ  եւ տեղավորեցին մեքենայի ներսում մյուս վիրավորի հետ: Արնաքամ էինք լինում…

Սկզբում որտեղ որ նախատեսված էր ինձ հասցնել, պարզվեց՝ նահանջել է: Վերջիվերջո հասանք դաշտային հոսպիտալի: Ինձ տեղավորեցին մի ցուրտ սենյակում, որը դիահերձարանի տպավորություն թողեց: Ոչինչ չէի տեսնում, ամեն ինչ մռայլ էր: Հիշում եմ, որ հարցրեցին անունս, ազգանունս, կոչումս: Գիտակցությունս անջատվեց: Ուշքի եկա Երեւանի հիվանդանոցում 8 օր կոմայի մեջ մնալուց հետո: Տեսողությունս ընդհանրապես չէր վերականգնվում: Երբ բժիշկը մոտեցավ, առաջին հարցս այն էր, թե վերջույթներս արդյո՞ք ինձ վրա են, ասաց, որ այո, բայց՝ շատ ուժեղ ջարդված: Հետագա տեսիլքներիս ու մղձավանջային վիճակիս մասին ավելի լավ է չխոսել»:

Ամենածանր ապրումները:

«Ընկերներիդ  ու զորքիդ անդամների կորստից ծանր բան չկա: Հիվանդանոցում, երբ արդեն քիչ թե շատ ուշքի էի եկել, լուրեր էի լսում, թե ինչպիսի տղաներ ենք կորցրել: Հուսադրում էր այն, որ զորքիս վիրավոր անդամների մեջ ամենածանրը ես էի վիրավորվել: Երբ գալիս էին ինձ տեսնելու, ուրախանում էի, չնայած ես նրանց չէի տեսնում: Հ.-ից մինչեւ հիմա տեղեկություն չկա:  Ինձ սպասվում էր վիրահատություն վիրահատության հետեւից: Անզգայացնողների ու ցավազրկողների անընդհատ ընդունումից, հոգեկան տարօրինակ ապրումներ ունեի: Անզոր էի զգում ինձ, իսկ այդ անզորությունից խելագարվել կարելի է, երբ հայրենակիցներդ այդ ժամանակ կենաց ու մահու կռիվ են տալիս, իսկ դու չես կարող օգնել»:

Կյանքը ծանր վիրավորվելուց հետո:

Ս.Դ.-ն ապաքինման ծանր շրջան անցավ հետագա երեք տարիների ընթացքում՝ ստիպված մնալով Երեւանում: Առաջին կարգի հաշմանդամությունից հետզհետե անցում կատարվեց երկրորդ կարգ: Բազմաթիվ բարդ վիրահատություններից հետո բժիշկների բարոյական ու ֆիզիկական աջակցության շնորհիվ կարողացան նրան ոտքի կանգնեցնել: Ինչպես ընդունված է ասել, նրա բեկոր-բեկոր դարձած մարմինը հաջողվեց հավաքել: Աստիճանաբար վերականգնվեց տեսողությունն ու լսողությունը: Մականվանը համահունչ՝ կարողացավ իր մեջ ուժ գտնել ու հաղթահարել թվում է թե անհաղթահարելի սթրեսային վիճակները:  Շատերին զարմացնում է այն, որ դարձյալ պատրաստակամություն է հայտնում հարկ եղած դեպքում իր ներդրումն ունենալ Արցախի վերաազատագրման գործում: Մինչդեռ զարմանալու ոչինչ չկա այդտեղ. կոչումով սպան միշտ էլ պատրաստ է ծառայել ու պաշտպանել՝ անկախ հանգամանքներից:

Սպան նախկին չի լինում:

«Այն մարդիկ, որոնք չեն կռվել կամ կռվել են, բայց լավ չեն կռվել, պատեհ-անպատեհ առիթներով  իրենց թույլ են տալիս այնպիսի մտքեր արտահայտել, ինչպես օրինակ՝ «կռվել եք հանուն ոչնչի», ու դեռ ավելին՝ փորձեր են կատարում համոզել ինձ դրանում: Հնարավոր է՝ դա ասում են իրենք իրենց արդարացնելու համար, իսկ ես ի պատասխան՝ սովետական «Սպաներ» ֆիլմի հայտնի դրվագն եմ հիշեցնում. «Մասնագիտությունը չպետք է ընտրել ինչ-որ հրամանով, այլեւ՝ լինել կոչումով մասնագետ: Ամբողջ կյանքում հպարտացել եմ իմ գործով, հայրս էլ է հպարտացել, պապս էլ է հպարտացել: Ուրիշները հարստությամբ կամ ճանաչվածությամբ են հպարտանում, իսկ մենք՝ մասնագիտությամբ: Այդպիսի մասնագիտություն կա՝ Հայրենիքը պաշտպանել»:

Տարբեր երկրներում ապրելու հնարավորություն ունեմ, բայց ցանկություն չունեմ: Ուզում եմ ապրել Հայաստանում՝ հայ մնալու նպատակով: Ով գնում է, թող գնա, մնացողը՝ մնա: Անելիքներ ունենք: Շատ եմ մտահոգվում հայ ազգի համար: Ախր մենք կռվել գիտենք, չպետք է լինենք այս վիճակում: Պարզ ճակատով հայտարարում եմ, որ իմ դասակը կռվել է մինչեւ վերջ, մենք նահանջ չենք ունեցել նույնիսկ ամենաթեժ պահերին: Պետք է վերականգնել ազգի ոգին, ճիշտ դաստիարակել սերունդը, որի մեջ պետք է սերմանել ինքնազոհողության գաղափարը»:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ