ԱՐՑԱԽՅԱՆ  ԳՐՔԻ  ՇԱԲԱԹ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին  Երևանի «Բուկինիստ» ընկերության Ամիրյան-2 հասցեում գտնվող մասնաճյուղում կազմակերպվել է «Արցախյան գրքի շաբաթ» ցուցահանդես-վաճառք։ Արցախցի հեղինակների գրքերի ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնը` «Բուկինիստ» ընկերության աջակցությամբ։ Նպատակը մեկն էր` կրկին ի ցույց դնել արցախցիների ոգու կորովն ու տոկունությունը, այս անգամ` գեղարվեստի ոլորտում՝ թերևս հերքելով նաև այն հայտնի ասույթը, որ երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են։  Արցախում գրչի մշակների մուսաները չեն լռել երբեք, նրանք շարունակել են ստեղծագործել թե՛ պատերազմական ու համեմատաբար խաղաղ պայմաններում և թե’ շրջափակման օրերին ու բռնատեղահանությունից հետո։ Գրքերի հեղինակներին ու հրատարակիչներին առաջարկվել էր գեղարվեստական և արցախյան թեմաներով, անկախ տպագրության վայրից և հեղինակների քաղաքացիությունից, յուրաքանչյուր անուն գրքից 5-ական օրինակ ներկայացնել մինչև հոկտեմբերի 20-ը: Ամփոփումից հետո պարզ է դարձել, որ շատ հեղինակներ չեն կարողացել իրենց գրքերը ներկայացնել, քանի որ բռնագաղթի դաժան պայմաններում հնարավորություն չեն ունեցել դրանք Արցախից տեղափոխել մայր Հայաստան։

 Ամեն դեպքում կազմակերպիչներին հաջողվել է ցուցահանդես-վաճառքը կազմակերպել նախատեսված ժամկետում։ Միջոցառումը բացել է «Բուկինիստ» ընկերության ղեկավար Խաչիկ Վարդանյանը, ելույթ են ունեցել «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի ղեկավար Հրանտ Ալեքսանյանը, ուրիշներ։ Նույն օրը, սկսած ժամը 17.00-ից, «Բուկինիստ» ընկերության բոլոր մասնաճյուղերում մեկնարկել է ամենամյա ավանդական «Գրքի գիշեր»- ը։ Ակցիայի շրջանակներում գրքերի վաճառքի համար սահմանվել է 30 տոկոսյա զեղչ: