Հիմնադրամի հերթական աջակցությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Անցած տարի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն ունեն նյութական աջակցության մեծ խնդիր: Այդ ասպարեզում ջանադիր առումով իր գործունեությունն է շարունակում դեռևս Քաշաթաղի վերաբնակեցման առաջին օրերից կազմավորված «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ): Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը, հիմնադրամը ծավալուն աջակցություն էր ցուցաբերում Քաշաթաղի շրջանում բնակվող բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ սոցիալապես անապահովներին։ Հիմնադրամը տարիներ շարունակ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի բուհերում սովորող բազում ուսանողների ուսման վարձն է հոգացել ամբողջական կամ մասնակի։ Շատ է կարևորվել հիմնադրամի կողմից Բերձորի տարածքում պտղատու այգիների, պուրակների, ծառուղիների ստեղծումը, որոնք իրականացվում էին ԵՊՀ ուսանողների, դասախոսների, հենց իրենց՝ բերձորցիների մասնակցությամբ:

Պատերազմից հետո «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը, Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ, ավելի էր ծավալել իր առաքելությունն արդեն Արցախի տարբեր շրջաններում ու մայրաքաղաքում, թեև մինչ այդ էլ Արցախի այլ բնակավայրերի շատ բնակիչներ են նյութական աջակցություն ստացել հիմնադրամից։

 Արդեն մեկ տարի և ավելի է՝ ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրենը՝ հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, երբեմն նաև արտերկրից հիմնադրամին աջակցող կառույցների ներկայացուցիչները, այցելում են Երևանում և մարզերում բնակություն հաստատած արցախցի բազմազավակ ընտանիքներին, ցուցաբերում սննդի, հագուստեղենի և այլ նյութական աջակցություն։ Հոկտեմբերի 12-ին կայացավ հերթական այցը Գեղարքունիքի մարզ։ ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուգեն Մելիքյանը, հոգաբարձուների վարչության խորհրդի նախագահ, հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան Արծրուն Ավագյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան Մարատ Գրիգորյանը և «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչ Սուրեն Սեփանյանը հերթական այցով եղան Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Վարսեր գյուղերում և Սևան քաղաքում: Շահառու 5 ընտանիքի հատկացվեց սնունդ և նոր հագուստ: 2023 թվականի սեպտեմբերի վերջերից Զովաբեր գյուղում են ապաստանել Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից եղբայրներ Նարեկ և Ներսես Հակոբյանների և Մարտակերտ քաղաքից Գենադի Հյուսնունցի ընտանիքները: Զովաբեր գյուղի վարչական ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչ Հայկ Շահբազյանի ուղեկցությամբ այցելություն եղավ այդ ընտանիքներին: Նարեկն ունի 5 երեխա: Դպրոցականները հաճախում են Զովաբերի միջնակարգ դպրոց: Նրանցից 6-րդ դասարանցի Նանեի ծննդյան օրն էր. բնական է՝ ստացավ շնորհավորանք ու իր կրկնակի նվերը: Ներսեսն ունի 8 երեխա: Եղբայրների ընտանիքները բնակվում են միասին։ Գ. Հյուսնունցի ընտանիքը 7 երեխաներով բնակվում է գյուղի մեկ այլ տան մեջ: Գոհ են զովաբերցիներից, որ իրենց ընդունել են հարազատի պես: Լուիզա Գագիկի Մկոյանի ընտանիքը 4 երեխաներով բնակվում է Վարսեր գյուղում վարձակալած առանձնատանը։ Ընտանիքի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում: Լուիզան ունի առողջական ծանր խնդիրներ: Արտիկ Հովսեփյանի ընտանիքը բնակվում է Սևան քաղաքում՝ բազմաբնակարան շենքում: Տարածքում բնակվող բազմազավակ արցախցիներին հանդիպելու համար հիմնադրամի անդամներին օժանդակեց տիկին Ռուզաննա Նահապետյանը, որին Գ. Մելիքյանը շնորհակալություն հայտնեց։ Հիմնադրամից օգնություն ստացած ընտանիքները հայտնեցին իրենց գոհունակությունը՝ ստացած աջակցության համար: Գ. Մելիքյանը հավաստիացրեց, որ աջակցությունը լինելու է շարունակական:

Զոհրաբ Ըռքոյան