ԵԹԵ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՍ

Մանկուց շատ սիրել եմ ուսուցչի մասնագիտությունը, և դպրոցի ուսուցչանոցն ինձ համար նման էր թագավորի դղյակի այն վերջին հարկի սենյակին, որն անհասանելի էր։

Սիրել եմ սովորել, նաև՝ սովորեցնել։

Հենց մանկուց էլ իմ երակներում ներարկվել են պատասխանատվության, աշխատասիրության, հայրենասիրության և շատ այլ արժեքներ։

Իմ հայրենի գյուղի հանդեպ ունեցած անթաքույց սերն ու նվիրվածությունը առհավատչյան են այն գաղափարին, որ ՀԱՅՐԵՆԻՔԸ սկսվում է հենց իմ տնից։

Ինչպիսի՟ ապրումներ կունենա այն սովորող և սովորեցնող անձնավորությունը՝ ուսուցիչը, երբ տեղահանվելուց հետո պետք է մտնի դասարան և ուսուցանի Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» հայտնի ստեղծագործությունը։ Ա՛յ քեզ ճակատագրի հեգնանք։

Մտածում ես՝ Սևակն այդ բանաստեղծությունը գրել է Մեծ Եղեռնից հետո, դու էլ պետք է ուսուցանես տեղահանումից հետո։ Բայց տեսնես Սևակն ի՟նչ է մտածել վերնագիրն ընտրելուց առաջ։ Հայ են ասում նրա համար, որ ամեն անպատասխանատու սխալի արդյունքին հարմարվում է՟, թե՝ հայը պարզապես փյունի՟կ է։

Միևնույն է՝ պետք է ուսուցանես այն գաղափարը, որ գալիս է կանգնում կոկորդումդ, չորացնում լեզուդ, առատ ջրով լցնում աչքերդ ու ցնցում հոգուդ մեջ արմատացած արժեքը՝ հայրենասիրությունը։

Մտածում ես՝ արդյո՟ք խաբում ես ինքդ քեզ, թե՝ պարզապես ՈՒՍՈՒՑԻՉ լինելու բնազդն է քեզ տանում ուսուցանելու, բացատրելու, մեկնաբանելու, հիմնավորելու, արժևորելու, արմատավորելու․․․․

Սիրելի՛ տեղահանված ուսուցիչներ, ամեն նոր ուսումնական երևույթ՝ Առաջին զանգ, Վերջին զանգ և այլն, մեծ դժվարությամբ հոգու մեջ տեղավորող հայրենասիրության  ջատագովներ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ․․․․

Պարզապես անհոգ կյանք եմ մաղթում բոլորիս․․․

                                                                                                      Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ տեսուչ Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցի դասվար