ՈՂՋՈՒՅՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ահավասիկ, Արցախի կորստի ու ողբերգության խորքից շատ ավելի մոտ ու շոշափելի է դառնում անցյալը, անցյալի հետ շփումը` հանապազօրյա։

5-րդ դարի սկզբին լուսավորչական նպատակներով Հայոց Արևելից կողմանք եկավ Մեսրոպ Մաշտոցը և Ամարասի եպիսկոպոսական դպրատանը մտցվեց հայերենի ուսուցումը, իսկ Աղվանքի եպիսկոպոսանիստ բնակավայրերից մեկի` Պարտավի մոտ բացվեցին բարձրագույն հոգևոր դպրոցներ։ Դարեր շարունակ Արցախը դպրոցները պահեց տներում, վանքերում, եկեղեցիներում, և պատկառանքը դպրոցի և կրթության նկատմամբ պահպանվեց ու փոխանցվեց անգամ օտար զավթիչների տիրապետության ներքո։ Կրթություն տարածող օջախները հեշտությամբ ամրոցներ դարձան, ուսուցիչները՝ զինվորյալներ։ Վաչագան Բարեպաշտի ժամանակներից «երկրի հզորության ակունքը համարվեց կրթությունը», իսկ «դպրապետ» և «ուսուցչապետ» բառերին պարտադիր ավելացավ «հավատարիմ» բնորոշումը։

Կրթությանն ու գիտությանը հավատարիմ լինելու լուսավորյալ գործն իր ոսկեդարն ապրեց Շուշիի կրթական համակարգով, որի ստեղծած արժեքները Անդրկովկասի թաթարները մոխիր դարձրին 1920 թվականի կոտորածի ժամանակ։ Խորհրդային 70 տարիների` համընդհանուր գաղափարական պարտադրանքի, կրթելու և դաստիարակելու կենտրոնացված մոտեցումների պայմաններում ուսուցիչներն իրենց գրադարակներում պահեցին Րաֆֆու «Սամվել»-ն ու «Դավիթ Բեկ»-ը, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն, Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»-ը…

Արցախի ազգային ազատագրական շարժման օրերին աշակերտներն արյամբ գծեցին Հայրենիքի բնագծերը։ Ու աշխարհի ոչ մի անկյունում ու ոչ մի խրամատում ուսուցիչն ու աշակերտը միասին չէին կռվում, աշխարհի ոչ մի անկյունում ուսուցիչն աշակերտին կենդանի վահան չի դառնում և աշխարհի ոչ մի անկյունում ուսուցիչը չի հուղարկավորում իրեն աշակերտած հայրիկին, ապա որդուն։

Սիրելի’ ուսուցիչ, աշխարհի և ոչ մի ուսուցիչ Քեզ պես խաբված չէ, կարկամած ու այլայլված, պատրանքների մեջ ու մոլորյալ չէ։ Բայց Դու կարող ես ուղղել մեջքդ, որովհետև արարչագործության մի պսակն էլ Դու ես, և որովհետև Քրիստոսն էլ ուսուցիչ էր։ Դուք համակ նվիրումով եք աշխատել, հանձնառու և հայրենանվեր եք եղել նաև 2020 թվականի դաժան պատերազմից հետո՝ որդեկորույս և տնավեր դարձած, որովհետև շարունեկել եք մնալ պայքարի առաջապահը:

Սիրելի՛ ուսուցիչներ, եթե դասավանդում եք Մայր Հայաստանի դպրոցներում, ապա ուժ և միայն ուժ քարոզեք և տվեք այն գիտելիքը, որն ուժ է բերելու Հայոց աշխարհին, որով պատրաստ են լինելու տիրոջ զգացողությամբ ապրել այս հողում և ուժի լեզվով խոսել:  

Գիտելիքով և ուժով ենք փրկելու գալիքը, գիտելիքով և ուժով ենք փոխելու պատմության ընթացքը…

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախկին նախարար

Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար