ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՈՒԺԸ

(Հարցազրույց «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի նախագահ,

Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Յուրի Քարամյանի հետ)

– Պարոն Քարամյան,  Արցախից բռնի տեղահանված և ՀՀ բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական պետական ուսումնական  հաստատություններում սովորողների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից այս ուսումնական տարում էլ կշարունակվի: Տեղյակ ենք, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել նաև «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի առաջարկությունները՝ ի դեմս Ձեզ: Կխնդրեինք հանգամանալից տեղեկություններ ստանալ այդ մասին:

– Նախ ասեմ, որ միությունը ստեղծվել է 2020թ. հուլիսին Արցախում: 2023թ. արցախցիների բռնի տեղահանության պատճառով տեղափոխվելով Հայաստան, որոշեցինք մեր աշխատանքները շարունակել այստեղ, և վերագրանցվեցինք: 2024թ. մարտ ամսից սկսել ենք մեր գործունեությունը: Սկզբնական  փուլում, երբ սոցիալական հարցերով (բնակարանային, բնակվարձեր և այլն) նախաձեռնող խումբ էր ստեղծվել և շուրջ 50 ՀԿ-ներով համախմբվել էինք, նրա շարժիչ ուժը հիմնականում մեր կազմակերպությունն էր: Սոցիալական հարցերով որոշ արդյունքի հասել ենք, բայց չէի ասի` շատ:

Հունիս ամսում մենք սկսել ենք ստանալ դիմումներ ծնողներից, սպաներից, դիմորդներից` երևի հաշվի առնելով իմ` որպես ԳԹԿ նախկին տնօրենի առնչությունը կրթության հետ: Եվ ասեմ, որ ՀՀ ԳԹԿ-ն` սկսած 2023 թվականից շատ բարեխիղճ կերպով աշխատել է արցախցի երեխաների խնդիրները լուծելու ուղղությամբ` կապված  նրանց վկայականների, վկայագրերի և այլնի հետ: Լսելով, որ մեր շրջանավարտները քննությունները հանձնում են ոչ շատ բարձր միավորներով և հասկանալով, որ սթրես ապրած երեխաներ են,  Արցախում շրջափակման պայմաններում նորմալ ուսուցում չի եղել, մտահոգություն ունեինք, որ նրանք  մրցունակ չեն լինի անվճար համակարգ ընդունվելու համար: Բացի դրանից, բուհերում անվճար տեղերը շատ սահմանափակ են:  Եվ եթե արցախցիների ուսման վարձի փոխհատուցում չլինի, ոչ թե գիտելիքի, այլ ֆինանսների պատճառով նրանք դուրս կմնան բուհերից, ու մենք կզրկվենք մեր հետագա լավ մասնագետներից: Եվ Արցախի պահեստազորի սպաների միության վարչությունը որոշել է կրթության հարցերով նույնպես զբաղվել: Հունիսին մենք այդ խնդիրների մասին մեր հիմնավորումներով նամակ ենք ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ: Ապա հանդիպել ենք բարձրագույն կրթության, գիտության պետական կոմիտեի համապատասխան մասնագետների, վարչության  պետի հետ: Եվ անմիջապես քննարկման փուլ է սկսվել: Ճիշտն ասած, սկզբում նրանք այն մտայնությունն ունեին, որ Արցախից բռնատեղահանված երեխաներն արդեն ինտեգրվել են, դեկտեմբերին կառավարության որոշումն արդեն կար 2023 -2024 ուսումնական տարվա համար: Բայց լսելով մեր հիմնավորումները, որոնք ներառում են և՛ սոցիալական, և՛ կրթության որակի, և՛ հոգեբանական վիճակի հարցեր, ընդունել են, որ պետք է շարունակել աջակցել  սովորող ուսանողներին, բայց միայն ՄՈԳ-ով, իսկ առաջին կուրսեցիների համար նախատեսված չէ: Մենք բացատրել ենք, որ այդ երեխաները ֆինանսի պատճառով դուրս կմնան,  բայց պետք է հաշվի առնել արցախցի երեխաների մեծ պոտենցիալը:  Նրանք համաձայնվել են նաև մեր այն պնդման հետ, որ 1-ին կուրսեցիներին աջակցությունը նաև բեռ չի լինի պետական բյուջեի համար, քանի որ ավարտող 4-րդ կուրսեցիներն ավելի շատ են, քան 1-ին կուրսեցիները: Ընդունելով մեր հիմնավորումները` առաջարկել են ընդունվածների քանակը ցույց տալ ըստ համալսարանների և հիմնավորումների հետ նամակով ներկայացնել փոխվարչապետին: ԳԹԿ-ն մեզ օգնել է ըստ համալսարանների կազմել անվճար և վճարովի ընդունվածների ցուցակը: Մենք վերցրինք բոլորի տվյալները, բացառությամբ նրանց, որոնք ընդունվել են միջպետական բուհեր` ֆրանսիական, Ամերիկյան, Հայ-ռուսական (սլավոնական)-ի ռուսական բաժին: Ընդհանուր առմամբ նրանց թիվը 281 է, որից 48 հոգի ընդունվել է անվճար, մյուսները` վճարովի: Ասեմ, որ քննարկումների ժամանակ մեր բոլոր առաջարկություններն ընդունվել են: Բայց կառավարության որոշման մեջ` ոչ բոլոր առաջարկությունները: Ըստ որոշման` 1-ին կուրսեցիներն սովորելու են անվճար, բայց` միայն 1-ին կիսամյակում: 2-րդ կիսամյակում փոխհատուցումը կատարվելու է ըստ  ՄՈԳ-ի: Մեր մյուս առաջարկությունը, որ ՄՈԳ-ը լինի  65 տոկոս, ընդունվեց միայն առաջին կուրսեցիների համար: Իսկ մյուս տարվանից կլինի 75 տոկոս: Երբ քննարկում էինք, իմ առաջարկությունն էլ է այդպիսին եղել, որ արցախցիները չեն կարող ռոտացիայի կարգով մրցել, քանի որ անվճար տեղերն ընդամենը 2-3-ն են, բայց հետագայում կկարողանան: Դրա համար մեզ պետք է որոշակի շեմ, որ անցնելու դեպքում ուսանողները սովորեն անվճար, և  այդ 75 տոկոսը բավարար է:                     

Ինչպե՞ս կգնահատեիք որոշումը:

– Լավ կլիներ, իհարկե, որ 1-ին կուրսը լրիվ անվճար լիներ, բայց որոշվածն էլ ընդունելի տարբերակ է: Ես էլ եմ այն կարծիքին, որ ուսանողը պետք է շահագրգռված լինի, որ լավ սովորի: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ 20 միավորով դիմորդն ընդունվել է անվճար, բայց մինչև ավարտելը անվճար սովորել ցածր առաջադիմությամբ: Դա սխալ է: Բացի դրանից, մի դրական շարժ էլ կա: Ճիշտն ասած, ես առաջարկել եմ, բայց այնքան էլ հավատացած չեմ եղել, որ կանցնի: Պետությունը վարձավճարը փոխհատուցում է առավելագույն չափով: Ինչպես գիտեք, նախկինում դա արվում էր մասնակիորեն: Ասենք, եթե բժշկական համալսարանում վճարը կազմում էր 1 մլն 300 հազար դրամ, պետության կողմից առավելագույն փոխհատուցումը  900 հազար դրամ էր: Մեր բարձրացրած հարցը եղել է նաև այն, որ այդ 400 հազար դրամ տարբերությունն էլ ծանր է լինելու մարդկանց համար: Պատահելու է, որ չնայած լավ սովորելուն` 400 հազար դրամի պատճառով ուսանողը կարող է դուրս մնալ: Եվ հիմա փոխհատուցումը, ինչպես ասացի, լինելու է 100 տոկոսով: Ընդհանուր առմամբ, չեմ ասում շատ լավ, բայց ընդունելի տարբերակ է: Ավելացնեմ, որ կառավարության որոշումը մի քանի տարվա համար է, նախատեսած է մինչև 2027-2028-ուսումնական տարին, մինչև առաջին կուրսեցիների ավարտելը:

– Հետաքրքիր է, ի՞նչ մասնագիտություններ են ընտրել արցախցի ուսանողները:

– Ընդհանուր առմամբ 29 համալսարաններում (նաև` ոչ պետական), բացի միջպետական բուհերից` ֆրանսիական, Ամերիկյան, Հայ-ռուսական (սլավոնական)-ի ռուսական բաժին, ընդունված երեխաներ ունենք` 281 հոգի:

Ամենից շատ ընդունվել են Երևանի պետական համալսարան`  63 հոգի, որից անվճար` 18 հոգի:  Այստեղ ամենից բարձր քանակ կազմել են «Ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա»` 7 հոգի, «Միջազգային հարաբերություններ»` 5 հոգի, «Միջմշակութային հաղորդակցություն»` 7, «Իրավագիտություն» մասնագիտությունները:  Ընտրել են  նաև «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Տեղեկատվական համակարգեր», «Ֆիզիկա», «Քիմիա»:

Մասնագիտություններից ամենից շատ ընդունվել են Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ»` 28 հոգի, որից 3-ը` անվճար (2-ը` որպես զոհվածի երեխաներ): 5 հոգի էլ ընտրել են «Ստոմատոլոգիա», մեկ հոգի «Դեղագիտություն» մասնագիտությունները:

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվել է 38 հոգի, որից 1-ը` անվճար: Այստեղ 39 միավորով ընդունվողներ էլ են եղել, բայց բոլորը` վճարովի: Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան` 11 հոգի, որից 2-ը` անվճար (1-ը` զոհվածի երեխա):

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան ընդունվել է 33 հոգի:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի` «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»` 7 հոգի, որից 2-ը անվճար (1-ը` զոհվածի երեխա):  

Բոլորն էլ ընդունվել են բարձր մրցութային մասնագիտություններ:

– Նկատելի է ուսանողների թվի նվազումը նախորդ տարիների համեմատ:

– Ընդհանրապես նաև դիմորդների քանակն է նվազել: Եթե վերջին տարիներին մենք ունեցել ենք 800-ից ավել շրջանավարտ և մինչև 700 դիմորդ, որոնց 60 տոկոսը ընդունվում էին համալսարանների առկա բաժին, հիմա ընդունվածները` ներառյալ միջպետական բուհեր, շուրջ 300 են: Մենք կորցրել ենք 120-130 ուսանող: Բայց դա ընդունելի է: Ասեմ` ինչու: Մեզ մոտ տվյալներ կան, զանգում են այն շրջանավարտները, որոնք միասնական քննություններից դրական միավորներ են ստացել, բայց մտավախություն ունենալով, որ ընդունվելու են վճարովի համակարգ և չեն կարողանալու ուսման վճարը մուծել, երկրորդ կիսամյակում էլ չեն կարողանալու անցնել անվճար համակարգ, քանի որ ինչպես ասացի, ռոտացիոն տեղերը սահմանափակ են, փաստաթղթերը չեն ներկայացրել ընդունելության մրցույթին մասնակցելու համար: Բայց հիմա իրենց միավորներով ցանկություն ունեն սովորելու:  Զանգում են մեզ, և բացատրում ենք, որ իրավունք ունեն հեռակա ընդունվել: Հոկտեմբեր ամսում սկսվելու է հեռակա կրթության ընդունելությունը: Նշենք, որ ուժի մեջ են շրջանավարտների ոչ միայն այս տարվա, այլ նաև` 2023թ. Արցախում հանձնած քննությունների գնահատականները:

– Պարոն Քարամյան, Դուք միշտ, նույնիսկ շրջափակման պայմաններում խոսում էիք, որ ոչ մի բան չպետք է խոչընդոտի սերնդի որակյալ կրթությանը, ամեն ինչ պետք է ուղղել դրան, և հիմա էլ նախանձախնդրորեն առաջ եք տանում այդ հարցը:

Ուսուցիչների մասնագիտական տոն  օրվա կապակցությամբ  ի՞նչ կմաղթեիք կամ կոչ կանեիք:

– Ընդհանրապես ես կուզենայի, որ ուսուցչի մասնագիտությունն ընտրած մարդը հոգով մանկավարժ լինի և զբաղվի մանկավարժությամբ: Միշտ ասել եմ և ասելու եմ` մեր պրոբլեմները կրթությունից են: Կրթությունը եթե թույլ է, մասնագետներն էլ են թույլ լինելու: Մեր պարտությունն էլ կրթությունից է: Մարդիկ իրենց տեղերում չեն եղել, չեն կարողացել ղեկավարել: Մարդը, որը լավ կրթություն է ստացել, ունակ է արագ կողմնորոշվել, ճիշտ որոշումներ ընդունել ժամանակին: Դրա համար կրթությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել: Պետք է լինեն լավ մանկավարժներ: Մանկավարժությունն այն չէ, որ 45 րոպե դաս ես տալիս, ժամը անց կացնում և համարում, որ կրթություն ես տալիս: Դու պետք է գիտելիքը ուսուցանես, ոչ միայն տաս: Հասկանալի է, որ մանկավարժը միշտ պետք է մնա ամենավերևում: Ցավոք, այդպես չէ: Լավ ուսուցիչը, երբ տեսնում է, որ աշխատավարձը քիչ է, գնում է վաճառող աշխատում: Ես մեծ ցավ եմ ապրում դրա համար: Մեր պրոբլեմը ոչ միայն ուսուցիչներն են, այլ որ այստեղ լավագույն մասնագետներին չեն ներգրավել: Տեսեք Արցախից ինչքան մեծ ներուժ է եկել, որ կարող էին այստեղ ներգրավվել, և ամեն բնագավառում բավականին լավ վիճակ ստեղծել: Չեն ներգրավում, և նրանք արտագաղթում են: Գնում են ուրիշ պետություններ հարստացնում, փոխանակ մեր երկիրը հարստացնենք: Դա ցավալի  է: Դրա համար է Արցախի պահեստազորի սպաների միությունն այդքան ջանում, որ արցախցի երեխաները կարողանան սովորել: Եթե դա չստացվի, ծնողը ստիպված է լինելու երեխայի հետ դուրս գալ երկրից, և մենք մասնագետներ ենք կորցնելու: Մենք պիտի մտածենք ոչ թե այսօրվա մասին, այլ վաղվա: Ասում ենք, որ պիտի վերադառնանք Արցախ, իսկ ի՞նչ ներուժով ենք վերադառնալու: Ոչ մի իրավիճակում չպետք է թույլ տալ, որ մեր  ներուժը կորցնենք: Ինչքան էլ բարեկամ պետություններ ունենանք, դաշնակիցներ, նրանք «մենք» չեն դառնա: Ամեն ժամանակ կարող են մեզնից հրաժարվել: Մենք մերը պիտի  ունենանք: Շատ եմ լսում, որ այս կամ այն երկրում նշանավոր հայ գիտնականներ կան, բայց ի՞նչ են արել նրանք, որ Արցախը չկորցնենք, որ Հայաստանը հզորանա: Մենք այստեղ` երկրում պիտի ունենանք մեր մասնագետները:

Հարցազրույցը` Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆԻ