Սպորտի զանազան ձեւերի գոյության դեպքում շատ ծնողների համար դժվար է ճիշտ ընտրություն կատարել, թե իրենց երեխաներին որ ուղղությամբ տանել: Համեստ մարզիչները երբեք չեն գովաբանում հենց իրենց մարզաձեւը, ի տարբերություն այն մարզիչների, որոնք շահախնդրորեն այսպես ասած «իրենցով են անում» շատ ծնողների ու մարզիկների, որոնք այնքան էլ տեղեկացված չեն այս կամ այն մարզաձեւի մասին: Մարզական էջում հյուրընկալվող մեր մարզիչները սովորաբար խոսում են սպորտի եւ մարտարվեստների ընդհանուր օգտակարության մասին՝ ընտրությունը թողնելով ծնողների ու մարզիկների հարմարության վրա, պնդելով, որ բոլոր մարզաձեւերն էլ օգտակար են, կարեւորը՝ ցանկություն եւ ձգտում ունենալ մարզվելու համար: Որպես ծնողների համար համեմատաբար հեշտ կողմնորոշվելու ուղեցույց, ի մի բերելով մեր հարգելի մարզիչների պատասխանները, այնուամենայնիվ այսօր կներկայացնենք 10 նախապայման, թե ինչու է պետք պարապել հենց կարատե մարտարվեստով: Բացառված չէ, որ առաջիկա համարներում կներկայացվեն այլ մարզաձեւերի օգտակարության մասին պատմող հոդվածներ, մինչդեռ չմոռանանք, որ ամեն դեպքում ընտրությունը մնում է ծնողների վրա:
Ինքնակարգապահություն
Կարատե մարտարվեստում մեծ ուշադրություն է դարձվում այս որակի վրա: Մեր ժամանակներում երեխաները սովոր են, որ իրենց ցանկությունները կատարվեն անմիջապես: Կարատեի մարզումների ընթացքում նրանք կսովորեն զարգացնել իրենց մեջ պատասխանատվություն եւ ինքնուրույնություն:
Հաղորդակցվելու ունակություն
Երեխան ձեռք կբերի նոր ընկերներ ընդհանուր հետաքրքրություններով, իսկ զույգերով պարապմունքները կզարգացնեն նրա մեջ ընկերություն:
Ֆիզիկական պատրաստվածություն
Երեխաները ավելի շատ ժամանակ են ծախսում համակարգչի, հեռուստացույցի կամ պլանշետի վրա: Սպորտն օգնում է նրանց հեռացնել ժամանակակից գերող այս գործիքներից եւ բարձրացնել աշխատասիրությունը, ինչպես նաեւ դրական ազդեցություն ունենալ ուսումնական գործընթացի վրա:
Նպատակասլացություն
Բոլորը, ովքեր սկսում են զբաղվել կարատեով, ցանկանում են սեւ գոտի ձեռք բերել: Ուսանելով կարատեի մանկական բաժնում՝ աշակերտները սպիտակ գոտիներ կունենան: Ամեն անգամ բարելավելով իրենց տեխնիկան՝ գոտիների գույները կփոխվեն, դրանով մեծացնելով ինքնավստահությունը իրենց եւ իրենց ուժերի հանդեպ, ինչն օգնում է հասնել նպատակներին:
Ինքնագնահատական
Հաջողության հասնելու ձգտումը եւ ինքնավստահության աճը նվազեցնում են ինքնաքննադատումը: Ցածր ինքնագնահատական ունեցող երեխաները ուսուցման մեկնարկից որոշ ժամանակ անց դառնում են ավելի ինքնավստահ իրենց գործողություններում:
Հարգանք
Ժամանակակից մշակույթում քիչ ուշադրություն է հատկացված հարգանքին: Այս արվեստը ուսումնասիրելու համար սաները պետք է հարգալից վերաբերմունք ունենան ինչպես մարզչի, այնպես էլ իրար նկատմամբ:
Բարի վերաբերմունք տարաձայնություններին
Այժմ ագրեսիվ պահվածքը հազվադեպ չէ: Շատերը հավատում են, թե կարատեն երեխաների մեջ զարգացնում է բռնություն եւ ագրեսիա: Իրականում, մանկական սպորտային խմբերն իրենց առջեւ նպատակ են դնում ուսուցանել հակամարտությունների խաղաղ լուծման եւ վեճերում ուժի կիրառումը կանխելու հմտություններ:
Ուշադիր լինելու հմտություն
Տեխնիկայի կիրառման ժամանակ հաջողության հասնելու համար սաները, տարբեր հմտություններ կիրառելիս, պետք է լսեն իրենց մարզչի խոսքն ու հրահանգները:
Թիմում աշխատելու հմտություն
Որոշ դասեր նախագծված են այնպես, որ դժվար է դրանք կատարել միայնակ, այնպես որ նրանք կսովորեն միասին մտածել եւ լուծել խնդիրը:
Ընդհանուր զարգացում
Հավատարիմ մարդ, որը բաց է հաղորդակցման, գիտելիքի, նորը բացահայտելու համար. կարատեն ընդլայնում է մտահորիզոնը եւ օգնում է զարգանալ, բարելավում է ֆիզիկական պատրաստվածությունը, սոցիալական հաղորդակցությունը: Այս ամենն օգնում է երեխաներին մեծանալ առանց հոգեբանական անհանգստության եւ խնդիրների առաջացման:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ