Մարզչական բարձրագույն կոչման արժանի

Արեւելյան մարտարվեստներն Արցախում զարգացնելու ու մասսայականացնելու, ֆիզիկապես եւ հոգեպես ամուր սերունդ դաստիարակելու բարդ ու պատասխանատու գործում մեծ ներդրում ունի չինական մարտարվեստում ավելի քան երկու տասնամյակ կոփվող, իր սաների ու գործընկերների սերն ու հարգանքը վայելող, Ստեփանակերտի ՄՊՄԴ վինգչունի մարզիչ, Արցախի վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի նախագահ ու գլխավոր մարզիչ Սայաթ Բաղդասարյանը (ծնվ. 1986թ. ապրիլի 2-ին), որն իր մարզչական 20 տարվա գործունեության ընթացքում՝ սկսած 2003թ.-ից մարզել է ավելի քան 2000 մարզիկ եւ տվել բազմաթիվ ՀՀ չեմպիոններ, միջազգային չեմպիոններ, Եվրոպայի 2 չեմպիոն, ինչպես նաեւ Եվրոպայի մրցանակակիրներ, 1 աշխարհի փոխչեմպիոն և 5 անգամ պարգեւատրվել հանրապետության նախագահի կողմից:

2005թ., նշանակվելով ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի (ՀՍԳԱ՝ Հայ սեւ գոտիների ակադեմիա) գլխավոր մարզիչ և տնօրեն, ակտիվ մարզչական գործունեություն է ծավալել: Միջազգային առաջնություններում Սայաթ Բաղդասարյանի սաները պատվավոր ձեռքբերումներ են արձանագրել: 2010թ. առաջին անգամ Թուրքիայում մասնակցելով սանդա ուշուի Եվրոպայի առաջնությանը՝ մեծահասակների խմբում նրա սան Դավիթ Գրիգորյանը զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը, իսկ 2011թ. Թուրքիայում կայացած սանդա ուշուի աշխարհի առաջնությունում զբաղեցրել երկրորդ տեղը: 2012թ. Էստոնիայում պատանիների միջեւ կայացած Եվրոպայի սանդա ուշուի առաջնությանը ՀՀ մարզական հավաքականի կազմում հանդես եկած Դավիթ Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել: Մարզիկները պարգեւատրվել են հանրապետության նախագահի կողմից:

Սայաթ Բաղդասարյանը 2017թ. Վինգչունի Եվրոպայի 2-րդ առաջնության թաոլու վարժահամալիրում՝ բրոնզե, 2019թ. Ուշուի Եվրասիայի 1-ին առաջնության վինգչուն ոճի արծաթե մեդալակիր, 2019թ. Ուշուի Եվրասիայի 1-ին առաջնության թայչի ոճի արծաթե մեդալակիր է եւ ՀՀ բազմակի չեմպիոն, առանձնանում է նաեւ մրցավարական բարձր մակարդակով հմտությունների տիրապետումով: ՀՀ ուշուի եւ քիք-բոքսինգի ֆեդերացիաների առաջադեմ մրցավար է: Վերջին տարիներին նրա մոտ մարզվող վինգչունի մարզիկները երկրից դուրս մասնակցել են առաջնությունների և վերադարձել հաղթանակով ու մրցանակային տեղերով: 2017թ. մայիսի 12-16-ը Վրաստանում կայացած Վինգչունի 2-րդ առաջնությանը մասնակցեցին Արցախի Վինգչունի եւ թայչիի ֆեդերացիայի նախագահ եւ մարզիչ Սայաթ Բաղդասարյանը (18-40 տ.խ.) եւ ֆեդերացիայի մարզիկ Կարո Սարգսյանը (65-70 կգ ք.կ, մեծահասակների տարիքային խումբ) ու վերադարձան արծաթե եւ բրոնզե մեդալներով: Սա առաջին դեպքն էր, երբ վինգչուն մարտարվեստից միջազգային մրցաշարի մասնակցեցին արցախցի մարզիկներ: Նա կրտսեր վինգչունիստների շրջանում նույնպես ունի ՀՀ բազմակի չեմպիոններ:

Նրա երբեմնի սաներից Դավիթ Գրիգորյանը ներկայում գլխավորում է Արցախի ուշու-քունգֆուի ֆեդերացիան՝ որպես ֆեդերացիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ, իսկ Արմեն Ղահրամանյանը ներկայում Արցախի քիք-բոքսինգի ֆեդերացիայի գլխավոր մարզիչն է: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ ժամկետային զինծառայող, նաեւ սանդա ուշուում կոփված մարզիկ Մարատ Պետրոսյանը, որը նույնպես Սայաթ Բաղդասարյանի սաներից է, ադրբեջանական ագրեսիայի օրերին առանց խուճապի մատնվելու ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ եւ 1 ՀՄՄ:

2017թ. մարտին հիմնադրել եւ նախագահում է Արցախի վինգչունի եւ թայչիի ֆեդերացիան՝ նպատակ ունենալով Արցախում մարտարվեստները զարգացնելու, մասսայականացնելու, բնակչության առողջ ապրելակերպին նպաստելու, հայրենիքում եւ երկրից դուրս անցկացվող մրցաշարերին մարզիկներ նախապատրաստելու եւ ուղարկելու, նախազորակոչային տարիքի մարզիկներ բանակային կյանքին նախապատրաստելու՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում մարտունակությունը բարձրացնելուն միտված դասընթացներ կազմակերպելու:

Ներկայացնում ենք հմուտ մարզիչ Սայաթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ անձը բացահայտող մեր հետաքրքիր հարցազրույցը՝ ակնկալելով մարզչական աշխատանքի ու ազգանվեր գործունեության համար նրան արժանացրած համապատասխան գնահատականի՝ մարզչական բարձրագույն կոչումի:

– Սայա՛թ, ունե՞ք ցանկություն մարզչական աշխատանքը շարունակելու, մարզիկների խմբաքանակն ավելացնելու, կատարո՞ւմ եք քայլեր այդ ուղղությամբ:

– Մարզչական աշխատանքն իմ ապրելակերպի բաղկացուցիչ մասն է, առանց որի, կարելի է ասել, թե կյանքս անիմաստ է: Իմ ամենամեծ նպատակներից մեկը հենց մարզչական գործունեությունս շարունակելն է: Խմբաքանակն ավելացնելու ուղղությամբ մշտապես աշխատում եմ: Այս պահին իմ մարզիկներից մեկին, որը մեր ֆեդերացիայում նաեւ որպես մարզչի օգնական է, պատրաստում եմ, որ կարողանա առաջիկայում աշխատել որպես մարզիչ: Սպասում ենք ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատասխանին, որն ուշանալու դեպքում մեր միջոցներով կնշանակենք որպես ֆեդերացիայի մարզիչ: Պատրաստվում ենք սեպտեմբերի 1-ից նոր խումբ բացել, այդպիսով ավելի զարգացնելով ու մասսայականացնելով վինգչուն մարտարվեստն Արցախում:

– Ի՞նչն եք համարում ամենադժվարը արզչական հաջողության ճանապարհին:

– Մարզչական հաջողության հասնելու համար ամենակարեւոր կետը հենց տվյալ մարզաձեւում պրոֆեսիոնալ լինելն է: Եթե խոսում ենք մարտարվեստների մասին, ուրեմն մարզիչը պետք է իմանա ու լավ տիրապետի տվյալ մարտարվեստի ակունքները, ավանդույթները, տեխնիկան: Հաջորդը՝մարզիչը պետք է ունենա բարոյահոգեբանական բարձր մակարդակ: Մարզիկի համար մարզիչը պետք է լինի ե՛ւ որպես ուսուցիչ ու դաստիարակ, ե՛ւ որպես ծնող, ե´ւ որպես հոգեբան, ե´ւ որպես փիլիսոփա: Եթե մարզիչը նման հատկություններով օժտված չլինի, ապա դժվար թե նրա սաները ազգի ու հայրենիքի համար պիտանի մարդ դառնան: Մարզիչը պետք է կարողանա իր սաներից ձեւավորել նախ եւ առաջ բարձրակարգ մարդիկ, այնուհետեւ՝ մարզիկներ: Մարզիչը կարող է լավ մարզիկ լինել, բայց օժտված չլինել բարոյահոգեբանական բարձր մակարդակով, մանկավարժի ու հոգեբանի ունակություններով, որի դեպքում հնարավոր է, որ մարզիչը վատ ուղղության վրա դնի իր սաներին, այսինքն՝ պատրաստի խուլիգան՝ ուժեղ ու պատրաստ: Դա թույլ չտալու համար պետք է, որ մարզիչն ինքն ունենա արժանավայել, բարձրագույն հատկանիշներ, որից էլ հետեւում է, որ նա կկարողանա դաստիարակել իմաստնությամբ, արթուն մտքով, ազնիվ հոգով սաներ, որոնք լավ մարզիկ լինելուց բացի շրջապատում ու բնության հանդեպ իրենց կդրսեւորեն լավագույն ձեւով. կլինեն գերազանց զավակներ, ընտանիքի անդամներ, արժանի քույրեր ու եղբայրներ, հրաշալի ընկերներ:

– Ինչպե՞ս են ազդում մարզումները Ձեր ընտանեկան կյանքի վրա:

– Մարզական գործունեությունս իմ ընտանեկան կյանքի վրա դրական է ազդում: Ինչպես նշեցի, արեւելյան մարտարվեստների մարզիչը ինչ-որ տեղ մանկավարժ է, ինչ-որ տեղ՝ փիլիսոփա ու հոգեբան: Ինչպես մարզադահլիճում եմ իմ ընդունակություններն ու գիտելիքներն օգտագործում, այնպես էլ ընտանիքում թե´ կնոջս, թե´ երեխաներիս նկատմամբ եմ ցուցաբերում ունեցած գիտելիքներս: Չինական մարտարվետներ ուսումնասիրող ու տիրապետող անձինք նաեւ բժշկությանն են հարում: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում երբեմն նաեւ բժշկական գիտելիքներս եմ կիրառում երեխաներիս հանդեպ: Հետեւում եմ, որ պահպանեն ճիշտ սննդակարգ եւ քնի ռեժիմ: Բոլոր գիտելիքներս աշխատում եմ փոխանցել ընտանիքիս անդամներին: Նրանք էլ տրամադրված ու հարմարված են, որ օրվա մեջ գրեթե 4 ժամ, երբեմն դրանից ավել, անց եմ կացնում մարզադահլիճում պարապմունքներ վարելով, ընդունում են իմ ապրելակերպի այս կարեւոր կետը եւ միացել են դրան:

– Խնդրում ենք ներկայացնել խրատներ ու մարզչական խորհուրդներ սկսնակ մարզիկների համար:

– Սկսնակ մարզիկներին, հատկապես մեր դաստիարակչական զրույցների ժամանակ միշտ խորհուրդ եմ տալիս լինել ոգով ուժեղ, անվախ ու համարձակ, բոլոր քայլերի մեջ լինեն կայուն, վստահ: Իսկ ընդհանրրապես պետք է սիրել բնությունը, նրա բոլոր մասնիկները, հարգել կողքինին: Ինչքան էլ ուժեղանա մարզիկը, մեկ է՝ իրենից ավելի թույլերի հանդեպ պետք է լինի բարյացակամ: Եթե նկատում է, որ դիմացինն իրենից թույլ է, չպետք է ցուցադրի իր ուժը նրա նկատմամբ, հակառակը, պետք է իրեն այնպես պահի, որ դիմացինը չնեղվի իր թույլ լինելուց, այլ այնպես անի, որ նա էլ ձգտի իր նման ուժեղանալ: Ու ամենակարեւորը հիշեք, որ չպետք է ձեր մարտական ունակությունները միանգամից օգտագործեք առօրյայում: Եթե հայտնվել եք դժվար իրավիճակի մեջ, պետք է ձգտեք դրանից դուրս գալ մտքի ու խելքի, հոգու ուժով, ոչ թե «ձեռքերին ու ոտքերին անելով»:

– Ի՞նչ կասեք մարզական սննդի մասին:

– Ինչ վերաբերում է քիմիական կամ արհեստական պատրաստությամբ սննդին, կտրականապես դեմ եմ ու արգելում եմ, որ դա օգտագործեն իմ սաները: Կան մարզական սննդի մեջ մտնող պրոտեիններ ու էներգետիկներ, որոնք ունեն բնական հումք: Բայց դրանք ուժային սպորտով պարապողների համար են: Մեր մարզիկների համար դրանց օգտագործումը նպատակահարմար չէ: Մի քանի «ոսկե օրենքներ» կան կապված սննդի հետ, դրանք եմ խորհուրդ տալիս, որ պահպանեն: Պետք է հաշվի առնել մարզիկի հնարավորությունները: Չկա այնպիսի մոտեցում, որն արգելում է այս կամ այն մթերքի օգտագործումը: Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե մարտարվեստներով մարզվողները միս չպետք է ուտեն: Ես հորդորում եմ իմ սաներին ուտել ամեն ինչ, ուղղակի՝ չափավոր, այն էլ՝ բնական մթերքներ: Պետք է սնվել հաճախակի, բայց՝ քիչ-քիչ քանակությամբ, հեռու մնալ քիմիական արտադրանքներից, տապականերից, իսկ ջուրը խմել ավելի շատ:

– Ինքներդ հետեւո՞ւմ եք ճիշտ սննդակարգի նորմերին, հաճա՞խ եք խախտումներ անում:

– Ինքս հետեւում եմ այն բոլոր նորմերին, որոնք որ հորդորում եմ իմ մարզիկներին: Խախտումներ էլ երբեմն լինում են: Խախտելը նույնպես բնորոշ է մարդուն: Պարզապես արեւելյան մարտարվեստի հետեւորդները, հատկապես մարզիչները, տարբերվում են նրանով, որ գիտակցության մեջ պահում են այդ գաղափարը եւ ավելի քիչ են խախտումներ կատարում, քան սովորական մարդիկ:

– Ազատ ժամանակ ունենո՞ւմ եք, ինչո՞վ եք սիրում զբաղվել:

– Ճիշտն ասած, ազատ ժամանակ քիչ եմ ունենում: Իսկ եթե ունենում եմ՝ հանգստանում եմ: Շատ ակտիվ եմ առօրյա կյանքում: Էներգիա ավելի շատ ծախսում եմ, քան ստանում: Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել երեխաներիս հետ, շփվել նրանց հետ, խորհուրդ տալ, օգնել դասերով կամ այլ հարցով, միասին զբոսնել: Ազատ ժամանակ նաեւ սիրում եմ ինֆորմացիա ստանալ տարբեր ոլորտներից, հատկապես՝ ինձ հետաքրքրող բնագավառներից:

– Ի՞նչն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ ակտիվությո՞ւն, թե՞ ռելաքսացիա:

– Երկուսն էլ ինձ հոգեհարազատ են: Ինքս հաճախ եմ մեդիտացիա անում: Իհարկե, իմ մեդիտացիան տարբերվում է մարտարվեստում եղած մեդիտացիաներից: Ինչպես նշեցի, առօրյայում շատ ակտիվ եմ, ինձ դուր է գալիս նաեւ ակտիվ կյանքը, դրանով նույնպես դրական էներգիա եմ ստանում: Ռելաքսացիան էլ է հոգեհարազատ, ուղղակի ակտիվությունն ավելի շատ տեղ ունի իմ կյանքում:

– Ի՞նչ թաքնված տաղանդներ ունեք, որ կցանկանայիք զարգացնել:

– Դեռ տարիներ առաջ եմ նկատել, որ մարդիկ, հայտնվելով որեւէ դժվար կացության մեջ կամ կանգնելով դժվար որոշման ու ընտրության առջեւ, դիմում են իմ օգնությանը: Նկատել եմ, որ ինձ հետ զրուցելուց հետո թեթեւանում են ու լուծում տալիս իրենց խնդիրներին: Կարելի է ասել, որ իմ մեջ բացահայտել եմ հոգեբանի, խրատատուի տաղանդ, որը կարելի է զարգացնել:

– Նպատակասլա՞ց եք: Հինգ միավորանոց սանդղակի վրա ո՞ր թիվը կընտրեիք գնահատելու համար Ձեր նպատակասլացությունը:

– Իմ առջեւ դրված նպատակներին ես հիմնականում հասնում եմ: Այո, ինձ համարում եմ նպատակասլաց, բայց այն դեպքում, երբ նպատակս ռեալ է ու հասանելի: Այդ դեպքում ես ինձանից կախված ամեն ինչ անում եմ նպատակիս հասնելու համար: Այդ առումով ես հինգ եմ գնահատում ինձ:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ