«Խալդյան մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս ամրոցը հոյակապ կառուցեց, հաստատեց Էրեբունի անունը՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է.- հողն ամայի էր: Ես հզոր մեծագործություններ կատարեցի այստեղ: Խալդյան մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, արքա է հզոր, արքա մեծ, տերը Տուշպա քաղաքի»։
Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրությունը
Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահում հնագիտության և ազգագրության ամբիոնի վիմագրություն առարկայի շրջանակներում կայացավ «Վանի թագավորության գրավոր մշակույթը» ուշագրավ դասախոսություն՝ նվիրված Վանի թագավորության սեպագիր արձանագրություններին: Բանախոսությամբ հանդես եկավ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Վահե Սարգսյանը: Ներկա էին պատմության ֆակուլտետի ուսանողներ, Երևանի Մխիթար Սեբաստացի կրթակամալիրի բարձր դասարանների աշակերտներ, պատմության ուսուցիչներ, թեմայով հետաքրքրվողներ։ Ներկաներին ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վիմագրության դասախոս, պ գ․ թ․ Արսեն Հարությունյանը, շնորհակալություն հայտնեց Վ․ Սարգսյանին հրավերն ընդունելու համար։ Բանախոսը հանգամանալից ներկայացրեց թեման, կարևորեց պատմահայր Մովսես Խորենացու դերը, որի հաղորդած տեղեկությունների շնորհիվ եվրոպացի գիտնակաները Հայկական լեռնաշխարհի տարածքում սկսել են հետաքրքրվել սեպագիր արձանագրությունների ուսումնասիրմամբ և հայտնաբերմամբ։ Բանախոսը տեղեկացրեց, որ մինչև 19-րդ դարը գիտական հանրությանը Հայկական լեռնաշխարհի սեպագիր արձանագրությունների մասին տեղեկություններ հայտնի չէին։ Վ․ Սարգսյանը նշեց՝ սեպագիր գրային համակարգը ստեղծվել և զարգացում է ապրել Միջագետքում՝ Շումեր, Բաբելոն։ Հայկական լեռնաշխարհում դրանք կիրառվելեն Ք․ Ա․ 9-րդ դարասկզբից՝ Ուրարտական թագավորների կողմից։ Նշեց նաև՝ գրի կիրառումն այդ ժամանակ պայմանավորված էր պետականության կայացմամբ։ Եվրոպայում քննարկելով Խորենացու երկի ճշտությունը՝ եվրոպացիները որոշում են ստուգել հետևյալ իրողությունը, որ հաղորդում է Պատմահայրը` պատմելով ասորեստանի թագուհի Շամիրամի գործունեության մասին Վանում Արայի զոհվելուց հետո․ «․․․Իսկ քարաժայռի բոլոր երեսը հարթելով, ինչպես գրչով հարթում են մեղրամոմը, վրան շատ գրեր գրել տվեց, որոնց տեսքը միայն բոլորին զարմացնում է։ Եվ ոչ միայն այստեղ, այլև Հայոց աշխարհում շատ տեղերում արձաններ կանգնեցրեց և նույն գրերով իր մասին ինչ-որ հիշատակ հրամայեց գրեր, և շատ տեղերում նույն գրով սահմաններ էր հաստատում» (Մ․ Խորենացի «Հայոց պատմություն»․ Երևան 1981թ․։ Գիրք առաջին, գլուխ ԺԶ, էջ՝ 121)։ Նշված փաստը հաստատելու նպատակով 1826թ․ հեսսենցի գիտնական Ֆրիդրիխ Շուլցը (1799-1829թթ.), որն այն ժամանակ Հեսսենի համալսարանի դասախոս էր, գործուղվել է Վան Ֆրանսիայի «Ասիական ընկերության» կողմից՝ հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենի առաջարկով։ Նա եվրոպացի առաջին գիտնականն էր, որ սկսեց ուսումնասիրել ուրարտական սեպագրերը։ Ֆ. Շուլցը հայտնաբերել և ընդօրինակել է 42 սեպագիր արձանագրություններ։ Ցավոք, նրա հետազոտություններն մնացին անավարտ, քանզի քուրդ ցեղապետներից մեկի հրամանով 1829 թ․դեկտեմբերին Ֆ. Շուլցը և իր ուղեկիցները սպանվեցին Ջուլամերկի շրջանում։ Նրա գիտական հետազոտությունները հրատարակվել են հետմահու՝ Փարիզում լույս տեսնող «Journal Asiatique» («Ասիական հանդեսի») 1840թ. 9-րդ համարում` «Վանա լճի և նրա շրջակայքի մասին հիշողություններ» վերնագրով։։ Սա դեռևս անընթեռնելի Վանի սեպագիր արձանագրությունների մասին առաջին ամբողջական վկայություններ էր Եվրոպայում հրատարակված։ Ֆ. Շուլցի հետազոտություններն ազդարարեցին ուրարտագիտության արշալույսը, և մի շարք ականավոր գիտնականներ՝ Ստանիսլավ Գյուար, Արչիբալդ Սեյս, Քերովբե Պատկանյան, Կ.Ֆ. Լեման–Հաուպտ ևն ձեռնամուխ եղան բիայնական արձանագրությունների հետազոտությանը։
Փաստորեն պատմահայր Խորենացին դեռևս 5-րդ դարում հստակ զանազանում և թվագրում էր ուրարտական հուշարձանները՝ Ասորեստանի առասպելական թագուհի Շամիրամի ժամանակաշրջանով։
Դասախոսության ընթացքում այնուհետև բանախոսը նշեց, որ պատկերագրերից են ծագել սեպագրերը։ Տեղեկություններ տվեց բիայնական գրային համակարգի մասին, անդրադարձավ սեպագիր արձանագրությունների աղբյուրագիտական բնույթին։ Հետաքրքիր է նաև սեպագրերի կառուցվածքը. այն կազմված է ներածական մասից, հաղորդվող բուն նյութից և վերջաբան-անեծքից։ Սեպագրերը համարվում էին պետական խորհրդանիշներ, և դրանք պղծելը, ավերելըը համարվում էր ոտնձգություն պետության և արքայի հանդեպ, և այդ պատճառով էր անեծքը։ Իհարկե, հետագա դարերում էլ, արդեն քրիստոնեական հուշարձաններում կան նույնատիպ արձանագրություններ՝ անեծքով ավարտվող։
Վ․ Սարգսյանն անդրադարձավ նաև Արգիշտի I թագավորի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին վկայող այստեղից գտնված 4՝ գրեթե համանման արձանագրություններին։ Ընթերցեց արձանագրություններից մեկը՝ տեղեկացնելով, որ արձանագրություններում չեն կիրառվում տողադարձ, բառաբաժանիչ նշաններ, ավարտում են տողը՝ պահելով համաչափությունը: Սեպագիր արձանագրությունները Հայկական լեռնաշխարհում հիմնականում կերտվել են ժայռերի վրա, սակայն գտնվել են նաև կավե սալիկներ՝ սեպագրերով արձանագրված, որոնք հիմնականում նամակներ են՝ կնքված նամակագիր թագաժառանգի կամ այլ բարձրաստիճան անձի կողմից։ Ուշագրավ է, որ որոշ սեպագիր արձանագրություններ տեղեկություն են տալիս արքաների՝ ռազմարվեստով կամ սպորտով զբաղվելու մասին։ Օրինակ, Սղգայից գտնված արձանագրությունում նշվում է․ «Խալդյան զորությամբ Մենուա Իշպուինորդին ասում է․ հենց այս տեղից Արծիբինի անունով նժույգը Մենուայի տակ ցատկեց քսաներկու կանգուն։ Մենուան ասում է․ ով այս արձանագրությունը տեղահանի, թող ոչնչացնեն Խալդին, Թեյշեբան, Շիվնին նրան ընտանիքն (ու) ժառանգությունն արևի տակ»։ Մեկ այլ արձանագրություն էլ Արգիշտի II արքայի նետաձգության մասին է։
Ներկայացվեցին նաև Վանի թագավորության արքաների տարեգրությունները, կրոնապաշտամունքային, շինարարական, ռազմական նվաճումների մասին վկայող արձանագրությունները։ Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղավ որոշակի քննարկում թեմայի վերաբերյալ։
Զոհրաբ Ըռքոյան