ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ԷՋ ԵՎՍ

Արարատյան աշխարհի համեմատաբար բարձր լեռնային հատվածում՝ Կատարասարի լեռների լանջերին է Լանջանիստ գյուղը՝ ծովի մակարդակից 1815 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց մեջ է Սպիտակ վանք կոչվող սրբավայրը։ Ներկայիս գյուղից մոտ 1,5 կմ հյուսիս պահպանվել են միջնադարյան՝ 13-17-րդ դարերում գոյություն ունեցած բնակավայրի  ավերակները։ Մեր պապերը միջնադարում ստիպված են եղել բնակավայրերը հիմնել լեռնային տարածքներում՝ թշնամու ասպատակություններին դիմակայելու նպատակով: Այս հնավայրը հիմնվել է Օրբելյանների, Պռոշյանների հզորացման ժամանակ, և երևի ավերվել է 17-րդ դարասկզբին Շահ Աբասի ավերիչ արշավանքների ընթացքում, երբ հայաթափ էր արվում Արևելյան Հայաստանի մի հատվածը: Բավականին բարձր ու թեք սարալանջին՝ հնադարյան բնակատեղիի ծայրամասում ժամանակին գույություն է ունեցել սրբատեղի՝ վանական համալիր, որից կիսակործան վիճակում կանգուն են 5,42X3,25մ չափերով բազիլիկ եկեղեցու հյուսիսային և արևելյան պատերը՝ հարակից գերեզմանոցով ու այլ կառույցների հիմքերով։  Սպիտակ վանք է կոչվում սրբավայրը, քանի որ գլխավոր եկեղեցին կառուցված է սպիտակ սրբատաշ քարերով։

Վերջերս մամուլում, հեռուստատեսությամբ, լրատվական այլ միջոցներով հաճախ է անդրադարձ կատարվում Սպիտակ վանքի մասին։ Այստեղ դեռևս 2021 թվականին հնագետներ Արտակ Գնունու, Անժելա Գնունի-Թադևոսյանի, Լևոն Մկրտչյանի և Գագիկ Սարգսյանի կողմից կատարվեցին տարածքի կարճատև ուսումնասիրման, պեղումների աշխատանքներ։ Սրբավայրի տարածքում կատարվող հնագիտական աշխատանքները նախաձեռնվել է Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ։ 2024 թ. ևս նույն թեմի ֆինանսական օժանդակությամբ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) արշավախումբը՝ հնագետներ Տիգրան Ալեքսանյան, Արման Նալբանդյան, վիմագրագետ Հայկ Հակոբյան, ճարտարապետ Գարեգին Կնյազյան, միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Դիաննա Միրիջանյանի ղեկավարությամբ, սրբավայրի տարածքում մեկ ամսից ավելի է՝ իրականացնում է պեղումներ և ուսումնասիրություններ։ Սեպտեմբերի 21-ին եղա սրբավայրի տարածքում, որտեղ հնագիտական աշխատանքները շարունակվում են։ Նույն օրը մարդաշատ էր Սպիտակ վանքում․  Մասյացոտնի թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ մատուցվում էր Սուրբ Պատարագ՝ արդեն վանական համալիրի նորահայտ եկեղեցու կիսականգուն պատերի ներքո։ Ուխտավորների մեջ շատ էին հիմնականում պատանիներ ու երիտասարդներ, որոնք Արարատի մարզի տարբեր բնակավայրերից էին։ Ինչպես տեղեկացրեցին Դ․ Միրիջանյանն ու հնագետ Տ․ Ալեքսանյանը, Տեր Գևորգը հաճախ է անձամբ լինում սրբավայրում, իրենց հետ աշխատում։ Բացի այդ թեմի եկեղեցիների հոգևոր հայրերի ուղեկցությամբ հաճախ կազմակերպում է կամավորների այց տարածք, որ օգնեն պեղումների աշխատանքին։ Նույն օրն էլ երիտասարդները, անկախ սեռից, մատուցված պատարագից հետո սկսեցին  եկեղեցիների մոտակայքից հեռացնել հողի տակից հանված ոչ պիտանի քարերը։ Եկեղեցու արևմտյան պատի ներքին հատվածում է հետևյալ արձաբագրությունը․ «… ԱՒ . ԱՆՈ ԻՄ ՈՐԴԻ ՀԱՏԻՐՆ ՄԻԱՅԲԱԵՑԱՔ ԿԱԳԵՑ ԱԾԱԾՆԻՆ, ՄԻԱՅԲԱՆՔՆ ԽՈՍՏԱՑԱՆ ՏԱՆ Բ ՊՏԳ. ԿԱՏԱՐԻՉՔ ԱՒՐՀՆԻՆ ԱՅ»: Սա էլ գիտնականերին հուշում է՝ հնարավոր է՝ Սուրբ Աստվածածին է եկեղեցու անունը։ Հնագիտական պեղումների արդյունքում կիսականգուն Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատին կից հայտնաբերվել է գրեթե նույն չափերով մեկ այլ եկեղեցու ավերակ, որում պահպանվել են 1,5 մ բարձրությամբ պատեր, Սուրբ Խորանը՝ սեղանաքարով, հյուսիսային պատին կից՝ Մկրտության ավազանը։ Հնագետ Դ․ Միրիջանյանն ասաց՝ նորահայտ եկեղեցին հնարավոր է՝ ավելի ուշ է կառուցվել, իսկ պահպանված մկրտության ավազանը հուշում է՝ տարածքում բնակավայր է եղել։  Հավելեց նաև՝ արձանագրություններում հիշատակվում է Սուրբ Ստեփանոս անունը ևս. Հնարավոր է՝ նորահայտը սրբատունը կոչվել է Սուրբ Ստեփանոս: Ի տարբերություն Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ նորահայտը կառուցված է կոպտատաշ բազալտ քարով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի պահպանված հատվածում կան կարասներ, ամբողջական ու կոտրված։ Սովորության համաձայն՝ դրանք ագուցվում են գմբեթի մեջ 2 նպատակով, որ կրաշաղախով կառույցը թեթև լինի, ինչպես նաև սրբատան ներսում արձագանքը լավ հնչի։ Ըստ տեղեկությունների՝ 1970-ական թվականներին այս եկեղեցին գրեթե ամբողջովին կանգուն է եղել, սակայն պայթեցվել է գանձախույզների կողմից, և այդ պատճառով պահպանվում է կիսակործան վիճակում։ Իսկ նորահայտ եկեղեցին հայտնաբերվել է պատահաբար։ Պեղումների արդյունքում բացվել են նաև տասնյակ տապանաքարեր՝ արձանագիր ու 13-14-րդ դարերին բնորոշ քանդակներով։  Դրանք ավերակ գավիթի ներսում են ու մոտակայքում։ Տապանաքարերի մեջ կան նաև երեխաներին պատկանողներ։ Դ․ Միրիջանյանը նշեց՝ սա խոսում է այն մասին, որ գերեզմանատունը պատկանում է նաև աշխարհիկ անձերի, հնարավոր է՝ ընտանեկան է, իշխանական և այլն։ Հողի շերտի տակից նաև խեցեղենի բեկորներ են դուրս գալիս, գտնվել է նաև նույն 13-14-րդ դարերի մողոլական դրամ։ Սակայն առավել կարևոր են խաչքար կոթողների բացումը հողի տակից։ Նորահայտ գեղաքանդակ խաչքարերից մեկը, որի չափերն են՝ 200×70 սմ, արձանագիր է։ Հուշակոթողի վերին հատվածում Աստվածամոր քանդակն է՝ Մանուկ Քրիստոսը գրկում։ Քիչ ներքևում՝ ձախում «ԱՐԵԳ», իսկ աջում «ԼՈՒՍ» մակագրությամբ պատկերներ են քանդակված։ Իսկ հուշակոթողի ներքին հատվածում հետևյալ արձանագրությունն է․ «ի ԹՎԻՆ ՉԽԸ. (748+551=1299), ԵՍ ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹԵԱՆ ԸՌՈՒԲԵՆԻՆ, ՄԵԶ ԵՒ ԶՄԵՐ ԾՆՈՂԱՑ …»։ Ըստ հնագետների՝ հնարավոր է և այս թվին է սկսվել Սուրբ Աստվածածնի կառուցումը, որն ավարտվել է 1306 թվականին՝ ըստ հետևյալ արձանագրության․ Ի ԹՎ. ՉԾԵ. (755+551=1306) ՅՈՒՍՈՎՆ ԱՅ, ՄԵՔ ՀԱՐԱԶԱ/Տ ԵՂԲԱՐՔ ԸՌՈՒԲԵՆ, ԽԱՉԱՏՈՒՐՍ ԵՒ ԵՂԻԱ/ ՇԻՆԵՑԱՔ ԶԵԿԵՂԵՑԻՍ (ԵՒ?) ՀԱՍՏ(Ա)/ՏԵՑԱՔ Բ. ՊԱՏԱՐԱԳ (եղծուած է ընդգծուածը – Գ. Հովսեփյան) … ՄԱՐԳԱՐԵԻ / Վ(ԱՍ)Ն ԺՈՂՈՎԸՐԴԵԱՆՆ ՈՐ ԳԵՂԻՆ Բ.: ԲԱԺԻՆ ՎԱ /…./ ՏՎԱՔ …. (ՄԻ ԲԱՌ) ԽԱՓԱՆԷ ԴԱՏԻ Ի Տ(ԵԱՌ)ՆԷ: Նույն կոթողի հարևանությամբ մեկ այլ խաչքարի վրա 2 նախշազարդ խաչ է քանդակված։ Մյուսը կիսակլոր քարով է կերտված և ունի մեկ, դարձյալ գեղեցիկ քանդակված խաչ։ Վերջերս կատարված հողային աշխատանքների ընթացքում եկեղեցու հյուսիսարևելյան յողմում պարսպի հիմքեր են բացվել։ Հնարավոր է՝ վանքը եղել է պարսպապատ։ Սուրբ Պատարագից հետո պեղումների աշխատանքին մասնակից եղան  տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, տարածքում հայտնի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը, այլ հոգևորականներ։ Եկեղեցու գավթի արևմտյան հատվածում բացվել էր քարե մոտ 1մ երկարությամբ առվակ, իսկ մոտը՝ կարասի բեկորներ: Պետք է ճշտվի՝ ինչ կառույց է եղել գավթին մոտ: Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շատ է կարևորում տարածքի պատմական հուշարձանների ուսումնասիրությունը, բացահայտումը։ Զրույցի ընթացքում ասաց. «Այստեղ մեր պապերը հոգևոր աշխարհ են կերտել, դպրոցներ են հիմնել, նույն վանքերում մատյաններ են գրվել։ Իսկ ինչ վերաբերում է կամավորականության սկզբունքով այդ աշխատանքներին մասնակցությունը, դա մեր երիտասարդների համար հոգևոր կրթության մի մաս է, մեր խորանի ծառայողների համար միջոց է՝ հաղորդակից լինելու մեր դարավոր պատմությանը»։ Ասաց նաև՝ կա ծրագիր՝ հետագայում բարեկարգել սրբավայրի տարածքը, ամրակայել  վերականգնել եկեղեցիները: Այս առումով տարածքում աշխատանքները կշարունակվեն նաև եկող տարի: «Եթե վերականգնվի համալիրի եկեղեցիները, ապա մեծ հոսք ենք ունենալու տարածք, որը, ինչ խոսք, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Սակայն առավել կարևոր է, որ մեր պատկերացումն է փոխվում տարածաշրջանի մասին». -շարունակեց խոսքը Սրբազանը՝ հավելելով՝ պետք է հնագիտական ուսումնասիրություններ ու աշխատանքներ կատարվեն նաև տարածքի այլ հնավայրերում՝ Ուրցաձորում, Լանջառում և այլն, որոնք շատ են, որոշ մասը՝ հողի տակ։ Անդրադառնալով պահպանված եկեղեցու պատերին, գտնված խաչքարերին եղած արձանագրությունների, որոնք վերծանվում են վիմագիր Հայկ Հակոբյանի կողմից, իրենց մեջ հիշատակում են Օրբելյան իշխանական տոհմի անուններ, ասաց Դ․ Միրիջանյանը: Օրինակներ․ «ՅԱՆՈՒՆ ԱՅ ….. / ՇԱՀԻ ՏԱՄ ՍԱԻՃ … / ՈՐ ՊԱՐՈՆ ՋԱԼԱԼ … /ՅԱՆՈՒՆ ԱՅ, Ե(Ս) … (ՇԱՀՆ?)ՇԱՀԻ ՏԱՐՍԱԻՃ / ՈՐ ՊԱՐՈՆ ՋԱԼԱԼ … / ՈՔ ՅԻՇ ԱՍՈՒ ?»։ Օրվա ընթացքում զրուցեցի նաև ուխտավորների հետ; Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանն ասաց՝ սիրով են ուխտավորները եկել այստեղ. Մեր պապերը մեծ ժառանգություն են թողել: Հնագետների հետ մշտապես  աշխատում են հարևան Շաղափ գյուղի բնակիչներ Վարդանը, որը նաև Սուրբ Կարապետ վանքի սպասավոր է, Դանիելը, Շահենը: Եվ աշխատատեղ է տղաների համար, սակայն կարևորը սրբավայրի հանրահռչակումն է, և սիրով են աշխատում՝ նվիրված: Դպրոցական ուխտավոր աղջիկները նոր բացված տապանաքարերն էին մաքրում հողից:  Սրբուհին ու Լուսինեն Բերդիկ գյուղից են, սովորում են 9-րդ դասարանում: Կարևորում են հայրենի եզերքը ճանաչելը, իմանալ տարածքի պատմությունը, այցելել պատմական վայրեր: «Պեղումները կշարունակվեն այս տարի՝ ինչքան եղանակային պայմանները թույլատրեն:, -ասաց Դ. Միրիջանյանը, աշխատանքները կշարունակվեն նաև գալիք տարի: Տարածքում  նոր ակնկալներ հնարավոր է կբացահայտվեն:  Զոհրաբ Ըռքոյան