Մեկ տարի է անցել 2023-ի սեպտեմբերի 19-ի դաժան մարտերից եւ դրան հաջորդած դժբախտություններից մեկից, որ պատուհասեց արցախցիներին. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում պայթյուն տեղի ունեցավ, որին զոհ դարձան նույնքան մարդիկ, որքան մեկօրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 25-ը դարձավ արցախցիների սեւ օրերից մեկը եւ ավելացավ սեպտեմբերյան չարաբաստիկ դեպքերի ցուցակում: Իսկ պայթյունից հրաշքով փրկվածների համար այդ ամսաթիվը թերեւս դարձավ նրանց երկրորդ ծնունդը մատնանշող օր, որի մասին ոմանք չեն էլ ուզում հիշել, իսկ ոմանց էլ մոռանալ չեն տալիս չսպիացող վերքերը, վնասվածքները եւ ցավոք՝ խեղաթյուրված ճակատագիրը:
Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1990թ. օգոստոսի 27-ին Ստեփանակերտում: Սովորել է Ավ. Իսահակյանի անվան հ.10 միջնակարգ դպրոցում, հետո ուսումը շարունակել Արհեստագործական ուսումնարանի «Ավտոմոբիլային տրանսպորտի շահագործում եւ նորոգում» բաժնում: 2009-2011թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում՝ որպես պարտադիր ժամկետային զինծառայող: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Հայր եւ որդի Երեմյաններ»՝ զինվորների համար սնունդ մատակարարող ընկերությունում, աշխատել որպես պահեստապետի օգնական: 2019թ. դեկտեմբերին ամուսնացել է: Որդին՝ Արսենը, ինչպես հայրը, լույս աշխարհ է եկել հայրենիքի համար ծանր ժամանակաշրջանում. ծնվել է 2020թ. հոկտեմբերի 16-ին, երբ Արցախը կրկին պատերազմի մեջ էր, իսկ հայրը զբաղված էր թիկունքի ապահովմամբ ու բանակին սնունդ մատակարարելու գործով:
2020թ. պատերազմից հետո, երբ արդեն Արցախը մասամբ կորսված էր, Դավիթը որոշեց, որ պետք է մնալ Արցախում եւ ամուր պահել եղածը, որպեսզի կորցրած տարածքների ազատագրումը չուշանա: 2021թ. մտավ ծառայության ՊԲ ՀՕՊ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող: Սակայն դեպքերը այլ սցենարով էին զարգանում, Արցախի բռնազավթված տարածքների ու բնակավայրերի ազատագրումը գնալով անհավանական էր դառնում, իսկ Արցախի գոյությունը՝ կասկածելի: 2022թ. դեկտեմբերին Արցախը շրջափակվում է՝ բնակչությանը զրկելով կեցության համար անհրաժեշտ տարրական պայմաններից: Ինչպես բոլորը, Դավիթը նույնպես ստիպված է լինում կանգնել հացի հերթերում, սնունդ հայթայթել, իսկ ամենադժվարը՝ երեխային ապահովել անհրաժեշտ սննդով, վիտամիններով:
2023թ. Դավիթը հրետանու ծառայող էր: Սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին լայնամասշտաբ հարձակման ենթարկեց Արցախը, Դավիթը գտնվում էր ծառայության վայրում: Զինակից ընկերների նման նա էլ կատարեց իր առջեւ դրված մարտական առաջադրանքները՝ դեռ չգիտակցելով, որ գուցե դա Արցախի Հանրապետության բանակում ծառայելու վերջին առաջադրանքներն են: Սակայն գիտակցումը շատ չուշացավ: Շուտով հրաման ստացվեց, որ զենքերը պետք է հավաքեն ու հանձնեն. տասնամյակներ իր հերոսությամբ աչքի ընկնող Արցախի Պաշտպանության բանակը պետք է լուծարվեր:
«Այլեւս իմաստ չկար մնալ Արցախում, քանի որ բանակ ու պաշտպանություն չկար: Հասկանում էինք, թե ինչ ողբերգական հետեւանքների կհանգեցներ մնալն, ու ճանապարհի բացման լուրը իմանալով՝ սեպտեմբերի 25-ին պատրաստ ենք լինում դուրս գալ, մինչդեռ վառելիքի խնդիր կար, պետք է լրացնեինք մեր ունեցած բենզինի սակավ պաշարը, որպեսզի հերիքեր ու ճանապարհին չմնայինք: Աներձագիս հետ որոշում ենք գնալ Հայկազովի բենզինի պահեստ՝ հույս ունենալով, որ կկարողանանք բենզին վերցնել, չնայած գիտեինք, որ մեծ հերթեր են լինելու: Հասանք ու տեղում հերթ կանգնեցինք: Հենց պահեստի վրա էինք, երբ հանկարծ օդում սուրոց լսեցի, շատ ծանոթ սուրոց, ասես արկի ձայն լիներ, մի պահ մտքովս անցավ, որ մի՞թե նորից…Հետո գլուխս բարձրացրի վերեւ նայելու ու հանկարծ հողը ասես թե ոտքերիս տակից գնաց… Ահավոր դղրդյուն լսվեց, չհասկացա, թե ինչ էր: Ձեռքերով փակել էի գլուխս ու դեմքս: Երբ բացեցի աչքերս, հասկացա, որ բենզինի տարայի մեջ եմ, մարդիկ նույնպես հայտնվել են տարայի մեջ, կրակ է ու տեսա երկինք բարձրացող կրակի բոցերը: Վառվում ենք: Պետք էր դուրս գալ ու մարդկանց հանել: Տեսա, որ կողքիս երկաթյա ամրան կա, բռնեցի, որ բարձրանամ, ընկա: Կրակը շատանում էր, շնչելը դժվարանում էր, վառվող մարդիկ գոռում-գոչում էին, շորերս վառվում էին… Իմ մեջ ուժ գտա ու երկրորդ անգամ փորձեցի ամրակից բռնելով բարձրանալ: Դուրս եկա: Ձեռքերս ու ոտքերս վառվում էին: Կարծում էի, թե միայն այդքանն է, բայց այդպես չէր, այրվածքներս ավելի շատ էին ամբողջ մարմնովս մեկ: Աներձագիս կորցրել էի: Կանչելն անիմաստ էր, աղմուկի մեջ անհնար էր լսել: Տեսա, որ շուրջս բազմաթիվ վիրավորներ կան, բոլորին շտապ օգնություն էր պետք: Մի մեքենա, վիրավորներով լցված, ուզում էր շարժվել դեպի հիվանդանոց, կանգնեց ու ինձ էլ վերցրին՝ մի կերպ խցկելով ինձ ներս: Վիրավորների մեջ կանայք էլ կային:Կիսանստած, կիսապառկած ու կիսականգնած՝ մեծ դժվարությամբ շրջանցելով աննկարագրելի խցանումները, հասանք Ստեփանակերտ: Բայց Հանրապետական հիվանդանոցին մոտենալ չէր լինում, ահավոր խցանում էր, մի կողմից վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաներ կային, մյուս կողմից բնակչության գաղթ ու քաղաքացիական անձանց մեքենաներ: Լավագույն ելքը այդ պահին վարորդի կողմից մեզ «Արեւիկ» մանկական բուժմիավորում տանելն էր, բայց ահագնացող ցավի ու համատարած քաոսի պայմաններում ես չգիտեի, թե որտեղ ենք: Շենքը գրեթե դատարկ էր: Առաջին հարկում մարդ չկար: Երկրորդ հարկում մեզ դիմավորեցին բուժքույրեր կամ գուցե բժիշկներ: Մեզ ջուր տվեցին, փորձեցին օգնել ինչով կարող էին՝ դեղերի ու լիարժեք բուժանձնակազմի բացակայության պայմաններում: Ցավը ահավոր էր դառնում, իսկ որեւէ ցավազրկող դեռ չկար: Հեռախոսներիցս մեկը կորել էր: Գրպանում ուրիշ հին հեռախոս ունեի, մի կերպ հանեցի ու գրեթե չաշխատող մատներով համար հավաքեցի, անընդհատ կորչող կապի միջոցով կցկտուր հայտնեցի ընտանիքիս, որ հիվանդանոցում եմ: Գրեթե մեկ ժամ այդպես մնացի, իսկ վիրավորների հոսքը շատանում էր: Մահճակալներ չկային: Հետագա դեպքերն աղոտ եմ հիշում կամ ընդհանրապես չեմ հիշում: Հիշում եմ, որ քաղաքացիական շորերով քույրեր կամ գուցե կամավորներ էին, չգիտեմ, սկսեցին մեկ-մեկ մոտենալ եւ օգնություն ցուցաբերել: Վերջապես ցավազրկող ստացա: Զոքանչս էր եկել ու ինձ գտել: Հայտնեցին, որ աներձագս ողջ է: Հիշում եմ, որ այրված շորերս կտրատում էին, հագիցս հանում, այդպես գտան դրմապանակս ու տվեցին զոքանչիս: Գետնին ներքնակներ փռեցին, ինձ պառկեցրին, երեւի քնեցի: Հետոն չեմ հիշում, թե ինչպես են ինձ տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, իսկ օրեր հետո ուղղաթիռով հասցրել Երեւան: Դա գիտեմ ուրիշների պատմելով, քանի որ այդ դրվագը իմ հիշողությունից դուրս է եկել »,-պատմում է Դավիթը:
Դավիթը տեղափոխվեց Երեւան սեպտեմբերի 27-ին: Սկզբում նրան տեղավորեցին «Միքայելյան» բժշկական կենտրոնում: Բարեբախտաբար կինը հասցրել էր Դավիթի անձը հաստատող փաստաթղթերը Ստեփանակերտի հիվանդանոցում դնել ամուսնու անկողնու կողքին, ինչը նպաստեց, որ Երեւանում գտնվող բարեկամները կարողանային Դավիթին շուտ գտնել, մինչեւ որ ընտանիքի անդամները կկարողանային հաղթահարել գաղթի ճանապարհը եւ օրեր հետո հասնել նրա մոտ: Դավիթի ավտոմեքենան մնաց Արցախում՝ հայրենիքում ապրած կյանքի ու լավագույն հիշողությունների հետ:
Դավիթն ուներ 75 տոկոս այրվածքներ, խորը վերքեր, բարձր ջերմություն ու չէր կարող քայլել: Պառկած էր վերակենդանացման բաժանմունքում: Ասում է, որ բժիշկների հոգատար, ուշադիր աշխատելու շնորհիվ աստիճանաբար սկսեց բուժվել: Որոշ ժամանակ անց տեղափոխեցին Այրվածքաբանական միջազգային բժշկական կենտրոն, որտեղ ստացավ մասնագիտացված բուժօգնություն, իսկ ցավը սկսեց նվազել: Դեկտեմբերին դուրս գրվեց, բայց առջեւում բուժման երկար ճանապարհ կար անցնելու:
Դավիթը կնոջ, որդու, մոր եւ եղբոր հետ բնակվում էր Բյուրականի բարի մարդկանց տներից մեկում, որտեղից շաբաթվա մեջ 3-4 անգամ գնում էր Երեւան վիրակապերը փոխելու, բժշկական օգնություն ստանալու համար: Քիչ-քիչ սկսել էր քայլել, բայց ձեռքերի վիճակը լավ չէր, մատները կիսով չափ ամպուտացված են, ձեռքերով ինքնուրույն չէր կարող որեւէ բան անել: Աստիճանաբար վերքերն էլ լավացան: Դավիթը սկսեց ֆիզիոթերապիա ընդունել: Վեց ամիս Բյուրականում մնալուց հետո ընտանիքով տեղափոխվեց Երեւան, բնակվեց վարձակալած բնկարանում: Երբ խոսք է գնում, թե ինչ խնդիրներ ունի Դավիթը, նա առաջնային խնդիր է նշում որեւէ աշխատանքի տեղավորվել չկարողանալը: Ձեռքերի շարժողականության խնդիր ունեցող արցախցու համար Երեւանում աշխատանք հազիվ թե գտնվի. այս պատասխանն է հաճախ ստանում նա աշխատանք փնտրելիս: Մինչդեռ հույսը չի կորցնում, որ իր համար էլ համապատասխան աշխատանք կգտնվի:
Պայթյունի զոհ դարձած ու տուժած բախտակիցներին հիշելով՝ Դավիթը խորը ցավով է խոսում այն ընտանիքների մասին, որ մնացել են առանց տան գլուխ, նշում, որ շատ ավելի վատ վիճակում մարդիկ կան, որոնց մաղթում է ուժ ու համբերություն: Իսկ իր նման հրաշքով ողջ մնացածներին նույնպես մաղթում է ուժ ու համբերություն, որպեսզի միաբանվեն, մի բան մտածեն. չէ՞ որ այսպես հավերժ չի մնա:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ