Շենգավիթ հնավայր-թանգարան

Մոտ 5000 և ավելի տարիներ առաջ Հրազդան գետի ձախափնյա ոչ բարձր բլրակի վրա հիմնադրվել է մի բնակավայր, որի նախնական անվանումը հայտնի չէ։ Բնակավայրի ավերակները, որ հայտնաբերվել են 100 տարի առաջ և բացվել 1936 թվականից սկսած, գտնվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջան-թաղամասում։ Այս պատճառով հնավայրը կոչվում է «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Խորհրդային տարիներին հնավայրի հարևանությամբ Հրազդան գետի վրա կառուցվեց Երևանյան լիճը։ Վաղ-բրոնզեդարյան այս բնակավայրում, ըստ պեղումներ կատարող գիտնական Հակոբ Սիմոնյանի, 5-10 հազար մարդ է բնակվել 1000 և ավելի տարի։ Մոտ 4000 տարի առաջ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին, ըստ գիտական 3 վարկածի՝   էկոլոգիական փոփոխությունների արդյունքում սկսված աղուտացման երևույթի, ներփակ տնտեսական հարաբերությունների կամ էթնիկական տեղաշարժերի ու ներխուժումների պատճառով բնակավայրից մարդիկ հեռացել են։ 1924 թվականին, երբ պատահաբար գտնվել է բնակավայրը, նրա բուն սահմաններն ավելի լայն են եղել՝ մոտ 7 հա, սակայն դրանց կեսից ավելին ենթարկվել է կառուցապատման, իսկ բնակավայրը շրջափակած քարե պարսպի քարերն օգտագործվել են որպես շինաքար։ 1968 թվականին ստեղծվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը։ Տարածքում առաջին պեղումները 1936-38թթ կատարել է ճանաչված ու հայրենասեր գիտնական Եվգենի Բայբուրդյանը։ Հենց այս պեղումների շնորհիվ էլ սկիզբ է դրվում հնագիտական մի մշակույթի համակարգված ուսումնասիրության, որը Բայբուրդյանն անվանել է «Շենգավիթյան»: Այսպիսով, Շենգավիթ հնավայրը դարձավ մի ամբողջ մշակույթի անվանադիր հուշարձան: Բայց այդ ժամանակ հայրենասեր մարդիկ դառնում էին ստալինյան բռնաճնշումների զոհ։ Նշանավոր գիտնականին աքսորում են համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն: Բայբուրդյանի «Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում՝ ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Համաձայն աշխատության՝ հնավայրը բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Հետագայում տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ։ Դրանից ելնելով՝ 1936 թ Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվել է, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։ Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ։ 1958 թվականից Շենգավիթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թվականների ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը։ Ըստ տեղեկությունների՝ նրա շնորհիվ է փրկվել հնավայրի ներկայիս պահպանված հատվածը և չի ենթարկվել կառուցապատման։ 2000 թվականի օգոստոսից տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Այժմ հնավայրի պահպանված հատվածում բացվել են կլոր ու քառանկյուն հիմքեր ունեցող կացարանների ներքին հատվածները և նեղլիկ ու թեք փողոցները։  Պեղված նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում։

«Շենգավիթ» հնավայրի տարածքում գործող թանգարանի հավաքածուն ներառում է պաշտամունքային իրեր՝ օջախներ, զոհասեղաններ, հենակներ, ճրագներ, ձկան արձանիկներ, ինչպես նաև կնոջ, տղամարդու, թռչունի, խոյի, ցուլի արձանիկներ, քարե, ոսկրե աշխատանքային գործիքներ՝ կացիններ, աղորիքներ, սանդեր, գուրզեր, ասեղներ, իլիկի գլուխներ, նետասլաքներ, բրոնզե զարդեր՝ օղեր, ապարանջաններ, քորոցներ և այլն։ Հավաքածուի մաս է կազմում սև, փայլեցված, կարմիր, գորշ խեցեղենը, որը փորագրված է եղել երկրաչափական նախշերով կամ կենդանիների՝ թռչունների, այծի, ձիու, եղջերուի պատկերներով։ Այժմ հնավայրի տարածքում գործում է նաև ուսումնական պեղավայր դպրոցականների համար։

  Զոհրաբ Ըռքոյան