ՄԵՐՍՈՂ  ՏԻԳՐԱՆ  ՀՈՎՍԵՓՅԱՆԸ  ԱՇԽԱՏԵԼՈՒ  Է  ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արցախի հայաթափման ու բնակչության բռնատեղահանման տարելիցին ընդառաջ արցախցիների մոտ ակտիվացել են տագնապներն ու սթրեսային վիճակները: Իրավիճակի վերապրման համապատկերին շատերի մոտ գլուխ են բարձրացրել հոգեսոմատիկ հիվանդությունները: Արցախցիներն ուղղակիորեն կարիք ունեն հոգեբանական աջակցության, նոր դրական հույզերի ապրման, հոգսերից կտրվելու, ցրվելու եւ պարզապես հանգստանալու:

Որքան էլ մղձավանջային թվա իրավիճակը, այնուամենայնիվ ելքեր միշտ էլ կարելի է գտնել թեկուզ ժամանակավոր, բայց նպատակային հանգստի ու լիցքաթափման համար, հատկապես եթե օգնելու իր պատրաստակամությունն է հայտնում հմուտ եւ բանիմաց մասնագետը: Այս անգամ խոսքը չինական մերսման ու արցախցի հրաշալի մերսող Տիգրան Հովսեփյանի մասին է, որը նախապատրաստվում է ժամանակավորապես աշխատել Երեւանում՝ մասնավորապես արցախցիների համար ստեղծելով հնարավորինս մատչելի պայմաններ՝ չինական մերսմամբ նրանց օգնելու համար: Փորձառու մերսողը սպասարկում է ոչ միայն արցախցիներին, այլեւ մերսման կարիք զգացող բոլոր դիմորդներին:

– Տիգրա՛ն, երկու խոսքով կներկայացնե՞ք, թե ի՞նչ է չինական մերսումը՝ ընթերցողների համար պատկերավոր լինելու համար:

– «Չինական մերսում» հասկացության մեջ մտնում են զանազան մեթոդիկաներ, որոնք կիրառվում են ոչ միայն լայն շրջանակ ունեցող հիվանդությունների բուժման եւ պրոֆիլակտիկայի համար, այլեւ նպաստում են օրգանիզմի հանգստությանը (ռելաքսացիային), ուժերը վերականգնելուն եւ սթրեսները հանելուն: Բոլոր այդ մեթոդիկաները կազմում են չինական բժշկության բաղկացուցիչ մասը: Հին չինական բժշկության մեջ նշվում են բազում հիվանդություններ, որոնց բուժման համար բուժիչ դեղաբույսերին զուգահեռ, անհրաժեշտ է մերսում եւ գիմնաստիկա: Բուժման այդ մեթոդները համակարգվել են չինացի բժիշկների կողմից մոտ հազար տարի առաջ եւ այսօր կիրառվող մերսման տեխնիկաների հիմքն են կազմում: Չինական մերսման բազմաթիվ տեսակներ կան, մինչդեռ դրանցից ոչ բոլորն են կիրառվում զուտ բուժման նպատակով: Եթե փորձենք երկու խոսքով նկարագրել չինական մերսումը, ապա՝ դա կետային մերսում է, որի օգնությամբ մերսողը ներազդում է այցելուի էներգետիկ ուղիների վրա:

– Ինչո՞ւ սկսեցիք զբաղվել չինական մերսմամբ:

 – Դեռ փոքր էի, երբ  հարազատներս ինձ մոտ հայտնաբերեցին դրական էներգիա փոխանցելու այսպես կոչված «տաղանդ»: Պատահում էր, որ իմ հարազատներից որեւէ մեկը վատառողջ էր կամ գլխացավ ուներ, ես ընդամենը նստում էի նրա կողքին եւ նրա ինքնազգացողությունը բարելավվում էր: Աստիճանաբար սկսեցի գիտակցել, թե ինչ է տեղի ունենում եւ մտածեցի, որ այդպես կարելի է շատերին օգնել, սակայն չգիտեի ինչպես: Սկսեցի ուսումնասիրություններ կատարել էներգիայի հետ աշխատելու տարբեր մեթոդներով, ուսումնասիրեցի մարդու անատոմիան, մեկնեցի Երեւան եւ մերսման դասընթացների սկսեցի հաճախել: Այնուհետեւ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ իմ կյանքում. հրավեր ստացա մոսկվաբնակ պրոֆեսիոնալ մերսող, մանուալ թերապեւտ եւ հրաշալի անձնավորություն Սամվել Մուրադյանից, որն առաջարկեց սովորեցնել ինձ չինական մերսման յուրահատկությունները եւ հավելեց, որ ինձ մոտ նկատել է բնատուր տաղանդ, ինչը թույլ կտա ավելի հեշտ յուրացնել մերսման նրբությունները եւ անշուշտ ի նպաստ դնել արցախցիների օգնության: Սկզբնական շրջանում գուցեեւ անիրական էր թվում այդ մտահղացումը, բայց ջանքեր չխնայեցինք եւ  համապատասխան որակավորում ստանալով՝ 2015 թվականի մարտին Ստեփանակերտում բացեցի չինական մերսման սրահ ու սկսեցի օգնել իմ հայրենակից  Արցախի բնակիչներին:

– Բժիշկ չլինելով՝ յուրացրել եք  բժշկական արվեստի այդ բարդ ուղղությունը՝ մերսումը՝ իր նրբություններով: Կարճ ժամանակահատվածում բավականին հաջողությունների հասնելով մասնագիտության ոլորտում  եւ  Ձեր հրաշագործ ձեռքերով օգնելով տարբեր խնդիրներ ունեցող բազմաթիվ արցախցիների՝ վայելում եք նրանց երախտագիտությունը,  անկեղծ սերն ու հարգանքը: Իսկ մերսմանը վերաբերվում եք որպես աշխատանքի՞, թե՞ դա Ձեր կոչումն է:

-Անկեղծ ասած շատ եմ սիրում իմ զբաղմունքը, որը նաեւ հաճելի աշխատանք է ինձ համար, պետք է նշեմ, որ հենց այս աշխատանքում գտա ինձ. գուցեեւ դա իմ կոչումն է: Ինձ դուր է գալիս օգնել մարդկանց, աջակցել նրանց առողջ ապրելակերպին: Այցելուների հաջողությունները ինձ նոր դրական լիցքեր են հաղորդում, ինչն էլ խթան է հանդիսանում իմ աշխատանքի համար:

– Տիգրա՛ն, Դուք 2016 եւ 2020 թվականների պատերազմների մասնակից եք: Ձեր հմտություններն օգնե՞լ են Ձեզ ռազմի դաշտում:

– Այո՛, ռազմի դաշտում օգնում են այնպիսի հմտություններ, ինչպիսին են զսպվածության դրսեւորումը եւ մահվանը հանգիստ վերաբերվել կարողանալը:

– Ինչո՞վ էր պայմանավորված 2022թ. աշնանը Արցախից Ձեր տեղափոխվելը Վրաստանի Բաթում քաղաք:

– Մթնոլորտը փոխելու ցանկությամբ էր պայմանավորված Վրաստան մեկնելս, մտածում էի որոշ ժամանակ հանգստանալ ու կրկին վերադառնալ Արցախ: Չէի մտածել, որ այլեւս հայրենիք վերադառնալու հնարավորություն չի լինելու:

– Ուրախությամբ տեղեկացանք, որ առաջիկայում գալու եք Հայաստան եւ աշխատելու եք Երեւանի «Մենուա» հյուրանոցի (Նար-Դոսի 121) սենյակներից մեկում: Ինչքա՞ն ժամանակ եք նախատեսում հատկացնել Երեւանում մերսման սեանսներ անցկացնելուն:

– Նախնական պլանավորում եմ շուրջ երեք շաբաթ: Կախված այցելուների գրաֆիկի ծանրաբեռնվածությունից՝ հնարավոր են փոփոխություններ:

– Ովքե՞ր կարող են մերսում ընդունել Ձեզ մոտ, հիմնականում ի՞նչ խնդիրներով եւ ի՞նչ տարիքի մարդիկ կարող են դիմել Ձեզ:

– Կարող են դիմել բոլոր նրանք, ում որ բժիշկները նշանակել են մերսում: Ինչպես նաեւ բոլոր ցանկացողները կարող են գրանցվել անվճար խորհրդատվության ինձ մոտ՝ տեղում պարզելու համար կարո՞ղ ենք նրա հետ աշխատել, թե՝ ոչ: Մերսման մեջ չկան տարիքային եւ սեռային սահմանափակումներ: Կարող են մերսման բերել նաեւ երեխաների՝ սկսած 6 ամսականից:

– Արցախից բռնատեղանվելուց հետո շատերի մոտ առաջացել են տագնապներ, կրկնվող սթրեսային վիճակներ եւ հոգեսոմատիկ հիվանդություններ, որոնք ակտիվանալու միտում ունեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կարո՞ղ եք չինական մերսման միջոցով հանգստացնել ու նվազեցնել ախտանշանները նման դեպքերում:

– Պատահական չէ, որ հենց այս շրջանում եմ ուզում աշխատել Երեւանում, եւ անել ինձանից կախված հնարավորը իմ հայրենակիցների համար մատչելի պայմաններ ստեղծելու եւ օգնելու համար: Բնականաբար որոշ հիվանդություններ միայն մերսմամբ բուժել չի ստացվի, բայց ընդհանուր առմամբ թեթեւացնել վիճակը հնարավոր է: Չմոռանանք, որ շատ բան կախված է հենց այցելուից, թե որքանով է նա ուզում դուրս գալ այդ վիճակից:

Բոլոր արցախցիներին ցանկանում եմ վերջապես ձեռք բերել երկրագնդի վրա սեփական անկյուն, թեպետ ոչ հարազատ, բայց իրենցը, իսկ բոլոր հայերին՝ լինել միասնական: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ