ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ  ՈՒՍՈՒՑՈՒՄՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ

Բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի՝ զինվորների կողմից դժվարություններին չդիմանալու, ճնշումներին ենթարկվելու, միջանձնային հարաբերություններում միմյանց հանդեպ ոչ համարժեք դրսեւորումների, ինքնասպան լինելու  բարձր տոկոսայնության համապատկերին մարտարվեստների ուսուցումն առավել քան պահանջված է դարձել: Մեզ ծանոթ մարզիչները միաբերան պնդում են, որ եթե բոլորը նախքան բանակում ծառայելը պարապած լինեն մարտարվեստ, ապա նման դեպքերը բանակում կնվազեն: Չնայած արդի զենքերի ու զինտեխնիկայի դարաշրջանում բանակում ձեռնամարտի կամ մարտարվեստների ուսուցումը հետին պլան է մղվել, այնուամենայնիվ փորձառու մարզիչները, հատկապես նրանք, որոնք ՊԲ-ի կամ հատուկ ստորաբաժանումների շարքերում ծառայելու մեծ փորձ ունեն առաջնային են համարում մարտարվեստների պարտադիր ուսուցումը դպրոցում, բանակում:

 Ցանկացած արեւելյան մարտարվեստ, հատկապես արեւելյան մարտարվեստների ավանդական ձեւ, մեծ ուշադրություն է դարձնում մարզիկի հոգեբանության եւ ոգու վրա: Մարտարվեստի առաջնահերթ սկզբունքը հենց բարձր մարտական ոգի սերմանելն է յուրաքանչյուր մարզիկի մեջ: Երկրորդ տեղում է տեխնիկան, որին հաջորդում են շարժումների արագությունն ու ուժը: Մարտական հնարքները սովորելով՝ մարզիկի ենթագիտակցությունը փոփոխության է ենթարկվում: Աստիճանաբար հղկելով վարպետությունը՝ մարզիկը հասնում է կոփվածության այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր է վերահսկել հարձակվողին առանց խուճապի մատնվելու: Իսկ վերահսկվող հակառակորդը վտանգավոր չէ:  Լուրջ պարապող յուրաքանչյուր անհատ դառնում է ոգով ուժեղ մարդ: Նա ուժեղ ոգով է ընդունում կյանքի մարտահրավերները: Բանակն ու մարտարվեստը նման են նրանով, որ երկուսն էլ նույն առաքելությունն ունեն՝ դաստիարակել ոգով ուժեղ մարդ: Մարտարվեստում կոփված մարզիկը բանակում ավելի հեշտ է հաղթահարում դժվարությունները եւ կատարում մարտական խնդիրը, եւ նրան կոտրելն անհնար է:

 Որքան շուտ երեխան սկսի պարապել մարտարվեստ, այնքան ավելի հավանական է, որ նա բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ լինի բանակին: Մարտական արվեստը նպաստում է բացասական էներգիայի դուրս նետմանը, դաստիարակում է ներդաշնակություն մարզիկի մեջ:  Հայտնի չեն այնպիսի դեպքեր, երբ մարտարվեստում պրոֆեսիոնալ պարապող զինվորը կոտրվի: Ճիշտ է, ոչ մեկն էլ ապահովագրված չէ բարդ իրադրություններում հայտնվելուց կամ դժվարություններ ունենալուց, բայց կարեւորն այն է, թե ինչպես է զինվորը կամ առհասարակ մարդը հաղթահարում դրանք:

Մարտարվեստը եւ սպորտը տարբեր են: Դաժան է հնչում, բայց ժամանակակից սպորտը քաղաքականացված է, բիզնեսի վերածված: Մենամարտային մարզաձեւերի եւ իրական մարտարվեստների մեջ մեծ տարբերություն կա: Սպորտում ուշադրություն է դարձվում ռինգում մրցելու վրա, իսկ մարտարվեստում՝ մարտիկ պատրաստելու: Իզուր չէ, որ ՊԲ զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատների զորավարժություններում ընդգրկված են մարտական արվեստի հնարներ:  Դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան անհրաժեշտ է լրացնել մարտարվեստների պարտադիր դասերով՝ համապատասխան մասնագետների համագործակցությամբ: Այդ դեպքում կունենանք առողջ եւ միաժամանակ մարտական հնարքների տիրապետող, ոգով ուժեղ  սերունդ:

 Իսկ մարզիչները որքանո՞վ են  հետամուտ մարտարվեստի օգնությամբ սաներից իրական մարտիկ նախապատրաստելու նպատակին: Արցախում գործող  մարտարվեստների մի շարք ֆեդերացիաներ ունեցել են հենց այդ նպատակը, իսկ որոշ մարզիչներ նույն գործունեությունը շարունակում են նաեւ Հայաստանում:

Մարտարվեստը հոգեմտավոր մարզումների մեծ դպրոց է, եւ ոչ միայն հեշտությամբ հաղթանակի հասնելու միջոց: Այն պարունակում է դարերի փորձով ապացուցված՝ գիտական ու մարտական հսկայական շտեմարան:

Մարտարվեստների աշխարհում վինգչունն առանձնանում է իր ամենաարդյունավետ մարտական տեխնիկայով: Վերջին տարիներին վինգչունն ավելի է սկսել զարգանալ ամբողջ աշխարհում: Չինաստանում, օրինակ, այն մտցվել է դպրոցականների պետական կրթական ծրագրի մեջ: Եվրոպայի պետությունների 70 տոկոսի հատուկ նշանակության ջոկատներում պարապմունքները հիմնված են վինգչունի տեխնիկայի վրա: ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իսրայելում, այսպես ասած՝ աշխարհի հզորագույն պետությունների ուժային կառույցների եւ անվտանգության համակարգերի պարապմունքները հիմնված են վինգչունի տեխնիկայի վրա: Մարտարվեստների աշխարհին լավ ծանոթ մարդիկ գիտեն, որ մեր համար մեկ թշնամու՝ Թուրքիայի հատուկ նշանակության էլիտար ջոկատը, որը կոչվում է «Գորշ գայլեր», պատրաստվում է վինգչունի ուժեղագույն թուրք վարպետի մոտ: ՀՀ-ում եւս ՊԲ հատուկ ջոկատների եւ ոստիկանության զորավարժություններում դասավանդվում է վինգչունը:

 Վինգչունն իր համակարգով տարբերվում է մյուս մարտարվեստներից: Ռազմական փորձագետների որոշմամբ՝ այն ավելի հարմար է զինվորների համար կիրառել մարտական գործողությունների ժամանակ: Վինգչունն աշխատում է թույլ կետերի վրա: Ինչքան էլ պաշտպանիչ հանդերձանքը փակի թույլ տեղերը, այնուամենայնիվ, խոցելի տեղերը մնում են բաց, վինգչունն աշխատում է հենց խոցելի տեղերի վրա: Վինգչունը հարմար է կիրառել խրամատներում, որովհետեւ աշխատում է հակառակորդից  կարճ հեռավորության վրա: Վինգչունում նետում գրեթե չկա: Սառը զենքի, կարճ զենքերի, դանակների օգտագործման եւ դրանցից պաշտպանվելու արդյունավետ տեխնիկայով է նաեւ առանձնանում վինգչունը: Մի խոսքով՝ մարտարվեստների աշխարհում վինգչունն առանձնանում է իր արդյունավետությամբ ինչպես բանակում, այնպես էլ սովորական կյանքում ինքնապաշտպանության եւ հակահարձակման արդյունավետ գործողություններ կատարելու համար:

Պարապմունքներում ձեռք բերած  հմտություններն օգնում են  թե ծառայության ժամանակ առաջադրանքներ կատարելիս, թե կյանքի մարտահրավերներին դիմակայելիս: Մարտարվեստում կոփված լինելը նպաստում է կյանքի բոլոր ոլորտներում ինքնադրսեւորվելուն, իսկ ծառայողների համար դա ուղղակի անհրաժեշտ է:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ