Մեր ազգը վերստին միավորվեց ու վերադարձավ իր արմատներին Արցախյան շարժման օրերին։ Խորհրդային կարգերի օրոք արհեստական ստեղծված Ադրբեջանի Հանրապետության կազմում մնացին հայոց տարածքների մեծ մասը՝ Ուտիքը, Արցախը, Նախիջևանը, Սյունիքի մի հատվածը և այլն։ 70 տարի մնալով Ադրբեջանի կազմում՝ Նախիջևանը 1980-ականներին գրեթե հայաթափ էր եղել։ Նույն ճակատագրին էր արժանանալու նաև Արցախը, և դրա դեմն առնելու համար 1988-ի փետրվարից արդեն բացահայտ ու շատ ակտիվ սկսվեց Արցախյան շարժումը, որն էլ դարձավ հայ ազգի միավորման կետը։ Բազմահազարանոց ցույցերն Ստեփանակերտում, Երևանում և այլ վայրերում Արցախը Մայր հայրենիքին վերամիավորվելու համար էին։ Իհարկե, «Միացում»-ը, որ մեր ազգի երազանքն էր, կայացավ հազարավոր հայորդիների նահատակության, տառապանքի և այլ դժվարությունների գնով։ Բայց եղավ։ 1991թ․ սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետության Անկախությունը։ Մինչ այդ, խորհրդային բանակի ու ադրբեջանական ոստիկանական և այլ ռազմական ուժերի համատեղ գործողությունների ընթացքում հայաթափ էին եղել Հյուսիսային Արցախը, Հադրութի հարավային բնակավայրերը, Բերդաձորն ու այլ տարածքներ։ Բայց կար հավատ՝ լինելու է հաղթանակը, ազատագրվելու են գերված հայրենի տարածքները։ Ու նույն 91-ի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով Արցախի ժողովուրդն ընտրեց անկախության ճանապարհը։ 1992-ի մայիսի 8-18-ին ազատագրվեցին Շուշին ու Բերդաձորը, Լաչին-Բերձորը, և կայացավ մեր ազգի երազանքը՝ Արցախ-Մայր հայրենիք ՄԻԱՑՈՒՄԸ։ Բայց դեռ անցնելու ևս 3 տարի կար, որ եղավ խաղաղություն, ու Արցախը բռնեց կայացման ճանապարհը։ Ազատագրված Արցախը դարձավ նաև մեր հպարտությունը, աշխարհը հային ճանաչեց որպես իր երկրի տեր ու պաշտպան։ Արցախի Հանրապետության կազմում վերահայացան նաև տարբեր ժամանակներում մեր ժողովրդից խլված տարածքներ՝ Քաշաթաղը, Կովսականը, Քաշունիքը, Քարվաճառը, Ակնան, Ջրականը և այլն։ Ու յուրաքանչյուր տարի Արցախ վերածնված երկրում մեծ շուքով էինք նշում մեր հաղթանակների օրերը։ Ստեփանակերտում, շրջկենտրոններում, այլ բնակավայրերում տեղի էին ունենում տոնական միջոցառումներ։ Սակայն եղավ 44-օրյա պատերազմը, ու այսօր հայաթափ է Արցախը։ Երևանում, ՀՀ տարբեր մարզերում են տեղավորվել արցախցիները, կան արդեն արտերկիր գնացողներ։
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում մարդաշատ էր։ Առաջին անգամ հայաթափ է Արցախը, և տոնը տխուր խորհրդով նշվում է Արցախի ներկայացուցչությունում՝ միակ վայրը, որն Արցախի պետականությունը դեռ հիշատակվում է։ Ներկայացուցչություն էին այցելում Արցախի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներ, ԱՀ կառավարության ու ԱԺ ներկայացուցիչներ։ Բռնի տեղահանված արցախցիները եկել էին հավատով, տունդարձի մասին որևէ լուր լսելու ակնկալիքով։ Ներկայացուցչության շենքի բակում լուսանկարների ցուցադրություն էր, որում Արցախյան շարժման սկզբից մինչև մեր օրերը պատմող կադրեր են։ Շենքի ձախ անկյունում՝ մուտքի մոտ «Արցախի Հանրապետության օր» և «Ազատություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին» գրություններով 2 մեծադիր պաստառներ են տեղադրված։ Շենքի միջանցքում, որտեղ լրագրողները զրուցում էին օրվա խորհրդի հետ կապված անձանց հետ, նաև Արցախի տարբեր ոլորտների մասին պատմող գրքեր էին ցուցադրվում։ Բոլոր այցելուների նպատակն ու երազանքը մեկն է՝ տուն՝ Արցախ վերադառնալ։ Շատերը հավատում են տունդարձի իրողությանը և այդ հարցում հիմնականում կարևորում են ՀՀ իշխանությունների դերը, որն անորոշ է։ Այցելուները նաև իրենց գրությունն էին թողնում հատուկ մատյանում։
Այստեղ հանդիպեցի շատերի, որոնց հետ ծանոթացել եմ սկսած 1988 թվականից, որոնց հետ մասնակցել եմ Արցախի ազատագրական պատերազմներին, ազատագրումից հետո՝ մեր նորանկախ երկրի կայացման գործին։ Ու ցավ ենք ապրում, մտովի վերադառնում 30 և ավելի տարիներ առաջ։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, որը Արցախյան շարժման առաջին օրվանից իր գործունեությամբ շատ է աջակցել պայքարող ու կայացող երկրին, որը հիմնել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը, ցավով է հիշում իր նախաձեռնությամբ իրականացրած աշխատանքները։ Միայն Բերձորի հարակից տարածքներում հիմնել էր 20-ից ավելի այգի ու պուրակ, ծառուղի, որոնցում նաև հուշակոթողներ կային։ Հանդիպում եմ Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցներին, որոնց հետ շատ ենք եղել Քաշաթաղի տարբեր վայրերում։ Հիշում ենք՝ մեր երեխաներն ինչպիսի ոգևորությամբ էին ասֆալտի վրա տոնական օրերին Դադիվանք ու Գանձասար, Ծիծեռնավանք, հաղթանակ տարած զինվոր ու տանկ, Եռագույն դրոշ նկարում։ Մշակութային բազում խմբեր էին մասնակից լինում տոնական միջոցառումներին։ Լինում էին նաև այցեր զորամասեր, առաջնագիծ։ Իսկ այսօր միայն կարոտն է տիրողը. գերված Արցախը կանչում է․․․
Զոհրաբ Ըռքոյան