Շուրջ մեկ տարի է անցել արցախցիների համար ամենադաժան ու ողբերգալի սեպտեմբերի իրադարձություններից, ինչի հետեւանքով Արցախի ժողովուրդը ստիպված եղավ բռնատեղահանվել: Շատ-շատերը հաստատվեցին Մայր Հայաստանում, ոմանք էլ բարեկեցիկ ապրելու հնարավորություն ու հանգստություն գտան աշխարհի տարբեր ծայրերում՝ հավատալով, որ Արցախ վերադառնալու օրը գալու է, նորից համախմբվելու ենք ու ապրենք մեր սուրբ հողում:
Արցախյան մարզաշխարհի փայլուն աստղ, կիոկուշինկայ կարատեի լեգենդ, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, հարգված մարզիչ ու հաճելի անձնավորություն Արթուր Առուշանյանը բռնատեղահանվելուց հետո նոր բնակության վայր է ընտրել Հարավային Ամերիկայի խոշորագույն երկիր Արգենտինան: Մինչդեռ տարածքային հեռավորությունն ու ժամային գոտիների տարբերությունը չխանգարեցին մեզ հարցազրույց ունենալ «Լուսարար»-ի սիրելի հյուրի հետ: Արցախցի չեմպիոնը մեծ ուրախությամբ պատասխանեց մեր հարցերին օնլայն ձեւաչափով:
– Արթո´ւր, շրջափակման պայմաններում դժվարությունները հաղթահարելով շարունակում էիք մարզիկներ պատրաստել ու ինքներդ մարզվել. համոզմունք կա՞ր, որ ուր որ է կավարտվի մղձավանջը, եւ նորից նույն հունով կշարունակվի Արցախի մարզական կյանքը:
– Այո´, հույս ու հավատ կար, որ մի օր կավարտվի շրջափակումը: Բայց մենք լրիվությամբ հարմարվել էինք շրջափակման հետեւանքով առաջացած դժվարագույն պայմաններին: Այնպես էինք կազմակերպում պարապմունքները, որ մարզիկներին վնաս չգար: Լիարժեք սննդի եւ տրանսպորտի բացակայության պայմաններում, հատկապես այն մարզիկներին, որոնք բնակվում էին մարզադահլիճից հեռու, տրվում էր ծրագիր, որով կարելի էր ինքնուրույն մարզվել առանց դահլիճ գնալու: Կարատեի հնարքներից ու մարտարվեստների սկզբունքներով դաստիարակելուց բացի, մարզիկների հետ աշխատում էինք նաեւ այն ուղղությամբ, թե ինչ պետք է անել երկարաժամկետ բլոկադայի կամ պատերազմի դեպքում: Ամեն դեպքում անհրաժեշտ էր նախապատրաստել մարզիկներին հնարավոր սցենարներով:
– Սեպտեմբերի 19-ին… Ձեր ապրումների եւ գործողությունների մասին:
– Սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 7-ին արդեն աշխատանքի էի: Մտել էի աշխատանքի Աշխարհազորում: Տեղեկացված էինք, որ լարված է իրավիճակը ու բախումներ են սպասվում, բայց չգիտեինք, որ այդ աստիճան լայնածավալ հարձակման կենթարկվենք: Համենայն դեպս պատրաստ էինք յուրաքանչյուրս մեր դիրքերում: Ես Ստեփանակերտում էի՝ որպես հրամանատար: Առաջին հարվածը, որը տեսանելի էր մեզ համար, Ստեփանակերտի գերեզմանների թաղամասի ուղղությամբ էր, РЭБ-ի վրա: Այդ պահին մարմնովս մեկ սարսուռ անցավ, քանի որ մտածեցի, որ բոլոր երեխաները դպրոցներում են, իսկ շատ մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է անել: Երբ արդեն իջնում էի դեպի իմ բազա, ընկղմվել էի քաղաքի քաոսի մեջ, դժվար ու աննկարագրելի պահեր էին: Խուճապի մատնված մարդիկ իրար էին անցել, ամեն մեկը վազում էր որեւէ ուղղությամբ, վառելիքի պակասության պատճառով անգամ ավտոմեքենաներ չկային, որպեսզի ծնողները հասնեին իրենց երեխաների մոտ: Իսկ հաջորդող դաժան ու ողբերգալի դեպքերը այդ օրը դարձրին մեր հիշողության մեջ որպես ամենածանր ու դժոխային օր:
– Արթո´ւր, հայտնի է, որ առաջարկներ էիք ստանում արտերկրում մարզական կամ մարզչական գործունեություն ծավալելու վերաբերյալ, բազմաթիվ սեմինարներ եք վարել հայրենիքից դուրս, սակայն նախընտրում էիք ապրել ու արարել Արցախում, իսկ աշխարհի տարբեր մրցահարթակներում Ձեր փայլուն հաղթանակները օգտագործում էիք ի շահ Արցախի անունը միշտ բարձր պահելու, Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով: Ինչպե՞ս անդրադարձան Ձեզ վրա Արցախից ստիպված հեռանալն ու գաղթի ճանապարհը:
– Իմ կյանքի ամենադաժան պահերից մեկն է դա. փորձում էի տարբեր պատճառներով հետաձգել մեր դուրս գալը: Ընտանիքիս անդամները հաճախակի հարցնում էին, թե մենք ե՞րբ ենք դուրս գալու, ասում էի, որ շուտով, բայց ձգձգում էի նույնիսկ րոպեները, որ մի քիչ էլ մնամ հարազատ վայրում: Շատ դժվար էր ընդունել, որ արդեն ոչ մի բան չի փոխվի, ու դուրս գալն է միակ ճիշտ տարբերակն այդ պահին: Այնպես արեցի, որ ինձանից հետո տունս մտնել չկարողանան: Ճանապարհին անընդհատ մեկ գաղափարի շուրջ էին մտքերս, որ միանշանակ վերադառնալու ենք մեր հայրենիք, ու կարեւոր չէ, թե մեր շենքը իր տեղում կլինի թե չէ, եթե նույնիսկ տունս չլինի էլ, կարեւորն այն է, որ վերադառնանք մեր հողը, իսկ տունը վերականգնելը ժամանակի հարց է:
– Ի՞նչ հնարավոր եղավ Ձեզ հետ դուրս բերել , ի՞նչ թողեցիք Արցախում: Ի՞նչ ճակատագրի արժանացան Ձեր քրտինքով վաստակած՝ փառավոր հաղթանակները խորհրդանշող բազմաթիվ գավաթները, մեդալները:
– Կարողացել եմ դուրս բերել մեդալներ, գավաթներ, բայց քառասունից ավել գավաթներ մնացել են Ստեփանակերտում՝ իմ տատիկի տանը: Ինձ հետ վերցրել եմ հիմնականում ինձ համար մեծ արժեք ունեցող՝ աշխարհի առաջնության գավաթները եւ մի քանի հատ էլ տարբեր առաջնություններից, ընդհանուր՝ 7 գավաթ: Լավ է, որ կարողացել եմ գոնե դրանք հետս վերցնել: Ճիշտն ասած՝ այդ ժամանակ մտածում էի ավելի կարեւոր բաների մասին, մտածում էի Արցախի հետ կապված իրերը հետս վերցնել ու չկորցնել մեր սուրբ հայրենիքի հետ կապված մեր հիշողությունները: Պատմության մեջ դեպքեր կան, երբ մարդիկ կորցնելով իրենց հայրենիքը, որոշ ժամանակ անց կորցրել են նաեւ իրենց հիշողությունները հայրենիքի մասին: Մենք չպետք է այդպես անենք:
– Կյանքը բռնատեղահանվելուց հետո:
– Ամենադժվար ժամանակներն էին բռնատեղահանվելուց հետո: Անգամ պատերազմների ժամանակ, շրջափակման դժվարությունների ընթացքում այդ աստիճան անհարմարություն ու հոգեկան ծանր ապրումներ չեմ ունեցել: Ուղեղս չէր հանգստանում, չէի կարողանում ընդունել ու համակերպվել վիճակի հետ: Անընդհատ քայլեր էի փնտրում, թե ի՞նչն էր կարելի ճիշտ անել, որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչն էր պետք փոխել, բայց միաժամանակ գիտակցում, որ ինչ էլ անեինք, միեւնույն է՝ մենք քիչ էինք, քանակապես շատ էինք զիջում ու մեր ձեռքում ոչ մի բան չկար: Որտեղով որ գնում էի, ինձ թվում էր, թե Ստեփանակերտի փողոցներով եմ շարժվում, չէի կենտրոնանում: Մեքենան վարելիս հաճախ հասկանում էի, որ մի քանի փողոց անցել եմ՝ չզգալով, որ արդեն անցել եմ: Երեք ամիս մնացել եմ Երեւանում, հետո որոշել ընտանիքիս հետ տեղափոխվել Արգենտինա:
– Ինչո՞ւ Արգենտինա, ինչո՞վ է պայմանավորված այդտեղ բնակվելու որոշումը:
– Հստակ պատասխան այդ հարցին չեմ կարող տալ: Որոշել ենք Արգենտինա, քանի որ տարբեր տեղերից մարդիկ ասում էին, որ ամենուրեք բոլորին ազդող՝ նույն դժվարություններն են ու նույն անորոշությունը աշխարհաքաղաքական վիճակի առումով: Հասկացել էի, որ այդ առումով Արգենտինայում հանգիստ է, ինչում համոզվեցինք այստեղ բնակվելով:
– Պատմեք Ձեր ներկայի մարզական կյանքի մասին:
– Ներկայում մարզվում եմ Արգենտինայում ինչպես կիոկուշին կարատեով, այնպես էլ դրան զուգահեռ քիքբոքսինգով: Ամեն ինչ մնացել է այսպես ասած անցյալում, այժմ ուզում եմ ուրիշ մարզաձեւ էլ փորձել հետաքրքրության համար: Նշեմ, որ քիքբոքսինգը բավականին լավ է ստացվում ինձ մոտ: Արդեն հասցրել եմ Արգենտինայի քիքբոքսինգի գավաթի հաղթող ճանաչվել իմ քաշային կարգում: Կիոկուշինով նույնպես բացարձակ քաշային կարգում չեմպիոն եմ ճանաչվել: Սեպտեմբերին նորից մասնակցելու եմ կիոկուշին կարատեի առաջնությանը՝ Չիլի-Արգենտինա հանդիպմանը: Դրան զուգահեռ հավանաբար խումբ կբացեմ ու կսկսեմ մարզել, ինչպես նաեւ սեմինարներ վարելու առաջարկներ եմ ստանում Լատինական Ամերիկայի տարբեր տեղերից: Արդեն պայմանավորվում ենք ժամկետների ու վայրերի մասին:
– Ի՞նչ ընդհանրություն ունեն կիոկուշինկայ կարատեն ու քիքբոքսինգը:
– Կիոկուշինն ու քիքբոքսը որքան նման, այնքան էլ տարբեր մարզաձեւեր են: Կիոկուշինում կան ձեռքերով հարվածներ մարմնին, իսկ քիքբոքսինգում թույլատրվում է նաեւ հարված գլխին: Ոչ մասնագետի համար կարող է հեշտ թվալ կիոկուշին պարապած մարզիկի անցումը քիքբոքսի, սակայն այդքան էլ հեշտ չէ թեկուզ մի քանի սմ-ով բարձրացրած ձեռքերով աշխատել: Իսկ ոտքերի առումով կիոկուշինի մարզիկը բավականին առավելություն ունի քիքբոքսում:
– Առաջիկա անելիքների, ծրագրերի ու նպատակների մասին ի՞նչ կասեք:
– Առաջիկա ծրագրերը նույնն են. մարզվել, հաղթահարել նոր բարձունքներ, անընդհատ ձգտել նոր ու ավելի բարձր նվաճումների: Ես համոզված եմ, որ մենք վերադառնալու ենք, իսկ մինչ վերադառնալը յուրաքանչյուրս պետք է առավելագույնը ձգտենք մեր ոլորտում բարձունքների հասնել, բացի այդ ուսումնասիրել ուրիշ ոլորտներ, դառնալ ավելի գրագետ, ավելի կայուն, ավելի ազդեցիկ հասարակություն Արցախում:
– Ուրեմն վերադարձ լինելո՞ւ է:
– Միանշանակ վերադարձ լինելու է, ես վստահ եմ, որ դա լինելու է 5-10 տարվա ընթացքում: Բայց դա մեզանից չի կախված, այլ աշխարհաքաղաքական վիճակի փոփոխություններից, որն առաջին անգամ կդրսեւորվի այնպես, որ մեզ ձեռնտու կլինի: Պատմության ընթացքում հիմնականում նման դրսեւորումները մեզ շահ չեն բերել, միշտ պայքարել ենք ամբողջ աշխարհի դեմ, բայց այս անգամ կարծում եմ, որ մեր օգտին կլինի: Մնում է ժամանակը գա, եւ մենք գրագետ քայլերով արժանի տերը լինենք մեր սուրբ հողի:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ