Մեր հայրենիքի Սյունիք և Արցախ աշխարհների մի հատվածը, որ 18-րդ դարակեսից սկսած մինչև 1920-ական թվականներին հայաթափ էր եղել ու բնակեցվել մահմեդականներով, խորհրդային կարգերի հաստատման օրվանից բռնակցվեցին Ադրբեջան կոչվող արհեստական հանրապետությանը։ Ադրբեջանի կազմում հայոց բռնակցված տարածքներում ձևավորվեցին մի քանի վարչական շրջան։ Քարվաճառը դարձավ Քելբաջար, Սյունիքի Քաշաթաղի մի հատվածը Արցախի Վայկունիք և Բերդաձոր գավառները՝ Լաչին, Կովսականը՝ Զանգելան, Քաշունիքը՝ Կուբաթլու և այլն։ Հազարամյակներ շարունակ, ապրելով հարազատ երկրում, մեր ժողովուրդը մշտապես պայքարել է բազում թշնամիների դեմ, մնացել իր հայրենիքին տեր։ Եվ այդ հազարամյակների ընթացքում բազում կոթողներ է կերտել։ Հայոց հայաթափ տարածքներում, հատկապես խորհրդային տարիներին, ավերվել են մեր եկեղեցիներն ու հանգստարանները։ Հայաթափ ու ադրբեջանցիներով բնակեցված գրեթե բոլոր բնակավայրերի՝ խորհրդային տարիներին կառուցված պետական հիմնարկների, ինչպես նաև բնակելի տների պատերի մեջ որպես շինաքար շատ են օգտագործվել հայկական հանգստարաններից տեղահանված ու բեկորների վերածված շիրմաքարեր՝ խաչքարեր, տապանաքարեր, եկեղեցիների քարեր և այլն։ 1992-1994 թվականներին, երբ ազատագրվեցին նշված տարածքներն ու եղավ վերահայացում, ստեղծվեց նաև հնարավորություն՝ ուսումնասիրելու մեր ազատագրված երկրում պահպանված կոթողները։ Մատենագիրների ու ճանապարհորդների, ականատեսների հիշատակած մի շարք եկեղեցիներ ու մատուռներ գերության տարիներին հիմնովին ավերվել էին։ Արցախի Քաշաթաղի շրջանում հիմնահատակ էին եղել Սոնասարի, Սպիտակաջրի, Արվականի, Ալղուլաշեն-Ղազարապատի, Արտաշավիի, Գողթանիկի և այլ բնակավայրերում ժամանակին գոյություն ունեցած եկեղեցիները։ Նույն գյուղերում խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից կառուցված շատ տների պատերի մեջ էին հայտնվել նույն եկեղեցիների վկայությունները՝ սրբատաշ ու նախշազարդ քարեր՝ խաչաքանդակներով, հայկական տառերով արձանագրությունների մնացորդներ․․․ Քաշաթաղի շրջանի Հակ պատմական գյուղում, որտեղ հայերն ապրել էին մինչև 1918 թվականը և ենթարկվել կոտորածի, բավականին լավ վիշակում պահպանվել էր 17-րդ դարում կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին․ օգտագործվել էր որպես ակումբի շենք։ Սակայն եկեղեցու հարևանությամբ ու այլ հատվածներում ժամանակին եղած գերեզմանոցների ողջ շիրմաքարերը հանվել ու դարձել էին շինաքար։ Պետական մի կառույցի պատերի մեջ տասնյակ շիրմաքարերի բեկորներ կային։ Նույն պատկերն էր հարևան Չրաղլու, Եզնագոմեր, Սպիտակաջուր ու Շրվական, Արվական ու Մշենի, Սոնասար, Հոչանց, Հերիկ, Միրիկ, Ղուշչի, Սթունիս և այլ բնակավայրերում։ Սպիտակաջուր գյուղում նույնիսկ տների աստիճաններն էին խաչքարերից կառուցել։ Հարար գյուղի եկեղեցին կիսավեր վիճակում էր, այժմ անհայտ է նրա և առհասարակ պահպանված բոլոր սրբատների ու գերեզմանոցների վիճակը։ Հարարում 20-րդ դարի 30-40-ական թվականներին ադրբեջանցիներն արդեն կառավարական մակարդակով տեղահան էին արել հայերին, իսկ գերեզմանոցը ծածկել հողով։ Աղավնո գետի ավազանում Զիրիկ գյուղի գերեզմանոցի խաչքարերն օգտագործել էին անտառամիջյան ճանապարհը կառուցելիս։ Աղավնոյի վերին հոսանքում է պատմական Աղբաթխերտ բնակավայրը՝ բոլորովին ավերակ վիճակում։ Գյուղի ընդարձակ գերեզմանոցը 1960-ական թվականներին է ավերվել՝ խմելու ջրագիծ տարածքով անցկացնելու պատճառով։ Նույն պատկերը նաև կա Որոտանի ավազանի բնակավայրերում։ Գետի հարավային ափամերձ բարձունքին է պատմական Մաղանջուղ գավառի Մազրա գյուղը, որտեղ պահպանվել էր 17-րդ դարի եկեղեցին։ Սրբատան հարավային կողմում՝ ձորակի մեջ, գյուղի գերեզմանոցն է եղել։ Այստեղ նույնպես շիրմաքարերը դարձել էին անտառամիջյան ճանապարհի սալեր։ Ծառերի տակ մի քանի խաչքար է պահպանվել։ Որոտանի վտակ Վարարակնի աջակողմյան բարձրադիր հարթությունում հայոց ընդարձակ գերեզմանոցից մի քանի խաչքար էին մնացել, որոնք մելիորացիայի պատճառով հայտնվել էին ձորապռնկին։
Քարվաճառի շրջանում նույնպես բազում են նման պատկերները։ Սակայն առավել ցայտուն է Ծար գյուղի՝ ադրբեջանցիների կողմից կառուցած դպրոցի շենքը։ Ծարում հայոց սրբատներից ավերվել են 2-ը, որից Մայր կամ Մեծ եկեղեցին կանգուն է եղել մինչև 1980-ականները։ Կանգուն են մնացել 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ և Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Թարթառի ափին 1301 թվականին կառուցված Գետամիջո Սուրբ Աստվածածնա վանական համալիրը հիմնովին է ավերվել, և վանքի քարերն ու տարածքի գերեզմանոցների շիրմաքարերն օգտագործվել են 20-րդ դարակեսին այս հատվածում ադրբեջանական բնակավայրեր կառուցելիս։ Ծար գյուղում կառուցված դպրոցի շենքի պատերի մեջ ագուցված են բազում խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ։ Հետաքրքիր է՝ ամենուր այդ բեկորների քանդակները, գրերը դրսի կողմից են։ Հնարավոր է՝ կառուցող վարպետները հայեր են եղել։ Այդ տարիներին շատ հայ վարպետներ են աշխատել Լաչինի ու Քարվաճառի, Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններում։ Այժմ դարձյալ գերված են հիշյալ տարածքները, ու առավել վտանգված են հայոց հուշարձանները։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ