Ցերեկույթ՝ արցախցի երեխաների մասնակցությամբ

Երևանում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Հիրավի հուսո տուն է այդ կենտրոնը, որն ստեղծման օրվանից բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացրել ու շարունակում է։ Իրականացվող ծրագրերի հիմնական շահառուներն են միայնակ տարեցները, հաշմանդամները, կարիքավոր ընտանիքները, ծնողազուրկ երեխաները և այլոք։ Վերջին տարիներին շահառուների շարքում կան նաև Արցախից բռնի տեղահանվածնեը, սիրիահայեր։ Այսօր առավել է ծանրացել կենտրոնի գործունեությունը, ու «Հուսո տուն»-ը  շարունակում է մարդասիրական, հայրենանվեր իր աշխատանքը։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և մինչ օրս «Հուսո տուն»-ը դարձել է նաև արցախցիներին օժանդակող կարևոր կառույցներից մեկը։ 2022թ․ հուլիսից կենտրոնում գործում է «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագիրը, որի շրջանակներում մոտ 300 երեխա՝  հիմնականում Արցախից բռնի տեղահանվածներ, սիրիահայեր, ծնողազուրկ ու սոցիալապես անապահովներ, այստեղ ստանում են արտադպրոցական կրթություն։ Կենտրոնում գործում են նկարչության, ձեռագործության, երգի, պարի, թաղիքագործության, լողի, շախմատի և այլ խմբակներ, որոնք վարում են արհեստավարժ խմբավարները։ Երեխաների հետ աշխատում են նաև հոգեբաններ։ Օգոստոսի 28-ին «Հուսո տուն» կենտրոնում կայացավ «Արցախի զրնգուն գույները» խորագիրը կրող ցերեկույթը՝ արցախցի երեխաների մասնակցությամբ ու բարերարների ներկայությամբ։ Ողջունելով ներկաներին՝ «Հուսո տուն» կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանը կարևորեց արցախցի երեխաների հետ աշխատանքը՝ հավատով, որ մի օր նրանք իրենց տուն են վերադառնալու։ Տեղեկացրեց՝ օրվա ցերեկույթով եզրափակում են «Հուսով լի և առողջ մանկություն» ծրագրի ամառային շրջանը։ Այս ընթացքում երեխաների համար կազմակերպել են բնապահպանական արշավներ, էքսկուրսիաներ, մշակութային տարբեր միջոցառումներ։ Մ․ Պողոսյանը կարևորեց բարերարների դերը, որ առանց նրանց օժանդակության դժվար է լինելու։ Ներկա էին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Ղազարյանը՝ մայրիկի՝ արմատներով Կիլիկիայից Մարի Թասալյանի հետ։ Նրանց ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար աջակցում է հիմնադրամին, որն ունի նաև «Գթության խոհանոց»։ Մ․ Պողոսյանը մեծ սիրով ներկայացրեց Մ․ Թասալյանին, որը կենտրոնի համար հիրավի բարերար է։ Մշտապես կենտրոնի կողքին են նաև գերմանացի բարերար ամուսիններ Մարգարետ և Գևորգ Վալխերները, որոնք ցերեկույթի ընթացքում երեխաների հետ նաև նկարեցին, փորձում էին շփվել հայոց լեզվով։ Մ․ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր աջակիցներին՝ Ալբերտ Տոնեյանին, որը կենտրոնին նվիրեց կապի միջոցներ՝ արշավների ժամանակ օգտագործելու համար, Հեղինե Վանեցյանին, Դիրան Բաղդադյանին, այլոց։ 

Ցերեկույթի ընթացքում հիմնականում Երևանին ու Արցախին նվիրված երգերով հանդես եկավ արցախցի երեխաների երգչախումբը։ Ցուցադրված էին նաև նույն երեխաների ձեռքի աշխատանքները, նկարները, այլ գործեր՝ հիմնականում Արցախին նվիրված։ Երեխաները երգեցին նաև Վալերի Ղազարյանի հեղինակային երգը՝ «Տուն տարեք․․․»։ Ինչ խոսք, այսօր հազարավոր արցախցիների երազանքն է տուն վերադառնալը։ Առավել շատ են իրենց տանը կարոտում երեխաները, և նրանց կատարմամբ այս երգը հնչեց երկու անգամ՝ արցունք պոկելով ներկաների աչքերից։ Երգի կատարմանը ներկա էր նաև հեղինակը։ Ու արցախցի մաքրամաքուր երեխաների շուրթերից լսում ենք․

Սարեր, հով արեք,
Հոգուս ճար արեք,
Ինձ իմ տուն տարեք,
Տուն տարեք, տուն տարեք․․․

․․․Էտ էն ժամանակ էր, երբ բոլորը կային,
Կային հարազատներ, կար խաղաղություն։
Բոլորս միասին էինք մեր ընտանիքում,
Հետո ամեն ինչ խառնվեց, տունը մոխրացավ,
Արկը տանիքում, ծուխը բարձրացավ․․․

«Ղարաբաղ» երգը նույնպես հուզիչ էր, ու շատերը տխրեցին, իրենց հարազատ տունը հիշեցին, որ այսօր թշնամու տիրապետության տակ է։

Ղարաբաղ իմ, կանաչ բաղ իմ,
Կարոտել եմ  վարդիդ շաղին,
Հոգուս մուրազի պես,
Սիրում եմ քեզ, իմ Ղարաբաղ:

 Մշակութային մասից հետո տեղի ունեցավ նվերների հանձնում երեխաներին և հյուրասիրություն։

 «Հուսո տուն» կենտրոնում գործում է նաև ֆրանսիական «La Guilde» կազմակերպության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին» ծրագիրը, որի ընթացքում Արցախից բռնի տեղահանված 6 կին մասնակցում են խոհարարական դասընթացների։ Կենտրոնի տնօրենն անձամբ հյուրասիրեց ներկաներին՝ ուրախությամբ նշելով՝ սնունդը դասընթացների մասնակիցների ձեռքով է պատրաստված։

Ընթացքում զրուցեցի խմբավարների, երեխաների հետ։ Երգչախմբի ղեկավար Անահիտ Սարգսյանն ասաց՝ ֆեսբուքյան էջով իմացել է կազմակերպվող ցերեկույթի մասին և սիրով աշխատել է երեխաների հետ, որոնք հանդես եկան գերազանց։ Ձեռքի աշխատանքների խմբավար Ամալյա Առուստամյանը բնակվել է Արցախի Ջիվանի, ապա Նորագյուղ բնակավայրերում, աշխատել դպրոցներում՝ որպես անգլերենի ուսուցչուհի։ Երկու տարի աշխատել է Արցախի անվտանգության խորհրդում։ 2023թ․ սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո տեղափոխվել է Երևան ու վարձով բնակվում է Զեյթուն թաղամասում։ Գոհ է «Հուսո տուն» կենտրոնի ղեկավարությունից։ Պարուսույց Մարինե Մարտիրոսյանի ղեկավարությամբ երեխաները նաև պարեցին։ Ցերեկույթի մասնակիցներից Գառնիկ Մասիսի Հայրապետյանը Ճարտար քաղաքից է։ Իրենից փոքր ունի 5 եղբայր։ Հավատում է՝ տուն դառնալու են։   Հինգերորդ դասարանցի Անդրեյ Միրզոյանն ու վեցերորդցի Անդրանիկ Մեսրոպյանը բնակվել են Ստեփանակերտում, արդեն մեկ տարի է՝ հեռացել են հարազատ տնից, կարոտում են։ Ու հավատով էին երգում, որ Ղարաբաղը կանչում է։ Արցախի Մարտունի քաղաքից է Տիգրան Սարգսյանը, որի շապիկին «Մենք ենք մեր սարերը» հուշարձան էր նկարված։ Տղաներն ասացին՝ լավ են սովորում նաև Երևանի դպրոցներում։ 5-ամյա Դավիթը հիշում է իրենց տունը, իր խաղալիքները, որ թողել է բակում։ Ավագ տարիքի երեխաներից Սերգեյ Դադամյանը Հադրութից է, 2020-ին է նրանց ընտանիքը հեռացել հայրենի տնից։ Այս ուստարում սովորելու է 11-րդ դասարանում։ Ասաց՝ լավ է սովորում։ Ընկերը՝ Հակոբ Շահրամանյանը, Ճարտարից է։ Անցած տարի այս օրերին դեռ իր հարազատ տանն էր, բայց եղավ ցավալին։ Հաճախելու է 10-րդ դասարան։ Տղաները կարևորեցին բանակում ծառայելը, որ պատրաստ լինեն տուն դառնալուն։ Խոհարարական դասընթացների մասնակիցներից Ելենա Խոսրովյանը 5 երեխաների մայր է։ Մինչև 2020թ․ 44-օրյա պատերազմը բնակվում էին Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղական համայնքի Հերիկ պատմական գյուղում, որտեղ կանգուն էր միջնադարյան Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ամուսինը՝ Կարեն Պողոսյանը, շինարար է․ մասնակցել է Հերիկի կայացման գործին։ 2020թ․ աշնանը տեղափոխվել են Երևան։ Զավակները՝ Ալենը, Արենը, Անին, Աննան, նույնպես երգչախմբում էին, իսկ նրանց փոքրիկ եղբայր Արամն ունկնդիր էր։ Հիշեցինք Հերիկ գյուղը, որտեղ 2016թ․ «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից դպրոցի նոր շենք կառուցվեց, կրթօջախը կոչվեց 2016թ․ ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։ Նկարչության խմբակի փոքրիկներից Ստելան իր նկարած «Մենք ենք մեր սարերը» աշխատանքը նվիրեց կենտրոնի տնօրենին, որի համար դա շատ թանկ պարգև է։  Զոհրաբ Ըռքոյան