ՈՒՍՈՒՑԻՉԸ՝  ԵԶԱԿԻ ԴԵՄՔ ԴՊՐՈՑՈՒՄ

Գիտակցական կյանքիս չորս ու կես տասնյակից ավելի տարիները նվիրված են եղել հայկական Արցախի դպրոցում կրթվող ու դաստիարակվող մատաղ սերնդին հայ ու հայեցի պահելու սուրբ առաքելությանը։

Մանկավարժի մասնագիտությունն ինձ համար եղել է օդ ու ջրի պես անհրաժեշտ մի բան։ Դրանց պակասից միշտ շնչահեղձ եմ եղել բառիս ամենախոր իմաստով, և ոգևորվել ու փառավորվել է հոգիս, երբ սնվել եմ այդ օդ ու ջրով։ Այլ կերպ պատկերացնել հնարավոր չէր, քանզի դա ինձ համար կենսական պահանջմունք է եղել։ Սովորողներին առաջնորդել եմ ոչ միայն գիտության բարձունքները նվաճելու բարդ ու դժվարին ուղիներով, այլև կյանքը լավագույնս ճանաչելու ու մարդկայնորեն ապրելու գաղափարով։ Ու շատ երջանիկ ակնթարթներ երբեմն  ապրել, երբ իմ սաները շատ լուրջ ու պատասխանատու մրցույթներում առաջնակարգ տեղեր են զբաղեցրել ու մրցանակներ շահել։ Դա եղել է իմ ամենամեծ հպարտությունը, երբ սաներիս աչքերում տեսել եմ արևի ցոլացումը։

Երբեք չեմ ձգտել փառքի, միշտ մնացել եմ մասնագիտությանս հավատարիմ, կոչմանս՝ արժանի։ Եռանդուն աշխատել եմ սաներիս հետ, բերկրել նրանց հաջողություններով։ Արածիս լավագույն հատուցումը եղել է նրանց փոխադարձ սերն ու համակրանքը։

Կոչումների ու պարգևների տարափում թյուրիմացաբար հայտնված անարժանների /թող ինձ ներեն արժանավորները/ անունները միմիայն տարակուսանք են առաջացրել մոտս։ Տեսնելով որոշ պարգևատրվողների՝ Նազարի բախտի «ինտելիգենտե դրսևորումները՝ միշտ մտածել եմ՝ ինչ լավ է, որ ես այդ շարքում չկամ․․․ Միշտ ատել եմ այն գնահատանքը, որը կատարվում է ոչ թե նվիրումի, զոհաբերության, այլ ծանոթ-բարեկամների, նաև սիրուն աչքերի համար։ Պարգևներն ու կոչումները չեն որոշում իրենց գործին անմնացորդ նվիրված ու անանձնական կյանքով ապրող մանկավարժների ճակատագիրը, որոնք իրենց հոգեկան խաղաղությունը գտնում են  միմիայն նվիրվելու ու զոհաբերումի մեջ։ Նրանց հավատամքը մեկն է՝ լույս սփռելու առաքելությունը՝ զերծ միջավայրի աղտեղություններից։

Արված գործն ու գնահատանքը պետք է ներդաշնակ լինեն, որ չխամրի կյանքի լույսը։

Տարիները չեն կարող մշուշել այդ գործունեության արգասիքները. ավելին, նրանք սրբագրում են դրանք՝ դարձնելով այն է՛լ ավելի մաքուր ու բյուրեղյա ճշմարտություն: Եթե շիտակ ու անխախտ ես անցել այդ ճանապարհը, ուրեմն թողել ես սերունդների մի հսկայական բանակ, որոնցով ներշնչվել ու ոգևորվել ես, նրանց ազնիվ հոգիներում առողջ հունդեր շաղ տվել հավատարիմ սերմնացանի պես, ուրեմն շարունակաբար ապրում ես նրանց հանապազօրյա գործունեության, սրտի հևքի ու տրոփյունի, խինդի ու վշտի, լուսավոր հեռանկարի պատկերներում: Դու հավետ կաս նրանց բոլոր գործողություններում, քանզի այդ կյանքի չափանիշները գրվել են հենց քո ձեռքով:

Դպրոցը մի դարբնոց է, որտեղ պետք է աշխատեն միմիայն հմուտ <<դարբիններ>>՝ օժտված մարդկային ամենավեհ հատկանիշներով ու այնպիսի արժեհամակարգով, որը չնչին չափով անգամ կասկած չհարուցի:

Այսօր դպրոցին անհրաժեշտ են հենց այդպիսի անհատներ, որոնք գիտելիք հաղորդելուց զատ մատաղ սերնդից կարող են կերտել միայն հայրենապաշտ ու նվիրյալ քաղաքացիներ, որոնց մտապատկերում անգամ տեղ չեն գտնի հոռի մտքերն ու կասկածները, որոնք ցանկացած պահի պատրաստ կլինեն անվարան պայքարի նետվել, միայն թե հող հայրենին անաղարտ մնա: Այս փաստը իրողություն է բազմադարյա մեր մաքառումների պատմության էջերի հանգամանալից ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով:

Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է կրթել ու դաստիարակել այնպիսի սերունդ, որն ի զորու կլինի լուծելու մեր ազգային խնդիրները: Խնդիրներ, որ հիմնահատակ կարող են կործանել մեր՝ դարերի ընթացքում կուտակած լավագույն ավանդույթներն ու ժառանգությունը, առանց որի կարող են փոշիանալ մեր ազգային պատկերացումները, որ դարեր շարունակ մեզ հայ են պահել:

Փառատենչ ու փառամոլ սերունդը չի կարող կանգնել հայրենապահպանության դիրքերում. պետք է հենց այս ուղղությամբ գործունեություն ծավալի մանկավարժների հզոր բանակը՝ անկոտրում կամքով սերունդ ունենալու ակնկալությամբ: Պատմությունն ապացուցել է, որ հայրենիքները կործանվում են թույլ ու հեղգ անհատների կողմից և պահպանվում՝ ուժեղների միջոցով: Ուրեմն ուժեղ սերունդ ունենալը ազգի պահպանման երաշխիքն է, ու այդ սուրբ գործի առաքյալը ուսուցիչն է: Նրա ուսերին է դրված ազգային բովանդակություն ունեցող հսկայական մի բեռ, և նա, ով չի կարող արժանապատվորեն տանել այդ բեռը, պետք է ժամ առաջ լքի շարքը:

Տարիներ շարունակ՝ մանկավարժական գործունեությանս զուգահեռ, գիտական-մանկավարժական հոդվածներով ու գեղարվեստական գործերով հանդես եմ եկել Արցախի «Լուսարարե կրթամշակութային թերթում /անունն ինքնին շատ բան է ասում իր լուսառաք գործունեության մասին/՝ լավագույնս լուսաբանելով դպրոցի խնդիրներն ու հաջողությունները՝ միաժամանակ խորհուրդ-պատգամներ հղելով երիտասարդ ու սկսնակ մանկավարժներին։ Ստորև ներկայացվում են դրանցից մի քանիսը, որոնք օգտակար կլինեն նորաթուխ ուսուցիչների համար։

•           Կարողացի°ր կյանքդ նվիրաբերել երեխաներին. դա է իսկական երջանկությունը: Սիրի°ր նրանց քո երեխաների պես, քանի որ հենց այդ առանձնահատուկ աշխարհում կգտնես քո իրական հեքիաթը, հոգուդ խաղաղությունը:

•           Աշխատի°ր գրավիչ դարձնել քո առարկան. արդյունքում կծնվի այն մեծ սերը, որ աննկատ տանում է դեպի քեզ ու քո առարկան:

•           Դասարան մտիր միշտ թարմ նորություններով ու պատեհ առիթով մատուցի°ր սաներիդ. դա նման է լավ նշանառուի խփած գնդակի, որ անպայման հասնում է նշանակետին: Այս դեպքում միշտ սպասված ու ցանկալի կլինես սովորողներին:

•           Երբեք թույլ մի° տուր քեզ պարսավել քո գործընկերոջը (դա կլինի քո, թե այլ մասնագիտության ուսուցչի): Դրանով կօտարես սաներիդ քեզանից, և կծնվի անվստահություն մարդու և մարդկայինի հանդեպ:

•           Դասարան մտիր գիտելիքներով զինված: Երբ աշակերտին դուրս ես բերում դասագրքային խիստ նեղ շրջանակներից և տանում ես գիտելիքների խորհրդավոր ճանապարհով, ինքնին դառնում ես երանգավառ մի փարոս, որի շողերը ձգում-քաշում են բազում սրտեր: Այստեղից էլ` խոր ակնածանք քո և դասավանդածդ առարկայի հանդեպ:

•           Երբեք հիշաչար մի° եղիր: Մի° մոռացիր, որ երեխան իր արարքներով երբեմն կարող է նույնիսկ վիրավորել քեզ: Աշխատի°ր, չվկայակոչելով այդ արարքը, նրան մղել այնպիսի գործողությունների, որ ինքը հասկանա ու գնահատի իր սխալ քայլը, և ավելին, դու նրա համար կդառնաս լավ մարդու իդեալ:

•           ՙԴժվար՚ երեխաների հետ մի° լարիր հարաբերություններդ. ընդհակառակը, նրա մեջ գտիր դրական ու արժեքավոր գծեր, բյուրեղացրու դրանք, և հետևում կմնան վատն ու հոռի դրսևորումները:

•           Հետաքրքի°ր դարձրու մանկավարժական առօրյադ. խորհի°ր ու կգտնես բազում միջոցներ, որոնք կհետաքրքրեն ու կգրավեն սաներիդ: Կթռչի ժամանակը փետուրի թեթևությամբ. դրանից կշահեք երկուսդ էլ` դու և սաներդ:

•           Առօրյա հոգսերով ծանրաբեռնված` մի° մտիր դասարան: Վատ տրամադրությունը լարում և ճնշում է երեխաներին, իսկ նման մթնոլորտում հույզն է կառավարում միտքը:

•           Անընդհատ հարստացրու բառապաշարդ, որպեսզի անսխալ մատուցես ասելիքդ. գեղեցիկ խոսքը (ոչ խրթին) տպավորում է ունկնդրին, կարծիք կազմում քո մասին: Դա միևնույն ժամանակ խոր հարգանք կծնի մայրենի լեզվի ու նաև քո անձի հանդեպ:

•           Երբեք խոսքդ ու գործդ մի° հակադրիր իրար: Եթե ուզում ես, որ սովորողները միշտ հավատ ընծայեն առ քեզ, ուրեմն կյանքում առաջնորդվիր ՙինչպես որ ես՚ սկզբունքով: Հենց սաներդ վրիպում նկատեն քո վարվելակերպում, իսպառ կկորցնես վստահությունդ նրանց աչքում:

•           Եղի°ր հայրենապաշտ ու ազգասեր: Քո առօրյա գործերով վարակի°ր նրանց: Մանկավարժի առաջին սուրբ գործը հայրենասեր ու ազգասեր սերունդ դաստիարակելն է` անկախ նրանից, թե ինչ առարկայի մասնագետ ես:

•           Սովորողներին շերտավորելիս շատ զգույշ ու նրբանկատ վարվիր, որ նրանք չհայտնվեն ծայրահեղ բևեռներում: Մի° բևեռացրու ո°չ լավին, ո°չ վատին: Նրանք իրենց մեջ կրում են երկուսն էլ:

•           Դասարան մտնելիս ունեցի°ր անպայման քո վահանն ու սուրը. վահանով պաշտպանվիր սովորողների հարցադրումներից և սրով կտրիր չիմացության պատնեշը: Անզեն մանկավարժը միշտ ՙպաշարման՚ մեջ է:

•           Ժամերի հետ փոխի°ր քո տարիքը: Եղի°ր լեզու գտնող: Կրտսերների մոտ ես մտնում` դարձի°ր կրտսեր, ավագներին ես այցելում` վարվի°ր հավասարը հավասարի հետ սկզբունքով: Բայց երբեք մի° իջիր քո մակարդակից:

•           Տեղեկացի°ր աշխարհի անցուդարձին, որ երեխաների մոտ հիմար կացության մեջ չհայտնվես: Վարի°ր հետաքրքիր ու աշխույժ դասեր: Անզոր ու անկարող ուսուցիչը նման է զինաթափ զինվորի, որ փորձում է մարտ վարել:

•           Քայլերիդ մեջ եղի°ր զուսպ ու հավասարակշռված. քեզ հարյուրավոր աչքեր են հետևում: Մի փոքրիկ վրիպումը կարող է ճակատագրական լինել հեղինակությանդ համար:

•           Հիշի°ր. դասը, դպրոցը, գիտելիքը ՙախպերություն՚ չեն հանդուրժում: Սովորողների տարիքի ու գիտակցության աճման արդյունքում դու կհայտնվես Հակոբ Պարոնյանի ՙՄեծապատիվ մուրացկաններ՚ վեպի հերոսների ողբալի կացության մեջ:

Մանկավարժությունը վերանորոգում ու կարկատաններ չի հանդուրժում. այն միշտ պաhանջում է նորն ու թարմը:

Թոշակի անցնելը /պարտադրել էին/ ինձ համար մի մեծ ողբերգության սկիզբ էր․․․ ես դեռ շատ բան ունեի տալու։ Մխիթարությունս գտա «Լուսարարե-ի էջերում հաճախակի հանդես գալու հնարավորության մեջ։ Դրանց մեջ խորը վերլուծություններ կային նաև բազում տարիների իմ գործունեության, արած-թողածի մասին։ Հետագա տարիներին էլ եմ ժամանակ առ ժամանակ զբաղվել մանկավարժական գործունեությամբ հարազատ դպրոցում, հետո նաև Ասկերանի միջնակարգ դպրոցում՝ փոխարինելով բացակա ուսուցիչներին։

Թոշակի անցնելուց հետո էլ շարունակել եմ մնալ երիտասարդ ուսուցիչների բարի խորհրդատուն ու անկեղծ ընկերը՝ իմ գիտելիքները կիսելով նրանց հետ։ Նրանց զանգերին պատասխանելը ինձ համար մասնագիտական իսկական տոն էր։

Շրջանային բազմաթիվ միջոցառումներին /օլիմպիադա, ասմունքի մրցույթ և այլն/ մասնակցելու հրավերներ հաճախ եմ ստացել ու սիրով կատարել պարտականություններս։

Տեղահանվելուց հետո, երբ մի կերպ դուրս եկա հոգեկան ծանր մղձավանջից, նորից ակտիվ գործունեություն սկսեցի ծավալել․ մասնակցում եմ տարբեր միջոցառումների և դրանք լուսաբանում վերածնված «Լուսարարե-ի էջերում։

Այսօր մտահոգությանս չափ ու սահման չկա․ Երևանի դպրոցներ հաճախող հարազատներիս պատմություններից ելնելով՝ ուսում ու դաստիարակություն չկա այնտեղ, պատասխանատու մանկավարժները շատ նվազ թիվ են կազմում։ Իսկական Մովսես Խորենացու «Ողբե-ի մեջ առկա իրականությունը․ «Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատից գտած և ոչ Աստծուց կոչված․․․ Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ․․․ե։

Այս ամենի պատճառն այն է, որ արդեն քանի տարի խելացի աշակերտները գիտության այլ ճյուղեր են ընտրում /տնտեսագիտություն, ՏՏ, իրավաբանություն․․․/, իսկ թույլ աշակերտները՝ մանկավարժությունը․ և դպրոցի ներկայիս անմխիթար վիճակը։

Տեխնիկական բազում հնարավորությունները պետք է միայն կողքից լրացնեն սովորողների գիտելիքները և չդառնան հիմնական միջոցը։

Դպրոցում ուսուցչի խոսքը պիտի մնա այն եզակի միջոցը՝ կենդանի ու տպավորիչ, որը կներգործի աշակերտի մտքին ու սրտին։ Կենդանի շփումը անփոխարինելի է ուսուցման մեջ։ Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ