Ցավերը տարբեր են լինում, քանի որ տարբեր են նաև դրանք կրող մարդիկ։ Բայց ցավը չունի համեմատության աստիճաններ։ Դու կարող ես գոռալ, կարող ես լուռ կուչ գալ, դրանից ցավն ավելի կամ պակաս չի դառնում։
Հայրենիքի հանդեպ իր ցավոտ սիրո պատմությամբ այս անգամ մեզ հետ համաձայնեց կիսվել խնապատցի Անահիտ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Աշխատում էր Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնում՝ որպես հաշվապահ։
Մաս 2-րդ
Առանց ձեզ կիսատ եմ
– Մայրիկն ուժեղ է, թե՞…
– Իսկ ո՞րն է ուժեղ չլինելու այլընտրանքը։
Անահիտի պատասխանը սթափեցնող էր։ Իզուր եմ կարկամում ցավոտ հարցեր տալիս։ Մեզնից և ոչ մեկն էլ այլընտրանք չունի ստեղծված իրավիճակում։ Պիտի պատրաստ լինենք ինչպես խոսել, այնպես էլ լսել մեզ բաժին հասած արհավիրքի մասին։
՛՛14 տարեկան էր մայրս, երբ տատիկս երկու անչափահաս դստրերի հետ մազապուրծ փախավ Բաքվից։ Փշաքաղվում էի ՝ լսելով տատիս պատմածները, թե ինչպես են իրենք հրաշքով փրկվել՝ նետվելով մեկ րոպե հետո շարժվել պատրաստվող գնացքի մեջ։ Հետևում թողնելով մի ողջ կյանք՝ իրենք շարժվում էին դեպի անորոշություն։ Իսկ այնտեղ, շատ մոտ ապագայում իրենց սպասում էին երկրաշարժը, ցուրտ ու մութ տարիները, յուրայինների կողմից չհասկացված լինելու դառնությունը, Լոռվա ցրտաշունչ ձմեռները տնակային պայմաններում։ Թվում էր՝ խավարը երբեք չի նահանջի։ Բայց այն կամաց-կամաց տեղի տվեց։ Ավերված Վանաձորն ու բնավեր հավք դարձած գաղթականները, այնուամենայնիվ, ընդհանուր լեզու գտան։ Իսկ մորս վիճակված էր արցախցի դառնալ։ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը դարձավ այն վայրը, որտեղ նա շյուղ առ շյուղ հյուսեց իր բույնը։ Երբ ինքս էլ արդեն մայր եմ, հիմա եմ հասկանում, որ մորս արարքը յուրօրինակ սխրանք էր։ Նրա ընտրյալը պատերազմում հաշմանդամ դարձած տղամարդ էր, իսկ հետպատերազմյան Արցախն էլ իսկական փորձություն էր քաղաքից եկած աղջկա համար, որի կողքին ոչ մի հարազատ չկար։ 2006 թվականին հայրս դարձավ Խնապատի համայնքի ղեկավար։ Հոգսերը չթեթևացան, իսկ պատասխանատվությունը մեծացավ։ Ցանկացած ղեկավարի թիկունքում պիտի ուժեղ կին լինի։Մայրս պատվով տարավ նաև այդ փորձությունը երկար տարիներ։Բանից անտեղյակ մարդիկ հիմա կասեն ․՛՛Ի՜նչ մի դժվար բան է գյուղապետի կին լինելը՛՛։ Հավատացեք, ֆիզիկական ու հոգեկան մեծ ռեսուրսներ պահանջող տքնաջան աշխատանք է։ Հանուն հայրենի հողի խեղված ոտքերով աշխատող հայրս ու երկու բռնագաղթ ճաշակած մայրս մեկն էին այն հազարավոր զույգերից, որոնց կյանքը վավերագրելու անհրաժեշտությունը կա։ Հատկապես հիմա, երբ թյուր կարծիք է ձևավորվում ՝ իբր Արցախում ձեռքներս ծալած վայելում էինք դրսից եկող բարիքները։ Իմ ծնողները՝ Կրիստինա և Սամվել Շահրամանյանները, ամուր կառչած էին հողին։ Հող, որտեղ 2023թ․ սեպտմեբերի 25 -ին դժոխային պայթունը վերջ դրեց նրանց երազանքներին…․՛՛։
Անահիտը լռում է։ Եղբոր՝ 22-ամյա Արմանի մասին հիշողությունները անտանելի ցավոտ են։ Նրա բացակայության հետ հաշտվել չի լինում։ ՛՛Ինչպե՞ս , ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար՛՛-անպատասխան հարցեր, որ հանգիստ չեն տալիս սկսած այն պահից, երբ անցած նոյեմբերին ստացան ԴՆԹ-ի պատասխանը։ Վանաձորը դարձավ Արմանի վերջին հանգրվանը՝ մեկընդմիշտ կապելով ծնողներին այդ քաղաքի հետ։ ՛՛Եղբայրս կարող էր հրաշալի մասնագետ դառնալ շատ ու շատ ասպարեզներում։ Նրան դասավանդած ուսուցիչները կհաստատեն ասածներս։ Ավարտել է ԱրՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: 2022թ.-ից արդեն աշխատում էր Instiget ընկերությունում։ Վերլուծական մոտեցում ուներ ամեն հարցում։ Միտքն ու խոսքն էլ կշռադատված էին։ Երբեք ոչ մի ավելորդ բան չէր ասի կամ անլուրջ քայլեր չեր անի։ Դեռ փոքրուց հասուն մարդու պահվածք ուներ։ Ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաներն էին նրան հեշտ տրվում, այլև՝ գյուղատնտեսական աշխատանքները։ Հորս աջ թևն էր, մորս՝ պարծանքը։ Ես ու կրտսեր քույրս էլ գիտեինք, որ ամեն հարցում կարող ենք ապավինել նրան։ Առանց նրան մենք անթև ենք։ Ես հիմա նույնիսկ հուշերից եմ վախենում։ Դրանք դաշույնի պես սիրտս են խրվում։ Հենց հիշում եմ գյուղը կամ սոցցանցերում եմ նկար տեսնում, թվում է ՝ դարպասը կբացեմ ու կտեսնեմ բակում նստած Արմանին։ Նա ժպտալով առաջ կգա ու հերթով կգրկի դստրիկներիս։ Նրանց բոլոր քմահաճույքները կկատարի, երես կտա, բայց հետո բոլոր չամուսնացած քեռիների պես ինձ կմեղադրի, որ ճիշտ չեմ դաստիարակում երեխաներիս։ Մենք երկար ու բարակ կվիճենք դաստիարակության մասին։ Ես վիրավորված կասեմ․՛՛Էսա վեր քեզ խոխա ինի,տու ինձանա լյավ կդաստիրակիս՛՛։ Իսկ նա վստահ կասի․՛ ՛Իմ խոխաս դաստիրակված ա ինյան”։
Զրույցը երկուսիս էլ դժվար է տրվում։ Թե ինչպես էր Անահիտը կապված հայրենի գյուղի հետ, հազիվ թե ինձնից լավ որևէ մեկն իմանար։ Լոկ ծննդավայր չէր նրա համար Խնապատը, այլ զորեղ մի ուժ, որն անսասան էր պահում իրեն ցանկացած փորձության դեպքում։ Այստեղ իր բոլոր սիրելիներն էին ապրում, այստեղ իր մանկության կածաններն էին, իր պատանեկան երազանքները։ Լավագույնն էին իր համար Խնապատի մանկապարտեզն ու դպրոցը, Խնապատի բարեկարգվող փողոցները, սրբավայր Մեծ Նանն ու սառնորակ Կիղատեղը, հարազատ Ղուշին թաղն ու Ճիրամբարը, որի գեղատեսիլ ափին էր հենց գտնվում իր հայրական տունը։ Շնորհակալ էր ամուսնուն, որ կիսում էր իր հայացքները, և երբևէ, նույնիսկ ամենավտանգավոր պահերին,գյուղից հեռանալու տարբերակը քննարկման առարկա չէր դառնում։ Նոր իրականությունը ոչ մի աղերս չունի նախկին կյանքի հետ։ Իրարից շատ հեռու երեք տարբեր բնակավայրերում են ապրում ինքը, քույրն ու ծնողները։ Միմյանց զորակցել ստացվում է միայն հեռավար եղանակով։ Անորոշ օրերի շղթան անվերջանալիորեն ձգվում ու ձգվում է։ Ցավը չի մեղմանում, իսկ ՛՛ ինչու՛՛- ները շարունակում են անպատասխան մնալ։ Փորձում է հանգիստ արձագանքել նոր ծանոթների “Հարմարվե՞լ եք՛՛ հարցին, բայց հոգին նման պահերին ծառս է լինում ցավից։
-Ի՞նչ կփոխեիր անցյալում, եթե հնարավորություն լիներ։
-Կանեի այն, ինչ երբեք չեմ արել ․ամուր կգրկեի եղբորս ու հայրենիքս։ Բարձրաձայն կասեի, որ ես երկուսին էլ շատ եմ սիրում, որ ես առանց իրենց կիսատ եմ։
Մեդինա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ