Նկատե՞լ եք, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար զբաղվում են սպորտով, կարող են պարծենալ ոչ միայն ամուր առողջությամբ, այլեւ ուժեղ բնավորությամբ: Այդ ի՞նչ է անում սպորտը մեր օրգանիզմի հետ, որ մենք ձեռք ենք բերում բնավորության ուժեղ գծեր, դառնում ենք ավելի հավասարակշիռ, բարի ու համբերատար: Շատերը վստահ են, որ սպորտը մարդուն տալիս է միայն ֆիզիկական զարգացում, բայց դա թյուրիմացություն է: Գոյություն ունեն սպորտի զանազան տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ ազդեցությունն ունի բնավորության վրա:
Շատ մարդկանց մոտ սպորտը զուգորդվում է մրցաշարերում հաղթանակներ գրանցելու հետ: Այս պատկերացումը հետին պլան է մղում սիրողական սպորտը, առողջ ապրելակերպը, իրական ինքնապաշտպանությունը: Սպորտն ու մարտարվեստները միայն մրցաշարերը չեն եւ ոչ էլ մկաններն ու մարզական ձգվածությունը, դրանք կյանքի լավ ուսուցիչներ են յուրաքանչյուր պարապողի կյանքում: Ասվածի մեջ ավելի լավ համոզվելու համար հարցազրույց ունեցանք կարատեի մարզիչ՝ սենսեյ Արամ Գեւորգյանի հետ, որը, պատմելով իր մարզաձեւի մասին՝ կարեւորեց ոչ թե մրցումներին մասնակցելն ու հաղթելը, այլ մարմնի ու ոգու առողջությունը, ներքին աշխարհի զարգացումը, կյանքի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը:
Արամ Գեւորգյանն Արցախի հայտնի մարզիչ է, որի շնորհիվ ավանդական կարատե –դո մարտարվեստն արմատավորվեց մեր հայրենիքում, զարգացավ ու մասսայականացավ: Նա պարապել սկսել է 29 տարեկանից: Պատմում է, որ երբ նոր էր սկսել պարապել, Երեւանում սեմինարների էր գնում հայտնի վարպետի մոտ: Հետեւելով իր 55-ամյա ուսուցչին, որը շատ արագ ու թեթեւ էր կատարում կարատեի շարժումները, սկսնակ Արամ Գեւորգյանը մտածում էր՝ արդյո՞ք իրեն կհաջողվի հասնել այդ աստիճանին: Մարտարվեստում երկարամյա փորձ ունեցող մարզիչը՝ սեւ գոտի 4-րդ դան վարպետը, հիմա արդեն հիմքեր ունի պարծենալու առողջության լավ վիճակով, մտքի եւ մարմնի ճկունությամբ, շարժումների արագությամբ: Տիրապետելով մարտարվեստի գաղտնիքներին եւ նրբություններին՝ երբեւէ չի օգտագործել դրանք մրցաշարերում, բայց կիրառում է կյանքի փորձություններն անցնելիս՝ շրջանցելով հիվանդություններն ու այլ վտանգներ: Խոսելով մարտական արվեստի մասին՝ մարզիչն իմաստուն մեկնաբանություն տվեց, որ գիտությունը մարմնի համար է պետք, իսկ արվեստը՝ հոգու: Արվեստի բոլոր ձեւերում, լինի նկարչություն, պար, քանդակագործություն, արտահայտվում է ստեղծագործ միտքը: Մարդն օժտված է ստեղծագործ մտքով, պարզապես պետք է ուշադրություն դարձնի Աստծո կողմից իրեն տրված տաղանդին, ճիշտ եւ նպատակային օգտագործի կենսական էներգիան: Երիտասարդ հասակում, հատկապես մինչեւ 40 տարեկանը մարդու մոտ ակտիվ է մկանային էներգիան, 40-50 տարեկանում ակտիվ է ներքին էներգիան, որը կարգավորել կարելի է ճիշտ շնչառության միջոցով, իսկ 50-ից բարձր տարիքում ակտիվանում է մտավոր էներգիան, որը, սակայն, չի գործում վերոնշյալ թվարկվածների բացակայության կամ չմարզելու դեպքում: Մարզված մարդու գիտակցությունը տարբերվում է սովորական մարդու գիտակցությունից: Անկախ նրանից, մարզիկը մասնակցում է մրցաշարերի թե ոչ, պարապմունքների ընթացքում ստացած գիտելիքներն ու փորձը բավական են՝ գիտակցելու, թե ինչ կարող է նրան սպասել փողոցում, հատկապես փողոցային մարտում: Ուստի հազվադեպ կարող են հանդիպել մարզիկներ, որոնք վեճի կամ կռվի կբռնվեն: Իսկական մարզիկը պահանջ չունի իր ուժն ապացուցելու: Նա մաքուր է պահում հոգին ու մարմինը, կարողանում է հաղթահարել հույզերը:
Մարզիչը ըստ կարեւորության դասակարգեց այն կետերը, որոնց ուշադրություն են դարձնում պարապմունքների ժամանակ: Առաջին տեղում առողջությունն է, այնուհետեւ՝ ճիշտ տեխնիկան ու ինքնապաշտպանությունը, հետո՝ մրցույթները: Մարզիկը պետք է ճիշտ սննդակարգ ունենա, չծանրաբեռնվի մրցույթների նախապատրաստությամբ: Մարզիչը կարող է չմասնակցել մրցաշարերի, բայց մարզիչն է հաղթանակի ուղին ցույց տվողը, առաջմղիչը: Ինչպես նաեւ մարզիչն է այն խրատատուն, որը սաներին չի պարտադրի դառնալ չեմպիոններ, բայց նրանց մեջ լավ մարդ կդաստիարակի:
Տեղին է հիշեցնել, որ Արամ Գեւորգյանն իր որդուն դաստիարակել է հենց այդ սկզբունքներով: «Լուսարար»-ի սիրելի հյուր Տիգրան Գեւորգյանն առանձնանում է բնավորության հատուկ գծերով, ինչը բնորոշ է մարտարվեստի իրական հետնորդներին, միաժամանակ «Լուսարար»-ում հաճախ են տեղ գտնում նրա՝ մրցաշարերին մասնակցելու եւ մրցանակային տեղեր զբաղեցնելու մասին պատմող նյութեր:
Արամ Գեւորգյանը մարդու առողջության կարգավորման հարցում առանձնահատուկ կարեւորություն է տալիս սպորտին եւ ֆիզկուլտուրային ՝ գերադասելով դրանք զանազան թանկարժեք դեղամիջոցներից: Բերում է օրինակներ, որ, մարտարվեստի սկզբունքներից բխող իր խորհուրդները կատարելով, դրական փոփոխություններ են նկատվել առողջական խնդիրներ ունեցող որոշ մարդկանց մոտ: Դա ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն են, հասարակ ֆիզիկական վարժությունները, որոնք ունեն նաեւ բուժիչ բնույթ,: Ինչպես ինքն է նշում, եթե բոլորն ընտրեն առողջ ապրելակերպի այս միջոցը, ապա շուտով դեղատները կփակվեն: Փոխարենը անհրաժեշտ են ավելի շատ մարզադահլիճներ եւ բանիմաց մարզիչներ: Ավելի զարգացած երկրներում, ինչպես օրինակ՝ Լեհաստանում, որտեղ զարգացած է սպորտը, իսկ մարդկանց առողջության մակարդակը բարձր է, ավելի շատ ու նպատակային մարզական ակումբներ են գործում, որտեղ մարդիկ մարզվում են առողջական լավ վիճակ պահպանելու համար: Մեծ ուշադրություն են դարձնում բազմահարկ շենքերի առաջին եւ նկուղային հարկերը մարզասրահներ դարձնելու վրա, որոնք անվճար տրամադրվում են պարապողներին: Սենսեյը կոչ է անում բնակչությանը՝ ավելի շատ զբաղվել մարմնամարզությամբ, սպորտով եւ մարտարվեստներով, պահպանել ֆիզիկական ակտիվություն: Ինքը պատրաստ է աջակցել բոլոր դիմորդներին: Պարտադիր չէ դառնալ չեմպիոն ռինգում, կարեւոր է լինել չեմպիոն որպես մարդ:
Այսպես թե այնպես, սպորտը եւ մարտարվեստները շարժում են, իսկ շարժումը կյանք է: Արժե վերանայել սեփական հայացքները, արմատախիլ անել վնասակար սովորությունները, ընտրել այնպիսի զբաղմունք, որը կնպաստի ոչ միայն ամուր եւ սլացիկ կեցվածք ունենալուն, այլեւ ամբողջությամբ կյանքի որակին:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ