Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան Վանի ու Վանի նահանգի հայության համար։ 1915-1918թթ. սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով ։ Տասնյակ հազարավոր հայեր ստիպված թողեցին տունուտեղ, հարստություն, հարազատների հազարամյա գերեզմաններն ու ազգային սրբությունները և բռնեցին գաղթի ճանապարհը։ Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ ավերեցին քաղաքի հայկական թաղամասերը, կողոպտեցին, թալանեցին ողջ ունեցվածքը։ Վանը վերածվեց փլատակաների…
Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները` վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանյան երկրներում։
Եղեռնից փրկվածներից էր վասպուրականցի Արամ Բուռնազյանը, որն իր ընտանիքով հանգրվանեց Երևանում։ Դուստրը՝ Պավլինեն, այդ ժամանակ դեռ բարուրի մեջ էր (ծնվել է 1915թ. մայիսի 15-ին՝ Վան քաղաքում, գաղթի ժամանակ)։
Փոքր տարիքից Պավլինեն աչքի էր ընկնում իր ճարպիկ պարային շարժումներով, հատկապես առանձնահատուկ նազանքով էր կատարում հայկական պարը։ Ընտանիքի անդամներն ու մտերիմները հիանում էին նրա՝ դեռևս անվարժ կատարումներով, բայց միևնույն ժամանակ կանխագուշակում աղջկան սպասվող ապագան։
1924թ. մանկահասակ Պավլինեին նկատեց այդ նույն տարում Երևանում պարարվեստի անդրանիկ վարժարանը հիմնած, հայկական ժողովրդական պարի մեծ գիտակ Վահրամ Արիստակեսյանը։ Երբ 20-ական թվականներին երևան այցելած Մաքսիմ Գորկին և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը հիանում էին արիստակեսյանցիների հայակական ազգագրական պարերի հայտնի համույթի կատարողական արվեստով, Պավլինե Բուռնազյանն արդեն նշմարելի մենապարող էր հիշատակված կոլեկտիվում։
Վրա հասավ 1933թ. հունվարը, երբ Հայաստանի մայրաքաղաքում հանդիսավոր պայմաններում բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը, որի՝ այդ տարիներին դեռևս քչաքանակ պարախմբում իր հաստատուն տեղը գրավեց Բուռնազյանը. նա դարձավ օպերայի և բալետի թատրոնի մենապարուհին։ Ընդամենը վեց տարի անց Մոսկվայում կայացած հայ արվեստի անդրանիկ տասնօրյակին Պավլինեն աչքի ընկավ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետում՝ բալետի հերոսուհու դերապարի բուռնազյանական հմայքով ու քնքշությամբ, հայեցի կատարումով ։ Ավելին՝ հիշատակված տասնօրյակի ընթացքում մոսկվացի երաժշտասերների հիացական գնահատականին արժանացած՝ Թաթուլ Ալթունյանի գլխավորած հայկական երգի-պարի համույթի ծրագրում նա հանդես եկավ հայ ժողովրդի մեջ տարածված կանացի «Դաշտի պար» պարահամարով, որը հետագայում էլ մշտապես ընդունվում էր հանդիսատեսների աղմկալից ծափահարություններով։ Ե՛վ էպիզոդիկ, և՛ գլխավոր դերապարերով նա հանդես է եկել Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», Գլիերի «Պղնձե հեծյալը», Ա. Սպենդիարյանի «Խանդութ», Ա Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» և մի շարք այլ բալետներում։
Հայ արվեստի վերոնշյալ անդրանիկ տասնօրյակին Բաքվից հրավիրվել էր նաև երիտասարդ, բայց արդեն իսկ ճանաչված բալետի արտիստ, պարուսույց Գեորգի Գեորգիյանցը, որը մինչ այդ եղել էր Աստրախանում։ Տեսնելով Պավլինեին ու մոտիկից ծանոթանալով նրա հետ՝ իսկույն սիրահարվում և ամուսնության առաջարկություն է անում նրան։ Սերն, անշուշտ, փոխադարձ էր, և 1940 թվականին նրանք ամուսնանում են։ Գեորգին այդպես էլ մնում և բալետի պարուսույցի իր գործունեությունն է շարունակում Երևանում՝ Պավլինեի հետ կողք-կողքի։ Շուտով՝ 1941-ին, ծնվում է նրանց անդրանիկ դուստրը՝ Գայանեն, իսկ 1947-ին՝ Ծովինարը։ Երիտասարդ ամուսինները երբեք չեն կտրվել բեմական կյանքից. դուստրերի խնամքով ու դաստիարակությամբ ավելի շատ զբաղվում էին տատիկ-պապիկները։ Ծնողների մասին անթաքույց հպարտությամբ ու հուզմունքով է պատմում դուստրը՝ Ծովինար Գեորգիյանցը. «Հայրս ու մայրս մշտապես գործուղումների էին գնում… նրանք եղել են Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներում։ Ես ու Գայանեն միշտ ըմբռնումով ենք մոտեցել ծնողներիս հաճախակի բացակայությանը տնից։ Կարոտում էինք, բայց նաև հասկանում, որ դա իրենց ընտրածն է, որ իրենք արվեստի ու բեմի նվիրյալներ են։ Իսկ արվեստը, ինչպես հայրս էր ասում, կիսատ-պռատություն չի սիրում, նրան պետք է նվիրվես ամբողջ հոգով ու սրտով։ Մայրիկիս տաղանդը բնածին էր, էն գլխից` տրված։ Երբ փոքր էի՝ հայրս ուզում էր ինձ էլ պարուհի դարձնել։ Տարան պարարվեստի քոլեջ, բայց որոշ ժամանակ անց համոզվեցին, որ դա իմը չէ… Ինքս էլ չէի ուզում դա ու հետագայում գնացի ռեժիսորություն սովորեցի»։
Հայկական ազգագրական պարերի հմուտ պարուսույց Պավլինե Բուռնազյանը 1957թ. աշնանը անվանի պարաստեղծ Ազատ Ղարիբյանի հետ Երևանի պարարվեստի ուսումնարանի նորաստեղծ ժողովրդական պարերի բաժանմունքի հիմնադիրներից մեկն էր։ Նրա սաներն են եղել պետական համույթների ճանաչված մենապարուհիներ Աիդա Հարությունյանը, Սոֆի Դևոյանը, Սրբուհի Բաբայանը, Անահիտ Վեքիցյանը, Սոնյա Գասպարյանը, Կարինե Նալբանդյանը։ Չմոռանանք նշել, որ Բուռնազյանը հիշատակված ուսումնարանի ժողպարերի բաժանմունքի ուսումնական ծրագրի հեղինակներից մեկն է։
1946թ. Պավլինե Արամի Բուռնազյանն արժանացել Է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Դստեր՝ Ծովինարի խոսքով, հետագայում նա հրաժարվել է ժողովրդականի կոչումից՝ ասելով՝ քանի դեռ ամուսինը՝ Գեորգին, չի արժանացել դրան, ինքը չի ուզում ստանալ և ամուսնուց առաջ ընկնել:
1995թ. գարունը վերջինը եղավ նշանավոր պարուհու համար. մարտի 19-ին նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝ գիսաստղի պես մի անմար հետագիծ թողնելով երկրի վրա…
Որպես հավելում հոդվածի՝ ասեմ, որ հանգամանքների բերումով ինձ բախտ է վիճակվել մոտիկից ծանոթանալ Պավլինե Բուռնազյանի դստեր՝ Ծովինար Գեորգիյանցի ընտանիքին։ Արցախից բռնագաղթելով՝ 2023թ. սեպտեմբերի 26-ից մինչև ս.թ. հունիսի 26-ը՝ ինն ամիս շարունակ, իմ ընտանիքը հանգրվանել էր նրանց հյուրընկալ հարկի տակ։ Մեզ տրամադրված 4 սենյականոց բնակարանի համար՝ Բաղրամյան պողոտայում, նրանք ոչ մի կոպեկ վարձ չեն վերցրել։ Ավելին ասեմ. մեզ այդ նույն բնակարանը նրանք առանց վարձավճարի տրամադրել են նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ իմ ընտանիքի համար չափազանց ծանր ժամանակաշրջանում (ոչ միայն պատերազմի պատճառով). ամուսինս ծանր հիվանդ էր, իսկ մենք բնակարան չէինք գտնում Երևանում հանգրվանելու: Եվ այդ ժամանակ էր, որ ծանոթացանք Առաքելյանների ընտանիքին (Ծովինար Գեորգիյանցի ամուսինը` Դմիտրի Առաքելյանը, երկար տարիներ եղել է ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության փոխնախագահը)։ 2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, Առաքելյանների ընտանիքի անդամներն անհանգստացած զանգում էին մեզ, իմանալով հատկապես, որ թոռս ժամկետային զինծառայող է և գտնվում է առաջնագծում։ Իսկ երբ իմացան բռնատեղահանման մասին՝ հորդորեցին առանց վարանելու գալ իրենց տուն:
Հիրավի, աշխարհն առանց բարի մարդկանց չէ: Անվանի պարուհու՝ Պավլինե Բուռնազյանի հիշատակին գրված վերոնշյալ իմ այս հոդվածը թող լինի նաև որպես երախտագիտության խոսք՝ նրա դստեր ընտանիքի անդամներին՝ իրենց բարության ու մարդասիրության և այն ջերմ սիրո համար, որ ցուցաբերում են արցախցիներիս հանդեպ։
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ