Ա.  ԴԵՄԻՐՃՅԱՆԻ <<ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ>>  ՎԻՊԱԿԻ ՆՈՐՕՐՅԱ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների, գրքերի և ֆիլմերի հեղինակ Արմենուհի Դեմիրճյանից վերջերս իր հրատարակած <<Հայկ Նահապետ>>  վիպակը նվեր ստացա։ Ինձ հետաքրքրեց այդ գիրքը նոր օրերի համադրության մեջ,  որի նյութը  բխում է նաև  մանկավարժի իմ մասնագիտությունից։

 Կարդացի մի  շնչով, նոր հայացքով`  հին ու  նոր օրերի Հայաստանը հայացքիս առջև, երբ  հազարամյակներ առաջվա <<պատմական Հայաստանի տարածքը, որտեղից հայերը մեկնում էին կառուցման աշխատանքների, սփռվում էր դեպի Միջագետք>>։

Ըստ Խորենացու` Հարանց տունը Նոյի որդիների երկիրն է, որտեղից մարդիկ գնում են մասնակցելու  Բաբելոնյան աշտարակաշինությանը։

Իր գերդաստանով ու ցեղախմբով Հայկը մեզ երևում է քարե մուրճը ձեռքին` որպես տիտանական ուժի տեր, որպես  շինարար։ Նա հյուրընկալ է, կանխում է սովը,  համախմբում  աղքատության մեջ գտնվողներին, նրանց ընդգրկում շինարարական աշխատանքներում…

<<Այս ի՞նչ հարազատ լեզու եմ լսում… Հարանց տնի՞ց եք եկել, մեր պապերի բարձրիկ երկրից>>։

Հայկի խոսքը լեզվի,  պապերի երկրի նկատմամբ սիրո, հպարտության, կարոտի   զգացողություն է։ Արարող, ստեղծող մարդը` որպես պետության, տոհմի, գերդաստանի ղեկավար, պետք է նաև շինարար լինի, բայց  ոչ միայն բառի բուն իմաստով։

Քարոտ երկրի օրենքը`   <<թիկունք թիկունքի,  կպած են բարձրացնում պատերը, որ վտանգի պահին միասին պաշտպանվեն>>։

Դարերից եկած հզոր բանաձև է, որին նորօրյա հայացքով պետք է նայել։ <<Եթե հարձակվել չես սիրում, ուրեմն պիտի պաշտպանվես։ Բայց որ լավ ես պաշտպանվում, վախենում են, էլ չեն գալիս>>։

Այսօրեական է խոսքը, արդյո՞ք պետք է մոռանալ մեր Սուրբ լեռը։

<<Արարիչների ատյան` Ար-ար-ատ։ Աստվածները Սուրբ լեռան գլխին են անում իրենց դատը>>։

 Ասույթը դեռ որտեղից ու երբվանից է գալիս,  որ գաղտնիք էր. <<Երկաթը տաք-տաք են ծեծում>>։ Ու անհայտ մետաղը`  գանձ֊երկաթը հայտնություն է դառնում։

Բաբելոնի աշտարակը կառուցվում էր։ Մարդկանց աչքերը փայլում էին. <<Շուտ հասնենք աստվածներին, շու՜տ լսենք դիցերի երանելի ձայնը>> և որքա՜ն հարցեր ունեին` նրանց տալու։

 Արդյո՞ք աստվածներին ընդունելի է իրենց հասնելու մարդկային ձգտումը, նրանց դեպի վեր մղվելը։

Արդեն  ներքին հակասություններ են ծնվում  Բելի ու Հայկի միջև։ Մարդուկը գերագույն Աստվածն է, որի արձանը պետք է կառուցվեր։

<<Տեղեկություն կա, որ Բել-Մարդուկի անդրին ունեցել է 6 մ բարձրություն և զարդարված է եղել թանկարժեք քարերով>>։

Մենք տեսնում ենք, որ  այն Բելի դեմքով է սարքվում, աշտարակի արտաքին պատերը քարով պիտի շինվեին, բայց Բելը, օգտվելով Հայկի բացակայությունից, աղյուսով է շարել տալիս։ Եվ շուտով նա չի  էլ թաքցնում, որ ինքն է Բաբելոնի տիրակալը։ Բելի խարդավանքների մասին  գուժում են Հայկին։ Ինչո՞ւ են Բելի չսիրած մարդիկ սպանվում կամ աշտարակից սայթաքում։ Աշտարակն էլ  այլանդակել էին, տեսքը փոխված էր…

Հայկը համոզված էր, որ այն կփլվի վարար անձրևներից, և նա չէր սխալվում։ <<Աշխարհում ոչ մի անճոռնի բան կանգուն չի մնում>>, <<Բելին ասեք, որ անձրևները կբերեն աստվածների զայրույթի ձայնը>>։ Եվ աստվածները ոչ միայն անձրև ու քամի, այլև  հողմ ուղարկեցին։

Աշտարակը թեքվեց, սկսեց ճռճռալ, քանդվել… Ահավոր վայնասուն բարձրացավ, մարդիկ չէին կարողանում փրկել աշտարակը, ամեն մեկն իր խոսվածքով ու բարբառով էր, միմյանց անհասկանալի, մահվան աչքերին նայելիս, ցրտի ու սովի մեջ։  Արդեն մարդկանց համար Բաբելոնը սև քաղաք էր,  իսկ տեղի ունեցածից <<աստվածները ծիծաղում էին>>։  Եվ ի՞նչ էին պատգամում աստվածները։ <<Գնացեք-լցրե՜ք աշխարհը, ի՞նչ եք նստել աշտարակի փլվածքների մեջ>>։

Հեղեղներ սկսվեցին, <<Բելը, տաճարով ու սեփական արձանով տարված, ոչինչ չարեց  Եփրատի պատնեշների ամրացման համար>>։ Նա Մարդուկի արձանը տեղափոխում է մեկ ուրիշ տաճար և իրեն սկսում աստծո տեղ դնել։   <<Նա սկսեց  խաբել  այն օրվանից, երբ  փչեց իր փառքի շեփորը…>>։

 Ուղերձները շատ են, երբ ես-ի գիտակցումը  վեր է բարձրանում,  փառքի ձգտումը դառնում է կործանարար։

Հայկը որոշեց  իր գերդաստանով թողնել Բաբելոնը, չնայած իրենց ցեղը  <<չորս սերնդի քրտինք է թափել այդ քաղաքում>>։  Հարանց տուն տեղափոխվելը դարձավ նպատակ, երբ գիտեր, որ այդտեղ տուն են կորցնում, ունեցվածք,  այնտեղ հայրենիք են գտնելու։ 

Հայկի 300 հոգանոց գերդաստանը  թողնում է Բաբելոնը, ճանապարհվում Հարանց տուն, դեպի ազատություն…

Գեղարվեստորեն հագեցած է  Արմենուհի Դեմիրճյանի վիպակը,  այն ընթերցողին  բազմաթիվ ուղերձներով  տանում է դեպի  բանալի բառը,  դեպի գանձ-երկաթը, որով զենք են կռում։

Հայկին տնտեսության գործերի կողքին առավել շատ ոգևորում էր դարբինների աշխատանքը։ Նրանք սկսում են գիշեր-ցերեկ  երկաթ կոփել։ Երբ զենքի պաշարը լրացավ, հերթը հասավ զորավարժություններին։

Եվ հետո Հայկը երեքթևյան նետի սուլոցից պիտի հասկանար, որ երկաթե սլաքը կտրել   է նեռի պղնձե լանջապանակը, և Բելը շունչը փչել է։ 

Փառահեղ կռվեցին բոլորն էլ,  երբ Հայկի գերդաստանում պառակտում չկար, այնտեղ կուսակցություններ չկային, բոլորի պայքարը անօրեն թշնամու դեմ միաձույլ էր` հանուն մեկ գաղափարի…

Հետո Հայկը պատվիրեց, որ Հյուսիսի բարձրաբերձ լեռները եղբոր` Կովկասի անունով կոչեն։  Հաղթական ճակատամարտի վայրում կառուցեցին մի նոր դաստակերտ, անունը դրեցին Հայք, այսինքն` Հայկյաններ։ Հայկի անունը դարձավ նրա ազգատոհմի անունը` հայ,  երկիրը` Հայաստան, իսկ Հայկի որդիներն ու թոռները սկսեցին ընդարձակել հայրենի աշխարհի սահմանները։

Մեր շատ սիրելի Արմենուհի Դեմիրճյանի այս գիրքն ինձ համար հայտնություն է, նոր օրերին համահունչ,   ուղերձները` շատ, ամեն մեկը` մի-մի դաս,  որն ընկալելու և ընդունելու ժամանակները դեռ կգան…

                *****

<<Հայկ Նահապետ>> վիպակի վերլուծությունն ինձ տարավ նոր մտածումների, երբ  արցախցիներիս <<Հարանց տուն>> վերադառնալը  շատ ավելի  դժվար է, քան Հայկի համար էր։ Նրա գերդաստանը` 300 հոգանոց, համերաշխության, միասնականության, սիրո վառ օրինակ էր,  Մեծի, տվյալ դեպքում` Հայկի  խոսքը` օրենք,  երբ միտված էր  Հարանց  տունը պաշտպանելուն, թշնամու հրոսակներին ոչնչացնելուն, երկրի սահմաններն ընդարձակելուն,  ազատության մեջ ապրելուն… Իսկ դրա համար  պետք է զենք ունենային, և երկաթը դարձավ նրանց համար հայտնություն, որ զենք արտադրեն, տնտեսություն զարգացնեն ու միշտ պաշտպանված լինեն թշնամիներից։

Մենք առնչվեցինք 21֊րդ դարում հակառակ իրավիճակին, երբ ներսից ու դրսից մեզ օղակի մեջ առնելով,  շրջափակման մեջ իննամսյա հումանիտար ու էներգետիկ  աղետների մատնելով,  ապա հյուծված, սոված Արցախի դեմ 24-ժամյա պատերազմով ու պարտադրված բռնատեղահանությամբ, որ չցեղասպանվենք, ստիպված եղանք դուրս գալ հայրենիքից` կորցնելով Արցախը։

Եվ ինչո՞ւ։ Քանի որ 2022֊ի հոկտեմբերի 6-ին  Պրահայում ՀՀ վարչապետի հայտարարությամբ Ղարաբաղը ճանաչվել էր Ադրբեջանի մաս։

Հայկ Նահապետը, իր ժողովրդի կամքին հակառակ, երկիրը կհանձնե՞ր Բելին։ Բայց Արցախը հանձնեցին ներսից։ Հայկը հարևան երկրից չէր զենք հայթայթում կամ դաշնակից երկիր չէր փնտրում, երբ գիտեր, որ բազմահազարանոց զորքի դեմ է պատերազմելու, իսկ առայսօր <<մերոնք>> դաշնակից գտնելու թե ուրիշ երկրներից զենք գնելու փնտրտուքի մեջ են,  երբ երկաթը մեր <<տանն>> է։

Արցախը կորցնելուց հետո վտանգված են մայր երկրի սահմանները, քանի որ Արցախը դարպաս էր Հայաստանի համար։ Ինքս էլ մտահոգ եմ, շատ հետաքրքրված, թե ե՞րբ ենք մեզ թափ տալու, ե՞րբ ենք հասկանալու,  որ հողի խնդիրը գերակա է հացի խնդրից,  ե՞րբ ենք գիտակցելու, որ  Հայկ Նահապետի, նրա գերդաստանի Հարանց տունը պաշտպանելու մտածողությունը, նրանց ոգին, համառ պայքարի նպատակասլացությունը պիտի ունենանք,   ոչ թե  Արցախից հետո,  Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնելով, խաղաղություն մուրանք, և այն դեպքում, երբ թշնամու հայացքը ամբողջ Հայաստանի վրա է` Երևանով հանդերձ, չէ՞   որ  մեկ դար կյանք ունեցող անօրենների համար Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է։

Ու քանի դեռ օր օրի վատթարացող իրավիճակում ենք հայտնվում, դեռ Արցախ վերադարձի մասին խոսելը  վաղ է, պետք է մտածել մայր երկիրը փրկելու մասին։ Իսկ այն պետք է սկսել ներսից`  մեր հավաքական ուժով,  համախմբվածությամբ, հայության միասնականությամբ, այնինչ Սփյուռքն են ուզում անջատել Հայաստանից, ինչպես Արցախը անջատեցին… Ոչ թե  պատմական ու իրական Հայաստանը  պետք է բաժանել,  հայրենասիրությունն էլ վերացական երևույթ համարել, այլ հայրենիքի հանդեպ սերը, նրա պաշտպանությունը մեծից փոքրի համար պետք է  գերակա դառնա, հասկանանք, որ հայրենիքը մեր տունն է, մեր բակը, մեր այգին, մեր ծառը, մեր թուփը… Այլապես զատել-բաժանելով ո՞ւր ենք հասնելու…       Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ