Ծնվել է – հոկտեմբերի 21, 1992թ., Արցախ, Ստեփանակերտ:
Մարզաձեւը – ավանդական կարատե-դո:
Սկսել է պարապել – 3 տարեկան էր, երբ հաճախում էր պարապմունքի, 6 տարեկանում հանձնեց առաջին քննությունը:
Կարգախոսը – «Ինքնաճանաչում, ինքնազարգացում»:
Ձեռքբերումները սպորտում – Արցախի ավանդական կարատե-դոյի ֆեդերացիայի մարզիչ, սեւ գոտի երրորդ դան, ավանդական կարատե-դոյի ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի մրցանակակիր, աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Մասնագիտությունն ու աշխատանքը – ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ:
Սիրում է զբաղվել – մարտարվեստով, քանդակագործությամբ:
Կյանքում ամենից շատ արժևորում է – ընտանիքը:
Մարզիկը պետք է լինի – աշխատասեր, նպատակասլաց, ինչը զրկում է ազատ ժամանակից, բայց տալիս է արդյունք:
Նրա համար օրինակելի մարզիկները – կարատեի վարպետները, որոնք նույնիսկ մեծահասակ ժամանակ գտնվում են ֆիզիկական եւ մտավոր գերազանց վիճակում, ինչն արտահայտվում է նրանց կողմից անցկացվող սեմինարների ժամանակ եւ առհասարակ կյանքում:
Ընտանեկան կարգավիճակը – ամուսնացած է, երկու երեխայի հայր:
Վնասվածքը – 2017թ. Նորշենում (Արցախ) կայացած մրցման ժամանակ ստացել է ուսի (անրակի հոդախախտ) վնասվածք, որից հետո յոթ ամիս դադարեցրել է պարապմունքները մարզադահլիճում, բայց շարունակել է պայքարն իր ներսում: Հաղթահարելով բացասական հույզերը, թույլ տեղերն ու ցավը` վերականգնվել է եւ 8-րդ ամսում արդեն հաճախել պարապմունքի: Դրսեւորելով կամքի ուժ եւ նպատակասլացություն` հաղթահարել է հետվնասվածքային ծանր շրջանը եւ երեք ամիս ամենօրյա պարապմունքով ոչ միայն ապաքինվել է, այլեւ իր ֆիզիկական ցուցանիշները նորմայից բարձրացրել: 2018-ին մասնակցել է ՀՀ միջազգային առաջնությանը եւ մրցանակային տեղ գրավել:
Մոտեցումը – կարատեում, ինչպես կյանքում ամեն քայլ կատարել գիտակցված: Ամեն պարապմունքի ճանաչել մարզիկի հոգեբանությունը, աստիճանաբար պատրաստել ֆիզիկապես (մկաններ), տեխնիկապես (ուղեղի եւ մկանների համատեղ աշխատանք), ուղղորդել ինքնաճանաչման (ճիշտ շնչառություն, ինքնակառավարում, բացասական հույզերի հաղթահարում):
Մարզիչը պետք է լինի – օրինակելի անձնավորություն իր աշակերտների համար: Մարզիչը դաստիարակում եւ ձեւավորում է երեխային, իսկ երեխաները հիմնականում ընդօրինակում են իրենց մարզչին, ուզում են նմանվել նրան: Մարզիչն իր հավասարակշռությամբ, հույզերի արտահայտմամբ, խոսելու տոնով, զանազան օրինակներ բերելով, ֆիզիկապես, տեխնիկապես մեծ գիտելիքների ու բարոյական արժեքների կրողը լինելով` պետք է օրինակ ծառայի սաների համար, քանի որ հենց դա էլ կարող է լավ մարդ լինելու հիմքը դառնալ յուրաքանչյուր սանի համար: Մարզիչը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ, ձգտում, իմաստնություն ու նվիրվածություն: Մարզիչ միանգամից չեն դառնում: Մեծ վարպետներին բնորոշ համեստությամբ` սենսեյ Տիգրանն իրեն կայացած մարզիչ դեռ չի համարում. պետք է անընդհատ սովորել, ձգտել ու զարգանալ:
Արցախցի – Արցախցի լինելը որոշ տեղ դժվարացնում է, բայց միեւնույն ժամանակ ուժ է տալիս: «Բռնի տեղահանվելուց հետո ստիպված ենք դառնալ ավելի իմաստուն, քանի որ սկսում ենք նոր ճանապարհից նոր կյանք: Պետք է ստեղծենք ու արցախահայության ավանդույթները պահպանենք մեր իսկ Հայաստան աշխարհում»:
Բռնատեղահանվելուց հետո – Հաշվի առնելով բոլոր մտավոր եւ ֆիզիկական դժվարությունները, որոնց առնչվել է գաղթից հետո` կարողացավ նոր ուժ գտնել ու Հայաստանում ծավալել մարզչական գործունեություն, բացեց կարատեի դպրոցներ Երեւանի ծայրամասերում եւ մայրաքաղաքից դուրս` Աբովյան քաղաքում: Պարապմունքների սկսել են հաճախել մեծ մասամբ Արցախից բռնատեղահանված երեխաներ ու մեծահասակներ` իմանալով, որ իրենց մարզիչը վերաբացել է կարատեի խմբակներ Հայաստանում: Մարզիկների ոգեւորությունն ու պարապմունքների հաճախելու մեծ տրամադրվածությունն իր արձագանքն է գտել մարզչի սրտում` մոտիվացիայի նոր ալիք բացելով նրա մեջ:
Առաջիկա ծրագրերն ու նպատակը – Նորաբաց ակումբներ են հաճախում ու մարզվում շուրջ 50 արցախցի մարզիկներ, ինչպես նաեւ տեղացի աշակերտներ: Նպատակ ունեն զարգացնել ու մասսայականացնել Արցախի ֆեդերացիայի մասնաճյուղերը, համախմբել արցախահայությանը, ինչպես փոքրերին, այնպես էլ մեծերին ընդգրկել առողջ ապրելակերպի գաղափարի ներքո, պահպանել արցախյան բարբառը: Նախատեսվում է մրցաշարերի, միջոցառումների, ճամբարների կազմակերպում` համախմբվելով մեկ գաղափարի շուրջ. չկոտրվել, չկործանվել, ապրել ու արարել արցախյան ոգով:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ