1957թ. հոկտեմբերի 17-ին վախճանվում է Ավետիք Իսահակյանը: Հովհաննես Շիրազը մեծ ցավ է ապրում: Մեծ Վարպետի մահվան ու հոգեհանգստի կապակցությամբ գրում է մի բանաստեղծություն` «Էլեգիա», որը, սակայն, այդ ժամանակ չի տպագրվում որևէ տեղ:
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը տեղեկացրեց, որ 1964թ., երբ տպագրության է տրվել Շիրազի «Քնար Հայաստանի» գրքի 2-րդ հատորը, խմբագիր Գևորգ Հայրյանը կարողացել է «Էլեգիա»-ի 32 տողից ընդամենը 12-ը տպագրել գրքում: Դրանից հետո անհայտ է եղել բանաստեղծության ճակատագիրը: Շիրազը մեքենագիր տարբերակը հանձնել է խմբագրություն, որն էլ չի գտնվել: Ս. Մուրադյանը, որը շատ մտերիմ է եղել Շիրազի հետ, կես դարից ավելի փնտրել է, որ գտնի «Էլեգիա»-ն, չի ստացվել: Բարեբախտաբար Շիրազը նույն բանաստեղծության մի օրինակ էլ 1980թ. հանձնել է Լենինականի այդ ժամանակվա քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին: 2023-ի ամռանը Դ. Հարությունյանը Շիրազի «Ղարաբաղի ողբը» և «Էլեգիա» բանաստեղծությունների տպագիր էջերը պահ է տվել Գյումրիում գործող «Դպիր» հրատարակչության հիմնադիր տնօրեն, բանասեր Հովիկ Կարապետյանին: Ճանաչելով Սամվել Մուրադյանին և իմանալով, որ նա զբաղվում է նաև Շիրազի ստեղծագործությունների հրատարակմամբ` Հ. Կարապետյանն էլեկտրոնային փոստով բանաստեղծություններն ուղարկում է գրականագետին: Այսպիսով գտնվում է երկար տարիներ անհայտության մեջ մնացած բանաստեղծությունը:
Այս նախաբանը լրագրող Զոհրաբ Ըռքոյանի հոդվածից է: Նա մայիսի 24-ին մասնակցել է Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում «Էլեգիա» բանաստեղծությանը նվիրված գրական ցերեկույթին: Այդ մասին հանգամանալից տեղեկատվությունը տեղադրվել է Lusarar.info կայքում և «Լուսարար»-ի ֆեյսբուքյան էջում:
ԷԼԵԳԻԱ
Անմահ Ավետիք Իսահակյանին
Ո՛վ Մանթաշի անուշ հովեր, էլ չեք սիրտս հովացնի,
Ա՜խ, ես հորս շունչը կուզեմ, որ իմ հույսը ծովացնի-
Իրա՛վ, հա՛յր իմ, չէ՞ որ դու դեռ Մասիսն էիր ելնելու.
Դարձի՛ր, բլբու՛լ, ո՞ւր ես գնում, Բինգյոլն ո՞ւմ ես թողնելու…
Արագածի պաղ աղբյուրնե՛ր, հուր արցունք եք այսօր թվում.
Ձեր հազարան բլբուլն ընկավ. հազար տեղով սիրտս է ցավում,
Էլ ո՞ւմ պիտի սեր դայլայլե, ա՜խ, բլբուլս էս ի՞նչ դառավ…
Հիմա իրավ դագա՞ղն է սև, թե՞ աչքերիս լույսը թռավ:
Սգա՛, անսուգ իմ Հայաստան, ընկավ կաղնին մայր անտառիդ,
Ա՜խ կտրվեց ամենասուրբ ոսկե լարը մեծ քնարիդ,-
Դու էլ ամպե, իմ Արարատ, ձյունե թագդ վար խոնարհե.
Ընկավ թագը հույսիս գլխից, էլ ո՞վ պիտի քեզ տուն բերե…
Էլ ո՞վ պիտի վիշտս կիսե, իմ Սևանս ծովացնի, –
Սևանն, ավա՜ղ, արցունք դառավ բյուր աչքերում Հայաստանի:
Մենակ ինչպե՞ս ծովացնեմ ցամաքածը մեր Սևանա.
Մենակ ինչպե՞ս փրկեմ Մասիս, ո՞նց տուն բերեմ ծովն էլ Վանա:
Կարծես Անին նորից փլվեց. մի նոր Սիփան խլվեց, ավա՜ղ…
Ետ բերելու հույսն էլ փլվեց, մի նոր Նարեկ մտավ դագաղ:
Տիեզերքի պերճ հյուսվածքն էր` Նարեկացու երգի նման,
Ինչպե՞ս պիտի մի բուռ հողը ծածկե սրտիկն իր անսահման:
Հա՛յր իմ, քարերն անգամ լացին, ու քիչ մնաց լեռն Արարատ
Շղթան կտրե, Արազն անցնի, ծունկի իջնի, ողբա վրադ…
Բայց, ախ չէ՞ որ մենք դեռ անհաս Մասիս էինք բարձրանալու,
Մեկտեղ էինք Մասիսն ի վեր`այրվող սրտներս հովին տալու,-
Թե ինձ թողիր քնարն հայոց, Մասիսն ո՞ւմ ես դու թողնելու,
Մի՞թե ես էլ պիտի մեռնեմ` առանց Մասիս բարձրանալու,
Վշտիս հուրը ծով կուլ կտա` ցավս այն հողն է բովանդակ,
Հավատում եմ, սակայն վաղվան,
Կհովանա վիշտս վայրագ`
Հայոց վշտի հրաբուխը լոկ Մասիսի սուրբ ձյունի տակ…
Թեկուզ հազար տարի անցնի, աշխարհ կգանք մենք միասին`
Հայոց թագը պիտի տեսնենք դրված այնտեղ` Մեծ Մասիսին:
Հովհաննես Շիրազ
17. 10. 1957թ.