1
Արցախից բռնատեղահանվելուց հետո հասկացա, որ հայրենիքում մնաց իմ ուսուցչությունը: Այն մանկավարժի պատվաբեր գործունեություն էր Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այն ճանապարհ էր, որ տարիներով անցա մի մանկավարժական և բազմաթիվ աշակերտական կոլեկտիվներում, որտեղ մեծ հարգանք ու սեր կար Ուսուցչի հանդեպ: Այն պատվաբեր ճանապարհ էր, որով անցնողը հպարտություն է զգում, որ իրեն բախտ է վիճակվել անուն ու հեղինակություն թողնել իր հետևում:
Այդ ճանապարհը կարոտաբեր է դառնում, երբ կորցնում ես հայրենիք, տունուտեղ, ընկնում նոր աշխատանք գտնելու փնտրտուքի մեջ և հասկանում, որ երանություն էր Արցախի ուսուցչուհի լինելը, անգամ, երբ վերջին երկու տարում թոշակառու մանկավարժ էի` դպրոցում ժամանակավոր աշխատելիս:
……………..
Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց մեր հիշողության մեջ ամուր նստած դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ լինենք:
Հայրենիքը կորցնելուց առաջ ինն ամսից ավելի մեզ սովահարության տարան, պարտադրեցին, որ ապրենք ցրտահարված, առանց լույսի, բազում աղետների մեջ: Եվ զարմացան, որ հնարամիտ հայն ապրել գիտի, գոյատևել գիտի, որքան էլ օղակը սեղմեն: Ու սեղմեցին, որքան կարող են, սեղմեցին նոր զոհերի գնով, սեղմեցին հայրենիքը մեզանից դատարկելով, սեղմեցին մինչ հասան մեր ոսկորներին, ու երբ հասավ ջարդելու, մեզ բզկտելու, վերջացնելու պահը, քիչ դադար տվին, որ հեռանանք այն հողից, որում ծնվել, ստեղծել, արարել ենք…
Կոտրված, ջարդված ու բզկտված հասանք մայր երկիր` մեր ներսում ահռելի ավերածություն` նոր զոհերի, հայրենիքի կորստով, բայց համոզված, որ պիտի ամեն րոպե, ամեն ժամ, ամեն վայրկյան մեր գրկում ամուր սեղմած պահենք Արցախը, որ գերության մեջ չմրսի, իր զավակներից զրկված մեր սրբավայրն ամուր պահենք մեր սրտերում, որ մենության մեջ աղեկտուր չհեծեծա…
Ամեն անգամ հաց համտեսելիս նորից մտովի հայտնվում եմ Արցախում` արևածագի հացի հերթերում: Որքա՜ն առատ է հացը աշխարհում, իսկ մենք սոված, երբեմն կիսասոված էինք: Որքա՜ն առատ է աշխարհում լույսը, իսկ մենք ամեն օր ժամերով առանց լույս էինք: Նույնքան առատ է այստեղ գազամատակարարումը, իսկ մենք զրկված էինք ջեռուցումից, կաթվածահար էր ավտոճանապարհների երթևեկությունը, իսկ աշխարհում վառելիք կա, որքան ասես: Ցավոք, վառելիքն էլ դարձավ Արցախում նոր զոհերի պատճառ:
Մեր արմատներին, ազգային արժեքներին կառչած, դարերով հայկականը պահպանելով, հավատարիմ մեր նախնիների թողած ժառանգությանը` ապրում էինք մեր հավատքով, մեր ավանդույթներով, իսկ աշխարհին լեզու թե հավատ չէր հետաքրքրում, երբ անբարոն հաղթել էր բարոյականին, հին ու ազնիվ արժեքները տեղի էին տվել` իրենց տեղը զիջելով անպատվաբերությանը, երկսեռ կյանքը բախվում էր եռասեռ ու միասեռ անբարոյականությանը:
Այս նոր աշխարհը մերը չէր, երբ դեմառդեմ բախման էին ելել ազնիվն ու անազնիվը, մարդկայինն ու անմարդկայինը, բարոյականն ու անբարոյականը… Ու դարերից եկած մի կտոր երկիր իր մաքուր տեսակն էր ի ցույց դրել չարաղետ աշխարհին, իսկ աշխարհը, առանց աչք թարթելու, նայեց, թե ինչպես են վերացնում այս ժողովրդին պատերազմներով թե սովահարությամբ, ցրտահարությամբ թե մեր գլխին բերած բազում աղետներով:
Արցախցիների դիմադրությունը կոտրելու վերջին տարբերակը մեզ ոչնչացնելն էր, հայրենիքից զրկելը, հայրենի հողից քշելը… Ու բազում զոհերով հայրենազուրկ դարձանք, բայց չմոռացանք, որ ինչպես էլ լինի, ուղղակի ապրել է պետք, Արցախի մասին հիշողությունը թարմ պահել է պետք, իսկական արցախցու հայկական գենը սերնդեսերունդ փոխանցել է պետք…
2
24-ժամյա պատերազմ: Մարտակերտում դպրոցի ապաստարանից մեր բազմաբնակարան շենքի նկուղ տեղափոխվեցինք:
Կապերն անջատված են, չեմ կարողանում մինչև երկինք հասնող իմ բարձրակոչ խոսքերը շարել, բայց ձեռքի պայուսակիս մեջ գտնում եմ անդորրագրեր, որ պետական տուրք եմ մուծել լույսի, ջրի, հեռախոսի համար: Ու ալեկոծված հոգիս հանդարտեցնելու համար լապտերի աղոտ լույսի տակ այդ թղթերին եմ հանձնում վրդովմունքս, որ փոքր-ինչ թեթևացնեմ զայրույթս, երբ ներսումս կուտակված հրաբուխը ուր որ է` պիտի ժայթքի:
Ժամեր տևող հրթիռակոծության տարափի տակ արտասվող մայրեր, կծկված կանայք` երեխաներին գրկած… Անորոշություն, թե ինչ է լինելու մեզ հետ… Նկուղի ցեմենտե հատակի այս կամ այն անկյունում փոքրիկ երեխաներ, որոնց մայրերը հոգ են տանում քնեցնելու կամ նրանց սովածությունը հաղթահարելու… Իրար խառնված բնակիչներ, որ փորձում են տուն մտնել, գոնե փաստաթղթեր վերցնել, անհրաժեշտ իրեր:
Մեքենան, որով դուրս եկանք, վարում էր դպրոցական թոռնիկս: Աչքիս նա րոպեներով աճեց, ժամերով մեծացավ, երբ հայրը դիրքերում էր: Շտապ հոր մեքենայի ղեկը ձեռքն առավ… Ընտանիքով էինք, խնամի բարեկամներով: Հարազատ մարդիկ, որոնց ուղեկցությամբ ու առաջարկ-խորհուրդներով նա մեքենայով հետևեց մեծերին, և շուտով Մարտակերտից դուրս եկանք: Բայց դեպի ու՞ր, մենք էլ չգիտեինք: Սկզբում շրջանի գյուղերից մեկը նկատի ունեցանք, բայց շուտով փոխվեց ուղին դեպի Ստեփանակերտ:
Տանկը, որ կրակահերթ էր բացել, կողքով անցանք: Կրակում էր տանկիստ զինվորը անտառ մտած թշնամիների ուղղությամբ: Շուտով շրջանի վերևի գյուղեր տանող անտառամիջյան ճանապարհը թշնամին վերցրեց իր հսկողության տակ:
Զանազան լուրերն աղավաղել էին մեր մտքերը, որ մռայլ էին, գուժաբեր` տղաները զոհվել են, վիրավորներ ունենք, նրանք շրջափակման մեջ են, գյուղեր կան, դատարկվել են… Ու խցանված ճանապարհներ, դատարկված գյուղերի բնակիչներ` կոտրված, ջարդված, ճղակոտոր, որ տունուտեղ թողած` չգիտեին` ուր գնալ… Ու զոհերի, անհայտ կորածների, վիրավորների անուններ են ավելանում: Եվ գյուղեր, որոնց վրա թշնամու դրոշն է ծածանվում: Անջատված հեռախոսները ձեռքներիս` կապի միջոցներից կտրված:
Արցախը կուլ էր գնում` աշխարհից մեկուսացած, բայց չար աշխարհի հայացքի ներքո… Անհնար էր արցախցիներիս հոգու կսկիծն արտահայտել, երբ մեզանից յուրաքանչյուրը յուրովի ուներ վշտի իր բաժինը` անսահման, անեզր, տարածական, խորապես ծանր ու աներևակայելի կսկծացնող:
Ստեփանակերտում էլ լույս չկար… Ի՞նչ անել, դեպի ո՞ւր գնալ, երբ ճանապարհները` թե՛ դեպի Մարտակերտ, թե՛ Հայաստան, փակված են: Եվ ահա մայրաքաղաքում հյուրընկալ ընտանիք, որ իր հարկի տակ բոլորիս պատսպարեց:
Բարձր ճնշումս արգելակում է միտքս, ու չգիտեմ` մեր ողբերգության ո՛ր ծայրը շոշափել, երբ ամեն տեղ ցավոտ է, բաց վերքերով, որոնք երբևէ չեն սպիանա: Սիրտ էր պայթում անզորությունից, երբ չգիտեինք, թե դեպի ուր նայել, երբ դարերով անցած նստակյաց արցախցիները քոչվոր էին դառնում: Սպասում էինք, երբ խավարով էին պատված մեր մտածումները, երբ մեզ հասած լուրերը գուժում էին անասելին` մահասարսուռ, սարսափազդու…
Նորացվում էր զոհերի թիվը, նորացվում էին անուններ, ու չէինք ուզում հավատալ, որ երիտասարդ կյանքերի զոհաբերությամբ պիտի «լուծվեր» Արցախի հարցը դեպի անկում:
Մենք ծնկի եկած չէինք, մեզ շամփրեցին, նետեցին գետնին` ոտնատակ տալով, մեզ ծեփեցին պատին, որ ուշքի չգանք: Թե մարդկային ուղեղն այս անչափելի տառապանքը որքա՜ն կարող էր իր մեջ տեղավորել, չգիտեմ, բայց թվում էր` մտածելու կարողությունից զրկված` թուղթ ու գրիչ էի փնտրում, որ շարած տողերով հույզերս թեթևացնեմ:
3
Ստեփանակերտից դեպի Հայաստան բռնագաղթի ճանապարհը երկար էր, ծանր` կիլոմետրերով ձգվող մեքենաներով, մեկընդմեջ մեզ ուղեկցող խցանումներով… Երկնքից թափվող անձրևը մեքենաների պատուհաններն էր թմբկահարում, որ արձագանք էր տալիս մեր հոգում, խոցում մեր վերքոտ սրտերը:
Ամեն պահ, մտքերիս մեջ ընկած, բնակարանիս բոլոր անկյուններն եմ քրքրում, շոշափում այս կամ այն իր, պատերից անցնում եմ գույքին, այն բազմոցին, որի վրա նստում էի, այն համակարգչին, որի ստեղնաշարի վրա մատներս շարում էին տողեր, որոնք գրքեր են դարձել…
Մինչ տարհանվելը` նկուղից դուրս եկա, մտա տուն` մի քանի կարևոր իր վերցնելու: Գրքերս շոշափեցի, ցանկացա վերցնել, երկընտրանքի մեջ ընկա, բայց թողեցի սեղանին` ափսոսանքով նայելով իմ տքնաջան աշխատանքի պտուղներին:
Տնից դուրս եկա` հազիվ զսպելով ալեկոծությունս: Սպասման մի քանի րոպեներ, ապա միանգամից մտափոխված մտա տուն, շտապ վերցրի մեկական գիրք` ծանր մտածումներով. «Այս վեց գրքում մանկավարժի կյանք կա, պատմական ժամանակաշրջանի արձանագրում, որ պետք է պահպանել»:
Դեպի Հայաստան բռնատեղահանությունը, ուզենք թե չուզենք, արցախցիներիս տանում է դեպի Հակարիի կամուրջը` ադրբեջանական անցակետը: Մինչ հասնելը` հոգնած ու կոտրված հայրենազուրկներս հազար ու մի զրույցներով ծանրաբեռնված ենք մոտենում այդ կամրջին` ինչպե՞ս կանցնենք, որքանո՞վ կկարողանանք տիրապետել մեզ, որ հաղթահարենք թշնամու սադրանքները, ովքե՞ր կընկնեն նրանց ծուղակը, և կամ մեր դեմքին դաջված ատելությունը ինչպե՞ս կարող ենք քողարկել…
… Աղետաբեր որջից հեռացանք` ճանապարհը շարունակելով դեպի Գորիս դատարկված հոգով, որ Արցախը մնաց հեռվում, հայրենիքը` թշնամու գերության մեջ: Մտածումներս խտացած էին, այլևս երկնքից թափվող մանանա չէր երևում, երբ անեծքները բազմաբյուր էին: Տեղատարափ էր, կայծակ, որոտացող երկինք, որից սարսռում էինք…
Մեծ քաղաքում ապրելը, քաղաքի արտաքին շքեղությունը վայելելը երևի ինձ համար չեն, չնայած երեսուներկու տարի առաջ նույն զգացողությունն եմ ունեցել, երբ Մարտակերտը գերության մեջ էր, մենք էլ` փախստականի կարգավիճակով ռուսական քաղաքում:
Երեկոյան Երևանն ինձ տեսանելի է դառնում լույսերի շքեղության մեջ, բազմաթիվ մեքենաների խցանումներով: Վերջինն ինձ հիշեցնում է մեր հապճեպ տեղահանությունը` մարդկային հոծ բազմությամբ, մեքենաների տեղաշարժի հետ կապված կանգառներով…
Ամեն ինչ հիշեցնում է հայրենիքը, որտեղ ապրել ենք մի ամբողջ կյանք: Սա կարոտ է, պոռթկացող ցավ, որ երբեմն ներսումդ կուտակում ես, երբ զգում ես, որ անհնար է հաշտվել այն իրականության հետ, որում կանք տասնյակ հազարավորներ:
Սա գլխապտույտ է, մի անհավատալի շրջադարձ, որ ապրածդ տարիների համուհոտն ես զգում, անգամ շրջափակման ծանր օրերն ես վերհիշում ու երանություն տալիս այդ օրերին: Ամենուր լույսեր են փայլփլում ու փնտրում ես այդ լույսերի խտության մեջ քո բաժին լույսը, բայց չես գտնում: Ու շտապում ես վարձակալած այն բնակարանը հասնել, որտեղ մտածումներիդ ազատություն կտաս` թաց աչքերդ սրբելով, չմոռանալով այն բոլոր արհավիրքները, որոնց միջով անցել ես ու դեռ պիտի անցնես…
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ