ԳՈՒՐԳԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԻՄ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Կան ընկերներ, որոնք այնպես են ձուլվում քո ապրած տարիների էությանն ու ընթացքին, որ անհրաժեշտության դեպքում դժվարանում ես գրել նրանց մասին:

Իմ լավ ու սրտակից ընկերների շարքում Գուրգեն Բաղդասարյանն առանձնահատուկ տեղ է գրավում:

Իմ ու Գուրգենի ընկերությունն առանձնահատուկ է այն առումով, որ այն ուսանողական տարիների ընկերություն է` սկիզբ առած ու ծիածանված  ուսումնառության հասուն տարիների հետ:

Անմոռանալի հիշողություն է այն տարին, որն իմ ու կուրսընկերներիս համար բնութագրվում է որպես 1940/1950 ուսումնական տարի:

Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմությունը հարուստ ու բազմերանգ է: Հենց այդ բազմերանգ կամարի տակ եղավ իմ ու Գուրգեն Բաղդասարյանի ընկերությունը, որը նոր իմաստ ու ընթացք ունեցավ մեր կյանքում:

Առաջին կուրսի պարապմունքների առաջին օրը դիմավորեցինք ուրախության անմոռանալի զգացումով: Ստացվեց այնպես, որ Աստծո կամոք ես, Գուրգեն Բաղդասարյանը, Միքայել Բալյանը, Խորեն Բաղդասարյանը ուսումնական տարվա հենց առաջին օրվանից եղբայրացանք արցախյան հավատարմությամբ ու ազնվությամբ:

Մեր կուրսում հենց առաջին օրվանից հայոց լեզվի ժամերին առավել աչքի ընկնողը Գուրգենն էր, առանձնապես` լեզվի ժամերին նախադասությունների վերլուծության ժամանակ: Այդ կապակցությամբ հաճելի ապրումներ ունեցանք, երբ իմացանք, որ Գուրգենն ամուսնացած է, կինը հայոց լեզվի հանրաճանաչ ուսուցչուհի Սիրանուշն է:

Երբ ավարտեցինք բուհը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Անտոնյանն իր մոտ հրավիրեց ինձ, Ալբերտ Գրիգորյանին, Գուրգեն Բաղդասարյանին ու Մարուսյա  Բաղրամյանին: Առաջարկեց միաժամանակ և՛ դասավանդել բուհում, և՛ շարունակել ուսումն ասպիրանտուրայում: Այդպես էլ ստացվեց. ես ու Ալբերտ Գրիգորյանը` հայ և արտասահմանյան գրականության գծով,  Գուրգենն ու Մարուսյան` հայոց լեզվի:

Ասպիրանտուրայի 3-րդ (վերջին) կուրսում ես պաշտպանեցի թեզ, արժանացա բանասիրական գիտությունների թեկնածուի կոչման, իսկ հետագա տարիներին պաշտպանեցին իմ մյուս ընկերները:

Լեզվաբանական առարկաների գծով միանգամայն գոհացուցիչ էր Գուրգենի դասավանդումը: Դա իր դրական հիմքն ու պատճառն ուներ: Մինչև բուհ ընդունվելը Գուրգենը դասավանդել է Բաքվի Կիրովի շրջանի հայկական միջնակարգ դպրոցում, որտեղ էլ հենց ծանոթացել էր ուսուցչուհի Սիրանուշի հետ ու ամուսնացել:

1962թ. ՀՀ ԳԱ Աճառյանի անվան գրականության ինստիտուտում Գ. Բաղդասարյանը պաշտպանել է թեզ` «Ստ. Զորյանի պատմական եռագրությունը» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա արժանացել դոցենտի ու պրոֆեսորի գիտական կոչման և իրեն դրսևորել որպես հմուտ լեզվաբան:

1969թ. Ադրբեջանի կառավարող շրջանների ազգային խտրականության հետևանքով փակվեց Բաքվի մանկավարժական ինստիտուտում 1932-ից գործող հայկական բաժինը և տեղափոխվեց Ստեփանակերտ: Առանց երկմտելու մենք միասին եկանք հայրենի Արցախ ու շարունակեցինք գիտամանկավարժական մեր գործունեությունը: Հարազատ ծննդավայրում Գ. Բաղդասարյանը նոր եռանդով լծվեց ոչ միայն մանկավարժության, այլև լեզվաբանության գործին: Նա ժամանակակից հայերենի կարևոր հիմնախնդիրների շուրջ հանդես էր գալիս գիտաժողովներում, ամսագրերում, կենտրոնական թերթերի էջերում: 1994թ. լույս տեսան նրա «Բայասեռի խնդիրները ժամանակակից հայերենում», իսկ 2004-ին` «Արդի հայերենի բայասեռի և բայակազմության հարցեր» գրքերը:

Գ. Բաղդասարյանը 1982-1988թթ. եղել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, մասնակցել հայ բարբառագիտությանը և հայոց լեզվի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողովներին: Պարգևատրվել է պատվոգրերով, 2006թ. արժանացել ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Յուրաքանչյուր մասնագետ ունենում է իր նշանաձող հանդիսացող երկը: Որպես լեզվաբան` Գ. Բաղդասարյանի երկար տարիների վաստակի արդյունքը հանդիսացավ «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարանը»` երկու հատորով: Առաջին հատորն ընդգրկում է Ա-Կ բառաշարքը, իսկ երկրորդը` Հ-Օ: Գ. Բաղդասարյանն այդ ուղղությամբ կատարել է հայագիտությանը հետաքրքրող մեծ աշխատանք: Ղարաբաղի բարբառը, որ հայ հնագույն բարբառներից է, հազարամյակներ շարունակ ծառայել է արցախցուն: Հայտնի են շուշեցի Ավ. Բահաթրյանի, մեծ գիտնական Հ. Աճառյանի ուսումնասիրությունները Ղարաբաղի բարբառի վերաբերյալ: Գ. Բաղդասարյանն իր «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան» երկհատորյա գրքերով մի հետաքրքիր, նոր էջ ավելացրեց հայ բարբառագիտությանը: Նրա այս գործը կարելի է համարել լեզվաբան Կ. Դավթյանի «Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը» հանրահայտ աշխատության ինքնատիպ շարունակություն: Գ. Բաղդասարյանի սույն գրքերում տեղ են գտել ոչ միայն Արցախի բարբառում գործածվող բառերն ու բառակապակցությունները, այլև օրհնանքները, բարեմաղթանքները, անեծքները, առածները, հանելուկները, ժողովրդական ծիսակատարությունները, խաղերը, կերակրատեսակները, որոնք նկարագրվում են մանրամասնորեն: Դրանով էլ հենց հիմնավորվում է բառարանի հանրագիտարանային բնույթը: Վաստակաշատ լեզվաբանը աշխատում էր բառարան-հանրագիտարանի 3-րդ գրքի վրա: Սակայն նա չհասցրեց ավարտել այդ նշանակալից գործը` մահկանացուն կնքելով 2012թ. փետրվարի 18-ին: Այս առումով շնորհակալ գործ է կատարել «Լուսարար» թերթը` տպագրելով Գ. Բաղդասարյանի անտիպ այդ գրքից մասեր:

Վաստակաշատ լեզվաբանը պատրաստել է հայոց լեզվի հազարավոր մասնագետներ: Վստահ ու համոզված եմ, որ նրա սաներից մեկը շարունակելու է իր անմոռանալի դասախոսի գործը:

Գ. Բաղդասարյանի ուսումնասիրություններն ու երկհատորյա «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան»-ը միշտ լինելու են թե՛ սովորողների և թե՛ հայոց լեզվի մասնագետների սեղանի գիրքը, որոնք մեսրոպյան ոսկեղենիկ լեզվով միշտ հուշելու են դրանց վաստակաշատ հեղինակի անունը` Գուրգեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ։

Երջանիկ է այն գիտնական մանկավարժը, որն իր դասավանդման տարիների ընթացքում իր սաներին է նվիրում ոչ միայն գիտելիքների անհրաժեշտ բույլը, այլև սիրտն ու հոգին:

Նման գիտնական մանկավարժներից էր Գուրգեն Խաչատուրի Բաղդասարյանը, մեր լեզվաբանության արցախածին աստղերից մեկը:

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

Խմբագրության կողմից.

Վերջերս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից լույս է ընծայվել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի կազմած և խմբագրած «Արցախի ժողովրդագիտությունը. Ղարաբաղի բարբառը» 20-հատորանոց մատենաշարի 14-րդ հատորը, ինչի առթիվ կազմակերպվել է շնորհանդես: Այդ մասին «Լուսարար»-ն ընդարձակ տեղեկատվություն է տպագրել իր նախորդ համարում: Գրքի տիտղոսաթերթում նշվում է, որ մատենաշարը ներառում է Արցախի ազգագրությանն ու բարբառին վերաբերող այն հիմնական նյութերը, որոնք գրառվել ու հրատարակվել են 19-րդ դարի կեսերից առայսօր կամ դեռևս ձեռագիր վիճակում պահվում են տարբեր արխիվներում: Նորահրատարակ 14-րդ հատորի ընդարձակ ցանկում նշված են նախորդ բոլոր 13 հատորներում ներառված հեղինակների աշխատությունները, սակայն դրանցում Գուրգեն Բաղդասարյանը չկա: Շնորհանդեսի ժամանակ մատենաշարի խմբագիր Արմեն Սարգսյանն իր ելույթում նշեց հետագա հատորներում ներառվող հեղինակների նյութերը, և մեզ հասկանալի դարձավ, որ Գ. Բաղդասարյանն այդ հատորներում չի ընդգրկվելու: Միաժամանակ նշենք` 14-րդ հատորում ընդամենը ժլատ տեղեկություններ կան Գ. Բաղդասարյանի «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան»-երկհատորյակի մասին (տես՝ հ. 14, էջ 27):

Հատկանշական է, որ մահվանից առաջ Գ. Բաղդասարյանը մի թղթապանակ ձեռքին այցելել էր «Լուսարար» թերթի խմբագրություն` և ասել, որ թղթապանակում իր անտիպ գիրքն է: Մտահոգություն հայտնելով, որ իր մահից հետո ոչ մեկը չի հետաքրքրվելու դրանով, նա հավաստիացրել է, որ այդ հարցում լիովին վստահում է «Լուսարար»-ին: 2012 թվականին թերթը ձեռնարկեց Գ. Բաղդասարյանի ներկայացրած` մինչ այդ անտիպ գիտական նյութերի տպագրությունը, որն օբյեկտիվ պատճառներով մի քանի  ամիս  հետո դադարեցվեց: Այնուհետև, այդ նյութերի տպագրությունը վերսկսեցինք 2022թ.: Հասցրինք տպագրել «Արցախցին` բառաստեղծ» բառարանը, որտեղ ամփոփված են արցախցու ստեղծած բառերը, ապա` դարձվածքները: Թղթապանակում առկա էին նաև պարսկերենից, արաբերենից, թուրքերենից, ռուսերենից կատարված փոխառությունները, սակայն դրանց ծավալուն լինելու պատճառով չկարողացանք թերթում տպագրել ու որոշեցինք հովանավորի միջոցով գրքի տեսքով տպագրել, որն ըստ էության կլիներ Գ. Բաղդասարյանի «Արցախի բարբառի բառարան-հանրագիտարան»-ի 3-րդ հատորը: Սակայն չհասցրինք մտադրությունն իրականություն դարձնել…

Այսօր Գ. Բաղդասարյանից մեր ձեռքի տակ ունենք միայն այն, ինչ տպագրված էր «Լուսարար»-ում: Հետաքրքրվողները դրանք կարող են գտնել Lusarar.info կայքի «Արխիվ» բաժնում:

Անկեղծ ասած, մենք տեղյակ չենք եղել «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի մասին, որը սկսել է հրատարակվել 2018 թվականից (Արցախում այն չի հանրայնացվել, տեղյակ էին միայն նեղ շրջանակի մարդիկ. առաջին անգամ շնորհանդես Երևանում է կազմակերպվել, ինչպես նշեցինք, 14-րդ հատորի կապակցությամբ), այլապես ժամանակին կարձագանքեինք: Դժվար է ասել, թե ինչու գործընկերներին դիմելու փոխարեն, որոնց մի մասը նրա սաներն են, նա «Լուսարար»-ին է վստահել իր ձեռագրերը: Կարծում ենք, ճիշտ կլիներ Գ. Բաղդասարյանի աշխատությունները ևս «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարում ընդգրկելը: Դա կլիներ հարգանքի տուրք անվանի լեզվաբանի հիշատակին:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ