Պատում Դ
Ինչքան մոտենում էինք դժոխքի գծին, այնքան ավելի անհամբեր էինք դառնում: Ճանապարհին հանդիպում էին տեսարանների, որոնք ուղղակի մարդու ուղեղ էին ցնցում: Հայրենիք էինք թողել մեր ետևում, բայց, չգիտես ինչու, շտապում էինք հեռանալ հայրենի հողից ու հատել դժոխքի գիծը: Գժվելու բան է, բայց արի ու տես, որ չէինք գժվում…
Ճանապարհի աջ ու ձախ եզրերին մեքենաներ էին թողնված բախտի քմահաճույքին. հավանաբար փչացել էին, ու տերերը թողել-գնացել էին: Շատերը տնային իրերով էին բեռնված մնացել, ու <<լավ տղերքը>> անգամ գաղթի ճանապարհին չէին կորցրել իրենց, քանդել-տարել էին պահեստամասերը` հավելյալ փող աշխատելու համար: Ուրիշների զրկանքի ու կորստի հաշվին փող էին վաստակելու առանց խղճի խայթի. ա՜յ քեզ տմարդի վերաբերմունք: Սիրտս ճմլվում էր ցավից ու անճարակությունից: Մտածում էի` այսպիսի թափթփուկների ու տականքների պակաս, ցավոք, մեր ազգը երբեք չի ունեցել:
Մինչ տականքներն իրենց գործն էին անում, մենք շարժվում, շարժվում էինք, սակայն տեղ չէինք հասնում: Ճանապարհը նորակառույց էր, սակայն նորակառույցի նման չէր /էդ էր պակաս, որ մեր թշնամին սրտացավորեն մեզ համար նորմալ ճանապարհ կառուցեր/. աջ ու ձախ եզրերն արդեն ճաքճքել ու փլվել էին հեղեղներից` վտանգելով անցորդների կյանքը: Ահա թե ինչու էին մեր հարազատներն անչափ անհանգստանում մեզ համար: Նրանք արդեն հատել էին դժոխքի գիծը, մայր հայրենիքում էին և զգուշացնում էին, որ գիշերով հանկարծ չհայտնվենք եզրերի վտանգավոր մասերում, մեքենան քշենք կենտրոնական հատվածով: Արդեն քանի՜-քանի՜ վթար էր տեղի ունեցել: Աստված օգնական բոլորին:
Ճանապարհին երբեմն-երբեմն շտապօգնության մեքենաներ կամ ավտոբուսներ էին դիմացից հայտնվում, որոնք հազիվ էին ճանապարհ հարթում` առաջ գնալու համար: Շտապօգնության մեքենաները շտապում էին` օգնություն ցուցաբերելու ճանապարհին վատացած մարդկանց, իսկ ավտոբուսները Արցախ էին շտապում` այդտեղ մնացած անօգնական ծերերին, կանանց ու երեխաներին ժամ առաջ մայր հայրենիք տեղափոխելու համար: Խախտված ու ոտնահարված էին բանական ու բնական բոլոր իրավունքները: Ո՞վ տվեց մեզ այսքան ցավ ու վիշտ:
Երեխայի պես անհամբեր ու անհանգիստ` ամեն դադարի ժամանակ հարցնում էինք մեկս մյուսին, թե քանի՞ կիլոմետր դեռ ունենք գնալու մինչև Հակարի կամուրջ, որը մեզ համար դև ու սատանա էր դարձել: Մեկը 7 կիլոմետր էր ասում, մյուսը` 2, երրորդը` 3, չորրորդը ոչինչ չգիտի, առաջին անգամ է անցնում այդ ճանապարհով: Ինքս էլ էի առաջին անգամ այդտեղով:
Ինչքան մոտենում էինք մեզ համար հրեշավոր դարձած Հակարիին, այնքան շատ էինք հեռանում մեր չքնաղ երկրից, ու ավելանում էր մաշող կարոտն ու ծանր կորստի ցավը…
Ի վերջո, տեղեկացնում են, որ մոտենում ենք յոթգլխանի հրեշին` Հակարիին: Մեքենաներին են մոտենում ռուս խաղաղապահները` ինքնաձիգներով զինված: Նրանցից մեկը` հավանաբար լավ խմած, շարժվում է դեպի մեր մեքենան, ոտքով լկտիաբար հարվածում ու գոռում.
-Երկու շարքով կանգնե՛լ ու սպասե՛լ, հերթո՛վ…
Հիասթափությունս այլևս սահմաններ չէր ճանաչում. էս ու՞մ ենք ապավինում:
Սպասում ենք` մեր հերթը գա, և հարբած խաղաղապահը հրաման արձակի.<<Ежайте, ежайте!>>:
Լսվում է, վերջապես, հրամանը, ու մենք դանդաղ շարժվում ենք առաջ: Մեզ են մոտենում թուրք զինվորներ /ոստիկաննե՞ր են, թե՞ հատուկջոկատայիններ` դժվար էր կռահել, որովհետև այդ պահին մարդ նույնիսկ մոռանում էր շնչել/: Նրանց սարսափազդու դեմքերին նայելիս մարդու զարզանդն էր գալիս:
Մոտենում ենք անցակետին: Երկու-երեք զինված մարդիկ մոտենում են մեր մեքենային` պահանջելով իջեցնել ապակիները: Գիշերային խավարի մեջ լուսանի աչքերի պես փայլում են նրանց աչքերը: Կոտրատված ռուսերենով հարցնում են` քանի՞ կին, երեխա ու տղամարդ կա: Լսում են մեր պատասխանը` չորս հոգի` երկու կին ու երկու տղամարդ: Հետո թե` բացե՛ք բեռնախցիկը: Որդիս բացում է այն, և հենց որ նրանց աչքն ընկնում է վանդակին, որում <<բանտարկված էին>> տասը աղավնիները, իսկույն պահանջում են ճանապարհվել` իրենց լեզվով բարբառելով. <<Գափըն, գափըն /փակե՛ք, փակե՛ք/, գյեդըն /գնացե՛ք/:
Խոր շունչ քաշելով` մտածում եմ. <<Աղավնիներն օգնեցին մեզ, ավելորդ քաշքշուկ տեղի չունեցավ, փառք Աստծո>>:
Հատում ենք անցակետը, ու մեքենան արագություն է հավաքում դեպի մայր հայրենիք: Գնում ենք առանց հետ նայելու, բայց ուրախության նշույլ անգամ չէինք զգում: Քիչ անց արդեն հայրենիքում` բենզալցակայանի մոտ, մեզ կանգնեցնում են, հինգ լիտր բենզին ու ջրի շշեր հանձնում:
Վաղուց կեսգիշերն անցել, ու մութը դանդաղորեն նոսրանում էր: Հասնում ենք Կոռնիձոր /երկու օր շարունակ ո՜նց էինք երազում հասնել այդտեղ/: Այստեղ արդեն արժանանում ենք մեր հայրենակիցների ջերմ ու հոգատար վերաբերմունքին. նրանք գիշեր-ցերեկ սպասում են, որ տաք ու սառը ուտեստներ, մրգեր ու մայր հայրենիքի անարատ ջրեր մատուցեն մեզ տասնամսյա բլոկադայից փրկվելուց հետո: Թե ինչպիսի սրտացավ հոգատարություն էր երկարատև զրկանքներից ու տառապանքներից հետո, դժվար էր նկարագրել: Կյանքումս առաջին անգամ շատ դառը, շատ խոր ամոթ զգացի, ու արցունքները խեղդեցին կոկորդս. ախր մենք սովոր էինք միշտ ուրիշներին բաժին հանել մեր ունեցածից. հիմա դարձել ենք մուրացկան: Այս ի՞նչ օրի հասցրին մեզ:
Հպարտությունս կծկվել-կուչ էր եկել ու տեղը չէր գտնում: Մի բանով էինք միայն հանգիստ, որ հայրենիքում ենք, ու այլևս ոչինչ չէր սպառնում մեզ:
Լուսաբացին Գորիս հասանք ու հյուրընկալվեցինք հարսիս մոր հայրական օջախում: Հույզերս ի վերջո հաղթեցին մտքիս, ու ես ազատություն տվեցին աղի արցունքներիս… ուրեմն կորա՞վ ամեն ինչ:
Ոչ ոք ու ոչինչ այլևս չէր կարող սփոփել մեր վհատ սրտերը: Մխիթարողը միայն այն էր, որ փրկված ենք, ու ոչինչ չի սպառնում մեր ֆիզիկական գոյությանը:
Մեկ օր մնացինք չքնաղ Գորիսում, հաջորդ օրը բռնեցինք Երևանի ճանապարհը, քանի որ հարազատներս այնտեղ էին:
Երեկոյան հասանք Երևան:
Սկսվեց մեր` փախստականի` տառապանքներով լի անարժան կյանքը: Երկար ժամանակ չէինք կարողանում մեզ գտնել, սթրեսի մեջ էինք: Հոգեվիճակ, որ ո՛չ անուն ունի, ո՛չ էլ բովանդակություն, որ կարողանաս նկարագրել: Ո՛չ սովածն էինք հասկանում, ո՛չ կուշտը, ո՛չ ցերեկն էինք հասկանում, ո՛չ էլ գիշերը: Շնչում էինք, բայց չէինք ապրում, խոսում էինք` չհասկանալով, թե ինչ: Մտքով, հոգով ու սրտով Արցախում էինք` մեր օջախներում: Հենց փակում էինք աչքներս, հայտնվում էինք մեր տներում, հարազատ մարդկանց շրջապատում, լուսանում է, իսկույն չքանում են այդ տեսարանները, որ արդեն դառը հուշեր են դարձել մեզ համար: Ցերեկներն էլ դրսում ենք Արցախ փնտրում` փողոցներում, բակերում, պուրակներում, սարերում` ամեն մի անկյունը համեմատելով մեզ ծանոթ ու հարազատ, բայց մեզնից խլված արցախյան գողտրիկ վայրերի հետ: Ամենուր մեր Արցախն ենք փնտրում, որ շան բերանում սուրբ նշխար էր դարձել: Ո՞ր քարին, ո՞ր պատին խփենք գլուխներս, ումի՞ց պահանջենք մեր անդառնալի կորուստը… Արդյոք ե՞րբ է մեղմվելու մեր այս անհատակ ցավը, միտք ու հոգի կեղեքող ազգային ցավը:
Հետո սկսվեց մեր տառապանքների նոր փուլը. անհրաժեշտ էր բնակարան վարձել, հո միշտ չես կարող մնալ ծանոթ-բարեկամի տանը: Պետք էր գրանցվել տվյալ բնակավայրի քաղաքապետարանում կամ թաղապետարանում: Տների գներն էլ տիեզերական չափերի էին հասնում. ո՛չ խիղճ կար, ո՛չ հոգի, ո՛չ էլ բանականություն: Մայր հայրենիքում մենք օտարներ էինք, չէինք համարվում ՀՀ քաղաքացիներ, չնայած ունեինք ՀՀ անձնագիր, շատ արտոնություններից չէինք կարող օգտվել, քանի որ չունեինք ՀՀ քաղաքացիություն /անհրաժեշտ էր ուրանալ արցախցի կոչումը և ընդունել այստեղի քաղաքացիությունը. հնդիկների չափ էլ չկայինք, հե՜յ, գիդի աշխարհ…/:
Ամենուր հերթեր էին ու հերթեր: Կորստյան ցավը ուրացած` գոյության կռիվ էինք տալիս: Հետո էլ պիտի գնայինք <<հեղինակավոր ու արժանապատիվ>> փախստականի քարտը ստանալու. դրանով միայն կարող էինք օտար ափերում <<ոտքերը քարշ տալ>>: Անվերջ հերթեր, ինքնասիրություն վիրավորող անտարբեր վերաբերմունք, անհանդուրժողականություն` տիրող հարաբերություններում, նվաստացուցիչ ու ստորացուցիչ խոսքեր` հասցեագրված <<թուրք ղարաբաղցիներին>>: Այս ամենը խեղդամահ էր անում մեզ: Թվում էր` մենք ենք ամեն ինչի մեղավորը: Բայց սրա կողքին կար, գոյություն ուներ նաև ճիշտ հակառակ վերաբերմունքը. սրտացավ ու ջերմ մարդկանց ուշադրությունը շոյում էր մեր վիրավորված ինքնասիրությունը: Ինչ լավ է, որ գոնե կան կյանքը իմաստալից դարձնող այդպիսի մարդիկ:
Այնուհետև շաբաթներով ու ամիսներով ձգձգվող թոշակներ` <<վարսավիրի կողմից խուզված մազերի պես>>, աջակցություններ, անտեղի ու անիմաստ սպասումներ` լավի ակնկալիքով, քաղաքական դաշտում գոյություն ունեցող ինտրիգներ, բողոքի ցույցեր` առանց արդյունքի, ու էլի, էլի շատ իրողություններ, որոնց մասին խոսելն անգամ անհեթեթություն է: Ծանր բեռ էինք դարձել մայր հայրենիքի համար, դրա համար էլ շատերը բռնեցին օտարության ճանապարհը: Սկսվեց արտագաղթը մայր հայրենիքից, քանի որ ապրելու պայմաններ չկային. աշխատանք չկար, աշխատելու դեպքում էլ քիչ վարձատրությունը հնարավորություն չէր տալիս հոգալու բնակարանային ծախսերը: Պետական կառույցներում աշխատելու համար <<ղարաբաղցի>> պիտակը խիստ խանգարող հանգամանք է, ու մարդիկ անընդհատ հոգնեցնող փնտրտուքի մեջ են: Արցախ վերադառնալու հույսն էլ օրեցօր մարում է ճրագի պես: Կարոտը, Սպասումը, Վերադարձը, Հույսն ու Հավատը որդի պես կրծում են մեր հոգիները: Հայրենակիցներիցս շատերը տարագիր են դառնում, մի մասը կորստյան ցավին չի դիմանում ու հրաժեշտ է տալիս կյանքին, մյուս մասն էլ ճամպրուկները կապած է. ահա այսպես մաղվում է արցախահայությունը: Ուրախանալու ո՛չ առիթ կա, ո՛չ էլ սիրտ: Ապրում ենք այսպես` ամեն մեռնողի երանի տալով: Ապագան շատ մշուշոտ է, մայր հայրենիքում էլ դեռ թմբիրի մեջ են հայրենասեր ուժերը, իսկ երկիրը օրեցօր ծվատվում է: Ու ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ անակնկալ են բերելու մեր գլխին այս հայրենաքանդ ու հայերենաքանդ բիրտ ուժերը:
Արցախյան համն ու հոտը աստիճանաբար պակասում է, սահմանամերձ բնակավայրերում ծվարած արցախցիներին կրկին սպառնում է այս էլ որերորդանգամյա տեղահանությունը:
Մեզ ստիպեցին, որ արևմտահայերի պես մենք էլ կորցնենք <<մըր էրգիրը>> ու խոր թախիծով կրկնենք մեծ բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի դառնագին խոսքերը.
Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր,
Քելե՛ լաո, քելե էրթանք մըր էրգիր:
Հիմա գարուն է իմ չքնաղ երկրում, ծաղկել է իմ հրաշք այգին, կանաչել են դաշտերն ու սարերը, ճռվողում են թռչունները, քչքչում են առվակները:
Ես ուզում եմ ի՛մ պատուհանից լսել թռչունների դայլայլը, շնչել անապակ օդը, վայելել արշալույսի մարգարտահատիկ ցողը: Ես մեր աղբյուրի սառը ջուրն եմ ուզում, ես իմ անգին Արցախն եմ ուզում:
Ուզում եմ, շա՜տ եմ ուզում, շա՜տ-շա՜տ եմ ուզում:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ