Աղվանք տարածք-երկրամասի հարցը շատ է կարևորվում Հայոց պատմության մեջ։ Ադրբեջանի իշխանություններն իրենց «գիտնականների», ինչպես նաև այլազգի պատմաբանների, այլ մասնագետների միջոցով այսօր ու նաև խորհրդային տարիներին մշտապես փորձ են անում հաստատել, որ Հայոց Աղվանքը չի եղել Մեծ Հայքի տարածք, այլ իրենց երկիրն է։ Այս հարցում ադրբեջանցիներին հատկապես խանգարում են հայկական պատմամշակութային կոթողները՝ վանքերն ու եկեղեցիները, առավելապես հանգստարանները՝ հազարավոր խաչակերտ ու հայատառ արձանագրություններով շիրմաքարերը՝ խաչքարեր ու տապանաքարեր, հուշակոթողներ: Այսօր առավել վտանգավոր է դարձել այն, որ ամբողջովին հայաթափ է Արցախը, և գերության մեջ գտնվող մեր մշակութային կոթողները վերացվում են կամ ձևափոխվում, ջնջվում են հայերեն արձանագրությունները: Իրենց կեղծ թեզն ապացուցելու համար Ադրբեջանի իշխանությունները հայկական վանքեր ու եկեղեցիներ կազմակերպում են ուդիների ուխտագնացություն: Վերջերս համացանցում տեղադրել էին մի հոլովակ՝ ինչպես են ուդի հոգևորականները Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքում աղոթում:
Խնդրի հետ կապված՝ մայիսի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԱԱ) պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագիրը կրող աշխատաժողով գիտագործնական քննարկում։ Այս կարևոր գիտական քննարկումը կայացավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների աջակցությամբ։ Ներկա էին պատմաբաններ, արևելագետներ, հոգևորոկաններ, աղվանագիտությամբ հետաքրքրվողներ։ Նիստը Տերունական աղոթքով բացեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ մաղթելով բարի և արդյունավետ ընթացք։ Բանախոսությամբ հանդես եկան աղվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ «Հայ Աղվանից եկեղեցին (սկզբնավորումից մինչև մեր օրերը)» աշխատության հեղինակ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին խորհրդական Մելանյա Բալայանը։ Նիստը վարում էր պատմաբան, ԱՀ ԿԳՄՍ մշակույթի գծով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Ներկա էր նաև Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը
Աղվանագետ Ա. Հակոբյանն անդրադարձավ ընդհանրապես Աղվանքի խնդրին՝ կարևորելով Բուն Աղվանքի տեղն ու դերը և Հայոց Աղվանքի պատմությունը: Ըստ գիտնականի՝ Բուն Աղվանք երկիրը գտնվել է Կուր գետի հյուսիսային՝ ձախափնյա հատվածում: Այդ երկրում բնակվել են տարբեր ցեղեր՝ աղվաններ, լազգիներ, ուդիներ և այլն: 5-րդ դարի առաջին կեսերին, երբ Մեծ Հայքում վերացավ Արշաակունիների արքայատոհմը, և Հայաստանը դարձավ Պարսկաստանի կազմում մարզպանություն, Հայոց արևելից նահանգները՝ Ուտիքն ու Արցախը, Բուն Աղվանքի հետ կազմեցին առանձին մարզպանություն՝ Աղվանք անվանումով: Սկզբնական շրջանում Աղվանքի մայրաքաղաքը եղել է Դերբենդը: Այս հնագույն քաղաքը հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ կամ Աղվանից դուռ։ Վաղ ժամանակներից այստեղ ձևավորված է եղել նաև հայկական համայնք, և արաբական տարբեր աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»։ 6-րդ դարից սկսած՝ Աղվանքի մայրաքաղաքը եղել է Ուտիքի Պարտավ քաղաքը: Հետագայում Հայոց Աղվանքն ուներ իր թագավորությունը, իշխանությունը: Իսկ Աղվանից հայոց եկեղեցին մտնում էր Հայ առաքելական եկեղեցու մեջ՝ որպես առանձին թեմ: Ա. Հակոբյանը ներկայացրեց նաև վերջերս իր հեղինակությամբ հրատարակված երկու գիրք՝ նվիրված Աղվանքին ու այստեղ գործած հայ արքաներին ու իշխաններին: Առաջին գիրքը հրատարակվել է 2020թ. Երևանում, կոչվում է «Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում և Հայոց արևելից կողմանքում»: Գիրքը գրելիս հեղինակը հիմք է ընդունել հայ ու օտարազգի բազում մատենագիրների թողած հիշատակությունները, այլ աղբյուրներ: Մյուս մենագրության երկրորդ վերամշակված տարբերակը ռուսերեն է, հրատարակվել է 2022թ. Երևանում: Կոչվում է «Ալբանիա-Աղուանքը յունա-լատինական և հին հայկական աղբիւրներում»: Գրքում նորովի ներկայացվում է Ալբանիայի պատմությունը, պատմական աշխարհագրությունը, ժամանակագրությունը։ Հեղինակը կատարել է ավելի խորը իմաստաբանական վերլուծություն «Ալբանիա» և «ալբանացիներ» տերմինների վերաբերյալ անտիկ և միջնադարյան աղբյուրներում։
Իր ելույթում Մ. Բալայանն անդրադարձավ Աղվանից հայ Հայ եկեղեցու դերին: Հայ առաքելական եկեղեցու կազմավորման պահից ի վեր նրա կարևոր ու անբաժան մասն է կազմել Աղվանից հոգևոր առաջնորդությունը: Քաղաքական և դավանաբանական տարբեր ազդեցություններով պայմանավորված՝ 552թ. Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ ժողով է գումարվել Պարտավում, և ստեղծվել է պատմության մեջ հայտնի Աղվանից կաթողիկոսությունը, և առաջին կաթողիկոս է ընտրվել Աբասը, որը Մեծառանից Հակոբավանքի առաջնորդն էր։ Բուն Աղվանքի և Հայոց Արևելից կողմանց եպիսկոպոսությունների միավորման արդյունքում կազմավորված Աղվանից կաթողիկոսության առաջնորդների նստավայր է դարձել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Պարտավ քաղաքը: Այստեղ աթոռակալել են Արցախի և Ուտիքի, միայն մեկ դեպքում՝ բուն Աղվանքի հոգևոր կենտրոններից ընտրված 19 կաթողիկոսներ: 13-րդ դարում կաթողիկոսությունը տեղակայվել էր Մեծառանից կամ Ս. Հակոբավանքում, իսկ 14-րդ դարում տեղափոխվել ու հաստատվել է Արցախի Խաչեն գավառի հոգևոր կենտրոն Գանձասարի վանքում: Բանախոսները հանդես եկան նաև այլ հարցերի շուրջ: Ելույթներից հետո եղավ քննարկում։ Հարցադրումներով ու առաջարկներով հանդես եկան ներկա գիտնականները, հոգևորականները: Բոլորի մտահոգությունը մեկն է՝ տեր մնալ մեր մշակույթին: Գիտաժողովն ավարտվեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնանքով ու աղոթքով:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ