ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ  ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼԸ`  ԱՆԿԱԽ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Արցախից բռնատեղահանվելուց հետո մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանում, մինչդեռ քչերին է հաջողվում կենսական նշանակության խնդիրների լուծմանը զուգահեռ (փախստականի կարգավիճակով) հասնել որեւէ լուրջ մարզական կամ մարզչական հաջողության: «Լուսարար»-ի ընթերցողներին քաջածանոթ հերթական մեր զրուցակիցը կարողացել է հաղթահարել առաջացած նոր մարտահրավերները, եւ մարտարվեստի իրական հետնորդներին բնորոշ՝ չի դադարել հմտությունները կատարելագործել սիրելի արվեստում: 

Արցախի վինգչունի ֆեդերացիայի նախագահ եւ մարզիչ Սայաթ Բաղդասարյանը բռնատեղահանվելուց հետո հաճախել է մարզումների ՀՀ վինգչունի ֆեդերացիայում եւ բարձր ընդունակությունների շնորհիվ արագ յուրացրել մատուցվող վինգչունի ծրագիրը՝ ստանալով ՀՀ վինգչունի ֆեդերացիայի 4-րդ ու Եվրոպայի վինգչունի 12-րդ կարգերի դիպլոմներ:

Ավելի վաղ` դեռեւս Իպ Մանի (վինգչունի հիմնադիր) ժամանակաշրջանում վինգչունի կարգերը բաշխված էին ավանդական ձեւով` 6 կարգ: Յուրաքանչյուր կարգ ներառում էր որոշ տեխնիկաներ, թեորիա եւ պրակտիկա, որը պետք է աշակերտը ցուցադրեր իր կարգին համապատասխան քննության հանձնման  ժամանակ: Ներկայում էլ պահպանվել են վինգչունի քննության հանձնման ավանդական ձեւերը, մինչդեռ կան վինգչունի դպրոցներ, որոնք ստեղծել են իրենց ավանդույթները: Քննությունն անց է կացվում անհատապես, քանի որ պետք է մանրազնին ստուգվի յուրաքանչյուր աշակերտի կարողությունները:

 Հաճախակի տրվող հարցերից է, թե որքան ժամանակ է պահանջվում աշակերտից հմտանալու եւ վարպետանալու համար, որին տրվող պատասխանը պարզ է. ճիշտ այնքան ժամանակ, որքան կհերիքեն ձեր համբերությունը, կարողությունը, ձգտումը եւ  ուրիշ հատկություններ: Բայց իրական վարպետներն իրենց չեն համարում վարպետներ: Նրանք հիմնականում դժգոհ են իրենցից եւ իրենց պատրաստվածության մակարդակից եւ, իհարկե, իրենց աշակերտների պատրաստվածությունից: Դա միակ չափորոշիչն է զարգացման ու կատարելագործման համար:

Վինգչունի ավանդույթներին հավատարիմ մարզիչը` Սայաթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նույնպես անընդհատ կատարելագործվելու ուղիով է գնում, չի հանձնվում դժվարությունների առջեւ եւ չի կորցնում Արցախ վերադառնալու հույսը:

– Սայա´թ, մանրամասնեք, թե ինչ նշանակություն ունեն կարգերը վինգչունի ուսուցման համակարգում:

– Կարգերը խորհրդանշում են մարզիկի տեխնիկական պատրաստվածության եւ ծրագրի իմացության մակարդակը: Վինգչունի ուսուցման մեջ կարգերն ունեն նույն նշանակությունը, ինչ` դասարանը աշակերտի կամ կուրսը ուսանողի համար: Հայաստանի վինգչունի ֆեդերացիան առաջնորդվում է  վեց կարգային համակարգով, որտեղ առաջին չորս կարգերը ստանալու համար քննություն հանձնելուց հետո աշակերտը կարող է դառնալ հրահանգիչ, իսկ վերջին 5-րդ եւ 6-րդ կարգերը վարպետական են, խորհրդանշում են վարպետության աստիճանը: Արցախի վինգչունի ֆեդերացիան սերտորեն համագործակցել եւ շարունակում է համագործակցել ՀՀ վինգչունի ֆեդերացիայի հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս, որ արցախցի վինգչունիստները կարողանան վերապատրաստվել եւ քննություն հանձնել ՀՀ վինգչունի ֆեդերացիայում: Կառույցը նաև հնարավորություն է տալիս ստանալ վինգչունի Եվրոպական ֆեդերացիայի կողմից սերտիֆիկատ: Եվրոպական ֆեդերացիան առաջնորդվում է 24 կարգ ներառող վինգչունի համակարգով, որտեղ առաջին 12-ը համապատասխանում են մեր 4 կարգերին, իսկ հաջորդ 12-ը` մեր 5-րդ եւ 6-րդ կարգերին:

– Հավանաբար Արցախում ամիսներ տեւած շրջափակումը խանգարեց, որ ըստ ծրագրի պահանջվող ժամանակին պատրաստվեիք ու ներկայանայիք քննության, այնուամենայնիվ. ինչպե՞ս հաջողվեց կարճ ժամանակում պատրաստվել ու հանձնել քննությունը:

– Այո, շրջափակումը շատ խանգարեց իմ որակավորման քննությանը, բայց ծրագիրն օնլայն ստանալուց հետո Արցախում ինքնուրույն մարզվում էի: Մնում էր գայի Երեւան եւ իմ վարպետի` Սուրեն Ավագյանի գլխավորությամբ կատարելագործվեի ՀՀ վինգչունի ֆեդերացիայում, որպեսզի հանձնեի հերթական քննությունը: Տեղահանման դժվարությունը եւ պարապմունքների ներկայանալու խոչընդոտները ժամանակի ընթացքում հաղթահարելով` վեց ամսվա մեջ ինձ հաջողվեց հասնել նրան, որ կարողացա հանձնել քննությունը:

– Հաջողությամբ հանձնված 4-րդ կարգի քննությունը ի՞նչ ազդեցություն ունեցավ Ձեզ` որպես մարզչի վրա:

– Քննության հանձնումը նշանակում է, որ  ավելի բարձրացավ իմ մարզական պատրաստվածության մակարդակը եւ գիտելիքներս այդ բնագավառում: Ես ստացա ՀՀ վինգչունի ֆեդերացիայի 4-րդ կարգի վկայական, որը համապատասխանում է Եվրոպական ֆեդերացիայի 12-րդ կարգին: Իմ ստացած երկրորդ վկայականը վինգչունի Եվրոպական ֆեդերացիայի 12-րդ կարգի քննությունը հանձնելն է վկայում, ինչը համարում եմ մեծ հաջողություն իմ մարզչական կարիերայում:

– Ներկայում ի՞նչ վիճակ է Արցախի վինգչունի ֆեդերացիայում, հաջողվե՞լ է համախմբել արցախցի վինգչունիստներին Ձեր շուրջը եւ շարունակել մարզումները Հայաստանում:

– Արցախի վինգչունի ֆեդերացիան ՀՀ-ում դեռ չի գործում մարզադահլիճի բացակայության պատճառով:  Պետության կողմից այդ հարցում որեւէ աջակցություն չկա, իսկ վարձակալական հիմունքներով վճարովի պարապմունքներ անցկացնելը հարմար չէ, քանի որ ամսավճարները շատ բարձր են: Աջակցության ձեռք մեկնելու խնդրանքով դիմել ենք բարերարների, բայց դեռ դրական քայլ չկա, մինչդեռ արցախցի բոլոր աշակերտները սպասում են մարզումների վերսկսմանը:  Ձգտում ենք անպայման շարունակել Արցախի վինգչունիստների մարզումները:

Մենք` որպես Արցախի վինգչունիստներ, երբեք չենք հանձնվել՝ թե´ պատերազմի, թե´ բլոկադայի ժամանակ, հաճախ անբարենպաստ պայմաններում անգամ չենք դադարեցրել մարզումները, եւ չենք էլ հանձնվի: Սպասենք հաջողությունների ու նոր հաղթանակների, իսկ որպես գերնպատակ՝ այնպես պետք է անենք, որ  մեր ֆեդերացիան նորից գործի Արցախում:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ