ԱՐՑԱԽՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐԶՎԵԼ

Մանվել Պետրոսյանը ծնվել է 2004թ. մայիսի 9-ին: Արցախի համար խորհրդանշական օրը ծնված խոստումնալից մարզիկի մեծ ձեռքբերումները, մարտական ոգին ու կենսակերպն առհասարակ հաղթանակի հետ են զուգորդվում:

Բռնցքամարտել  սկսել է 13 տարեկանից: Ապրելով իր ծննդավայր Մարտունու շրջանի Քերթ գյուղում՝ սկսել է պարապմունքների հաճախել Ստեփանակերտ քաղաքում`Արցախի վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրամյանի մոտ: Սիրելի մարզաձեւով պարապելու համար հոր աջակցությամբ Մանվելը շաբաթը մի քանի անգամ հաղթահարում էր 50կմ ճանապարհը: Ինչպես նշում է Մանվելը, շատ մարզաձեւեր է փորձել, բայց չի հավանել, բռնցքամարտն է նրան դուր եկել: Նա սկսել է քրտնաջան պարապել, չի նահանջել դժվարությունների առջեւ, ձգտել է հասնել իր նպատակներին: Ջանքերն ապարդյուն չեն եղել. նպատակասլաց պատանին շուտով սկսեց բռնցքամարտել ինչպես հայրենիքում, այնպես էլ միջազգային ռինգում :

2018թ. ՀՀ բռնցքամարտի առաջնության չեմպիոն է, 2018թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 2020թ. պատերազմից հետո Մանվելը շարունակում էր մարզվել: Նրա համար խոչընդոտ չէր նույնիսկ այն հանգամանքը, որ ստիպված էր նույն ճանապարհը գալ գյուղից, սակայն արդեն այն ցավոտ տարբերությամբ, որ սեփական հողում պետք է անցներ թշնամու հենակետերի կողքով:

Բռնցքամարտի եւ սիրելի մարզչի հանդեպ սերն ավելի ուժեղ էր հանգամանքներից: Դժվարություններից չվախեցող, նպատակասլաց եւ ուժեղ մարզիկ  Մանվել Պետրոսյանը երազում էր միշտ բարձր պահել  Արցախի դրոշը ու  կարողանալ  օգնել, որ Արցախը միշտ կանգուն մնա:

Մանվել Պետրոսյանը 2020թ. ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնության չեմպիոն է, 2021թ. ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն, 2021թ. Եվրոպայի բռնցքամարտի առաջնության ֆինալիստ, միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն է:

2021թ. Մանվել Պետրոսյանը Վրաստանում մասնակցել է բռնցքամարտի միջազգային մրցումներին, որտեղ ունեցել է 3 մենամարտ, ընդ որում՝ ադրբեջանցու հետ: Մանվելին հաջողվել է հաղթանակ տանել: Ավելին՝  Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ հերոսի նկարով շապիկ էր հագել, իսկ նկարվելիս բարձրացրել էր Արցախի դրոշը, իհարկե, բողոքի   արժանանալով ադրբեջանցի մրցակցի կողմից:

 Մանվել Պետրոսյանը 2022թ. ՀՀ բռնցքամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն է: 2022թ. նա մասնակցել է Իսպանիայում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը:

Արցախի շրջափակման ամիսներին Մանվել Պետրոսյանը մնացել էր Երեւանում, չէր կարողանում վերադառնալ Արցախ: Մարզիչ Նարեկ Աբրամյանը  նրան ուղղորդեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա, որտեղ նա շարունակեց մարզվել հավաքականի մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանի եւ Արման Հարությունյանի մոտ:

2023թ. Մանվել Պետրոսյանը մասնակցեց Չեչենական Հանրապետությունում կայացած բռնցքամարտի միջազգային առաջնությանը՝ արդեն մեծահասակների միջեւ եւ գրավեց 1-ին տեղը: Մասնակցում էր մարզական հավաքների, առաջնությունների, մարզական ակտիվ կյանք էր վարում, բայց շատ էր անհանգիստ Արցախի հայրենակիցների ու Արցախի ճակատագրի համար:

Մանվել Պետրոսյանի  եղբայրը նույնպես բռնցքամարտիկ է: Սեպտեմբերի 19-ի եւ հետագա տխուր իրադարձություններից հետո Մանվելի ընտանիքը բռնի տեղահանվեց` նույն ճակատագրին արժանացած արցախյան հազարավոր ընտանիքների նման:  

2023թ. նոյեմբերին կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Մանվել Պետրոսյանը չմասնակցեց, իհարկե ոչ իր  կամքով:

 Ներկայում Մանվելը ընտանիքի հետ բնակվում է  Երեւանում:  Շարունակում է մարզումները, գտնվում է լավ մարզավիճակում: Պատրաստվում է մասնակցել տարեվերջին Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք 18-22 տարեկան բռնցքամարտիկների միջեւ Եվրոպայի առաջնությանը:

 Արցախցի մարզիկին ցանկանում ենք հաջողություն:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ