ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍՆ Է ՈՒԺ ՏԱԼԻՍ

Մինչեւ բռնի տեղահանվելը կանանց միամսյակին ընդառաջ «Լուսարար»-ի էջերում ներկայացվում էին արցախցի կանայք ու աղջիկներ՝ իրենց ձեռքբերումներով, օգտակար խորհուրդներով, կենսակերպի օրինակելիությամբ եւ Արցախում ապրելու ու արարելու ամուր դիրքորոշմամբ:

2023թ. չարաբաստիկ դեպքերից հետո հայրենիք, տուն ու տեղ, աշխատանք եւ ամենածանրը՝ հարազատ կորցրած արցախցի կանանց բաժին ընկավ նաեւ փախստականի դաժան ճակատագրի բեռը, որն իրենց նուրբ ուսերին ստիպված են կրել պատերազմների թոհ ու բոհով թրծված, միշտ իրենց մեջ նոր ուժ գտնող ու չկոտրվող արցախցի կանայք:

Հավատարիմ մնալով ավանդույթին` «Լուսարար»-ը զրուցեց Արցախից բռնի տեղահանված կին-ուսուցչի հետ, որի հոգու լույսը, սերունդ կրթելու ու դաստիարակելու պատրաստակամությունը, ընտանիքին նեցուկ կանգնելու պարտավորությունը վեր են հոգեկան ծանր ապրումներից:

Գայանե Ավագիմյանը ծնվել է 1970թ. դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտում: 1977-1978թ. ընդունվել է Ստեփանակերտի հ.2 դպրոցը, ավարտել այն 1988-ին: Արցախյան շարժման համապատկերին Գայանեն որոշում է, որ բարձրագույն կրթություն ստանալը լավագույնն է, ինչ կարող է անել հայրենիքին օգուտ տալու համար: Ընդունվում է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտ:

1994թ. ամուսնանում է Գուրգեն Արզումանյանի հետ, տեղափոխվում Արցախի Ասկերանի շրջանի Ռեւ գյուղ, իսկ ուսումը շարունակում Ստեփանակերտում՝ երեկոյան  ուսուցման անցնելով ու  ստանում ինժեների մասնագիտություն: Սակայն իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չգտնելով՝ Գայանեն որոշում է այլ ոլորտում հմտանալ: 1994 թ. ընդունվում է աշխատանքի Ռեւի դպրոցում` որպես դասվար: Հոգուն հարազատ գտնելով մանկավարժի աշխատանքը եւ սերունդ պատշաճ կրթելու ժամանակի պահանջը՝ Գայանե Ավագիմյանը դպրոցում աշխատելուն զուգահեռ ավարտում է ԱրՊՀ տարրական կրթություն եւ մեթոդիկա բաժինը: 2000թ. զբաղեցնում է Ռեւի տարրական դպրոցի վարիչի պաշտոնը: Հետագայում աշխատում է Ռեւ-Ծաղկաշատի միջնակարգ դպրոցում որպես դասվար: 30 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող ուսուցչուհին նվիրված էր իր աշխատանքին, իր աշակերտներին եւ շրջափակման ծանր պայմաններում անգամ չէր մտածել, որ երբեւէ պետք է հեռանա հարազատ դպրոցից, աշակերտներից, գյուղից…

Բռնատեղահանվելուց հետո Գայանե Ավագիմյանն ընտանիքի հետ բնակություն հաստատեց Գյումրի քաղաքում: Նրան հաջողվեց վերագտնել իրեն Գյումրու հ.9 դպրոցում՝ որպես 2-րդ դասարանի /ուսուցչի իր երկարամյա աշխատանքը շարունակելով/ դասվար աշխատելով:

Գայանեն չորս որդիների մայր է, որոնցից յուրաքանչյուրը պատվով անցել է զինվորական ուղին, հրաշքով ազատվել ու փրկվել թշնամու ճիրաններից:

Տիկի´ն Գայանե, հավանաբար Ձեր ամուսնու հետ համատեղ դաստիարակությունն է դրդել ձեր որդիներին  ընտրել զինվորական մասնագիտությունը:

– Մենք՝ հայրենիքի ճակատագրով մտահոգված ծնողներս, մեր զավակների մեջ մանկուց սերմանել ենք  հայրենիքի հանդեպ մեծ սեր ու պատասխանատվության զգացում, բայց նրանք էլ իրենց հերթին սիրել ու միշտ հետաքրքրվել են ռազմական արվեստով, զինվորական մասնագիտությամբ: Ավագ որդուս՝ Արթուրին, դեռեւս դպրոցական տարիներին, երբ հարցնում էի, թե ի՞նչ է ուզում դառնալ, պատասխանում էր. «Есть такая профессия-Родину защищать»: Այդ էր պատճառը, որ Արթուրն  ավարտեց Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, որից հետո մեկնեց  ՌԴ՝ սովորելու Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի զինվորական հրետանային ակադեմիայում, որն ավարտելուց հետո էլ՝ 2019 թվականին վերադարձավ հայրենիք եւ անմիջապես ծառայության մտավ ԱՀ ՊԲ-ի զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող, հրետանավոր՝ լեյտենանտի կոչումով: Մյուս որդիներս նույնպես ընտրել են հայրենյաց պաշտպանի մասնագիտությունը: Մենք միշտ խրախուսել ենք, որ մեր որդիները լինեն ծառայությանը նվիրված ու Արցախում ապրելու հաստատակամությամբ:  Սակայն երբեք չենք պատկերացրել, որ ստիպված կլինենք հեռանալ: Նույնիսկ 2020թ. պատերազմից հետո էլ չնայած Արցախի վտանգված ու անորոշ ապագային, այնուամենայնիվ ապրել ենք Արցախում, երկրորդ տուն ենք կառուցել, ավագ որդուս ամուսնացրել, մյուս որդուս նշանադրել:

Ինչպե՞ս հաղթահարեցիք շրջափակումը:

– Շրջափակման ժամանակ շրջաններում թերեւս համեմատաբար հեշտ էր կենցաղային կարիքները հոգալը: Սննդի պակասությունը սուղ չէր, անասնապահությամբ էինք զբաղվում, քիչ թե շատ հասցնում էինք: Եթե հնարավոր էր լինում, փոխանակում էինք եղածը որեւէ անհրաժեշտ ապրանքի հետ: Վառելիքի պակասն էր նեղում, որդիներս ոտքով էին գնում-գալիս ծառայության վայր, իսկ Ստեփանակերտում բնակվող որդուս ընտանիքին հաճախ չէինք կարողանում այցի գնալ, քանի որ տրանսպորտը բացակայում էր: Բայց դպրոցական կյանքը գյուղում բնականոն էր, աշակերտները հաճախում էին պարտաճանաչ, մենք էլ մեր աշխատանքն էինք կատարում՝ մտածելով, որ սրանից վատ չի լինելու, ռուս խաղաղապահները տարածաշրջանում թույլ չեն տալու ռազմական բախումներ, իսկ միգուցե ինքներս մեզ խաբում էինք՝ չցանկանալով դաժան ու անարդար իրականությունն ընդունել:

Կրկին պատերազմ:

– 2023թ. սեպտեմբերի 19-ին հարգելի պատճառով աշխատանքի չէի գնացել: Սեպտեմբերի 13-ին եղբայրս հանկարծամահ էր եղել վաղաժամ, հուղարկավորվել էր Ստեփանակերտում: Հայրական տունս Ստեփանակերտի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկում է, որտեղ սեպտեմբերի 19-ին պետք է նշվեր եղբորս մահվան յոթ օրը /յոթը/: Նախօրեին պայմանավորվել էինք ավագ որդուս հետ, որ միասին պետք է գնանք, բայց առավոտյան նա հայտնեց, որ չի կարող հետս գալ.  կանչել են… Ապա հաջորդեց մյուս զինվորական տղաներիս նույն լուրը՝ բոլորը պետք է իրենց տեղերում լինեն, նույնիսկ  նրանց հետեւից եկան զինվորական մեքենաներով:  Տագնապներին սովոր էինք, բայց այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ էր:  Արդեն գերեզմանից գնում էի դեպի Մանուկյան փողոց, երբ լսվեց պատերազմի բոթը ազդարարող մահաբեր ձայնը: Ստեփանակերտի փողոցներով մարդիկ խուճապահար վազում էին, ես էլ արագացրի քայլերս: Ահա մոտեցա շքամուտքին եւ ականատես եղա մահազարհուր պատերազմի առաջին զոհին՝ ինը տարեկան երեխային, որի սիրտը չէր դիմացել վախին: Բժիշկներն արեցին ամեն ինչ, բայց չստացվեց փրկել փոքրիկի կյանքը: Վախենում էի տղաներիս զանգել, հազիվ  էի դիմանում չորս կողմից սարսափելի լուրեր լսելով: Հարսս թոռնիկիս հետ պատսպարվել էր մոտակա ապաստարանում, իսկ հարսնացուս հանրակացարանում էր: Գնացի գտա նրանց, տեսա, բայց որդիներիցս տեղեկություն չկար: Ահասարսուռ ժամեր սպանեցինք, պատերազմի ձայները լռեցին, գրեթե բոլոր թաղամասերից լսելի դարձան լացն ու սուգը: Գժվել կարելի էր… Ավագ որդիներս ողջ էին, լուր տվեցին, որ կրտսեր տղաներս՝ Արմանս ու Արտյոմս, դարանակալած թշնամու շրջապատման մեջ են հայտնվել Դրմբոնում ու Հաթերքում:

Սպասումի դաժան ապրումների մեջ էի, իսկ հարազատ գյուղս  դատարկվում էր: Մարդկանց մի մասն արդեն դուրս էր եկել Արցախից, մի մասը ճանապարհին խցանումների մեջ էր: Ինձ ասում էին՝ հավաքվիր,  որ դուրս գաս, բայց ես չէի կարողանում մտածել ոչ մի բանի մասին, բացի իմ տղաների տուն գալու: Աչքիս ոչ մի բան չէր երեւում, ոչ տունս, ոչ ունեցվածքս, ոչ տարիներով մեր ստեղծած տնտեսությունը :

Օրեր անցան: Գյուղն արդեն հայաթափվել էր, ուր որ է թշնամին վայրենաբարո կներկխուժեր նաեւ մեր տները, բայց ես սպասում էի որդիներիս վերադարձին: Հետագայում, երբ արդեն հնարավորություն կար զրուցելու շրջափակման մեջ հայտնված տղաների ապրումների մասին, որդիս ասաց, որ հիմա է հասկանում ռուսական ասացվածքը, թե՝ «Ожидание смерти хуже самой смерти»: Մոր համար չկա իր զավակների կյանքից առավել կարեւոր բան: Փառք Աստծո, որդիներս ողջ դուրս եկան շրջափակումից ու հասան տուն` թեեւ հյուծված, վիրավոր, հոգեկան ծանր ապրումների մեջ: Թվում էր, թե մղձավանջն ավարտվել է:

Բայց առջեւում բենզալցակայանի չարաբաստիկ պայթյունն էր ու բռնի տեղահանվելու հոգեմաշ ճանապարհը:

– Երբ  հայտնեցին, որ Հայկազովի բենզալցակայանից բենզին ստանալու հնարավորություն կա, չորս որդիներս էլ պատրաստվեցին գնալ բենզին ստանալու, ասում էին, որ մեծ հերթ է, պետք է արագացնել: Չգիտես ինչու, ես նրանց ուշացնում էի, մերթ ճաշ էի տալիս, մերթ բենզինի համար ամաններ էի փնտրում: Որդիս նույնիսկ բարկացկոտ տոնով ասաց, որ արագացնել է պետք: Մինչդեռ իմ ուշացնելը փրկեց նրանց կյանքը.  մահազդու պայթյունից հինգ րոպե ուշացան զավակներս… Վերադարձան ու պատմեցին, թե ինչ սարսափազդու տեսարան էր Հայկազովում, թե առանց այն էլ տանջված մեր հայրենակիցների գլխին ինչ մի նոր աղետ թափվեց:  /Անասելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ես չուշացնեի նրանց…

Բենզին այդպես էլ չկար, ստիպված էինք ամեն ինչ թողնել, թե’ մեքենաները, թե’ մեր մյուս ունեցվածքը:                 Գաղթի ճանապարհին տեսնում էի բեռնված ավտոմեքենաները. մարդիկ իրենց հետ հանում էին՝ ինչ կարող էին, իսկ իմ մտքում միայն այն էր, որ Աստված փրկել է իմ որդիներին, որպեսզի շարունակենք ապրել,  իմ հարստությունը իմ զավակներն են, ուրեմն պետք է հավաքել ուժերը եւ մեր ճակատագրին բնորոշ ըմբոստությամբ փյունիկի պես վեր հառնել մոխիրներից:

Մեր գրկին էր մեկ տարեկան առաջնեկ թոռնիկս, որը նույնպես իր վրա զգաց Արցախից հեռանալու դառնությունը: Դժվար էր գաղթի ճանապարհը՝ խցանումներով, դժբախտ պատահարներով լեցուն: Երկու օր  ճանապարհին հալումաշ լինելով՝   հասանք Գորիս, որտեղից պետք էր  որ մեզ ուղղորդեին որեւէ մի տեղ, սակայն ասացին, որ արդեն տեղ չկա, բոլոր տեղերը զբաղված են: Մնում էինք մեքենաների մեջ, մինչեւ որ կացարան կգտնվեր: Միակ տարբերակը սահմանամերձ Որոտան գյուղի հյուրատունն էր, որտեղ ստիպված մնացինք:

 Ծանր էր այդքանը տեսած ու ապրած մարդկանցս համար ամեն անգամ գյուղ մտնելիս ու դուրս գալիս կրկին բախվել թշնամու հենակետին, որի անմիջապես կողքով պետք է անցնեինք: Ավելի ու ավելի էինք նեղսրտում, բայց մեզ հանգստանալ էր պետք: Հետո որոշեցինք տեղափոխվել Գյումրի, որտեղ բնակարաններ վարձեցինք ու հաստատվեցինք:

Ի՞նչ դժվարությունների եք բախվում Գյումրիում:

– Երկու որդիներս բարձրագույն կրթություն էին ստանում Արցախում, այստեղ  շարունակել չցանկացան, քանի որ առաջնային հարցերի լուծման համար նախ պետք է  աշխատել: Ամենամեծ խնդիրը աշխատանք գտնելն է, եւ մեղադրանքներ լսելը, թե՝ չենք դիմադրել, Արցախը թողել ենք թշնամուն: Այո’, արցախցին կոտրված է, բայց երբեք՝ չնվաստացած: Արցախցուն հարիր պնդաճակատությամբ պետք է ապրենք հայի հողում, երբեք չմտածենք ուրիշ երկիր տեղափոխվելու մասին, ուշքի գանք ու վերադարձի տեսլականը կերտենք: Վերադառնալու հույսն է ինձ ուժ տալիս դիմանալու համար: Ո՞վ է ասել, որ հայրենիքը մեկ անգամ են ազատագրում:

Աշխատանքը դպրոցում:

– Անցած տարվա հոկտեմբերի վերջին, երբ արդեն տեղափոխվել էինք Գյումրի, սկսեցի հետաքրքրվել, թե որտեղ կարող եմ աշխատել: Իմացա, որ Գյումրու հ.9 հիմնական դպրոցում ուսուցչի թափուր տեղ կա, որի համար մրցույթ էր հայտարարված: Դիմեցի: Ինձ հրավիրեցին նախարարություն հարցազրույցի, ասացին, որ Արցախից բռնի տեղահանված մասնագետները կարող են առանց մրցույթի ընդունվել աշխատանքի: Նոյեմբերի սկզբից էլ ընդունվեցի դպրոց որպես 2-րդ դասարանի դասվար: Երեխաների հետ աշխատանքը որոշ չափով փոխեց ներաշխարհս: Ճիշտ է, շատ դժվար է կտրված լինել Արցախից, ամեն երեխայի մեջ արցախցի իմ աշակերտներին եմ փնտրում, շատ եմ կարոտում հարազատ աշխատավայրս, բայց միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կրկին աշխատելու, հատկապես որ ընտանիքում ուրիշ աշխատող չունենք այս պահին: Հիմա աշխատում ենք նոր չափորոշիչներով, գնահատման ուրիշ կարգով, հաճելի է, երբ ընդառաջում են սիրելի գործով զբաղվելու համար:Շատ եմ սիրում նոր աշակերտներիս, նրանք նույնպես լավ են տրամադրված  իրենց նոր ուսուցչուհու հանդեպ:

Ձեր մաղթանքը հայ կանանց:

– Ի՞նչ կարող եմ մաղթել  դառնություն տեսած ու վիշտ ապրող հայ կանանց: Ոչինչ չի կարող սփոփել որդեկորույս մորը, ամուսին  կորցրած կնոջը, եղբայր կորցրած քրոջը: Մաղթում եմ ուժ ու համբերություն անդիմանալի ցավը տանելու համար: Ամենացավալին այն է, որ չենք կարող հերոս – նահատակների գերեզմանները գնալ: Վերջին շրջանում անգամ ծաղիկ չկար, որպեսզի տանեինք մեզ հետ շիրիմներին խոնարհելու, իսկ հիմա ուր նայում եմ շուրջս ծաղիկ է, սակայն շիրիմներին այցի գնալն է անհասանելի: Ցանկանում եմ, որ Արցախ վերադառնալու հույսը չմարի ոչ մի արցախցու մոտ: Ինչքան  դժվար իրավիճակներում է եղել արցախցին, միշտ գտել է ելքը ու պատվով դուրս եկել: Հավատանք, որ մեր զավակների արդար արյունով շաղախված հողում դեռ խաղաղ ապրելու ու արարելու ենք, ինչն էլ մաղթում եմ բոլորիս: Սոնյա ԱՎԱԳՅԱՆ