Արցախի պետական համալսարանի /ԱրՊՀ/ հիմնադրման 50-ամյակի առթիվ 2019թ. հոկտեմբերին համալսարանի գիտխորհուրդը որոշում էր ընդունել հրատարակել «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարը՝ 20 հատորով: Մինչև Արցախի հայաթափումը հրատարակվել էր 13 հատոր: Առաջին 6 հատորը նվիրված է Արցախի ազգագրությանը, հաջորդ 7 հատորում Արցախի բանահյուսական նյութերն են: Օրերս լույս է տեսել 14-րդ հատորը, որի շնորհանդեսը կայացավ Հովհաննես Թումանյանի թանգարանում /ժամանակավորապես տեղակայված է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում/:
Միջոցառումը վարող՝ Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն իր բացման խոսքում նշեց, որ պատահական չէ ընտրվել շնորհանդեսի անցկացման վայրը: Ամենայն հայոց բանաստեղծն անչափ կարևորում էր բանահյուսությունը, որը, նրա համոզմամբ, ժողովրդի հետ մերձենալու, ժողովրդի մեջ լինելու միջոց է: Նրա ստեղծագործությունների հիմնական մասը ստեղծվել է բանահյուսության հենքի վրա: Եզակի է եղել բանահյուսությունը գնահատելու և այն ստեղծագործություններին ծառայեցնելու նրա խորհուրդը: Ինքը՝ Թումանյանը, տարբեր տեղերից հավաքում էր բանահյուսական նյութեր, անգամ՝ Եղեռնի սոսկալի օրերին:
«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի 14-րդ հատորը լույս է տեսել ճանաչված գործարար Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ: Մեր ժողովրդի ներկայիս էքզիստենցիալ լարվածության պայմաններում Լ. Ղարախանյանը նաև արժևորեց Գագիկ Ծառուկյան մեկենասի հերթական բարեգործական քայլը: «Դա նշանակում է նպաստել հոգևոր վերելքին, մեր ինքնագիտակցության ամրապնդմանը»,- ասաց նա:
Շնորհանդեսին ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանի տիկին Ջավահիր Ծառուկյանը: «ԳագիկԾառուկյան» բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանը ներկաներին ողջունեց Արցախի բարբառով՝ ի/նշան միջոցառման բովանդակության և այն իրողության, որ պարոն Ծառուկյանը առանձնակի ջերմությամբ է վերաբերվում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կապված են Արցախի հետ. «Այսօր առավել քան երբևէ կարևորվում է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը. դա բարբառն է, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար: Անցած տարի Արցախի հայաթափումից հետո մենք պետք է անենք ամեն ինչ այդ ժառանգությունը պահպանելու, մեր սերունդներին փոխանցելու համար: Իհարկե, բարբառը գոյատևում է իր հայրենի միջավայրւմ, երբ որ գործածվում և տարածվում է այն միջավայրում, որտեղ ապրել, արարել, ստեղծագործել են այդ մարդիկ: Եվ եթե հարցնեք` Արցախի բարբառից ամենից տարածված խոսքը որն է, վստահ եմ՝ ասելու են՝ լոխ լյավա: Ուզում եմ հույս ունենալ, որ առաջիկայում լոխ լյավա լինելու, և Արցախի բարբառը հնչելու է Արցախի մայր հողում»,-ասաց նա:
«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարը լույս է տեսնում բ.գ.թ., դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանի աշխատասիրությամբ և ընդհանուր խմբագրությամբ:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը նշեց, որ բարեբախտաբար թե դժբախտաբար մեկ տարուց ավելի Ա. Սարգսյանն իրենց գործընկերն է: Ճիշտ է, միշտ համագործակցել են հեռավորության վրա, քանի որ Հայաստանում այնքան էլ շատ չեն բանագետները, բարբառագետները և ավելի լայն առումով՝ ժողովրդագետները: Բայց հայտնի իրադարձությունների բերումով Ա. Սարգսյանն այժմ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է և տարիների ընթացքում իր կուտակած հարուստ պաշարով հարստացնում է ինստիտուտի գիտական ներկապնակը: «Մենք միշտ ունեցել ենք տարբեր տարածաշրջանների բանահյուսությամբ և ազգագրությամբ զբաղվող մասնագետներ, այդ թվում՝ Արցախի վերաբերյալ, բայց մարդ, որն իր կյանքի հիմնական մասն ապրել է Արցախում և զուգահեռաբար միշտ նյութեր է հավաքել, իրականում քիչ են եղել: Արմեն Սարգսյանի հիմնական առավելությունը հենց այն է, որ տեղում լինելով՝ մշտապես իր ձեռքը պահել է զարկերակի վրա, այսինքն՝լավ քաջատեղյակ է տեղական ավանդույթներին, ազգագրական վերափոխումներին, բարբառային բանահյուսական նորամուծություններին»,-ասաց Տ. Դալալյանը: Միևնույն ժամանակ նշեց, որ այդ հատորները միայն Ա. Սարգսյանի հավաքած նյութերը չեն: Այդտեղ ամփոփված են նաև նախորդ հետազոտողների, բանահավաքների, բանագետների, բարբառագետների, ազգագրագետների հավաքած հարուստ տեղեկությունները՝ գիտականորեն դասակարգված և խմբավորված: «Սակայն այդպես,իհարկե,կարող էր անել միայն գիտակ մարդը, որն այդ ոլորտի մեջ է, շատ լավ գիտի, թե ինչ է արվել մինչև հիմա և ինչ պետք է արվի: Գիտության զարգացման հիմնական գրավականներից մեկն էլ հենց դա է՝ իմանալ, թե ինչ է արվել, երբեք չուրանալ՝ ինչ նախորդները կուտակել են: Գրել են և դասակարգել, և նոր հետո միայն դրա վրա ավելացրել իրենց կողմից այն քարերը, որոնք դեռևս չեն ավելացվել, որոնք դեռևս պակասում են՝ ունենալու համար ամբողջական կառույցը»,- շարունակեց Տ. Դալալյանը: Որպես ցանկություն նաև հղեց, որ բացի հում դաշտային նյութից, նաև նախորդ ուսումնասիրությունների հատորներից կարիք կան հետազոտական, վերլուծական ուսումնասիրությունների, և այդ ամենը ներկայացնել ոչ միայն հայերենով, այլև օտար լեզուներով, որովհետև`Արցախը միշտ մեզ հետ է անկախ քաղաքական իրավիճակներից: Մենք նաև աշխարհին ապացուցելու, ցույց տալու այդ առաքելությունն ունենք, որ մենք տեր ենք մեր ժառանգությանը, մենք դրանից երբեք չենք հրաժարվում, և այդ ժառանգության մեջ իր կարևոր տեղն ունի նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Ի տարբերություն նյութականի, որը կարելի է ոչնչացնել, ջարդել, ջնջել երկրի երեսից, ինչը որ հիմա մենք տեսնում ենք, ոչ նյութականը շատ ավելի դժվար է վերացնելը, և դրա վերացման պատասխանատուն կլինենք, եթե դա վերանա: Դա արդեն լրիվ կախված է մեր ջանքերից, մեր նպատակներից: Ճիշտ է, որ Արցախի բանահյուսության զարգացման համար անհրաժեշտ է միջավայր, բայց հավելյալ ջանքերի դեպքում կարելի է այդ միջավայրը ինչ-որ ձևերով պահպանել: Բայց կարելի և հնարավոր է անել, և պետք է բոլոր միջոցները գործադրել դա անելու համար»:
Ողջույնի և գնահատանքի խոսքեր հղեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ղեկավար Ս. Հոբուսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բ.գ.թ., դոցենտ Տաթև Սողոմոնյանը:
«Արցախի ժողովրդագրությունը» մատենաշարը կազմող ԱրմենՍարգսյանն իր ելույթում ասաց, որ այդ գրքի 14-րդ հատորը իր կազմած հրատարակած, խմբագրած 38-րդ գիրքն է: Միջոցառումը կարևորեց ոչ միայն նրա համար, որ դրական բարեմաղթանքներ են հնչում: Ասաց, որ իր գիտական հոդվածներում և զեկուցումներում նա հաճախակի փորձել է հիմնավորել, որ հայերենի բոլոր բարբառներն անցողիկ են և ի/վերջո դատապարտված են վերացման: Բայց երբեք չէր մտածել, որ այս գործընթացը կարող է այդպես արագանալ: Եթե լեզուները մահանում են այն ժամանակ, երբ ժողովուրդն է բնաջնջվում, կամ ձուլվում այլ ժողովրդի հետ, ապա բարբառները վերացման մեկ այլ ճանապարհ էլ ունեն, այն է՝ իրենց մայրենի լեզվին միաձուլումը: Եվ ինչքան շատ են միասնականացնող հանգամանքները, հատկապես եթե բարբառը չունի իր գործածության առանձին միջավայրը, այնքան բարբառը վերացման ենթակա է: Այս հանգամանքը մասնագետներին պարզապես ստիպում է առավել արագ և արդյունավետ փորձել գոնե գրավոր ձևով փրկել Ղարաբաղի բարբառը, բանահյուսությունը և ազգագրությունը: 14-20-րդ հատորները կընդգրկեն Ղարաբաղի բարբառի վերաբերյալ ուսումնասիրությունները: Գործը կիսատ չթողնելու համար Ա. Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին: Նա տեղեկացրեց, որ այս նախագիծը իրականացնելուն նպաստել է ԱրՊՀ 100-ից ավելի աշխատակիցներ: Ասել է թե՝ հատորաշարը հարյուրավոր նախանձախնդիր մարդկանց արդյունքն է:
Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօր Ղարաբաղի բարբառը ամենից մեծ ուշադրության արժանացած բարբառն է ոչ միայն ՀՀ-ում, այլև Հայաստանից դուրս հայագիտական կենտրոններում: Աշխարհի որևէ ծայրում գրեթե չի կազմակերպվում հայերենագիտական որևէ գիտաժողով, որտեղ առնվազն 1-2 զեկուցում չլինի Ղարաբաղի բարբառի վերաբերյալ: Շեշտեց, որ հայ լեզվաբանության նահապետ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ Լավրենտի Հովհաննիսյանը այսօր ստեղծում է հայ իրականության մեջ նմանը չունեցող մի հրաշալի աշխատանք` «Ղարաբաղի բարբառի հնաբանությունները», որը շուտով պատրաստ կլինի և կընդգրկվի մատենաշարի հաջորդ հատորներում: Նա հավելեց, որ նախատեսված 20 հատորում մինչ այժմ եղած նյութերն են և համոզված է, որ հետագա տասնամյակներին, գուցե 100 տարի հետո լինելու են երիտասարդներ, որոնք շարունակելու են այդ գործը և նորանոր հատորներ են ավելացնելու:
Ղարաբաղի բարբառն ամենից շատ ուսումնասիրված բարբառներից մեկը լինելով՝ տպագիր նյութերից բացի կան բազմաթիվ արխիվային նյութեր, նաև՝ ձեռագիր, որոնք հայտնաբերելու համար կատարվում են որոշակի աշխատանքներ:
Այս հատորաշարում ընդգկված են Արցախի բոլոր գյուղերից հավաքած նյութեր, այդ թվում՝ Չայլուի, Մարաղայի, Մեհտիշենի, Հադրութի, շաղախաբերդի բարբառները: Սրանք ավելի կարևոր են, քանի որ բարբառները շատ հաճախ իրենց մեջ պարունակում են այնպիսի հնչյունաքերականական իրողություններ և հատկապես բառեր, որոնք ավելի հին են, քան գրաբարը և կարող են փայլուն նյութ ստեղծել հնդեվրոպական լեզուն, նախագրաբարյան շրջանը ուսումնասիրելու համար:
«Այսօր աշխարհում ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր պահի սլաքը կարող է թեքվել մեր օգտին, իսկ դրա համար յուրաքանչյուրս պետք է կատարենք մեր աշխատանքը»,- վերջում ասաց հատորաշարի խմբագիրը:
«Արցախի ժողովրդագիտությունը» վաճառքի ենթակա չէ, տպագրվել է 150 տպաքանակով: Այն բաժանվել է մասնագետներին, գրադարաններին, համալսարաններին, 30 օրինակ էլ նվիրվեց շնորհանդեսի մասնակիցներին:
Այսօր ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է խեղել իրականությունը: Մեր մտավորականների հակադարձը պիտի լինի նաև այսպիսի գրքերի տեսքով: Այսօր, ցավոք, մենք տեսակի պահպանման լուրջ խնդիր ունենք,և այս գիրքը դրան միտված քայլ է:
Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի բնորոշմամբ` սա պայքարի դիրքային խրամատ է:
«ԼՈՒՍԱՐԱՐ»