Ձեղնահարկում, որը միաժամանակ առանձնատան խորդանոցն էր, օգոստոսյան շոգը եփ էր գալիս։ Շիկացած թիթեղյա ծածկի տակ ուր որ է բուղ էր ելնելու ամեն ինչից: Անգամ շոգեբաղնիքը սրա համեմատ մասխարա էր։ Եվ Սեդրակը, չնայած հազիվ մի ժամ կլիներ, ինչ ինքնակամ իրեն հանձնել էր ձեղնահարկի գերությանը, սակայն ամեն անգամ թաշկինակն արդեն երեսին, ծոծրակին, թիակներին քսելուց հետո մզում էր, եւ քրտնաջուրը, թափվելով տախտակած հատակին, թշշում էր, ու փոշին էր, որ խրտնում էր ու զինքը կոտորում հատակից շեղորեն վեր ձգվող լույսի խրձի մեջ։
Սեդրակը տղամարդ էր, դիմացողն էր: Վերջապես իր որոշումն էր դա, եւ գիտեր, թե ինչու էր այստեղ` իր առանձնատան ձեղնահարկում տապ կացել. տասնամյակների այս փոշու, շոգի ու բանտարկության մեջ նա գտնել էր ուզում իր կնոջ հավատարմությունը: Իհարկե, եթե աշխարհը տեղյակ լիներ այս տեսարանին, ապա ծիծաղեր պիտի այս մարդու մտածողության վրա, բայց Սեդրակը առաջվա պես ապրել այլևս չէր կարող, ինչպես որ չարորակ ուռուցքն է դանդաղորեն սպանում կյանքը: Իր հոգում բույն դրածը ուռուցք չէր, անհաշիվ թունավոր օձերի կծիկ էր, որոնցից յուրաքանչյուրը պատեհ-անպատեհ առիթով խայթում էր՝ ոչ մահացու, շատ ավելի ցավ ու տառապանք պատճառելու համար: Տարիքն էլ իրենն էր անում: Ու, երեւի հենց տարիքն էր պատճառը, որ, այնուամենայնիվ, որոշեց մի որոշ ժամանակով դառնալ Ջեյմս Բոնդ:
Ձեղնահարկում տապ կենալու համար Սեդրակը հիմքեր ուներ: Վերջին շրջանում իր եւ Նանեի ինտիմ կյանքը ինչ- որ աներեւույթ խութերի էր դեմ առնում, կարծես ամեն ինչ կար, սակայն չկար բերկրանքը, ինչպես առաջներում: Կնոջ վարքագծում էլ հայտնվել էին բաներ, որոնք նախկինում չկային, կամ գոնե ինքը չէր նկատել: Բացի դրանից, իր առաջարկությունը, փաղաքուշ ակնարկը, կնոջ մերժելու պատճառաբանությունները Սեդրակի կարծիքով անտրամաբանական էին, անհեթեթ: Կինը ամուսնու համեմատ բավականին երիտասարդ էր, գեղեցիկ: Ու մեկ անգամ չի Սեդրակը կնոջ հետ կինոթատրոն գնալիս որսացել ջահելների իր հոգում օձ գալարեցնող հայացքները: Իսկ ամենից շատ հոգին փայտփորիկի պես քչփորում էր կնոջ մի արտահայտությունը: Չասեմ Սեդրակը սեր ուներ, բայց հաճախ էր նայում ռուսական հեռուստաալիքով ցուցադրվող «Ամուսնական առագաստ» հաղորդաշարը, որի ընթացքում երկու ջահելներ, ամուսիններից մեկի առաջարկությամբ, թաքնված տեսախցիկների օգնությամբ հետեւում, բացահայտում էին մյուսի անհավատարմությունը: Մինչ հեռուստաէկրանին սիրեկանի անկողնում բռնեցված կինը` երեսը ձեռքերով ծածկած չքմեղանում էր ամուսնու առաջ, Նանեն, որ նույնպես հեռուստացույց էր նայում, տեղից վեր կացավ՝ ասելով. «Հիմարություն է… ընդամենը ուրիշի ընտանիք են քանդում…»: Խոսքը խոսք բերեց: Եվ այդ երեկո նույնիսկ սկանդալ եղավ: Սեդրակը ոչ մի կերպ հասկանալ չէր կարողանում. պարկեշտ կինը, թվում է, փնովեր պիտի, մինչդեռ Նանեն պաշտպանում էր ամուսնուն դավաճանած կնոջը: Օրեր անց էլ, նրա կրքոտ պահվածքն այդ հարցում Սեդրակի մտքից դուրս չէր գալիս, սեպի պես խրվել, մնացել էր: Կյանք տեսած մարդ էր Սեդրակը, նա մենության պահերին կողք կողքի էր դնում կնոջ՝ վերջին շրջանի նիստուկացից առանձին պատառիկներ եւ… հոգին սկսում էր մզզալ օձի խայթոցից: Անկողնում էլ Նանեն առաջվա նման չէր, եթե մեկ երկու անգամ մերժում էր, երրորդին չէր ընդիմանում, սակայն դա ավելի շատ պարտականության նման մի բան էր լինում, բայց ոչ զգացմունքից, սիրուց ծնված մերձեցում:
Իհարկե, Սեդրակը շատ կուզենար, որ իրենց քաղաքում էլ լիներ այնպիսի ծառայություն, ինչպիսին «Ամուսնական առագաստն» էր: Իսկ քանի որ չկար, ստիպված էր իրեն մտատանջող խնդիրը ինքը լուծել: Ինչ խոսք, անեկդոտի նման է հնչում, բայց նա իսկապես գործուղվեց Երեւան` հինգ օրով: Իսկ այսօր՝ առավոտյան ամեն ինչ արեց այնպես, ինչպես կանի ճամփա գնացողը: Հրաշալի խաղաց, ուղղակի անթերի: Տնից դուրս գալիս էլ կնոջն ու տաս տարեկան դստրիկին պաչ-պռոշտի արեց: Պայուսակը, որում փոխնորդ շորերն էին ու երեւանյան հինգ օրերին պետք եկող պարագաներ, նա տարավ թողեց իր աշխատասենյակում, մի որոշ ժամանակ անց վերադարձավ տուն: Այդպես էլ պիտի լիներ. կինն աշխատանքի էր գնացել երեխային տանելով հետը։ Սեդրակը իր բանալիքով բացեց դարպասի դուռը, ներսից կողպեց եւ աշխատեց մինչեւ տուն ընկած հիսուն ոտնաչափ տարածությունը այնպես անցնել, որ հարեւաններից տեսնող չլինի։ Սակայն տուն չմտավ: Նույնպիսի հուշիկությամբ անցավ շենքի ետեւ: Ձեղնահարկ մտնելու երկու ճանապարհ կար` տան ներսից (այս դեպքում սանդուղքը ետ’ իր տեղը դնող չէր լինի) եւ շենքի ետնապատի վերեւի դռնակից: Այստեղ էլ նա սանդուղքը դեմ արեց պատին, ինքը դռնակից ներս մտավ, իսկ սանդուղքը ոտքով վերջին պահին այն/տեսակ հրեց, որ այն, պատին քսվելով, կողքանց սահեց ու մնաց պատի տակ մեկնված: Տղամարդը երեկ էլ էր եղել ձեղնահարկում` մահանա բռնած, թե գործ կար անելու: Իրականում բաց էր արել դռան մղլակը, մուշտարու աչքով զննել ամեն ինչ: Այնպես որ՝ գիտեր իրեն ինչ է սպասվում «բանտարկության» ժամանակ, ուստի հիմա հետը բերել էր լիտրուկեսանոց երկու շիշ հանքային ջուր, ուտելիքով փաթեթը, որը կինը դրել էր ճամփի համար եւ կեսլիտրանոց սրճով թերմոսը:
Հնամաշ, կուտակ եղած կահույքի շարունակությունն էր կազմում մետաղյա, զսպանակավոր մահճակալը, որի գլխամասը դեմ էր առել ծխնելույզի աղյուսաշար սյանը:
Տղամարդը հենց այդ մահճակալի վրա էլ նստել էր: Իր ապրած կյանքում առաջին անգամ էր, անսովոր իրավիճակ էր, իր էությանը խորթ մի բան, հետեւաբար ինչ-որ տեղ նաեւ նվաստացուցիչ էր, անպարկեշտ: Մենության մեջ ինքն իր առաջ ամբողջովին անկեղծ էր, գիտեր, որ ինքը սուրբ չէ, տարեց տղամարդ է, սակայն դեմ չէ ուրիշ կանանց հետ սեր անելուն, ինչպես բոլոր տղամարդիկ, մինչդեռ հիմա եկել ձեղնահարկի այս փոշու մեջ գտնել էր ուզում իր կնոջ հավատարմությունը: Մի բան էլ կար. շրջապատում, երբ խոսք էր լինում անհավատարիմ կանանց մասին, Սեդրակի հոգում չգիտես ինչու քանդվում էր օձերի կծիկը։ Հակառակի պես գործընկերն էլ այնպիսի մի երիտասարդ էր, որի կյանքի իմաստը շատ կանանց հետ քնելն էր: Ու երբ նա առիթի դեպքում աքլորացած պատմում էր իր ունեցած կանանց մասին, անպայման նրանց ամուսիններին կոտոշ էր կպցնում: Նման պահերին Սեդրակն իրեն նվաստացած էր զգում` մտածելով, որ ինչ-որ մեկն էլ, հավանաբար, նույն կերպ է խոսում իր մասին: Եվ նման պահերին էր, որ շատ էր ուզում գործընկերոջ ուղեղից կորզած լինել իսկությունը, բայց հո՞ չէր հարցնելու իսկ ի՞նչ գիտես իմ կնոջ մասին…
-….Չէ, բալես, ո՞վ է էդպիսի բան անում…, թող մնա ճաշից հետո ,-տուն մտած կնոջ ձայնը զգաստացրեց Սեդրակին:
Կտուրը բետոնածածկ չէր, եւ պարզորոշ էր լսվում տան մեջ տեղի ունեցողը:
-…Դու հեռուստացույց նայիր` մինչեւ ճաշը տաքացնեմ, – նորից լսեց Նանեի ձայնը, որին պահ անց միացան հեռուստաէկրանի ձայները, որոնք էլ, փաստորեն, խանգարում էին Սեդրակին կողմնորոշվելու, թե տվյալ պահին կինը որտեղ է, ինչով է զբաղված:
-Բարեւ… ես եմ… լավ, – վերջապես կնոջ ձայնը նորից լսեց՝ այս անգամ խոհանոցից: Ամուսինը կռահեց, որ հեռախոսով էր կինը խոսում, սակայն լսածի բովանդակությունը չհասկացավ: Ու մինչ փորձում էր երեք կցկտուր բառից միտք ստանալ, հնչեց. «Բալես, արի, պատրաստ է… Ձեռքերդ լվա նոր»:
Մի առ ժամանակ խոսողը միայն հեռուստացույցն էր:
–Էլ չեմ ուզում,- վերջապես լսվեց դստեր խոսքը։ Ապշելու բան էր: Երեխայի ձայնից սիրտը լափու տվեց, ծուլ եղավ, կարծես Աստղիկը տիեզերքի անծայրածիր հեռվում էր: Իսկապես, ուրիշ զգացողություն էր. ինքը ե’ւ տանն էր, ե’ւ տանը չէր: Այդպես մեկ էլ լինում է թերեւս հանգուցյալի հոգու հետ. ինքը՝ ներկա, մինչդեռ բացակա է: Ինքը` Սեդրակն էլ ասես գոյություն չուներ (ձեղնահարկինը` ոգին էր) եւ իրեն ամենահարազատ մարդիկ՝ Աստղիկն ու Նանեն աշխարհում միայնակ են, անտեր: Լափու տվածի մեջ հարյուր տարվա կարոտ կար, եւ այդ պահին է, որ Սեդրակը ուղղակի թքած ուներ իր ձեռնարկածի վրա: «Ինձ նման մեկ ուրիշ ախմախ էլ կա՞ աշխարհում»:
-Եթե ուզում ես հյուրասենյակում ուտել, պաղպաղակ/դ/ ափսեի մեջ դիր, նոր տար…
– Քոնն էլ տանե՞մ:
-Չէ, ես էս միրգը տեղավորեմ` չփչանա… Ձմեռը կոմպոտ, մուրաբա ես ուզելու:
Քիչ անց հատակի վրայի քառակուսի դռնակի մոտ չախկաչուխկ լսվեց: Նանեն սանդուղքն էր կանգնեցնում պատն ի վեր: Սեդրակը արագ ու անձայն անցավ փայտեղենի ետեւ, կուչ եկավ, սսկվեց: Այ քեզ խայտառակություն, ո՞նց չէր նկատի ունեցել նման տարբերակ:
Դռնակը դանդաղորեն սկսեց բացվել` Նանեի զարդատուփի նման, եւ հատակի բացվածքում մինչեւ գոտկատեղը հայտնվեց Նանեն` Տիրամոր գեղեցկությամբ: Կինն իրենն էր, սակայն Սեդրակը հնոտիների արանքից առաջին անգամ էր նրան տեսնում՝ միանգամայն նոր հրապույրի մեջ: Տեսածով տարված` չնկատեց, որ կինը փոքր-ինչ երկար մնաց նույն դիրքում, նաեւ չնկատեց, որ կինն այդ ընթացքում օդն էր հոտոտում, քանի որ ձեղնահարկին բնորոշ հոտի, եւ շիկացած օդի մեջ անսպասելի որսացել էր ամուսնու համար գնած օծանելիքի բույրը: Անշուշտ, շփոթվել էր, բայց միայն առաջին պահ, քանի որ հետո գնաց դատարկ բանկաների շարանուկից երկուսը վերցրած, ետ դարձավ:
Նույն հանգստությամբ էլ իջավ` անհետանալով փակվող քառակուսի երախում: Բայց խոհանոց չգնաց, մնաց սանդուղքի ցածի ոտնակին նստած: Մի առ ժամանակ անց միայն բանկաները խոհանոց տարավ, սանդուղքը վերադարձրեց իր տեղը եւ զանգահարեց՝ ականջ պահելով, որ ձեղնահարկից հեռախոսազանգ կլսի, մինչդեռ ականջի տակ հնչեց.
«Ձեր հավաքած համարն անհասանելի է…»:
Հեռախոսագիծը վարդակից անջատեց:
-Մամ, բա չե՞ս գալիս:
– Էսա եկա:
Սեդրակը ձեղնահարկում տեսնել չէր կարող, որ կինը հյուրասենյակ մտնելով` հեռուստացույցի ձայնը իջեցրեց:
-Առանց հայրիկի տխուր է, չէ՞։
-Էն էլ ո՛նց: Մա՛մ, արդեն տեղ հասած կլինի, չէ՞:
-Եսի՞մ : Որ հասնի` զանգելու է։
– Դու էլ ես կարոտում, չէ՞:
– Կարոտը էն խոսքը չէ, բալե՛ս: Մի օր էլ չկա, իսկ ինձ թվում է` ամբողջ մի տարի է արդեն: Ես եմ իմանում՝ գալու է լրիվ հալումաշ եղած, պատահական տեղերում սնվել չի սիրում, հաց սարքող էլ չունի: Երանի էս հինգ օրն արդեն անցած լիներ:
Սեդրակը չէր հիշում, որ երբեւէ Նանեն իրեն սիրո խոսքեր ասած լինի: Ու հիմա լսածից ոչ թե հուզվեց, այլ անհարմար զգաց. իր արածը ստորություն է: Ինքն ուղղակի չի համակերպվում իր ծերանալու հետ, մանավանդ որ կինն իր համեմատ պարզապես հեքիաթից եկած փերի է, եւ խանդելով կնոջ տարիքն ու գեղեցկությունը, ինտիմ կյանքը մահանա բռնած` իր հոգու մեջ օձեր է բուծում: Քեզ հետ հավասար աշխատում է, տուն գալով, երբ դու բազկաթոռում թերթ ես կարդում, ինքը խոհանոցում կերակուր է սարքում, ընթրիքից հետո էլ հեռուստացույց ես նայում, ինքը ամանեղենն է լվանում, միայն հետո միանում քեզ: Ու երբ փաղաքշանքը մնում է անարձագանք, սկանդալ ես սարքում՝ չհավատալով նրա ցանկության բացակա լինելուն…
Ժամանակը շատ դանդաղ էր անցնում, հատկապես, երբ ներքեւում խոսում էր միայն հեռուստացույցը:
-Մնացածն էլ հետո կանեմ,- կնոջ ձայնը լսվեց վերջապես: Մազերդ սանրել չե՞ս ուզում, Աստղի՛կ:
– Արդեն գնո՞ւմ ենք:
- Ըհը… հեռուստացույցը անջատիր :
Քիչ անց լսվեց ելքի դռան փականի չխկոցները: Այն լռությունը, որ թխսեց հիմա ձեղնահարկում, անանուն էր, հոգեհան: Տղամարդը, ինչպես որ նստել էր մահճակալին, մի առ ժամանակ շարունակեց մնալ այդպես` անշարժ: Հայացքի ուղղության մեջ անսպասելի հայտնվեց մի մուկ։ Սեդրակը միայն աչքերն էր ճպում: Մուկը իր տիրույթում էր, համարձակ դես ու դեն գնաց, բարձրացավ կամոդի վրա, մտավ կիսաբաց դարակը, դուրս եկավ, փորձեց ավելի վեր բարձրանալ, սակայն պլստաց ընկավ հատակին, իր ընկելուց էլ վախեցած ծլկեց կամոդի տակ… Հերն անիծած: Ասա` տարիքդ առած մարդ ես, էս չուլանում ի՞նչ ես անում: Արածդ բա ախմախություն չի՞։ Մտածե՞լ ես, իսկ եթե իրականում ոչինչ էլ չկա՛, ամբողջ կյանքդ մնալու ես էստե՞ղ… Պարզապես ծերացող օրերիդ միապաղաղությունից հուշտ եղած՝ հորինում ես բաներ եւ բավականություն ստանում սեփական հոգիդ չարչարելուց: Դրան ասում են` բախտը ձեռքին, ոռին աչքով է անում… Մի րոպե ընդունենք` իրավացի ես, կինդ սիրեկան ունի: Դու էս չուլանում հիմա նստել ես, որ ի՞նչ անես: Որ բռնեցնե՞ս: Մի՞թե էն խելքին ես, որ էս մեծ աշխարհում սեր անելու էլ ուրիշ տեղ չկա: Եթե բոլորը քեզ նման մտածեն, աշխարհի տղամարդկանց կեսը չուլանից տուն չպիտի իջնի… Լավ, հետո՞: Ասենք՝ բռնեցրիր: Ո՞րն է լինելու քո հաջորդ քայլը։ Իջնելու ես, երկուսի ջարդը տա՞ս։ Սպանելո՞ւ ես: Չէ, դու այդ անողը չես: Բաժանվելո՞ւ ես: Մի ծիծաղեցրու: Ջահել լինեիր, կարելի էր հավատալ: Հիմա դու առանց Նանեի ապրողը չես։ Առանց Աստղիկի` առավել եւս: Դե, ո՞նց է, էստեղ նստելդ ախմախություն չի՞։ Ուղղակի խանդը խելքդ տարել է, արի համաձայնվիր:
Սեդրակը համաձայն էր ինքն իր հետ: Եվ նույնիսկ զարմացավ նրանց վրա, ովքեր իրենց ունեցած մի հատիկ կյանքը անց են կացնում բանտերում: Ինքը ընդամենը մի քանի ժամ էր այստեղ, արդեն թվում էր աշխարհը վաղուց ապրում է առանց իրեն: Ու եղան պահեր՝ մի քանի անգամ, երբ ուզեց թքել ու դուրս գալ արեւերես, բայց վերջին պահին մի բան, այնուամենայնիվ, ետ էր պահում, ինչպես տիեզերագնացը՝ ստարտից հետո՝ ուզի-չուզի մնում է իր գահավորակում: Ձեռնարկածը նախ մահվան նման խորհրդավոր էր, հազվագյուտ եւ հետաքրքիր, եւ ապա՝ ինքն ամեն օր ձեղնահարկ չի գալու, սակայն, ի վերջո պարտավոր է իմանալ… Ո՞վ ասաց, թե իր կնոջ հավատարմությունը ստուգելու համար էր այստեղ: Նա փնտրում էր ավելի մեծ բան` ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը հենց այնտեղ է, ուր փոշի է ու կեղտ…
Մահճակալին նստած՝ նա հաց ու վարունգ ծամեց` անհավես, մկան հարեւանությամբ երբեք չէր սնվել, փոխարենը սուրճը ուղղակի վայելեց` հենց թերմոսի կափարիչից։ Այս ողջ ընթացքում չէր ծխել: Դռնակը ծերպ արեց ու ծխեց մեծ բավականությամբ, վերջում էլ՝ ապահովության համար շշի բերանից ջուրը ծլլացրեց, սիգարետի կարմրած քիթը պահեց ծլլոկի տակ, նոր միայն դռան ծերպից դուրս նետեց:
Շոգը գնալով ուղղակի դառնում էր անտանելի: Ջարդված աթոռի ոտքը պոկեց, որպես ձող՝ մի ծայրը մտցրեց կամոդի կիսաբաց դարակը, մյուս` ցից եղած ծայրին գցեց իր ամբողջովին թաց վերնաշապիկը: Թաշկինակով խնամքով սրբեց դեմքի, մարմնի վրայով սլլացող ջրերը, թաշկինակը մզելուց հետո թափ տվեց, որպեսզի իր նախկին տեսքը ստանա եւ փռեց մահճակալի ցանցի վրա:
Բջջայինով հեռախոսահամար հավաքեց:
– Վերջապես, -ականջում լսեց Նանեի ձայնը:
-Տեղ հասա՞ր:
-Ըհը, Սեդրակը դժվարությամբ ստեց:
– Ամեն ինչ լա՞վ է ։
-Հա, ոչինչ:
-Հաց կերե՞լ ես:
-Մի քիչ։
– Ես գիտեմ քո մի քիչը։
– Տանը չե՞ք: Զանգեցի` պատասխանող չեղավ:
-Աստղիկին բերել եմ կարուսել, զբոսայգի, բայց, մեկ է, ժամանակը չի անցնում… Սեդրա՛կ:
– Լսում եմ:
-Հիշո՞ւմ ես, որ խնդրեցի արծաթե վզնոց բերես:
-Չեմ մոռացել:
-Փոշմանել եմ, չեմ ուզում:
-Ինչո՞ւ:
– Դու ավելի լավ է սննդիդ հետեւես:
-Լավ…, բայց թող ես որոշեմ… Երեխային ուշադիր կաց եւ ժամանակին տուն գնացեք: Համբուրում եմ երկուսիդ:
– Լավ ։
Մարդուն բանտարկելը մահից էլ դաժան պատիժ է: Գոնե Սեդրակի համար այդպես էր, ում ապրած կյանքում սա միակ օրն էր, երբ անսահմանափակ ժամանակի տեր էր, ոչ մի անելիք չուներ եւ պարապությունից ուղղակի մեռնում էր ձեղնահարկի շոգ/ ու, քրտինքի եւ փոշու մեջ:
Երեկոյան, երբ կինն ու երեխան տուն էին եկել, ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, ընդհակառակը, ամեն ինչ գնալով դառնում էր մահու չափ ձանձրալի: Միայն մի անգամ Նանեն զանգեց մորը, խոսեց դեսից-դենից, ասաց.
- Սեդրակն էլ էսօր Երեւան գնաց… հա, գործուղման… ժամանակը հեչ չի անցնում, գիտե՞ս չես պատկերացնի, ինչքան տխուր է… Աստղիկին կարուսել տարա, բայց մեկ է… Ձեր տո՞ւն… Չէ, մա՛մ, դրա անհրաժեշտությունը չկա… Եսիմ … լավ, որ ստիպում ես, գուցե վաղը… Աստղիկ, կուզեի՞ր վաղվանից գնանք տատիկենց տանը մնանք, մինչեւ հայրիկը գա: Համաձայն է… Վաղը, որ Սեդրակը զանգի, հետը խորհրդակցեմ՝ նոր: Դե լավ, մա՛մ: Լավ եղեք:
Հա, մի զանգ էլ եղավ:
- Այո, լսում եմ,- ասաց Նանեն, – ոչ, սխալ եք ընկել։
Մութն էլ Սեդրակի նման աննկատ հայտնվեց ձեղնահարկում: Առարկաները արդեն կորցրել էին իրենց տեսքը, եւ շուրջ բոլորը միագույն էր, երբ Աստղիկը գնաց քնելու, իսկ կինը մտավ լոգասենյակ, ցնցուղ ընդունեց:
Սեդրակը` ոտքերը մահճակալից կախ, պառկել էր, թեպետ մեջքին արդեն արտատպվել էին զսպանակավոր ցանցի նախշերը, բայց ձեռքերը գլխատակին դրած՝ շարունակում էր պառկած մնալ: Երկակի զգացում ուներ. մի կողմից գոհ էր, որ արտառոց ոչինչ տեղի չէր ունենում, մյուս կողմից էլ ակնկալում էր մեծ իրադարձության ականատեսը լինել, մինչդեռ այն չկար: Իսկ կարծում էր… հեռախոսը կզանգի, եւ կինը լսափողում ցածրաձայն՝ ականջի տակ շշնջալու պես կասի.
- Այո… ես եմ… մենակ… Իհարկե, կարոտում եմ… Դու գիտես… Դարպասի դուռը կկողպես։
Հետո, որոշ ժամանակ անց տան դուռը գողունի կճռռա:
-Եկա՞ր…, ընդառաջ գալով` ցածրաձայն կասի կինը,- երեխան քնած է: -Ապա հյուրասենյակից կլսվի՝ մնալո՞ւ ես:
-Ինչպես` կասես, – վերջապես կլսի տղամարդու օտար ձայն: Ձայնից էլ կկռահի’ երիտասարդ է:
-Ընթրել կուզե՞ս։
-Միայն` սուրճ: Սա ընտիր գինի է։ Արժե փորձել։
-Տաք ջուր կա, եթե ուզում ես, կարող ես ցայվել, մինչեւ ես սուրճ դնեմ:
– Կարելի է,- կասի տղամարդը, եւ քիչ անց ցնցուղից թափվող ջրի ձայն կլսվի միայն:
Գինու, սուրճի, տաք խոսքերի միջավայրում համբույրներն ու փաղաքշանքները դառնալու են կրքառատ: Կնոջ վրայից ցած կսահի կարճփեշ ատլասե խալաթը, ու նրա փարթամ ու պիրկ կրծքերի հրապույրը կդառնա աննման…
Հեռուստացույցը կշարունակի գինու շշի, կիսատ բաժակների ու անկանոն թափված հագուստների համար իր համերգը տալ, իսկ կողքի սենյակում …
– Ա՜հ… էս ինչքա՜ն ես լավը… Տարզանս… իսկական խենթ ես, – կինը երանության մեջ կշշնջա, օ՜ …, մի՞թե հաճույքն այսպիսին է լինում:
Երիտասարդի մկանուտ մեջքին հայտնված քրտինքի կաթիլները լուսատտիկների նման առկայծելու են լուսնկա սենյակում …
Տեսարանը, թեկուզ երեւակայական, բայց Սեդրակին հունից հանելու փոխարեն կնոջ նկատմամբ ունեցած կիրքն էր քառապատկում, բազմապատկում, հորձանք տալիս… Եվ Նանեն դառնում էր ավելի ու ավելի ցանկալի, խորհրդավոր, անիրական…Ցնցուղից թափվող ջրի չփչփոցը կտրվեց: Քիչ անց լռեց հեռուստացույցը, եւ մուտքի դռան փականը չրթաց, ինչպես ընկույզ ջարդելիս: Իսկ տան լռությունը ամբողջապես տրվեց ձեղնահարկում կամոդից ընկած մկան վայելքին…
Առավոտ կանուխ, երբ հավաքարարները դեռ փողոցներում ցախավելով ասֆալտի մեջքն են քորում, Սեդրակը վեր կացավ, ցելոֆանե տոպրակը, որում երեկվանից մնացած ուտելիքն էր ու կիսատած սրճով թերմոսը, կապեց շալվարի գոտուց, կախ արեց կողքից եւ ինքն էլ կախվելով պատն ի վար, բաց թողեց ձեռքերը: Բարձրությունը մեծ չէր, բայց լռության մեջ թրմփոց եղավ: Փոխարենը կարողացավ անաղմուկ գնալ դարպասի կողմը: Ետ չնայեց, նայեր էլ չէր նկատելու, որ ննջասենյակի վարագույրը շարժվեց…
Կինը կարճփեշ վարդագույն գիշերանոցով գնաց խոհանոց: Սուրճ դրեց: Իսկ սուրճը խմելիս հեռախոսահամար հավաքեց.
-Ես եմ… բարի լույս… Քնա՞ծ էիր… կներես… Չեմ կորել, էդպես ստացվեց… չնախատեսված… հա, երեկ պիտի գնար… հետո կպատմեմ: Հիմա լսիր ինչ եմ խնդրում: Գնա ավտոկայան, տես Երեւա՞ն է գնում: Ականջի ետեւ չգցես, եթե ինձ ուզում ես… Չեմ կասկածում … Սպասելու եմ զանգիդ:
Սեդրակն իսկապես Երեւան մեկնեց: Ճանապարհին, հակառակ միկրոավտոբուսի շատ ուղեւորների, որոնք գլուխները այս ու այն կողմ թեքած՝ նիրհում էին, Սեդրակը, չնայած անցկացրած գիշերվան, կենսախինդ եւ առույգ էր: Նա, ի վերջո գտել էր իր որոնածը։ Ուներ իր ճշմարտությունը եւ հոգին հիմա փառահեղորեն անրջում էր: Փոխարենը, որքան մեքենան նրան հեռացնում էր իր քաղաքից, իր տանից, նույնքան մեծանում, ահագնանում էր կնոջ նկատմամբ կարոտը:
Ճանապարհին, գետեզրյա մի խորտկարանում մինչ ուղեւորները ճաշում էին, Սեդրակը քայլեց մոտակա անտառակի կողմը։ Ծառերից մեկի ստվերում կիսապառկած ծխում էր, հիանում խոտ ու ծաղկով, մոտերքում թեւին տվող թիթեռնիկներով… « Էնպիսի շքեղ վզնոց եմ առնելու, դեռ ականջողներն էլ հետը»:
Անսպասելի, ինչ-որ տեղից կանչեց կկուն: Սեդրակը կիսապառկած դիրքից չուռ եկավ փորի վրա:
-Ասա’ ինձ, կկո’ւ, երջանկության քանի՞ տարի եմ ապրելու…
Կկուն չգիտես ինքնաբերաբա՞ր, թե՞ խղճահարվելուց, անտառակում շարունակեց տեւական երգել…
ՄԱՐՏԻՐՈՍ ՈԲՆԵՑԻ