«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը հերթական անգամ իր դռները բացեց արցախցի ստեղծագործողների առջև։ Մարտի 29-ին այստեղ բացվեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների և Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Արցախն ապրում է» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը տևելու է մինչև ապրիլի 10-ը։
Ցուցադրված են գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ, գոբելեններ, գորգեր, կերամիկական իրեր, որոնք ստեղծվել են Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների կողմից և ամբողջությամբ ներկայացնում են Արցախը։
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հիմադրվել է 1995թ. Հադրութում: 44-օրյա Արցախյան պատերազմից հետո` 2020թ. դեկտեմբերին, կենտրոնը վերաբացվել է Երեւանում և ունի մասնաճյուղեր Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Էջմիածնում, Վանաձորում և ՀՀ այլ մարզերում։ 2022-ին նաև Ստեփանակերտում բացվեց մասնաճյուղ, որն անգամ Արցախի պաշարման օրերին գործում էր: Այդ ընթացքում գործված գորգը ցուցահանդեսում նույնպես ցուցադրվում է։
Կենտրոն անվճար հիմունքներով հաճախում է 476 աշակերտ՝ ընդհանուր 47 խմբում։ Այստեղ դասավանդում են Արցախից բռնի տեղահանված 24 արվեստագործներ։ Գործում են նկարչության, կավագործության, գորգագործության, կարպետագործության, փայտագործության, ասեղնագործության, գոբելենի, մանրանկարչության, պարի և այլ խմբակներ։ Վերաբացումից ի վեր կենտրոնը կազմակերպել և մասնակցել է հինգ տասնյակից ավել ցուցահանդասների, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսրայելում, Շվեյցարիայում, Հնդկաստանում։ Կենտրոնի աշակերտների ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գտել Զոհրաբ Ըռքոյանի ցուցահանդեսում:
Այս ցուցահանդեսի 33 լուսանկարներում Արցախի բոլոր շրջաններում գոյություն ունեցող հայկական պատմամշակութային հուշարձաններն են՝ վանական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր և այլն։ Ցուցադրության բացմանը ներկա էին արվեստասերներ, Արցախի մշակույթով հետաքրքրվողներ, արցախցիներ, հյուրեր։
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, որի նախաձեռնությամբ կայացել է ցուցադրությունը, իր բացման խոսքում ողջունեց ներկաներին, երախտագիտության խոսք ասաց, որպես կարևոր իրադարձություն համարեց ցուցադրությունը։ Նշեց՝ պատահական չէ, որ «Արցախն ապրում է» խորագիրն է կրում ցուցահանդեսը։ «Մենք մշտապես պետք է մեր հոգում ունենանք Արցախը։ Սրբորեն պետք է պահենք Արցախի խորհրդանիշները՝ Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, Գոյամարտի հերոսներին, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը»,- հավելեց նա: Կարևորեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենի և ուսուցիչների նվիրական աշխատանքը, որի շնորհիվ այսօր էլ գործում է կենտրոնը, ունի շնորհալի սաներ, որոնք ստեղծում են արվեստի գործեր։ Շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանին, որ կազմակերպեց իր ղեկավարած կենտրոնի աշխատանքների ցուցադրությունը։ Կարևորեց նաև Զ. Ըռքոյանի դերը, որը 20 և ավելի տարիների ընթացքում շրջել է Արցախով մեկ, լուսանկարել հարյուրավոր հուշարձաններ, և դրանց մի մասը ցուցադրվում է ։
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Ի. Թամրազյանն անդրադարձավ կենտրոնի աշխատանքներին, խոսեց կենտրոնի տնօրենության, ուսուցիրների ու սաների առաջ ծառացած մի շարք խնդիրների մասին, նշեց, որ այնուհանդերձ ինքն ու ուսուցիչները շարունակում են աշխատել և ունեն հաջողություններ։ Շնորհակալություն հայտնեց «Թեքեյան կենտրոն»-ի ղեկավարությանը, որ սիրով նախաձեռնել է ցուցադրությունը։ Ի. Թամզարյանը իր խոսքում հավելեց. «Խմբակները պահպանել են իրենց ոճը, աշխատանքներում ևս պահպանում ենք Հադրութի, Դիզակի նախշերը, գույները, պատմությունը: Գորգարվեստում ունենք հաջողություններ: Արտաշատում գորգագործների խումբն է, Մասիսում՝ կարպետագործների: Փորձում ենք ընդլայնել մեր կենտրոնի աշխարհագրությունը, և սա մեր առաջին ցուցահանդեսն է, երբ ցուցանմուշների տակ գին է նշված: Հաշվի առնելով, որ մենք ամիսներ շարունակ առանց աշխատավարձի ենք աշխատում՝ փորձում ենք վաճառքից ստացված գումարներով ապահովել և՛ մեր վարպետներին, և՛ մեր կենտրոնի երեխաներին, որ անհրաժեշտ նյութեր ձեռք բերեն։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք համախմբել բոլոր երեխաներին: Երևանի կենտրոն են հաճախում նաև ռուս ընտանիքներից երեխաներ, նրանց ծնողները: Կան երեխաներ Ֆրանսիայից: Ծնողները սովորում են ասեղնագործություն: Այսօր դարձել ենք փոքրիկ ինտերնացիոնալ կենտրոն, և երեխաները իրար հետ շատ լավ շփվումեն»։
Զ. Ըռքոյանը, ողջունելով ներկաներին, իր շնորհակալությունը հայտնեց։ Նշեց, որ երկար տարիների աշխատանք է ցուցադրվում։ Լուսանկարներում Արցախի յոթ շրջանների առավել կարևոր հուշարձաններն են: Լուսանկարները շատ են, սակայն այստեղ ընդգրկել են երեսունը: Կան հուշարձաններ, որոնց լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում:
«Արցախն այսօր հակառակորդի ձեռքում է, բայց դա չի նշանակում, որ մենք այն կորցրել ենք: Պատահական չէ ցուցադրության խորագիրը՝ «Արցախն ապրում է»։ Սակայն Արցախն այսօր հոգևոր հայրենիք է, և պետք է այնպես անենք, որ ֆիզիկապես ապրենք մեր հայրենիքում։ Հույս ունենք, որ մի օր վերադառնալու ենք, և այս երեխաները ստեղծագործելու են Շուշիում, Հադրութում, Ստեփանակերտում, Քաշաթաղում, որովհետև դա մեր պատմական հայրենիքն է: Լավագույն փաստաթղթերը հենց այս հուշարձանների լուսանկարներն են: Ոչ մի ադրբեջանցի, ոչ մի աղվան նման եկեղեցիներ, վանական համալիրներ չի կառուցել: Եթե իրենք են կառուցել,ապա ինչո՞ւ են հայերեն գրել»,-իր խոսքում ասաց Զ. Ըռքոյանը: Անդրադառնալով «Թեքեյան կենտրոն»-ի հայրենանվեր գործունեությանը՝ նշեց, որ 20 և ավելի տարիներ է կապը թեքեյանականների հետ։ Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը կրում էր Վահան Թեքեյանի անունը։ Շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրենին, որ մեծ սիրով է մասնակցում Արցախին վերաբերող ծրագրերին։
Ելույթներից հետո ներկաները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրությանը։
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս