90-ամյա հոբելյարը

Մարտի 1-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում ջերմ մթնոլորտ էր։ Մարտի 1-ին՝ գարնան առաջին օրն է ծնվել գիտական այս կառույցի երկարամյա աշխատակից, բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանահավաք և բանագետ, բ.գ.դ. Վերժինե Սվազլյանը։ Ներկաները՝ պատմաբաններ, հնագետներ, բանասերներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ, ծափողջյուններով դիմավորեցին հոբելյարին։


ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրությոն ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը ողջունեց ներկաներին և ասաց․ «Ջերմագին շնորհավորում ենք մեր վաստակաշատ բանագետ-բանահավաքին՝ իր 90-ամյա հոբելյանը բոլորելու առթիվ, մաղթում ենք արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ»։ Նույն ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը համառոտ ներկայացրեց Վերժինե Սվազլյանի կենսագրականն ու գործունեությունը։


Ծնվել է 1934 թվականի մարտի 1-ին Եգիպտոսում։ 1947-ին Սվազլյանների ընտանիքը հայրենադարձվում է Մայր Հայաստան։ 1956 թվականին Վերժինե Սվազլյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը։ Ստեղծագործական կյանքի ընթացքում Վ․ Սվազլյանը հեղինակել է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածներ, շուրջ 30 գիրք, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և Սփյուռքում։ Վ. Սվազլյանը հատկապես հայտնի է Հայոց ցեղասպանությունը վերապրած ականատեսների բանավոր պատմությունները գրանցելու և հրատարակելու իր անխոնջ գործունեությամբ։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա աշխատությունները թարգմանվել և հրատարակվել են իսպաներեն, հինդի, չեխերեն և այլ լեզուներով։ 1958-1961թթ. հայտնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիտական ղեկավարմամբ ուսումը շարունակել է ԳԱ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդական բանահյուսություն» մասնագիտությամբ։ Ասպիրանտական ուսումնառության ընթացքում եղել է Մ. Աբեղյանի անվան թոշակառու։ 1996-2004թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, իսկ 1996-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության, ինչպես նաև Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներում գործող մասնագիտական խորհուրդների անդամ։


Սկսած 1955 թվականից՝ ավելի քան 65 տարիների ընթացքում անձնական նախաձեռնությամբ գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի ավելի քան 150 հայաբնակ բնակավայրերից տեղահանվածների բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության նշխարները։ Առավել կարևորել է նրանց կողմից արված փաստավավերական վկայություններն ու պատմական երգերը՝ հայերեն և թուրքալեզու։ Դրանք հետագայում արդեն գրքի ձևով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ներկայացրել է համայն մարդկության դատին։ Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), «Մովսես Խորենացի» մեդալի (2013)։ 2016 թվականին գիտության և կրթության բնագավառում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։


Այնուհետև եղան ելույթներ տարբեր մտավորականների կողմից, որոնք ժամանակին աշխատել են, համագործակցել Վերժինե Սվազլյանի հետ։ Բոլորն էլ սիրով արտահայտվեցին իսկական հայի, գիտնականի, լավ մարդու մասին։ Ներկայացրին նրա հրաշալի կերպարը, աշխատասիրությունը, հզոր կամքն ու ձգտումը, որի շնորհիվ կարողացել է մեծ գործ կատարել։ Նշվեց նաև, որ 2000թ. վեց լեզվով, այդ թվում՝ թուրքերեն, հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» ծավալուն աշխատությունը։ Դրա համար հեղինակը վաճառել էր հարսանեկան մասունք-ոսկեղենը, հայրական թանկարժեք նվիրատվությունները՝ գորգեր, այլ պարագաներ։: 2020-ին լույս է տեսել նաև «Հայոց ցեղասպանություն. ականատես ապրողների վկայություններ» գիրքը, որում 600 վկայություններ են, երգեր, զրույցներ:


Վ․ Սվազլյանը, հայտնելով շնորհակալություն, իր հասած հաջողությունները համարեց համատեղ աշխատանքի արդյունք։ Սակայն կարևորեց հոր դերը, որ ինքը կարողացել է հասնել նման հաջողությունների։ Հայրը՝ արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1947) Գառնիկ Սվազլյանը, վախճանվել է 44 տարեկան հասակում, սակայն հասցրել է դստերը դաստիարակել հայրենիքի իսկական զավակ։ «Մեծ է հորս դերակատարումն իմ հոգեգիտակցական աշխարհի ձեւավորման գործում: Տակավին մանուկ հասակից ես միշտ ներկա եմ եղել, մասնակցել եմ նրա կազմակերպած բոլոր միջոցառումներին, հասարակական-քաղաքական ձեռնարկումներին, ինչպես՝ մայր հայրենիքում Հովհաննես Թումանյանի հիմնադրած Հայաստանի օգնության կոմիտեին աջակցելը. հայրս ՀՕԿ-ի մասնաճյուղի նախագահն էր Ալեքսանդրիայում: Նա դրամահավաքներ էր կատարում և ուղարկում հայրենիք՝ նպաստելով երկրի վերաշինությանը: Նույնիսկ Լենինականի տեքստիլ տրիկոտաժի ֆաբրիկայի առաջին դազգահները 1930-ականներին հայրս է ուղարկել Եգիպտոսից», -ասաց Վ․ Սվազլյանը:
Ցերեկույթի ավարտին Վ․ Սվազլյանն իր հեղինակած «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» խորագրով գիրքը (904 էջ), որը բացվում է «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» քարտեզով, մակագրեց և նվիրեց ներկաներին։ Այս գիրքը 40 տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունք է։ Վ․ Սվազլյանը 1979, 1990, 2001, 2004, 2008 թթ. այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եղել է տարբեր քաղաքներում, հանդիպել ամենատարբեր զբաղմունքի ու տարիքի հայերի հետ, հավաքել ամերիկահայերի բանավոր ստեղծագործության հյուսվածքները՝ դրանք առաջինը դարձնելով հայ ժողովրդի սեփականությունն ու ավանդ սերունդներին: Դրանք նաև հարված են անարդարությանը։

Զոհրաբ Ըռքոյան