Ալբերտ Գեւորգյանն Արցախից բռնի տեղահանված հազարավոր երեխաներից մեկն է, որը նույնպես հաճախում էր դպրոց, զբաղվում էր մարտարվեստով, զբոսնում էր հայրենի Ստեփանակերտի հարազատ վայրերում եւ պարզապես հպարտ էր, որ արցախցի է: Նա էլ շատերի նման ուներ երազանքներ ու նպատակներ, որոնք կապված էին Արցախի հետ:
Ծնվել է 2017թ. հուլիսի 7-ին Ստեփանակերտում: 44-օրյա պատերազմի ժամանակ մոր հետ տեղափոխվել է Հայաստան, ժամանակավոր բնակություն հաստատել Հրազդան քաղաքում: Պատերազմն ավարտվելուց հետո ծնողների անխախտ որոշմամբ միասին վերադարձել են Ստեփանակերտ՝ Արցախը հայկական պահելու, տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտադրությամբ ու հույսով:
Ալբերտը յուրահատուկ երեխա է թե´ տարբերվող արտաքին եւ թե´ շփման կուլտուրա ու խելացի մտքեր ունենալու շնորհիվ: Դժվար թե որեւէ մեկն անտարբեր կարողանար նրա մոտով անցնել առանց արտահայտվելու, թե որքան հմայիչ երեխա է նա: Մանկապարտեզում ու դպրոցում լավ էր իրեն դրսեւորում, իսկ ավելի մեծ սիրով հաճախում էր մարտարվեստի պարապմունքների: Վեց տարեկան դեռ չկար, երբ մայրը տարավ նրան մարզադահլիճ, որտեղ նա ծանոթացավ արեւելյան մարտարվեստներին: Սիրում է կարատեն: Ստեփանակերտում հաճախում էր ավանդական կարատե-դո մարտարվեստի մարզումների Տիգրան Գեւորգյանի կրտսեր մարզիկների խմբում: Ընտելացել էր մարզումների միջավայրին, սիրում էր իր մարզչին ու խմբակիցներին, պարտաճանաչ կատարում էր ավանդական կարատեի հետաքրքրաշարժ հնարները: Երբ պարապմունքն ավարտած դուրս էր գալիս մարզադահլիճից, մոր հետ տուն գնալու ճանապարհին էր նույնիսկ ոգեւորությամբ կրկնում օրվա սովորած շարժումները, անցորդների ուշադրությունն ավելի շատ գրավում եւ կարող էր բոլորին պատմել, որ իր սենսեյ Տիգրանը գովել է իրեն լավ մարզվելու համար:
Շրջափակմամբ պայմանավորված՝ սպառվում էր սնունդը: Դժվար էր ծնողների համար իրենց երեխաների կարիքները հոգալ, դպրոց կամ մարզադահլիճ ուղարկել: Փոքրիկ աճող օրգանիզմին անհրաժեշտ էր վիտամիններով հարուստ սնունդ, որպեսզի կարողանար հեշտ վերականգնվել էներգատար մարզումներից հետո: Դժվար էր, բայց ծնողներն աշխատում էին, որ Ալբերտը չզգա պակասը՝ խնայելով իրենց բաժինը նրա համար:
Ալբերտը կարող էր լավ պարապել ու մասնակցել տարբեր մրցաշարերի՝ ներկայացնելով Արցախը: Սակայն չհասցրեց: 2023 թվականի սեպտեմբերին նա էլ ստիպված եղավ ընտանիքով հեռանալ Արցախից: Բռնի տեղահանության երկար ու հոգնեցնող ժամերն Ալբերտը հաղթահարեց, բայց չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հնարավոր է այլեւս չկարողանա վերադառնալ իր տունը, իր քաղաքը: Ներկայում բնակվում է Աբովյան քաղաքում, հաճախում է տեղի դպրոցներից մեկը: Գուցե եւ պատահական չէ, որ մարզիչ Տիգրան Գեւորգյանն էլ է ապրում նույն քաղաքում եւ նրան արդեն հաջողվել է ավանդական կարատե դոյի խմբակ բացել նոր ձեռք բերված մարզադահլիճում: Մինչդեռ Ալբերտը դեռ չի հաճախում մարզումների: Մայրը՝ Հայկանուշ Բաղդասարյանը, ասում է.«Չնայած նրան, որ Ալբերտի սիրելի մարզիչը Աբովյանում է եւ հուրախություն մեզ՝ մարզումներ է անցկացնում, այնուամենայնիվ դեռ չենք կարողացել պարապմունքները շարունակել: Ես ու ամուսինս աշխատանքի ենք մտել, ժամանակի առումով չենք հասցնում երեխային տանել մարզումների: Բայց ձգտում ենք առաջիկայում կազմակերպել այնպես, որ Ալբերտը կարողանա մասնակցել իր սիրելի կարատեի մարզումներին»:
Իսկ Ալբերտն իր հերթին իր մտորումներն է բարձրաձայնում, որը, թերեւս, բոլորիս հոգու կանչն է. «Ես ուժեղ եմ, պետք է ամենաուժեղը լինեմ, որպեսզի գնամ թուրքին ծեծեմ, վռնդեմ մեր տնից, Արցախը հետ վերցնեմ»:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ