2023թ․ փետրվարի 28-ին խուլ շրջափակման մեջ գտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վախճանվեց անվանի գրող և հասարակական գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության օրհներգի տեքստի հեղինակ Վարդան Հակոբյանը:
Փետրվարի 29-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Վարդան Հակոբյանին: Ներկա էին գրողի գրչընկերները, մշակույթի գործիչներ, հյուրեր: Բացելով ցերեկույթը՝ այն վարող Գայանե Սամվելյանն ասաց. «Նշանակալից է Հակոբյանի ավանդը Արցախի և Հայաստանի գրական, կրթագիտական և մշակութային բնագավառներում: Տևական ժամանակ հանդիսանալով Արցախի գրողների միության նախագահը՝ նա կարողացել է ապահովել ստեղծագործական այնպիսի հախուռն միջավայր, որտեղ ձևավորվել ու կայացել են գրողական շնորհալի սերունդներ: Հենց նրանց ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ու «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ է կազմակերպվել այսօրվա միջոցառումը՝ ի հարգանք տաղանդավոր գրչընկերոջ և գիտամշակութային անխոնջ գործչի հիշատակի»:
Ելույթներով հանդես եկան Վ. Հակոբյանի գրչակից ընկերները՝ հուշեր պատմելով նրա մասին: Իր զեկուցման մեջ գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, խոսելով Վ. Հակոբյանի մասին, կարևորեց նրա դերն Արցախի գրական, կրթամշակութային, հասարակական ու քաղաքական կյանքում: Բանախոսը հակիրճ ներկայացրեց գրչընկերոջ կենսագրությունը:
Վարդան /ծննդոց անունը՝ Սլավիկ/ Հակոբյանը ծնվել է 1948թ․ մայիսի 21-ին Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է հարազատ գյուղի դպրոցում: 1969թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983թթ. աշխատել է ԼՂ մարզային «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում։ 1976-1983թթ. եղել է գլխավոր խմբագրի տեղակալը։ 1983-1991թթ. հանդիսացել է գրողների ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը, 1991 թվականից՝ ԼՂՀ գրողների միության նախագահը։ 1982 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։ Վարդան գրական ծածկանունը կնքել է Հովհաննես Շիրազը։
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Վարդան Հակոբյանի «Հայելիներ» (1979), «Քո սերը քո տունն է» (1981), «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։ Վ. Հակոբյանը հիմնադրել է «Արցախ» (1989) «Պըլը-Պուղի» (1991) հանդեսները, «Եղիցի լույս» գրական թերթը, «Արցախ» գրահրատարակչությունը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով։
Խոսելով Վ. Հակոբյանի մասին՝ որպես քաղաքական գործչի, Կ. Գաբրիելյանը հուշեր պատմեց 1988թ. Արցախյան շարժման առաջին օրերի մասին, մասնավորապես, ինչպես է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի ժամանակ Վ. Հակոբյանը դահլիճից դուրս հրավիրել Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովին ու նրա հետ եկածներին, որոնք փորձում էին խանգարել նիստը:
Հուշ-ցերեկույթին եղան այլ ելույթներ ևս: Բանաստեղծ, լրագրող, բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ Դավիթ Միքայելյանը, որը 5 տասնամյակ և ավելի աշխատել է Վարդան Հակոբյանի հետ, եղել է ԳՄ քարտուղարը, պատասխանատու այլ պաշտոններում, խմբագրել է «Պըլը Պուղի» երգիծաթերթը, հետաքրքիր հուշեր պատմեց համատեղ գործունեության հետ կապված: Անդրադառնալով Վ. Հակոբյանի գործունեությանը՝ կարևորեց այն հանգամանքը, որ նա մշտապես աջակցել է արցախցի ստեղծագործողներին:
Արձակագիր Համլետ Մարտիրոսյանը /Մարտիրոս Ոբնեցի/ Արցախի գրական ընտանիքի տաղանդավոր ներկայացուցիչներից է, Գրողների արցախյան միավորման նախագահը: Երկար տարիներ աշխատել է Վ. Հակոբյանի հետ, խմբագրել Արցախի գրողների միության «Եղիցի լույս» պաշտոնաթերթը, որը կարևոր դեր է ունեցել Արցախ աշխարհի մշակութային կյանքում: Վարդան Հակոբյանը նաև գիշերներն էր ստեղծագործում և կապ չունի որ ժամն էր՝ զանգում էր իրեն, կարդում իր նոր գրած բանաստեղծությունը և կարծիք հարցնում:
Արդեն նշվեց, որ Վարդան Հակոբյանը մշտապես կարևորել է երիտասարդ գրողների ու գիտնականների դերը, աջակցել նրանց կայացմանը: Գրականագետ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դոցենտ Ամալյա Գրիգորյանը հուզմունքով ներկայացրեց իր մեծատառով ուսուցչին՝ նշելով, որ վերջինս համալսարանի դասախոսներից շատերին է ոգևորել գիտական աստիճան հայցելու գործընթացում:
Վարդան Հակոբյանի «Կատուն» երգիծապոեմն ու «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» պոեմից հատվածներ արտասանեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը:
Նույն թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանն արտասանեց Վ. Հակոբյանի՝ Արցախի բարբառով գրված բանաստեղծություններից:
Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, որը նաև ականավոր գրողի մտերիմներից է, արտասանեց նրա հրաշալի գործերից մեկը՝ «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին»:
Ելույթ ունեցողները հույս հայտնեցին, որ Արցախը նորից կսկսի հայերեն խոսել՝ հնչեցնելով նաև Վարդան Հակոբյանի բանաստեղծական հզոր ձայնը:
Հուշ-ցերեկույթն ավարտվեց Արցախի օրհներգի կատարումով: Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ