ԿՐԿԻՆ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ Է ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ

Կիոկուշինկայ կարատեի աշխարհի քառակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը հերթական փառավոր հաղթանակը տոնեց՝ դառնալով նաեւ Ամերիկայի գավաթի չեմպիոն, եւ աշխարհին հիշեցնելով, որ Արցախը միայն տարածք չէ, Արցախը մարդիկ են՝ իրենց աննկուն ոգով, պատմությամբ, արժանապատվությամբ ու հաղթանակներով:

Ասում են՝ որքան դժվար է բարձունքի հասնելը, նույնքան դժվար է բարձրության տիտղոսը պահելը: Բայց Արթուր Առուշանյանի համար բարձունքին հասնելն ու մնալը, թերեւս,  կենսակերպ է դարձել: Հերթական անգամ կիոկուշին կարատեի կենդանի լեգենդն առաջին հորիզոնականում է՝ հռչակվելով Ամերիկայի Գավաթի չեմպիոն: Հերթական անգամ ոսկին արցախցունն է՝ շաղախված առուշանյանական քրտինքով: Եվս  մեկ անգամ համաշխարհային մրցահարթակում հաղթանակի պատվանդան բարձրացավ արցախցի մարզիկը՝ ցույց տալով հաղթական ոգին ու տաղանդավոր ձիրքը:

ՙ2026 թվականի նոյեմբերի 22-ը առանձնանշվեց մեր խմբի համար երեք կարեւոր ձեռքբերումներով, նախ՝ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք բացեցինք մեր ՙՁո Ֆենիքս՚-ի դռները, հաջորդը՝ այս օրը մեր սաները դարձան Ամերիկայի Գավաթի չեմպիոններ, եւ եւս մեկ՝ իմ անձնական հաղթանակով. ես դարձա Ամերիկայի Գավաթի չեմպիոն՝ առաջին անգամ մրցելով նոր քաշային կարգում:  Այս ձեռքբերումներն ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն: Յուրաքանչյուր մեդալի հետեւում հազարավոր կրկնություններն են, համառ մարզումների անհաշվելի ժամերը, մեր սահմանները հաղթահարելու վճռականությունը եւ ամբողջ թիմի ահռելի ջանքերը: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեզ, օգնել են մեզ եւ անցել են մեզ հետ այս ճանապարհը: Սա դեռ սկիզբն է: Նոր նպատակները, նոր մարտահրավերները եւ նոր բարձունքները դեռ առջեւում են՚, -գրել է Առուշանյանն իր կայքէջում:

Հիշեցնենք, որ արցախյան մարզաշխարհի փայլուն աստղ, կիոկուշինկայ կարատեի լեգենդ, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, հարգված մարզիչ ու հաճելի անձնավորություն Արթուր Առուշանյանը 2023թ. Արցախից բռնատեղահանվելուց հետո բարեկեցիկ ապրելու հնարավորություն ու հանգստություն գտավ ընտրելով նոր բնակության վայր ՝ Հարավային Ամերիկայի խոշորագույն երկիր Արգենտինան, բայց հավատալով, որ Արցախ վերադառնալու օրը գալու է, նորից համախմբվելու ենք ու ապրենք մեր սուրբ հողում:

ՙԼուսարար՚-ին տված հարցազրույցներից մեկում Առուշանյանն ասել էր, որ ամենադժվար ժամանակներն էին բռնատեղահանվելուց հետո: Անգամ պատերազմների ժամանակ, շրջափակման դժվարությունների ընթացքում այդ աստիճան անհարմարություն ու հոգեկան ծանր ապրումներ չէր ունեցել, չէր կարողանում ընդունել ու համակերպվել վիճակի հետ: Անընդհատ քայլեր էր փնտրում, թե ի՞նչն էր կարելի ճիշտ անել, որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչն էր պետք փոխել, բայց միաժամանակ գիտակցում էր, որ ինչ էլ անեինք, միեւնույն է՝ մենք քիչ էինք, քանակապես շատ էինք զիջում  ու մեր ձեռքում ոչ մի բան չկար: Որտեղով որ գնում էր, նրան թվում էր, թե Ստեփանակերտի փողոցներով է շարժվում, չէր կենտրոնանում: Երեք ամիս Երեւանում մնալուց հետո որոշեցին ընտանիքով տեղափոխվել Արգենտինա: Հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե ինչու հենց այնտեղ, բայց պատմեց, որ տարբեր տեղերից մարդիկ ասում էին, որ ամենուրեք բոլորին ազդող՝ նույն դժվարություններն են ու նույն անորոշությունը աշխարհաքաղաքական վիճակի առումով: Հասկացել էր, որ այդ առումով Արգենտինայում հանգիստ է, ինչում համոզվեցին այնտեղ բնակվելով:

Նա նաեւ ասել է. ՙ Արցախցի լինելս ինձ մոտ հպարտության զգացում է առաջացնում: Չպետք է չմոռանալ, որ մեր երակներով չպարտվողի արյունն է հոսում, մենք ֆենոմենալ ազգ ենք: Մեր պայքարն ամենուրեք է՝ մարտադաշտում, թե մրցագորգին: Աշխարհի լավագույն մարզիկների մեջ ցույց տալ գերազանց արդյունք, աննահանջ ոգի ու կամք. սա ռազմավարական ու մարտավարական նշանակություն ունեցող սկզբունք է: Այնպես անել, որ մեզ  ճանաչեն: Դա է մեր հիմնական նպատակը, որի համար շարունակում ենք պայքարել:

Առաջիկա ծրագրերը նույնն են. մարզվել, հաղթահարել նոր բարձունքներ, անընդհատ ձգտել նոր ու ավելի բարձր նվաճումների: Ես համոզված եմ, որ մենք վերադառնալու ենք, իսկ մինչ վերադառնալը յուրաքանչյուրս պետք է առավելագույնը ձգտենք մեր ոլորտում բարձունքների հասնել, բացի այդ ուսումնասիրել ուրիշ ոլորտներ, դառնալ ավելի գրագետ, ավելի կայուն, ավելի ազդեցիկ հասարակություն Արցախում: Միանշանակ վերադարձ լինելու է, ես վստահ եմ, որ դա լինելու է 5-10 տարվա ընթացքում: Բայց դա մեզանից չի կախված, այլ աշխարհաքաղաքական վիճակի փոփոխություններից, որն առաջին անգամ կդրսեւորվի այնպես, որ մեզ ձեռնտու կլինի: Պատմության ընթացքում հիմնականում նման դրսեւորումները մեզ շահ չեն բերել, միշտ պայքարել ենք ամբողջ աշխարհի դեմ, բայց այս անգամ կարծում եմ, որ մեր օգտին կլինի: Մնում է ժամանակը գա եւ մենք գրագետ քայլերով  արժանի տերը լինենք մեր սուրբ հողի՚:

Մրցաշարի ժամանակ, ներկայացնելով Արթուրին, մրցաշարի հաղորդավարը հայտարարել է.ՙ Նա Արցախի հզոր զավակ է եւ այստեղ ներկայացնում է ե եւ իր Հայրենիքը եւ Արգենտինան՚:

Ոչ միայն մարզաշխարհը, այլեւ նրա ՙբախտակից՚ հայրենակիցները  թնդում են ոգեւորությունից նրա հաղթանակների շնորհիվ: Նա կարողանում է փայլել համաշխարհային մրցահարթակներում՝ խորհրդանշելով արցախցու կամքն ու ուժը: Նրա հեղինակությունն ամենաբարձրն է կիոկուշին կարատեի պատմության մեջ: Նրա հաղթանակներն ուժ են տալիս, ոգեւորում ու ապրեցնում են շատ-շատերիս:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ