Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2008 թվականից մեր երկրում այդ օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ երևույթը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Տոնի առթիվ կայանում է գրքերի նվիրատվություն, կազմակերպվում են օրը խորհրդանշող տարբեր միջոցառումներ: Տոնը մեծ շուքով նշվում էր նաև Արցախում՝ բոլոր դպրոցներում, միջին ու բարձրագույն ուսումնական հաստատություններում, մշակութային օջախներում, այլ կառույցներում: Այս տարի արցախցին իր տանը չէ, բռնի տեղահանվել է: Սակայն պետք է համախումբ պահել արցախցիներին, որ պահպանվեն արցախյան սովորույթները, ավանդույթները, վերջապես՝ ՏՈՒՆ վերադառնալը:
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախկին վարիչ Վարդուշ Մովսիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Արցախի Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններից շուրջ 10 երեխա այցելեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) գրադարան և երկրաբանության ինստիտուտի թանգարան: Արցախցի երեխաներին և նրանց ուղեկցողներին սիրով ընդունեցին մշակութային այս օջախներում և նվիրեցին գրքեր: ՀՀ ԳԱԱ գրադարանի հանրային կապերի պատասխանատու Անուշ Մակարյանը դիմավորեց արցախցիներին և ուղեկցեց գրադարան: Տնօրեն Մայա Գրիգորյանը ներկայացրեց գրադարանի պատմությունը, անդրադարձավ Հովհաննես Թումանյանի գրական գործունեությանը: Հետաքրքրվեց՝ ով որ բնակավայրից է, որ դասարանում է սովորում: Այնուհետև սկսվեց գիրք նվիրելու արարողությունը: Յուրաքանչյուր երեխա, նրանց ուղեկցողները գրադարանի կողմից ստացան իրենց նվերը՝ հիմնականում Հովհ. Թումանյանի ստեղծագործություններ՝ հեքիաթներ, պատմվածքներ, հուշապատումներ և այլն: Երեխաները նաև ասմունքեցին: Եղավ նաև շրջագայություն գրադարանի գրապահոց գիտական քարտուղար Նելլի Հայրապետյանի ուղեկցությամբ: Նշեմ, որ Ն. Հայրապետյանը որոշ ժամանակ բնակվել է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և սիրով ու հուզմունքով դիմավորեց մեզ: Գրապահոցի աշխատակիցները նշեցին, որ այստեղ պահպանվում է մոտ 4 միլիոն կտոր գրականություն, և գրադարանի այցելուների կողմից պատվիրված ցանկացած գիրք կարճ ժամկետում կտրամադրվի: Գեղեցիկ ու հետաքրքիր շրջագայություն էր միլիոնավոր գրքերի տարածքում: Հետաքրքիր ծանոթություն գրքերի աշխարհին:
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան թանգարան այցը նույնպես հաճելի պահեր նվիրեց թե՛ երեխաներին և թե՛ նրանց ուղեկցողներին: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը ներկայացրեց բացառիկ նշանակություն ունեցող մշակութային կառույցի պատմությունը: Թանգարանը հիմնադրվել է 1937թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943 թ.) թանգարանին 1944թ. շնորհվեց նրա անունը: Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝ հնէաբանության, հրաբխականության, հանքաբանության, օգտակար հանածոների, ապարաբանության և հանքային ջրերի: Ներկայացրեց նաև ցուցանմուշները՝ տարբեր տեսակի ապարներ, մետաղներ, երկնաքարեր և այլն: Երեխաների համար առավել հետաքրքիր էր ցուցասրահը, որտեղ ներկայացված է հսկա փղի կմախք: Ցուցասրահի պատասխանատուն հանգամանալից ներկայացրեց գտնված կմախքը: Թանգարանի ամենամեծ ցուցանմուշը Տրոգոնթերյան փղի կմախքն է, որը համարվում է Երկրաբանական թանգարանի զարդը: Նրա երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5։ Կենդանական աշխարհի այս հսկան ապրել է մոտավորապես 1000000 տարի առաջ Շիրակի հարթավայրում։ Նրա կմախքը հայտնաբերվել է Գյումրի քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի տեղամասից` ավազահանքերի շահագործման աշխատանքների ընթացքում։ Այցելուները ծանոթացան նաև Հայաստանում առկա քարերի նմուշներին, հարցեր ուղղեցին աշխատակցին, պատասխանեցին նրա հարցերին: Այստեղ է աշխատում նաև Արցախի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրության ամբիոնի դասախոս Յուրա Առաքելյանը, որը զրուցեց հայրենակից աշակերտների հետ: Հանդիպեցինք նաև Արցախի Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լուսիկ Հարությունյանին, որն արդեն ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում է աշխատում: Հուզվել էր Լուսիկը՝ պատահաբար հանդիպելով մեզ՝ քաշաթաղցիներիս: Թանգարանում եղավ նաև ֆիլմի ցուցադրություն փղերի մասին: Պարզվեց, որ այս կենդանին ընդունակ է ուրախացնելու մարդկանց, նկարել և այլ գործողություններ կատարել: Այստեղ ևս այցելուները գրքեր ստացան նվեր՝ հայտնելով շնորհակալություն հետաքրքիր ու հրաշալի պահեր ունենալու համար:
Այցից հետո զրուցեցի երեխաների հետ: Նրանք գոհ էին ու ցանկություն հայտնեցին՝նաև այլ թանգարաններ այցելել, իհարկե, կարոտով արցախյան իրենց դպրոցն ու տունը հիշելով:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ