ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԸ

Երբ փխրուն շերտով մեզ վրա իջնի

Փխրուն խարշամը անցած օրերի,

Լինենք իմաստուն ամեն բառի մեջ,

Ամեն օրվա հետ՝ առավել բարի:

Մարինա Կիրակոսյան

ԵՊՀ Ռուսական կենտրոնում տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի հանդիպում-ցերեկույթ վիրահայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, Վրաստանի հայ գրողների ,,Վերնատուն,, միության անդամ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի հետ, որը Հայրենիքում էր Ռուսական կենտրոնի հրավերով:

Հայ լեզվաբան, բ.գ.թ., համալսարանի դոցենտ Նարինե Դիլբարյանը, ներկայացնելով թբիլիսահայ բանաստեղծուհուն, մասնավորապես ասաց. ,,Մարինա Կիրակոսյանը իր գործընկերների հետ Թբիլիսիի ,,Վերնատուն,, միության մեջ փաստորեն շարունակում է թումանյանական ավանդույթները՝ միշտ վառ ու կենդանի պահելով հայ մշակութային կյանքը: Մարինայի բանաստեղծությունները ծնվել են ցավից, ստեղծագործել սկսել է հասուն տարիքում՝ անքնության պատճառով տվայտանքների մեջ գտնվելով: Այդ բանաստեղծություններն ամոքել են նրա ցավը: Մարինայի հետ ծանոթությունը եղել է շատ հետաքրքիր պայմաններում: Մոսկվայում նա Սերգեյ Եսենինի անվան մրցանակն էր ստանում ,,Ռուսկինի,, հիմնադրամի կողմից՝ դասական պոեզիայի ավանդույթները շարունակելու համար: Երբ հանձնում էին շքանշանը, մենք շատ ուրախացանք, որ այդպիսի հայուհի կա: Երբ ծանոթացանք, նա ինքը պատմեց այն մասին, որ ստեղծագործությունը բուժել է իրեն: Նաև ասաց, որ ինքն իր բանաստեղծությունների վրա ջանք չի գործադրում. դրանք ծնվում են միանգամից ու պատրաստի ներկայանում իրեն: Աստվածային, բնատուր ինչ-որ բան կա Մարինայի մեջ, որից էլ ծնվել են նաև նրա հոգևոր երգերը, աղոթքները: Հայաստանում նա հաճախ չի եղել: Տևական ընդմիջումից հետո բանաստեղծուհին էլի Հայրենիքում է: Նա նաև թարգմանչուհի է և թարգմանություններ է կատարել Եղիշե Չարենցից, Հովհաննես Թումանյանից, Հովհաննես Շիրազից, Վահան Թեքեյանից և վրաց բանաստեղծներից: Չնայած ստեղծագործում է ռուսերեն, բայց ոգին հայկական է, հայաշունչ: Բանաստեղծություններ ունի և՛Հայաստանի, և՛ Արցախի մասին: ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ Արա Արթյանը 2007 թվականին թարգմանել է Մարինա Կիրակոսյանի բանաստեղծությունները, որոնք շատ հաճույքով կհնչեն այստեղ,,:

Բանաստեղծուհին, ներկայացնելով իր ստեղծագործական կյանքը, խոստովանեց, որ չնայած չի ծնվել Հայաստանում, ծնվել ու ապրել է Վրաստանում, երկար ժամանակ չի եղել Հայրենիքում, չի խոսել հայերեն, բայց գենետիկորեն իրեն համարել է հայ՝ սրտի խորքում պահպանելով Հայրենիքի հանդեպ մեծ ու անսահման սերը: Իր պապը Արևմտյան Հայաստանից է՝ Կարսից, և իրեն մանկության տարիներին պատմել է, որ հայերից լավ մարդիկ չկան, արժանապատիվ, պատվախնդիր ու տաղանդավոր են: Իմիջիայլոց, նա պապին մի բանաստեղծություն է նվիրել, որը, ցավոք, պապը երբեք չի լսել.

Жизнь свою к ногам твоим бросаю,

Сердце для тебя спою дотла…

Իսկ Հայաստանին նվիրած բանաստեղծությունը հայերեն հնչում է այսպես.

Հայաստա՜ն, դու դեռ կաս, հարազա՜տս,

Չնայած խաչ ես ելել բյուր անգամ,

Երևի մի այլ երկիր չե՜ս գտնի,

Ուր տնքացել է մայր հողը այսքան:

Անվերջ մարտերի բոցերում՝ կյանքիդ

Թելը բարակել ու չի՜ կտրվել,

Դանիո իշխանից շատ ավելի վաղ

,,Լինել-չլինել,, հարցն է քեզ տրվել:

……………………………………..

Կուզեի դառնալ կատարդ, Արարա՛տ,

Ու քո բարձունքից խոժոռ նայել ցած՝

Երբեմնի ծաղկուն երկրիս անմշակ,

Որ թպրտում է ցանցում թշնամյաց:

,,Ցեղասպանությունից մազապուրծ կարսեցիների շառավիղն է շնորհազարդ բանաստեղծուհին, որը ռուսերեն է գրում, բայց ոգին հայկական է, լեզուն՝ պերճ, ադամանդի պես հղկված, փայլուն ռուսերեն, մտքերն ու աշխարհընկալումը, ինքնությունը՝ զտարյուն հայկազյան…,, , – այսպես է բնութագրում Նարինե Դիլբարյանը Մարինա Կիրակոսյան – բանաստեղծուհուն:

Վերջինս իրեն ներկայացրեց սեփական բանաստեղծական տողերում, որոնք շատ անկեղծ ու անմիջական էին: Նրա քնարը ամբողջովին ողողված է անչափելի սիրով առ նախնյաց երկիր, առ Հայրենիք: Կարոտ ու նվիրում, անկեղծ սեր, անկաշառ զգացմունքներ, տողատակերում արտահայտված ջերմ հայրենասիրություն ու հայրենապաշտություն.սրանք են գրավիչ դարձնում նրա պոեզիայի ողջ գունապնակը, որի բազմազանությունը ավելի խորհրդավոր է դարձնում բանաստեղծուհու պոետիկ աշխարհը՝ հայրենի երկրի գեղատեսիլ ու կախարդական բնաշխարհի նուրբ ու անխառն երանգներով: Ահա մի հատված նրա ,,Язык Армении,, բանաստեղծությունից.

Когда Армении моей

Мотивы дивные я слышу,

То сердце бьется веселей

И Арарат седой я вижу.

Я напрягаюсь, как струна,

И чувства сердце наполняют.

Звучи, библейская страна,

Подобная земному раю!

Շատ նրբին գույներով են ողողված նաև հեղինակի սիրո քնարի քնքուշ լարերը. թվում է՝ ամենայն վարպետությամբ նա յուրացրել է այդ քնարի գաղտնախորհուրդ բոլոր խորշերի իմաստն ու էությունը: Ահա ,,Խոստում,, բանաստեղծությունը, որի հայերեն տարբերակը՝ Արա Արթյանի թարգմանությունից ներկայացրեց Նարինե Դիլբարյանը՝ ափսոսանքով նշելով, որ ինքը պատիվ չի ունեցել ճանաչելու գյումրեցի այդ պայծառ, տաղանդաշատ բանաստեղծ-թարգմանչին, որը զարմանալի զգացողություն ունի, հրաշալի լեզվի իմացություն և խորագիտակությամբ ամբողջովին զգացել է հեղինակին՝ Մարինային.

Եթե դու մի օր ճանապարհ ընկնես,

Ճամփիդ արահետ կդառնամ ես,

Թե նստես հոգնած ամառվա շոգից,

Քեզ համար նոճի կդառնամ, հոգիս:

Եթե խոնջացած քնել ուզենաս,

Ամպի պես կրծքիդ կիջնեմ հեզանազ,

Որ շողի պես ջերմ ու խաղաղորեն

Քո կնճիռները հարթեմ մեղմորեն:

Ծառադ կդառնամ և խոնարհաբար

Բոլոր ցավերդ կբուժեմ իսպառ,

Կդառնամ նեցուկ և թև ու թիկունք,

Տապ անապատում՝ սառնորակ ակունք:

Կլինեմ քեզ ջուր, և՛ հաց, և՛ գինի,

Անուշիկ մի երգ և տուն հայրենի,

Թռչուն՝ երկնքում, հողում՝ ծաղիկ,

Ցրտում՝ բոց, մթնում՝ մի լույս խաղալիք:

Թող չլա տարին, թռչի անհետ,

Մեկ է, ես կողքիդ կլինեմ հավետ,

Ճակատագիրն իսկ եթե զատի մեզ,

Մեկ է, այդժամ իմը կլինես:

Այնուհետև բանաստեղծուհին կարդաց իր թարգմանություններից՝ Եղիշե Չարենց /,,Ես իմ անուշ Հայաստանի,,/, Հովհաննես Թումանյան /,,Նրան,,/, Հովհաննես Շիրազ /,,Մոր սիրտը,,/, Արցախին նվիրված բանաստեղծություններից, առակներից: Ներկաների խնդրանքով Մարինա Կիրակոսյանը արտասանեց նաև իր ,,Գանձասարը,,.

В краю издревле благодатном,

Где ввысь вознесся Гандзасар,

Бог поселил армян когда-то

И дал нам эту землю в дар…

Խոստովանեց, որ չնայած չի եղել Արցախում, բայց իր հոգում միշտ կրել է ու երկրպագել, իսկ երբ Արցախի հեռուստատեսությունից պատվիրակություն էր գնացել Թբիլիսի, ու իրեն բախտ էր վիճակվել հանդիպել նրանց ու լսել հաղթական և հուզիչ պատմությունները, ավելի է ոգևորվել Շուշիի հաղթանակով ու գրել իր բանաստեղծությունները:

Համալսարանական բանասեր, գրականագետ, բանաստեղծուհի Զուխրա Երվանդյանը /ծննդով Արցախից է/ իր գիրքը նվիրեց Մարինա Կիրակոսյանին և շնորհակալություն հայտնեց Նարինե Դիլբարյանին՝ այդ գեղեցիկ ցերեկույթը կազմակերպելու համար, այնուհետև կարդաց իր գրած ,,Գանձասարը,,:

Ցերեկույթը համեմվեց նաև երաժշտությամբ. ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոն կատարեց Արարատին ձոնված իր երգը՝ ապացուցելով, որ Մայր հայրենիքն ավելի ամուր է իր սփյուռքահայ գաղթօջախներով և այդ գաղթօջախներում հայոց ինքնությունը սրբագործող տաղանդավոր մեր հայրենակիցներով:

Ողջունելով ու շնորհակալություն հայտնելով վիրահայ բանաստեղծուհուն՝ Արցախի ,,Մայրություն,, ՀԿ հիմնադիր նախագահ, հասարակական գործիչ Հասմիկ Միքայելյանը նշեց, որ հայ բանաստեղծական խոսքին առաջին անգամ առնչվել է երջանկահիշատակ մոր միջոցով: Եվ քանի որ ինքը ռուսական կրթություն ուներ, չէր կարողանում հայերեն կարդալ, հայրն ու մայրն էլ դրամատիկական թատրոնի դերասաններ էին ու տանը խոսում էին գրական հայերենով, իր համար հասանելի չէին: Հիշում է, որ մայրը Սիսիանի գրադարանի հրդեհից մազապուրծ փրկված, քրքրված մի գիրք ուներ՝ Թումանյանի ստեղծագործությունները, ու դա էր կարդում: Չնայած հայերեն չգիտեր, բայց հուզվում էր ընթերցանությունը լսելիս: 16 տարեկանում է միայն ծանոթացել հայոց այբուբենին: Հուզմունքը բացատրում է նրանով, որ այդ ստեղծագործությունների մեջ հոգի կար, ու դիմելով Մարինային՝ շեշտեց, որ նրա ստեղծագործություններում էլ կա և՛ հայկական, և՛ ռուսական հոգի:

Ունկնդիրները սիրով վայելեցին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասան Սամվել Եվրիյանի ,,Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,, ասմունքը:

Հյուրընկալված բանաստեղծուհին չթաքցրեց իր հիացմունքը պատշաճորեն կազմակերպված ցերեկույթից. նա իրեն երջանիկ է համարում, որ գտնվում է Հայաստանում՝ հայերով շրջապատված: Նա ութ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, տպագրվել է Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Թեհրանում, Նյու Յորքում: Որոշ բանաստեղծությունների հիման վրա ստեղծված են երգեր ու ռոմանսներ: Նրա բանաստեղծությունները տեղ են գտել 2003 թվականին Մոսկվայում հրատարակված ,,Հայաստանը բանաստեղծի սրտում,, ժողովածուի մեջ՝ Գլինկայի, Բրյուսովի, Գորոդեցկու, Ծերեթելիի, Չարենցի, Եվտուշենկոյի, Կապուտիկյանի, Համզատովի պերճախոս հարևանությամբ:

Ահա ինչ է գրել ռուսագիր Մարինայի պոեզիայի հայերեն թարգմանիչ, բանաստեղծ, ՀՀ գրողների միության անդամ Արա Արթյանը նրա մասին. ,,Ինձ համար ճշմարիտ վայելք դարձավ մեծ սիրուց ու մեծ ցավից ծնված այս պոեզիայի թարգմանությունը… Ես ձգտել եմ, որ թարգմանությունը հնչի ոչ իբրև թարգմանություն, այլ իբրև բնագիր, մի բան, որ կարող էր լինել, եթե բանաստեղծուհին ապրեր իր հայրենի երկրում: Ձգտել եմ լինել իր զգայակերպի ճշգրիտ թարգմանը: Աշխատել եմ պահպանել բանաստեղծության ոգին, մթնոլորտն ու լուսոլորտը: Շնորհակալ եմ բանաստեղծուհուց՝ հոգևոր այս հաճույքը ինձ պատճառելու համար,,:

Միջոցառման վերջում տպավորված բանաստեղծուհին բացահայտեց իր անսահման սերը հայ ժողովրդի հանդեպ ,,Я люблю моих армян,, բանաստեղծության մեջ: Նա ամբողջ հոգով սիրում է հայերին, քանի որ նրանք, իրենց կոպտությամբ հանդերձ, մանկան պես հավատում են հեքիաթին, քարից հաց են քամում, հպարտ են ու ազատատենչ, ոսկի ձեռքեր ունեն ու նվաճողներ չեն: Իսկ եթե ոմանք չեն սիրում նրանց, ուրեմն խանդում-նախանձում են:

Բանաստեղծուհու լավատեսական՝ ,,Արցախի վերադարձն անխուսափելի է,, ոգևորիչ նոտայով ավարտվեց ցերեկույթ-հանդիպումը, որն անջնջելի հետք է թողնելու գրականասեր ու ընթերցասեր մարդկանց հոգում:

Այս հանդիպման արդյունքում արձանագրվեց, որ արտերկրում ևս մեկ հայ ամուր կառչած է իր արմատներին, հավատարիմ է ազգային ավանդույթներին ու իր հոգում կրում է Մայր հայրենիքի կերպարը:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ