Նա հայրենիքի առաջապահ զինվոր էր հայի  ինքնության պահպանման պայքարում


2017թ. ամռանն էր: ՚Կարինՙ ավանդական երգի-պարի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանին հանդիպեցինք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Սլավա Ասրյանի աշխատասենյակում: Նրանք քննարկում էին ՚Ազգային երգ-պար՚ առարկան Արցախի դպրոցներում ներդնելու ծրագիրը: Առաջին խնդիրը առարկայի մասնագետներ պատրաստելն էր, որը պետք է իրականացվեր վերապատրաստման դասընթացների միջոցով: Առաջին վերապատրաստվողների արդյունքներից  Գինոսյանը գոհ  էր. ՚Ծրագրի մեջ ընդգրկված դպրոցների առաջին խմբում փայլուն ուսուցիչներ կային, որոնք և՛ երգի, և՛ պարի, և՛ մարդկային, և՛ մանկավարժական տեսանկյունից լավագույնս պատրաստվում են և վստահ եմ, որ այդտեղից դուրս եկած երիտասարդները, իրոք, մեր երկրի լիարժեք քաղաքացիներ կդառնան», -աjսպիսի տպավորություն նա հայտնեց: Առարկայի նպատակի մասին ասաց. «Մենք չենք փորձում երեխաներին ուղղակի երգել-պարել սովորեցնել: Դա ընդամենը միջոց է, որպեսզի  ինքնություն, ազգային մշակույթի հարազատություն փոխանցենք երեխաներին,  Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի արժանավոր քաղաքացի դաստիարակելու առաքելություն : Այսինքն` մշակութային գանձերը փոխանցելով, մշակույթը ճիշտ ձևով ներկայացնելով, երեխաների մեջ դեպի ազգային մշակույթը սեր ներշնչելով` նաև սեր ներարկել դեպի հայրենիքըՙ:

Կարճ ժամանակում Արցախի բոլոր դպրոցներում ներդրվեց ՚Ազգային-երգՙ պարը: Եվ դա այն բանից հետո, երբ բոլոր ուսուցիչների հետ իր աշակերտներով անձամբ պարապեց  Գինոսյանը: Եվ այդպես ազգային պարը դպրոցների միջոցով վերադարձվեց ժողովրդին, ինչպես ինքն էր երազում՝ բեմից իջավ հրապարակ, դարձավ ժողովրդի կենցաղի մաս:

 Ինքնության պահպանման  նրա պայքարը սկսվեց ռազմադաշտից և շարունակվեց   մշակութային դաշտում, քանզի  համոզված էր. ՚Երբ հայը կկորցնե իր հպարտությունը, ապա հայ լինելը կդառնա անտանելի ՙ: Եվ գուցե թե ամեն տեղ խիզախած մարտիկի սիրտը չդիմացավ ՚հայի ՝հպարտության բարձունքից գահավիժելու իրողությանը:

Մեծ հային դեպի հավերժություն ճանապարհելու պահին երիտասարդները ռազմապար պարեցին, ասել է թե՝ պայքարը շարունակվում է…

ԼՈՒՍԱՐԱՐ