ՈԳԵՂԵՆ  ԼՈՒՅՍԵՐԻ  ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

«Լուսարար»-ը կրկին լույս է տեսնում, այս անգամ արդեն՝ Երևանում: Եթե հայ մամուլի պատմության դիտանկյունից գնահատենք, ապա դա կարծեք նորմալ է, որովհետև մի շարք պարբերականներ հրատարակության տարբեր տարեթվեր ու աշխարհագրություն են ունեցել: «Հայկական աշխարհ» թերթը, օրինակ, ընդհատումներով հրատարակվել է Թիֆլիսում, Շուշիում, Գանձակում, Բաքվում, Երևանում: Ի դեպ, այս տարի լրանում է հիշյալ պարբերականի Շուշիում  լույս ընծայման 150-ամյակը, և լավ առիթ է, թեկուզ Երևանում նշել այդ հիշարժան հոբելյանը: Մեկուկեսդարյա մամուլի գոյության փաստը Արցախի հայապատկանության լուրջ կռվաններից մեկն է:

«Լուսարար»-ը, որը շուրջ 23 տարի Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրապարակային ամբիոնն էր /հատկանշենք՝ Արցախում երկու տասնամյակ շարունակ այն եղել է ամենամեծ բաժանորդական լսարանն ունեցող թերթը/, այժմ լույս է տեսնում Երևանում՝  տարեսկզբին պետական գրանցում ստացած «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության միջոցով: Հույս ունենք, որ դա ժամանակավոր  է, և ոչ հեռու ապագայում «Լուսարար»-ը նորից լույս կտեսնի Ստեփանակերտում՝ որպես Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնաթերթ:

Նախաձեռնելով «Լուսարար»-ի հրատարակումը Երևանում՝ մենք նպատակ ենք ունեցել պահպանել այն լավագույն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել խմբագրակազմի ու թղթակցային ակտիվի համատեղ ջանքերով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում ունեցած նվաճումները /իսկ դրանք բավականին շատ են եղել Արցախում/ լայնորեն լուսաբանվել են թերթի էջերում: Այդ ձեռքբերումները չարժևորելու, առավել ևս մոռանալու իրավունքը մենք չունենք: Մեր նպատակն է նաև համախմբել իրենց մասնագիտական ոլորտում գործունեություն իրականացնող արցախցի անվանի ուսուցիչներին, արվեստագետներին, մարզիկներին, գիտական աշխարհի ներկայացուցիչներին, արձագանքել նրանց բարձրացրած հարցերին և, անշուշտ, արթուն պահել չկորսված հայրենիքի հանդեպ սերն ու վերադարձի հավատը:

Ինչպես նախկինում, «Լուսարար»-ն իր նոր կարգավիճակով դարձյալ լինելու է վստահելի զրուցակից ու հանրամատչելի ամբիոն: Մենք ակնկալում ենք ակտիվ թղթակցություն մեր հայրենակիցների կողմից, հատկապես որ բացի թղթային տարբերակով հրատարակումից, «Լուսարար»-ն ունենալու է իր էլեկտրոնային տարբերակը, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջը: Դժվար առաքելություն ենք ստանձնում, հարկավ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խմբագրակազմը փոքր է, անելիքները՝ շատ, էլ չենք խոսում նյութական փոխհատուցման սակավությունից: Այդով հանդերձ, չենք կարող մեր երախտագիտության  խոսքը չասել «Vahe Fattal Fund»-ին՝  ի մասնավորի ֆրանսահայ բարերար պարոն Երվանդ Նահիկյանին, որի նվիրատվության շնորհիվ է վերածնվել թերթը: «Լուսարար»-ի ոգեղեն լույսերն անպայման ձգվելու են առ Արցախ՝ մեր պապենական օջախներին վերստին լույս ու ջերմություն տալու:

Հաջողությո՛ւն բոլոր հայրենասիրական նախաձեռնություններին: