Երևանի Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում հոկտեմբերի 19-ին հնչեցին Առնո Բաբաջանյանի երգերը։ Նվիրված մեծ երգահանի 105-ամյա տարեդարձին՝ «Ձոն Հայաստանին» խորագիրը կրող համերգով հանդես եկավ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը՝ Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ։ Արցախցի տաղանդավոր երեխաներից, պատանիներից ու երիտասարդներից կազմված համույթն այս տարի արդեն մի քանի անգամ հանդես է եկել երևանյան բեմերում և մշտապես գերել հանդիսատեսին, ոգևորել, ստիպել ոտքի վրա ծափողջույններ պարգևել իրենց։ Արցախցիներին` նաև տունդարձի հույս հաղորդել։


1990-ականներին Արցախում կազմավորված «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը հարուստ պատմություն ունի։ Սակայն եղավ Արցախի բռնի հայաթափումը, ու մեր հայրենի երկրամասում հայտնի մշակութային կառույցները կարծես այլևս չէին գործի։ Բայց եղան անհատներ, հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցության ձեռք մեկնեցին արցախցի մշակութային գործիչներին։ Արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայում գործող «Դիալոգ-Երկխոսություն» հասարակական կազմակերպությունը, հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ, հովանավորեց մի քանի մշակութային խմբերի վերակազմավորումն ու հանդս գալը Երևանում, այլ վայրերում։ Այդ խմբերի կազմում է նաև «Արցախի բալիկներ»-ը։ «Դիալոգ»-ի հովանավորությամբ Մոսկվայում հրատարակվող գրքերի ցանկում հատուկ տեղ ունի Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողովածուն։ Նախատեսած է հրատարակել 25 հատոր, որից 3-ն արդեն պատրաստ են։ Եվ կայացած համերգն էլ այս շրջանակում էր։ Մանուկ ու պատանի, երիտասարդ երաժիշտներն իրենց ղեկավարի գլխավորությամբ այս անգամ հանդես եկան հատուկ՝ հոբելյանական ծրագրով՝ կատարելով Ա․ Բաբաջանյանի՝ ժողովրդի կողմից սիրված երգերը՝ հայերեն և ռուսերեն՝ որոշները համեմելով գեղեցիկ պարային կատարումներով։ Հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև երիտասարդական եռյակի ելույթները։ Համերգն սկսվեց Աշոտ Գրաշիի խոսքերով, Առնո Բաբաջանյաի երաժշտությամբ ստեղծված «Ազգ իմ, փառապանծ» երգով՝ ամբողջ համույթի կատարմամբ։


Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:
Այնուհետև հնչեցին Բաբաջանյանի հանրահայտ երգերը, որոնք արդեն տասնյակ տարիներ մեր ազգային մշակույթի գանձերն են՝ սիրված նաև այլ ժողովուրդների կողմից։ Իհարկե, մեր փոքրիկները նաև նորովի ներկայացրին սիրված երգերը, ու հանդիստեսը գոհ էր։ Որոշ երգեր հնչում էին նաև բեմականացված, ու փայլում էին փոքրիկները, ներկայանում անկաշկանդ։
Դահլիճում ներկա էին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, «Դիալոգ»-ի նախագահ Յու․ Նավոյանը, որոնց համագործակցությամբ ու աջակցությամբ վերակազմավորվել ու գործում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Ռուզան Խաչատրյանի ղեկավարությամբ։ Ներկա էին նաև արցախյան մշակութային կառույցների ղեկավարներ, հյուրեր արտերկրից, արցախցիներ, որոնց համար նման համերգները նաև համախմբվելու, միմյանց հանդիպելու, որոշ չափով կարոտ առնելու առիթներ են։


Համերգից հետո զրուցեցի լոնդոնաբնակ մեր հայրենակից, «Թեքեյան» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանի հետ, ով ներկա էր իմ հրավերով։ Ոգևորված էր, ուրախ, որ արցախյան մշակութային խմբերը գործում են Երևանում։ «Համերգի ողջ ընթացքում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմն էի հիշում», -ասաց Բ․ Նազարյանը, նաև գնումներ կատարեց իր թոռների համար արցախցիների ձեռագործ նվերներից։ Յու․ Նավոյանի նախաձեռնությամբ ձևավորվել է ավանդույթ, որ արցախյան մշակութային խմբերի ելույթներին զուգահեռ դահլիճների նախասրահներում կազմակերպվում է արցախցիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Հանդիսատեսի ոգևորությունը մեծ էր, ու չդադարող ծափողջույնների ուղեկցությամբ համույթի կողմից կրկին հնչեց Արամայիս Սահակյանի խոսքերով գրված «Մեր սիրելի Երևան» երգը․

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս եւ հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ