Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցների /տնօրեն՝ Լուսինե Ղարախանյան/՝ 2024 թվականից սկսած նախաձեռնությունների շարքը օրեցօր ընդլայնվում ու նոր թափ է հավաքում՝ մեծանուն գրողի ազգային ու համամարդկային արժեքները հանդիսատեսին հասցնելու համար:
Հերթական միջոցառումը, տնօրենի հավաստմամբ, նվիրված էր մեր էպոսի ,,Սասունցի Դավիթ,, ճյուղի թումանյանական մշակմանն առնչվող դերասանական վարպետությանը, որի կրողն է անվանի դերասան Վարդան Պետրոսյանը: Այդ օրվա ուշագրավ հանդիպումը, որը նախաձեռնել էր թանգարանի տնօրենությունը, հետապնդում էր մի կարևոր նպատակ՝ մեծերի համար՝ մեծերի հետ /Լուսինե Ղարախանյանի խոսքերն են/: Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում իրենց ժամանակավոր ներկայությունը երբեք չի խոչընդոտել հետաքրքիր նախաձեռնություններ կազմակերպելուն: Թանգարանի նախաձեռնած ,,Ոսկեդարան,,-ը լինելու է ոչ միայն աուդիո, այլ նաև վիդեո տարբերակով /վիդեոդարան/:


Հանճարեղ դերասանի վարպետությունը փայլել է ոչ միայն Թումանյանի հեքիաթների տարալեզու թարգմանությունների մեջ, այլև ,,Սասունցի Դավիթը,, պոեմի ասմունքում:
Լուսինե Ղարախանյանն իր ներածական խոսքում անդրադարձավ պոեմի ստեղծման պատմությանը: Պոեմն ամբողջությամբ կար 1902 թվականին, 1903-ին հատվածաբար լույս տեսավ ,,Մշակ,, պարբերականում, իսկ 1904-ին Ստեփան Լիսիցյանի ,,Հայ բանաստեղծներ,, մատենաշարում ամբողջական տպագրվեց պոեմը, որը լիովին ներկայացնում է մեր ազգի հոգեկերտվածքը: Թումանյանի ,,Սասունցի Դավիթը,, մեր ժողովրդական էպոսի բանաստեղծական լավագույն մշակումն է, որը, սակայն, մեծ գրողին չէր բավարարում: Ինչպես ,,Անուշ,, պոեմն էր երկրորդ անգամ մշակել, այնպես էլ ,,Սասունցի Դավիթը,, որոշեց կրկին փոփոխել: 1912 թվականին՝ բանտից ազատվելուց հետո, ձեռնամուխ եղավ այդ գործին, որի մասին իր հուշերում փաստում էր Ավետիք Իսահակյանը: Մեծ գրողն ուզում էր ամբողջությամբ մշակել մեր ժողովրդական ,,Սասնա ծռեր,, էպոսը, քանի որ վստահ էր իր ուժերին, բայց չհասցրեց:
Միջոցառմանը հրավիրված հեքիաթասաց, էպոսագետ, կինոռեժիսոր Հայկ Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով և՛ Լուսինե Ղարախանյանին՝ գեղեցիկ նախաձեռնությունների համար, և՛ Վարդան Պետրոսյանին՝ Թումանյանին և մեր էպոսը կերտելու համար, անդրադարձավ դյուցազներգության նախերգանքին.
Դառնա՜մ զողորմին տի տամ,
Զողորմին տամ Ծովինար խանումին,
հազար ողորմի:
Դառնա՜մ զողորմին տի տամ,
Զողորմին տամ Մեծ Մհերին,
հազար ողորմի:
Դառնա՜մ զողորմին տի տամ,
Զողորմին տամ Ձենով Օհանին,
հազար ողորմի:
Դառնա՜մ զողորմին տի տամ,
Զողորմին տամ մեր էն Դավթին,
Էն Թուր-Կայծակին, Քուռկիկ Ջալալուն,
հազար ողորմի:
Դառնա՜մ զողորմին տի տամ,
Զողորմին տամ Փոքր Մհերին,
հազար ողորմի:
Ողորմի՜ էս էպոսը ասողին,
Ողորմի՜ էս էպոսը լսողին,
Ողորմի՜ Սասնա բոլոր քաջերին:


Հետո մի հետաքրքիր դեպք պատմեց. ,,Երևանի փողոցներով մեքենան վարելիս որոշեցի ռաբիզ երաժշտության փոխարեն միացնել համացանցում առկա էպոսի թումանյանական մշակումը, մանավանդ որ խցանումները շատ մեծ էին, ու ես էլ շատ ժամանակ ունեի: Միացրի մեքենայիս ձայնային հնարավորությունների մաքսիմալ չափով ու սկսեցի վարել մեքենան: Մարդիկ լսում էին, ու կողքից արձագանքող հայացքներից հասկացա, որ մարդկանց դուր է գալիս այդ նյութը, կարոտ են ազգային խոսքին… Անհամբեր սպասում եմ՝ ունենամ պոեմի՝ Վարդան Պետրոսյանի ընթերցմամբ տարբերակը: Ես տեսա ձեռքով ողջույնի ժեստեր, հուզվող մարդկանց ու հասկացա, որ դյուցազներգությունը մեզ համար միշտ եղել է խորը քնից արթնացման կարևորագույն միջոց: Բավական է՝ ռաբիզով մեզ ,,բռնության,, ենթարկեն: Պետք է ունենայինք մի խենթ նախաձեռնություն, մի խենթ մարդ, որ գնար այդ համարձակ քայլին, և մենք իրականացնեինք ,,Ոսկեդարան,,-ը, հետո՝ Դավթի պատգամը՝ ,,Ով քնած է՝ արթուն կացեք, Ով արթուն եք՝ ելեք, կեցեք, Ով կեցել եք՝ զենք կապեցեք, Ով կապել է՝ ելեք, հեծեք…,, , որն ուղղված է քնած կամ անտարբեր մնացածներին՝ զարթնելու, պատրաստվելու և հայրենիքը պաշտպանելու: Այս պատգամը խորհրդանշում է ազգային արթնությունը, միասնությունը և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական երկիրն ու արժանապատվությունը վտանգի պահին: Նիրհի վիճակը մեզնից յուրաքանչյուրի համար կարող է դառնալ համար մեկ թշնամին: Ջանփոլադյանը գրում է, որ էպոսը Թումանյանի համար եղել է ինչպես Կանթնաղբյուրի ջուրը մեր դյուցազունների համար, որով զորանում էին նրանք: Էպոսը շատերն են գեղարվեստական մշակման ենթարկել /Ե. Չարենց, Ավ. Իսահակյան, Ն.Զարյան, Մ.Խերանյանը…/, սակայն Թումանյանի մշակումը մնում է որպես լավագույն ու բացառիկ մի գործ: Մեծանուն գրողը լավ գիտեր ամեն բառի ու խոսքի իմաստը: Թումանյանն իրոք անմահ է, և չպետք է մոռանալ այդ մեծության արժեքը, այլև անընդհատ կենդանի պահել նրա ստեղծագործության մեջ կոդավորված ամեն մի գաղափար: ,,Սասունցի Դավիթը,, Թումանյանի գլուխգործոցն է,, ,- իր խոսքն այսպես ավարտեց Հայկ Կիրակոսյանը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանին՝ այդ ,,խենթ,, քայլի համար:


Հետո բեմը տրամադրվեց դերասան Վարդան Պետրոսյանին, որը ներկայացրեց թանգարանի կողմից իրեն արված առաջարկը՝ կարդալ ,,Սասունցի Դավիթը,, պոեմը, իր մտավախությունները և այլն: Պատմեց, որ դեռևս 7-8 տարեկան էր, երբ մայրն իր համար կարդաց այդ պոեմը, ու իրեն թվացել է, թե դա ընդամենը մի ,,կռիվ կինո,, է, ու վերջ: Հետագայում՝ ուսանողական տարիներին, կրկին առնչվել է էպոսին ու հասկացել, որ դա մեր ազգային մեծ արժեքն է, որում կոդավորված են մեր ժողովրդի բոլոր հատկանիշներն ու դարերի կենսափորձը: Պատանեկան տարիներին նույնիսկ ջղայնացել է այն բանի համար, թե ինչու է Դավիթը տեղի տալիս արաբ ծերուկի խնդրանքի առջև: Մսրա Մելիքը երբ հավաքում-բերում էր պատերազմի, ինչու՞ չէին հրաժարվում կռվելուց, իսկ հիմա, երբ տեսնում է Դավթի բազկի ուժը, աղաչում է՝ չկոտորել ,,անմեղ մարդկանց,,: Գիտակից հասակում կարդում էր ու միշտ նորանոր բացահայտումներ անում. սա էր ամենակարևորը: Իսկ երբ թանգարանի կողմից առաջարկը ստացավ, մտածում էր՝ արդյո՞ք այդքան համարձակություն կունենար՝ ներկայացնելու Թումանյանի այդ արժեքավոր գործը: Դրանից առաջ նա արդեն ներկայացրել էր գրողի հեքիաթների մի մասը օտար լեզուներով ու իր արժանի տեղը զբաղեցրել հայտնի ,,Ոսկեդարան,,-ում:Այդ գործը, սակայն, լուրջ աշխատանք էր պահանջում իրենից, ու նա գիշեր-ցերեկ տքնում էր: Թե ինչ ապրումներ է ունեցել այդ ընթացքում, նկարագրել հնարավոր չէ: ,,Քանի՜-քանի՜ տեղ կա այս պոեմում, որ ես երեխայի պես հեկեկում եմ,-պատմում-անկեղծանում է մինչև վերջ Վարդան Պետրոսյանը: – Չեմ հասկանում՝ տարի՞քս եմ առել, թե՞ մեր օրերի դժվարություններն ու նվաստացումներն են ինձ դրան տանում, իրոք, չեմ հասկանում: Հիշեցի հայտնի ազգագրագետ Արուսյակ Սահակյանի պատմությունն այն մասին, որ դաշտային աշխատանքների ժամանակ ինքը, Սարգիս Հարությունյանը և այլք գնում են՝ գտնելու մի պապիկի, որը պիտի պատմեր ,,Սասնա ծռերը,, , ու իրենք էլ մագնիտոֆոնով գրանցեին. 70-ական թվականներն էին: Պապիկը սկսեց պատմել, պատմել, ու երբ հասավ այն պահին, որ Մսրա Մելիքը խաբեությամբ ու խարդախությամբ Դավթին հորն է նետում, լռեց երկար ժամանակ: Մտածեցին, որ ծեր մարդ է, հավանաբար մոռացել է ու դրա համար է լռում: Բայց ի՞նչ նկատեցին. ծերունու աչքերից արցունքները հորդում էին. ինքն ամբողջությամբ ապրում էր Դավթի հոգեվիճակը, տխրում, ուրախանում, հպարտանում հերոսների հետ… Այդ նույն զգացումները ես ունեցել եմ ,,Սասունցի Դավիթը,, ընթերցելիս,- շարունակում է դերասանը,- ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս է այս ամենը գրել հեղինակը, ի՞նչ հոգեկան ապրումներ է ունեցել նա այդ պահերին: Ընթերցելու ժամանակ ես էլ եմ դադարներ ունեցել: Այնքան պիտի կարդաս, որ այդ բոլոր հույզերը քեզ համար դառնան սովորական, ու կարողանաս դրանք փոխանցել հանդիսատեսին: Լուրջ բեմադրիչներն այդպես են խորհուրդ տալիս՝ կարողացիր ապրեցնել հանդիսատեսին, ոչ թե դու ապրիր այդ բոլոր զգացմունքները: Պետք է շատ աշխատել, որ քո ներսից հանես այդ ապրումը ու փոխանցես դիմացինիդ…
Մեր էպոսում դեռ շատ կոդավորումներ կան, որոնք բացահայտման կարիք ունեն, ու պիտի շատ աշխատել այդ ուղղությամբ: Ես կարծում եմ, որ Ձենով Օհանի ձայնը մեր մտավորականության ձայնն է: Նա առայժմ օտար գաղափարախոսության ազդեցության ներքո է: Դավիթը հորում եղած ժամանակ մեր քնած ու միամիտ ժողովուրդն է խորհրդանշում, իսկ սարը բարձրացած Ձենով Օհանը, որ Դավթին է կանչում, մեր մտավորականությունն է, որը, ձերբազատվելով օտար ազդեցությունից, շուտով կդիմի ,,քնած,, ժողովրդին ու կարթնացնի նրան: Ես հավատում եմ դրան…,, ,- եզրափակեց դերասանը ու անցավ իր հիմնական առաքելությանը:
Կարդաց այն հատվածը պոեմից, որում պատկերված են ավազակ հարկահանների՝ Բադին, Կոզբադին, Սուդին, Չարխադին, խայտառակ վերադարձն ու Մսրա կանանց ծաղր ու ծանակին արժանանալու տեսարանը, հոր զենքն ու զրահը ձեռք բերած Դավթի կոչը, Մսրա Մելիքի ու Դավթի մենամարտը և Մելիքի մահը:
Դահլիճն անէացած ունկնդրում էր Վարդան Պետրոսյանի վարպետ կատարումը ու մտովի տեղափոխվում մեր դյուցազունների մղած հերոսական պայքարի թոհուբոհի մեջ: Շնորհալի դերասանը ուղղակի կերտում էր էպոսի կին թե տղամարդ հերոսներին: 15-20 րոպե շարունակ հանդիսատեսը հիացած վայելում էր այդ կատարումը:
Դերասանն այնքան է տարված Թումանյանի ստեղծագործությամբ, որ ծրագրել է մի ներկայացում՝ նվիրված Թումանյանին՝ հեքիաթների և ,,Սասունցի Դավիթը,, պոեմի ընդգրկումով:
Վերջում թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց դերասանին՝ էպոսի ազգային ոգին հանդիսատեսին փոխանցելու համար, և հավաստիացրեց ներկաներին, որ շուտով պոեմի այդ ընթերցումը հնչյունային ձևավորում կստանա ու կշրջի մեր դպրոցներով, որպեսզի դպրոցականները ևս հաղորդակցվեն մեծերի հետ:
Այնուհետև ներկաները թանգարանի ցուցասրահում ծանոթացան Հովհ. Թումանյանի պոեմի՝ էպոսից արված բառարանի ձեռագիր նմուշներին և Ստեփան Լիսիցյանի ,,Հայ բանաստեղծներ,, մատենաշարով 1904 թվականին տպագրված Թումանյանի ,,Սասունցի Դավիթը,, պոեմին:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ Լուսանկարները՝ Mediamax.am-ի