՚Լուսարարՙ-ի վերահրատարակումը հնարավոր է դարձել ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ անմիջական ջանքերի շնորհիվ, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Այս և հարակից հարցերի շուրջ ՙԼուսարարՙ-ը զրույցի հրավիրեց Լ. Ղարախանյանին:
-Տիկին Ղարախանյան, ՚Լուսարարՙ-ի առաքելության մասին Արցախում բոլորս գիտենք: Ստեղծված նոր պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում նրա դերը:
– Արցախից բռնի տեղահանվելուց և Հայաստան գալուց հետո մինչև հիմա չի եղել հոգևոր որևէ ազդակ, մի հորդոր, հաղորդագրություն որևէ պետական պաշտոնյայի կողմից, որը կմեկտեղեր մեր հոգևոր, ինտելեկտուալ և բարոյական ուժերը: Եվ ՚Լուսարարՙ-ի վերածնունդը ինձ համար թերևս մեր հոգևոր վերածննդի առաջին ազդանշանն է: Պատկերացրեք, սա Արցախի կորուստը սփոփելու, /չնայած սփոփել չի լինի/ առաջին լույսն է: Այն գործառույթը, որ ՚Լուսարարՙ-ը անում էր Արցախի կրթամշակութային կյանքում, այստեղ լրիվ նոր նշանակություն և խորհրդանշում է ունենալու: Այն մեզ դարձնելու է կենսունակ, ու մենք սկսելու ենք արդեն տեսնել մեր ապագան և վերջապես տեղից շարժվելու ենք: Ես պատկերացնում եմ, որ շատ ուսուցիչներ, մտավորականներ կթղթակցեն, և ՚Լուսարարՙ-ի միջոցով մենք կտեսնենք մեր քարտեզը, թե մեզնից ով որտեղ է: Եվ մենք նաև այդպես կսփոփվենք, այդպես կլիզենք մեր վերքերը և այդպես կուրվագծենք նաև մեր վերադարձը: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մի փոքր ներդրում ունեցա ՚Լուսարարՙ-ի վերածննդի գործում, որովհետև ՚Լուսարարՙ-ն ինձ համար եղել է, եթե այսպես կարելի է ասել, իմ կրթական-լուսավորչական և հոգևոր զարգացման կնքահայրը: ՚Լուսարարՙ-ով եմ ես բացել ինձ համար Արցախի կրթական տարածքը: Եվ միշտ խանդավառվել եմ, երբ տեսել եմ, որ իմ հոդվածը լույս է տեսել նրա էջերում. ուրեմն խմբագիրը հավանել է: Այդպես ՚Լուսարարՙ-ն ինձ համար եղել է իմ հոգեբանական պաշտպանական մեխանիզմը:
Ընդհանրապես, երբ մարդ թանկ կորուստ է ունենում, հոգին կիսադատարկվում է: Հիմա մենք ամենաթանկը՝ հայրենիք ենք կորցրել և լրիվ դատարկություն ենք զգում մեր ներսում: Կարիք կա, որ մեկը համախմբի, կոչ անի ժողովրդին, հարթակներ լինեն, որտեղ մարդիկ իրար հետ հանդիպեն, կիսվեն, թեթևանան և այդպես ինչ-որ չափով մեր ներսի դատարկությունը լցնեն: Մինչ այս բռնատեղահանությունը գիտեինք որ պայքարում ենք, կարևոր գործ ենք անում, և դա մեզ ապրեցնում էր: Մեր միջից հանեցին այդ պայքարի ոգին, և դատարկվեցինք:
– Ինչպե՞ս արթնացնենք այդ անթեղված կրակը:
– Դիմադրողական շարժում է պետք: Ես չեմ պատկերացրել, որ Արցախի հայաթափումից հետո որևէ լուրջ դիմադրողական շարժում չի լինի Հայաստանում նույնիսկ հոգևոր դաշտում: Չկա այդ շարժումը, և դա շատ վատ է: Այդ շարժումը պետք է իրականացնեն առաջին դեմքերը: Ոչ թե դուրս գան հրապարակ, ինչ-որ ցույցեր անեն, ոչ, ես այդ մասին չեմ խոսում, այլ ցույց տան, որ մենք միասին ենք, մենք չենք հրաժարվում Արցախից և աշխարհաքաղաքական հարմար պահի մենք հետ ենք գնալու: Նպաստելով ՚Լուսարարՙ-ի վերածննդին՝ ես իմ առաջին քայլը կատարեցի այն մտայնությունից հրաժարվելու, որ Արցախն այլևս չկա:
Իրականում արցախցիներն ապրում են եղեռն: 1915-ից սա տարբերվում է նրանով, որ մենք ֆիզիկապես կենդանի ենք, բայց հոգեբանորեն չկանք: Չկան այն բոլոր գործառույթները, որոնք անհրաժեշտ են մարդու լիարժեք ապրելու համար, և մենք միայն ֆիզիկապես գոյատևում ենք: Սնվում ենք, որ չմեռնենք, քնում ենք, որ առավոտյան արթնանանք, կենսաբանական ֆունկցիա ենք կատարում միայն: Իրականում սա ուսումնասիրման ենթակա երևույթ է, և մասնագետները պետք է սկսեն հետազոտել, թե սեպտեմբերի 19-ից մինչև հիմա արցախահայերի մոտ ինչ է արձանագրվել: Մենք ունե՞նք վիճակագրական պատկեր, թե հոգեկան խնդիր ունեցող քանի երեխա կա: Քանի՞ չափահաս է հոգեկան ցնցում ստացել, քանի՞սն է դիմել հոգեբանական աջակցության համար: Ավելին, էթնոցիդի ապացույցներն առկա են 2022թ. դեկտեմբերի շրջափակումից սկսած, որոնք պետք է փաստագրվեն և աշխատանք սկսվի միջազգային համապատասխան կառույցների հետ: Սրանք բոլորը զենքեր են, որով պետք է մեր պայքարը շարունակենք: Եվ այս պարագայում ՚Լուսարարՙ-ը նաև դառնալու է մարդկանց մտահոգությունները կիսելու հրաշալի ասպարեզ: Այն կարող է դառնալ նաև պայքարի ասպարեզ, պայքարի դաշտ և պայքարի խրամատ:
Մեր դիմադրողականության մակարդակը ՚Լուսարարՙ-ով բարձրանալու է, որովհետև հոգևոր, ինտելեկտուալ, բարոյական պատկերները, մեր վիճակը ՚Լուսարարՙ-ում միշտ արտացոլվել են և կշարունակի արտացոլվել: Օրերս մի շատ հետաքրքիր միտք եմ լսել. լուսահոգի հոգեբան Սերգեյ Արզումանյանն ասում էր, որ Ղարաբաղը ոչ թե բնակավայր է և լանդշաֆտ, Ղարաբաղը հոգեվիճակ է: Այս հոգեվիճակը պետք է վերականգնվի: Եվ նաև ՚Լուսարարՙ-ով է վերականգնվելու:
-Դուք նշեցիք դիմադրողականության վերականգնման անհրաժեշտությունը: Ցավալիորեն, արցախյան դեռևս լեգիտիմ իշխանությունների կողմից մենք դա չենք տեսնում, որի քաղաքական պատճառները թերևս հասկանալի են: Փոխարենը նկատում ենք արցախյան հասարակական կազմակերպությունների վերստեղծման կամ նորերի ստեղծման ակտիվ նախաձեռնություններ: ՀԿ-ների աշխուժացումը կարո՞ղ է դիմադրողական անհրաժեշտ ներուժ ձևավորել, դա բավարա՞ր է Վերադարձի հոգեբանության ամրապնդման համար:
-ՀԿ-ների ստեզղծման գործընթացը ևս տարերային է: Այստեղ ևս պետք է լինի ուղղորդող և համակարգող աշխատանք: Այստեղ ևս մենք տրոհվում ենք: Օրինակ, մշակութային կազմակերպությունները պետք է միավորվեն մեկ կազմակերպության մեջ, կրթականը՝ մեկ և այպես շարունակ: Պետք է ստեղծվի հասարակական կազմակերպությունների ինստիտուցիոնալ երանգ ունեցող համակարգ, որն ունենա Արցախ վերադարձի նույն գաղափարախոսույթունն ու տեսլականը, աշխատանքյաին պլանն ու գործունեությունը:
-Թերթն, անշուշտ, համախմբելու կարողություն ունի: ՙԼուսարար՚-ի պարագայում մենք դա տեսել ենք Արցախում, երբ այն ուներ ավելի, քա 3000 բաժանորդ: Խոստովանենք, դա լավ ցուցիչ էր պարբերականի հանրաճանաչությունը հավաստելու համար: Բայց այսօր, երբ արցախցի ուսուցիչները, մտավորականներն առհասարակ, ցրված են Հայաստանով մեկ, իսկ մի մասն էլ, ցավոք, ՀՀ-ից դուրս է գտնվում, ի՞նչ արդյունավետ գործիքներ եք տեսնում համախմբման, համագործակցության համար: Դժվարություներն անզեն աչքով էլ տեսանելի են:
-Այո՛, ցավալի է, բայց նաև հեռանում են հուսալքված և ընկճված, ահաբեկված, հայրենազուրկ: Եվ առաջին խնդիրը, որ պետք է ձևակերպվեր, Արցախը Հայաստանում պահելն էր: Երբեմն ինձ գրում են Ռուսաստան մեկնած լավագույն աշակերտներ կամ ուսուցիչներ և դժգոհում կրթության որակից ու էլի շատ բաներից: Իմ խորին համոզմամբ ամեն կերպ պետք էր հաղթահարել առկա դժվարությունները և մնալ Հայաստանում: Արցախահայ հավաքականությամբ է, որ հետդարձի տեսլականը դառնալու է շոշափելի: Համագործակցության ինչ կապեր էլ ստեղծվեն, թերևս այս պահին իրավիճակային լուծումների էֆեկտ են ապահովելու: Այնուհանդերձ, կարելի է և պետք է Արցախի ուսուցիչները իրար տեղ իմանան, շփվեն և համագործակցեն, համատեղ ծրագրեր իրականացնեն՝ առանցքում պահելով Արցախը բնիկ տերերով շենացնելու գաղափարը: Ի վերջո, մերն է Արցախում ապրելու, Արցախը հայկական պահելու մշակութային տիրապետման առաջնային իրավունքը:
-Ի՞նչ եք կարծում, կոմպակտ բնակվելու պարագայում հնարավո՞ր է առանձին հանրակրթարաններ բացել արցախցի դպրոցականների համար, որտեղ հիմնականում կդասավանդեն արցախցի ուսուցիչները: Դա հնարավո՞ր եք համարում տեխնիկապես ու ֆինանսապես: Թվում է՝ արցախցի դպրոցականներն իրար հետ սովորելիս հոգեբանորեն ավելի դիմացկուն կլինեն: Նման գաղափարն հանրայնացնելն արդյունք կտա՞:
-Բարբառը, ոչ նյութական մշակութային ժառանգությունը հնարավոր է պահել և փոխանցել սոսկ առանձին բնակավայրերում արցախցիների բնակեցմամբ կամ կրթական հաստատություններ պահելով՝ լինի դա մանկապարտեզի, դպրոցի կամ բուհի տեսքով: Դա կապված է մեծ ծախսերի հետ: Գաղափարը կարելի է իրականացնել գաղափարական ճիշտ առաջնորդումներով ու ձևակերպումներով: Արցախի բարբառն արդեն վտանգված է: Վտանգի տակ է ոչ միայն նյութական, այլև ոչ նյութական մշակութային հզոր ժառանգություն, որը մնաց շան բերանում, օրեցօր խորացող ամայության ու անորոշության մեջ:
–Դուք հիմա Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն եք: Արցախի կրթամշակութային բնագավառի խնդիրների լուծմամբ զբաղվելուն դա չի՞ խանգարում: Գիտենք, որ շատ ծրագրեր ունեք, ընթացիկ ու մեկնարկող ձեռնարկումներ, պլաններ: Նաև այս մասին մանրամասնեք:
-Արցախի ժամանակավոր կորստի ողբերգությունը շատ ծանր է անդրադարձել նաև ինձ վրա, բայց Հովհաննես Թումանյանի թանգարանը դարձավ հոգևոր ապաստարան, Թումանյանն ինձ մխիթարեց և սփոփեց, ոգևորեց և շարունակելու ուժ տվեց: Անտարակույս, ես օգտագործել ու շարունակելու եմ օգտագործել իմ կապերը՝ ծառայեցնելով այն Հայաստանում Արցախը պահելու և, առհասարակ Արցախի կրթամշակութային խրամատի ամրապնդմանը: Կան ծրագրեր, որոնց մեկնարկը տրված է, բայց կցանկանայի «Լուսարարի» հետ կիսվել որոշակի ճանապարհ անցնելուց հետո: Միայն նշեմ, որ այդ ծրագրերն ուղղված են Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, արցախցի երեխաների հոգեբանական վերականգնմանն ու կրթությանը Թումանյանի հեքիաթների և հեքիաթաթերապիայի միջոցով, կրթական, հոգևոր և մշակութային արժեքների ամրապնդմանն ու փոխանցմանը:
-Դուք ժամանակին եղել եք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարը և լավ ծանոթ եք այդ ոլորտների խնդիրներին: Ի՞նչ եք կարծում, հայաստանյան իրականությանն ինտեգրումը ներկա պահին նորմա՞լ է ընթանում. նկատի ունեմ հատկապես մշակութային ու մարզական ոլորտները: Ի՞նչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներ եք տեսնում, որոնք կարող են խոչընդոտել լիարժեք ինտեգրման գործընթացին:
Պետք է ասել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեծ և գնահատելի աշխատանք է կատարել աշակերտների, ուսուցիչների և ուսանողների կրթական կարիքների և խնդիրների լուծման ուղղությամբ: Օրերս ՀՀ ԿԳՄՍ-ն հայտարարել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպատակաուղղված են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Օրինակ, «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024թ. ծրագրի իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի պայմաններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությանը: Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ՝ Արցախի դպրոցականների ինտեգրմանն ուղղված մրցույթ է հայտարարվել «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անինք» տեսանյութերի պատրաստման տեսքով: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մրցույթ է հայտարարել նաև ՅՈՒՆԵՍԿՕՆ՝ 2024-2025թթ. Մասնակցային ծրագրի շրջանակներում, որին մասնակցության հայտ է ներկայացրել նաև Հ. Թումանյանի թանգարանը: Մեր ներկայացրած ծրագիրն ուղղված է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը, շարունակականության զգացման ապահովմանը: Ծրագրում ներկայացված են Արցախի կին հեքիաթասացներին նվիրված սեմինարներ, բարբառային հեքիաթասացությամբ կանիմացվեն Հ. Թումանյանի մի քանի հեքիաթներ, Արցախի բարբառով կտպագրվեն Հովհաննես Թումանյանի տասը հեքաիաթներ և այլն: Արցախյան հեքիաթանյութի ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել արցախցի կին ասացողին, որի մասին մենք անդրադարձ կանենք: Միայն նշենք, որ Արցախի կին հեքիաթասացների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունն ու համակարգումը, անտարակույս, նպաստելու է հայկական հեքիաթի առավել խորքային ընկալմանն ու մեկնությանը՝ որպես հաճախ հեքիաթի հերոսին ապրումակցող, առանձին դեպքերում անգամ «միջամտող», հեքիաթասաց: Նշեմ նաև, որ Հ. Թումանյանի թանգարանը ընդգրկված է Եվրոպական հեքիաթի ուղու հանձնաժողովում և այս տարի, Հեքիաթագիտության օրվան ընդառաջ, Եվրոպական հեքիաթի ուղու յութուբյան ալիքի համար կներկայացնենք արցախյան հեքիաթ՝ Արցախի բարբառով: Ինչպես տեսնում եք, Հովհաննես Թումանյանն էլ է մեզ օգնում արցախահայության հավաքականության պահպանման հարցում և իր հարկի տակ է առնելու շատ ու շատ արցախցի երեխաների՝ նպաստելով սոցիալական միասնության և շարունակականության զգացմանը:
Հարցազրույցը՝ Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ