ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ

«Հայի ճակատագիր» խոսքը երևի պատահական չէ, և հաճախ է հայ մարդն ունենում դժվար ճակատագիր, փորձում հաղթահարել ամեն խոչընդոտ։ Քաշաթաղի Բերձոր քաղաքում էր բնակվում Վոլոդյա և Վիկտորյա Թևանյանների բազմազավակ ընտանիքը, որը, սկսած 1988 թվականից, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ենթարկվեց բռնագաղթի մի քանի անգամ, ու այսօր էլ չունեն իրենց տունը։ Նույն ճակատագրի տեր էր նաև Դերենիկ Սամվելի Ավագյանը, ով 2000թ․ Բերձորում ամուսնացավ Թևանյանների 2-րդ դստեր՝ Սվետայի հետ, ու կազմեց ընտանիք, երջանիկ էր իր 4 զավակներով։

Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում էին ապրում Ավագյանները, ունեին շեն տուն ու տեղ, այգի։ Սակայն Արցախյան գոյամարտի ընթացքում՝ 1992թ․ ամռանը, երբ ընկավ Շահումյանը, ու  թշնամին մտավ Մարտակերտ, կրակի ու բռնության ենթարկվեց նաև Չայլու գյուղը, եղան զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում։ 10 տարեկան էր ընդամենը Դերենիկը/ծնվ․ 11․ 02․ 1982թ․/, որ թշնամու հարձակմանը զոհ գնացին հայրն ու մայրը։ Մարգարիտա տատի հետ տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն։ Այնտեղ է հաճախել դպրոց։ Սակայն հայրենի երկրի կանչը զորեղ էր, ու Դերենիկը տատի հետ 1997 թվականին վերադարձավ հայրենիք, բնակություն հաստատեցին Բերձոր քաղաքում։ Աշխատասեր ու բարի բնավորություն ուներ Դերենիկը՝ նվիրված իր ընտանիքին ու հայրենիքին։ Թևանյանների ընտանիքը, մինչ Արցախյան շարժումը, բնակվում էր Եվլախ քաղաքում։ 1988-ին ստիպված հեռացան այդտեղից, բնակվեցին մոտակա Բեգումսարով գյուղում, սակայն 2 ամիս անց դարձյալ հալածվեցին թուրքերի կողմից ու տեղափոխվեցին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղ։ Կարծում էին վերջ, հայաբնակ այս բնակավայրում ապահով են։ 1992-ին 5 զավակներով կրկին բռնեցին գաղթի ճանապարհը՝ Չայլու գյուղում թողնելով ամեն ինչ։ Անտառում ծնվեց Թևանյանների 6-րդ զավակը, բարեբախտաբար՝ առանց խնդիրների։ Բնակություն հաստատեցին Չարենցավանում՝ մոտ 2 տարի ապրելով հանրակացարանում։ 1994 թվականին սկսվեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը, և Թևանյանների բազմանդամ ընտանիքը շուտով տեղափոխվեց Բերձոր, ունեցավ իր տունը։ Այստեղ Վիկտորյան ունեցավ 7-րդ զավակը։ 3 դստրերի ու 4 որդիների հետ ապրում էին Բերձորում, աշխատում, ստեղծում բարիք։

«Հայի ճակատագիր»-ն այստեղ էլ հասավ նրանց ընտանիքին՝ դժբախտ պատահարից մահացավ ընտանիքի հայրը՝ Վոլոդյան։ Վիկտորյան, ով մեծ դժվարությամբ մեծացրեց զավակներին, այսօր ցավով է խոսում անցած տարիների մասին, երբ բոլոր անախորժություններից կարծես պրծել էին, 2 տղան ու 2 աղջիկներն ամուսնացել էին, ունեին իրենց ընտանիքները, երջանիկ ապրում էին Բերձոր քաղաքում։ Ու եղավ պատերազմ։ 2016 թվականի ապրիլին սկսված պատերազմին մասնակից եղան որդիներն ու Դերենիկը, տուն եկան հաղթանակած ու շարունակեցին իրենց խաղաղ աշխատանքը։ Դերենիկն անդամագրվեց Արցախի ազատամարտիկների միությանը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շատ մեծ փորձություն էր մեր ազգի համար, ու շատ ընտանիքներ կորցրեցին իրենց զավակներին։ Կորցրեցինք նաև Արցախի մի մասը, 1992-93 թվականներին ազատագրված ու հետագա տարիներին վերահայացած, շենացրած Քաշաթաղն ու Քարվաճառը, Կովսականն ու Քաշունիքը, Շուշին․․․ Սեպտեմբերի 29-ին քաշաթաղցի շատ կամավորականների հետ Բերձորում՝ զինկոմիսարիատի մոտ էր նաև Դերենիկը ու մեկնեց առաջնագիծ։ Քաշաթաղցի կամավորականները թև ու թիկունք էին ժամկետային զինծառայողներին, և միասին հայրենի հողն էին պաշտպանում; Դերենիկը կռվում էր հանրապետության հարավ-արևելքում՝ Ջաբրայիլի տարածքում։ Հոկտեմբերի 7-ին տվեց իր վերջին մարտն ու անմահացավ բեկորային ծանր վնասվածքներից։ Հերոսին հուղարկավորեցինք Բերձորում։ Սակայն կինը՝ Սվետան ու Աննա, Վիկտորյա դուստրերը,  Ռոբերտ, Ռաֆայել որդիներն ստիպված հեռացել են հայրենի քաղաքից ու բնակություն հաստատել Չարենցավանում՝ 13 հարկանի շենքի 13-րդ հարկում՝ վարձու բնակարանում։ Որդին ունի առողջական խնդիր, իսկ հայրենի տնից հեռանալը, վատ պայմաններում բնակվելը, հոր բացակայությունը ծանր ազդեցություն են ունենում։            

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ